01 ՄԱՅԻՍ 2019 –
ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (ՆԱԽՈՐԴԸ)
Քուրդ առաջնորդներն իրար նայեցին, ձեռները երեսներին քսեցին. “ Լահ իլ-ուլ-Ալլահ” սելավեթ արտասանեցին: Ամարը շարունակեց.
Մարգարեն ասաց այս բառերը, ես ու շեյխ Ջելալեդդինն էլ լսեցինք: “Առաջ մի գնա, Իպայտուլլահ, ես` մարգարես, քաֆրին եմ օգնում, դու նրա գնդակներն այլևս բռնել չես կարող, դարձիր հետ, բայց ճամփին անխնա կոտորիր քաֆրին, թափիր անօրենների արյունը, որովհետև այն է Ալլահին հաճո զոհը, կոտորեցեք նրանց, թալանեցեք, քանդեցեք տները, կրակի ճարակ դարձրեք, միայն գեղեցիկ կանայք ու պատանիները ողջ թողեք, որ իսլամի գործիք դառնան, մեր հարեմները զարդարեն: Հայն է պատճառը, որ ուռուս թագավորը պատերազմ է հայտարարել մեր սրբասուրբ սուլթանին…
Օրհնյալ է մարգարեի սուրբ կամքը, – ընդմիջում է Զեյնալ բեյը մի տեսակ խորհրդավոր ժպիտով, կարծես ծաղրելով շեյխի ստախոսությունը:
Անշուշտ օրհնյալ է, կտրիճ Զեյնալ բեյ:
Արդյոք, շեյխ էֆենդի, մարգարեն ներեց իմ հանցանքը ու ես էլ պիտի արժանանամ սուրբ ջեննեթին, – զավեշտական շեշտով մրմռում է Զեյնալը:
Անհոգ եղիր, բեյ, – լուրջ պատասխանում է Ամարը, – որովհետև դու ես մարգարեի բարկության սուրը, նրա արձակած մահաբեր նետը, ոչ միայն կներե, այլև հարյուրներով հուրի-փերի կնվիրի քեղ ջեննեթում…
Ձեր սրբությունն այսօր մեզ ինչ բանի համար է հավաքել, – շեյխի խոսքն ընդմիջում է Համզո բեկը դողդողացող ձայնով, – ասա, մենք էլ իմանանք ու կատար ածենք:
Դեռ ոչ, բեյ, – շեյխը լավ դերասանի կամ ընկնավոր դերվիշի նման հանկարծ այլայլվում է, գունատվում, աչքերը կուլ են գնում, հետ է ընկնում բարձերին:
Պարզամիտ քուրդ բեյերը պիտի աղաղակեին, բայց Զեյնալը մատը տանում է բերանին, հրամայում սուս մնալ:
Ամարի բերանն սկսում է փրփրել, նա խուլ հառաչանքներ է հանում:
Ինչ պատահեց Ալլահի մարդուն, – փսփսում է Միրզա բեյը Զեյնալի ականջին, – հո…
Սուս, – լուրջ ձայնով միջամտում է Զեյնալը, – ամեն օրվա բան է. հիմա նա մարգարեի մոտ է` կամ իսլամին օգնության է հասնում ռազմի դաշտում, կամ իսլամի նավ է փրկում ծովում խորտակվելուց:
Քուրդ բեկերը, որոնց մեծ մասը անծանոթ է շեյխի օյիններին, ապշած են ու լուռ, ակնապիշ նայում են նրա դեմքին: Անվրդով են միայն Զեյնալն ու Ֆեթուլլահը, որ արդեն ծանոթ են շեյխի դերասանական արվեստին:
Շեյխը հանկարծ սկսում է երերալ, ցնցվել, ցնցումներն աստիճանաբար մարում են, նա կցկտուր արտասանում է.
