18.01.2019 | Հասարակություն | Lragir.am:
Լեզվի կոմիտեն տարածել է հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին հորդորակի երկրորդ թողարկումը: Առաջին մասը՝ այստեղ:
Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից:
Հորդորակը լայն արձագանք ունեցավ: Շատերը ոչ միայն ծանոթացան ներկայացվող բառերին, քննարկեցին դրանք, այլև որոշ բառերի համար առաջարկեցին ուրիշ համարժեքներ: Անշուշտ, սա բնական և ուրախալի իրողություն է: Լեզուն զարգանում է, շարունակ կատարելագործվում: Մենք պատրաստ ենք սիրով լսելու ամեն կարծիք ու առաջարկություն, սակայն դեմ ենք հայերենը ստորադասելուն կամ անտեսելուն:
Շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքների համար և ներկայացնելով նոր բառացանկ՝ դարձյալ
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
տուրք չտալ օտարաբանությանը և գործածել հայերեն հետևյալ բառերը.
աժիոտաժ – իրարանցում
ալեգորիա – այլաբանություն
ակտուալ – արդիական, հրատապ
ամպուլա – սրվակ
անատոմիկում – հերձարան, դիահերձարան
անկետա – հարցաթերթիկ
ասորտիմենտ – տեսականի
բլանկ – ձևաթուղթ
գարնիր – խավարտ
գրանտ – դրամաշնորհ
դեզինֆեկցիա – ախտահանում, վարակազերծում
դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն
դեկլարացիա – 1. հռչակագիր, 2․ հայտարարագիր, 3․ հայտարարություն
դեմոգրաֆիա – ժողովրդագրություն (դեմոգրաֆիական – ժողովրդագրական)
դևիզ – նշանաբան
զոբ – խպիպ
էլիտա –վերնախավ, ընտրախավ
ժելե – դոնդող
ինդիվիդուալ – անհատական
ինվեստիցիա – ներդրում
ինվեստոր – ներդրող
ինցիդենտ – միջադեպ, դեպք
լակոնիկ – սեղմ, հակիրճ
լիբերալ – ազատական
լիդեր – 1. առաջնորդ, 2. առաջատար
լոկալ – տեղային
կամին – բուխարի
կարկաս – հիմնակմախք, հիմնամաս, կմախք
կոլեկցիա – հավաքածու
կոլեկցիոներ – հավաքորդ
հորոսկոպ – աստղագուշակ
մարկետ – խանութ
մեմորանդում – հուշագիր
պիպետկա – կաթոցիկ
ստիմուլ – խթան, ազդակ, շարժառիթ
օրխիդեա – խոլորձ
օֆիս – գրասենյակ
ֆակտոր – գործոն
ֆիասկո – (լիակատար) ձախողում, տապալում
ֆոյե – ճեմասրահ
lragir.am/2019/01/18/410622/