ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/
Արքեպիսկոպոս Մկրտիչ Խրիմյանի աշխատասենյակն է: Սրբազանն աշխատում է: Մտնում է օգնականը.
-Սրբազան, Մադոյան Արշակն է, Վենետիկից է դարձել:
-Թող գա:
Ներս է մտնում միջահասակ, քսանը հազիվ բոլորած բարետես մի երիտասարդ, եվրոպացու հագուստով:
Աստված օգնական, սրբազան:
Սրբազանը նրան դեմ է գնում.
– Է, վերադարձար, ինչպես էր Եվրոպան, ինչպես են մեր մխիթարյան
եղբայրները:
– Բարևում են, սրբազան, արևշատություն են մաղթում:
– Մեծ գործ են անում ազգիս համար, թեկուզ և Իտալիայում: Է, դու ինչ նպատակներ ունես:
– Ուզում եմ ազգիս ծառայել, սրբազան: Ես վարժապետ եմ: Եկել եմ Ձեր
օրհնությունն ու խորհուրդն առնելու…
-Լավ է, որ եկել ես: Թե խորհուրդս ես ուզում` գնա առյուծների բույն` Զեյթուն, Ղարաբաղ, Սասուն հայոց անցյալի վառարան, հայոց ապագայի կռվան են: Հայու ոգին անաղարտ միայն այդ տեղերն է մնացել, առյուծի մռնչյունն այնտեղ է լսելի: Ղարաբաղը Ռուսահայաստանում է, այնտեղ Շուշի ունենք` այն է Ռուսահայոց մայրաքաղաքն այսօր: Զեյթունն էլ ուսումից զուրկ չէ: Իսկ Սասուն` Սասուն ազատական հոգին է թագավորում, սակայն խավար է, պետք ունի լուրջ գործիչների: Ազգս անուս է. անուսին իշխելը, հնազանդեցնելը դյուրին է: Դու ջավախեցի ես…:
– Այո, սրբազան, արտահանցի:
– Աստված քեզ պահապան, զավակս: Սուրբ գործ ես կատարելու…
Փոքր, նեղլիկ սենյակ, փոքր պատուհանով: Պատերին գրադարակներ են, գրքերով շարված: Սեղանի մոտ նստած, գրում է Արշակ Մադոյանը: Նա վաթսունի մոտ տարիքի է, միջահասակ, փոքրամարմին, սուր բեղերով: Շրջվում է աթոռի վրա, դեմքով դառնում դեպի մեզ:
“Ես գնացի Սասուն: Մի քանի ընկերով Սասնո մեջ սկսած մեր համեստ ուսումնարանական գործը գրավեց լեռնական ժողովրդի սերն ու հարգանքը: Մենք` ուսուցիչներս, բեմից խոսում էինք ժողովրդի հետ յուր լեզվով: Դարձանք սասնցու հարգածը, նորա պես խոսում, հագնվում, զինվում, նորա հետ մասնակցում էինք հավարի ու կռվի: Մենք պարտաճանաչ ուսուցիչներ էինք, բարեխղճորեն ու եռանդով պարապում, սիրվում էինք լեռնական կորյուն աշակերտներից, որոնցից շատերն իննսունականների շարժման ժամանակ առաջին գծի վրա կռվան և ընկան, ոմանք էլ այդ աղետից հետո եկան Ախլքաղաք, գտան ինձ ու լալով ասացին. “Ըծու, քիզնե արին, մեզմե ջուր կերթեր… Հորին թորկիր զՍասուն, փախար իկար ի քու միրըթ Ախլքաղաք”, որոց մեջն էր իմ սիրելի, Ազրու քահանայի որդի Քաջ-Ավե Տեր-Հակոբյան, Պողոս-Բաբկեն խմբապետն և ուրիշներ, և ոմանք էլ մինչև այժմ դեռ կենդանի, չարչարվում են Կովկասի քաղաքներում որպես բանվոր:
Կրպեի պատմությունը մասն է Սասունի պատմության, ամեն նախադասություն կշռված է և ստուգված ժամանակին: Այն իրողություն է, իրականություն, որ ուժերիս ներածին չափով փորձել եմ հասցնել ձեզ”:
ԿՐՊԵ.
իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից
1877 թ. ռուս-թուրքական հերթական պատերազմը հերթական հաղթանակ բերեց ռուսին, բայց խիստ վատացրեց Տաճկահայաստանի քրիստոնեության` հատկապես հայերի առանց այդ էլ ծանր վիճակը:
Բարբարոս, անաղիք մահմեդականությունը փախավ` ռուսի ահարկու հարվածներից իր գլուխը փրկելով, բայց վրեժխնդիր եղավ` անզեն հայից: Արաբ Ամար ցեղապետը` մի կողմից, քուրդ ու տաճիկ` մյուս կողմից հարձակվեցին հայ գյուղերի վրա, կարմիր ներկեցին հայրենի հողերը:
Նրանք մահաշուք մորեխի նման արտ ու անդաստան, այգի-բուրաստան, քաղաք ու ավան ամայացրեցին, երկրագործն իր արտի թմբին, այգեպանն` իր խաղողի վազի տակ, հոտաղն` իր ակոսում խողխողեցին, հարս ու աղջիկ, վարդագեղ մանկտիք զազիր տարփանքի, ի փառս Ալլահի, զոհ դարձան…
Նրանք ոգևորված էին սուլթանի գաղտնի կոչով, որ սուրբ պարտականություն է նախ ջնջել ապիկար, անզեն քաֆր հպատակը, ապա արյան դաշտ իջնել, հավաքվել Ալլահի սիրելի մարգարեի փոխանորդ շեյխ Ամարի շուրջ` իրենց վայրագ գործը շարունակելու:
Քարֆը թնդանոթ ունի, – հարցնում էին իրար քրդերը:
Քաֆրն ինչ է, որ թնդանոթ ունենա: Թնդանոթը միայն փադիշահին է վայել: Չես լսել փեղամպերին սիրելի շեյխ Իպատուլլահ էֆենտու հայտարարությունը` Ալլահը նրանց մեզ պիտի մատնե: Անպատճառ շուտով կհասնենք Թիֆլիս, այնտեղից էլ Պետերբուրգ` կործանելու ենք քաֆրի գահը: Ինչ սիրուն-սիրուն գերիների շարաններ պիտի բերենք, ինչ հուրի-փերիներ… Հեյ, Ալլահ, դու ղումաթ անես…:
Շեյխը անձամբ պիտի հսկե մեզ, նա իր սուրբ ձեռքով պիտի բռնե թշնամու ատրաշեկ գնդակը, – եթե հանդգնեն մեզ վրա արձակել, պիտի ետ նետե, շեկ գլուխներն իրենց գնդակներով փշրե:
Սակայն շեյխերն անկարող եղան ռուսի արձակած գնդակը բռնել, փախան, հանձնելով Արտահան, Բայազեթ և Կարս:
Չէ, մեր բանը թաց է, չենք կարող դիմադրել ռուսին, մեր շեյխերը նրա արձակած գնդակները բռնել չեն կարող…
Լսեցիք, Ալաճադաղի վրա անիրավ քաֆրը ահարկու կռիվ է տվել, 30 000 նիզամ է գերել…
Էհ, – դեն շպրտելով մեջքերից կապած փոկերը, – մենք պարան ենք վերցրել բարակ մեջքով վրացի սիրուններ գերելու, եթե մի օր էլ մնանք, այդ պարաններով մեզ պիտի կապե քաֆրը… զալմ Տեր-Ղուկասովի բանակի դեմ մսացու խոզի պես քշելու է` թակելով …
Այդ փախչողներն իրենց սրի զորությունը պատահած հայի պարանոցի վրա փորձեցին, իրենց վրեժը հայից առան, ոմանք մի մարթենի հրացանը մի հացի հետ փոխեցին, ոմանք էլ ապաստան էին որոնում անարգ հայի տան անկյունում, նրա հացն ուտում, նրա ջուրը խմում…, զենքը դեն նետում… ու փախչում, փախչում, որքան հնարավոր է հեռու այդ ահասարսուռ ռուսի գնդակից, հեռու անառիկ լեռներ, ուր չեն հասնելու խիզախ կազակն ու պողպատե դրագունը, չարքաշ սալդատն ու սաստող գեներալը…
(ՇԱՐ 1)