Աղաչում եմ, օ Մուհամմադ իբն Կուրեյշ, փրկիր այդ խեղճ իսլամներին, մի թողնի, որ նրանք ծովի զոհ դառնան…
Օ~, – միայն մոտ կանգնողներին լսելի ձայնով ասում է Զեյնալը, – տեսնես քանի նավ փրկեց փոթորկից ու քաֆրերից…
Ամարը հանկարծ նորից ոստնում է, գալարվում, գունատությունն անցնում է: Անխռով նստելով այծյամի մորթու վրա, ասում է.
Սև ծովի կռվին գնացի… մեր երկու նավը փրկեցի քաֆր ուռուսի թնդանոթներից, քսան հազար մարդ մահից պրծան…
Բեկերը ձեռները երեսներին քսելով սելավեթ են բերում:
Գնացեք, իշխաններ, – ազատ է արձակում նրանց շեյխը, – երբ ինձ հրամայվի` կկանչեմ… Իսկ դուք հրամայեցեք էշիրեթներին, որ զենքերը մաքրեն, վառոդ պատրաստեն…
Լսում ենք, տեր:
Բեյերը ծնրադիր մոտենում են, համբուրում քղանցքն ու հետ-հետ գնալով, դուրս գալիս վրանից:
Մնում է միայն Զեյնալը, մի գաղտնի ու խորամանկ ժպիտով ողողուն դեմքով:
Զեյնալ, – դիմում է նրան շեյխը ժպտալով, – ներքինապետ Հասանին ասա, թող մոտս բերի այն քաֆր աղջկան, որի համար Ջելալեդդինի դեմ սուր մերկացնել հանդգնեցիր, հետո գնա քո զվարճանքին ու կերուխումին, մեր հյուրընկալը առատաձեռն մարդ է, ես էլ իմ զվարճանքը վայելեմ…
Զեյնալն անխոս, առանց ձևականության շրջվում ու դուրս է գալիս:
Թեպետ պարզ անամպ գիշեր է, մութ է, որովհետև լուսինը նոր է նորել: Լեռնային զովասուն զեփյուռն է թեթև փչում, հանգստություն բերելով:
Քրդերի համարյա բոլոր վրանների առաջ խարույկներ են վառվում, այնպես որ հեռվից նայողը երկնքի աստղերի հետ խառնված մի համատարած տեսարան է տեսնում:
Ամեն խարույկի մոտ շուրջ մի տասնյակ մարդ է խմբված. ոմանք ննջում են կիսապառկած, ոմանք նստած նայում են կրակին, իրար հետ երբեմն բառ փոխանակելով: Խարույկի բոցը մերթընդմերթ լուսավորում է նրանց կոպիտ դեմքերը, ուրվագծում հեռուն նստածների ստվերները: Խարույկի վրա գառան միս են խորովում ու հումեփ ուտում` Ֆեթուլլահ բեյի առատաձեռն հյուրասիրությունն է սա: Քրդերը բռնել են բոլոր ճամփաները, փակել բոլոր կածանները: Շեյխի հրամանն իրագործելով, իսլամի վրեժն են հանելու տեղացի հայերից, ոչ մեկը չի կարողանա փախչել կամ դուրս գալ այդ շուրջկալից:
Խարույկի մոտ նստողները կեսգիշերին, ամենամութ ժամին, նշմարում են երկու ստվեր, որ մոտենալով թանձրանում են. ապահովաբար քրդեր են, տարազն էլ խարզանցոց էշիրեթի տարազն է. թե չէ որ հայը կհանդգնի այս օրը մտնել գայլի որջը:
Մոտեցողներից մեկը բարձրահասակ է, շեկ, գեղեցիկ դեմքով, հազիվ քսան տարեկան, առնական կառուցվածքով, մյուսի դեմքը արևավառ է, ցորենամորթ, միջահասակ, ջլապինդ, հայի քթով, մի աչքը կույր, երեսունի մոտ:
Հաստ տնայնագործ կտավե շապկի փեշերը ծալ-ծալ ելնում են մինչև ազդրերը, թեզանիքներն երկուստեք կապած են ծայր-ծայրի ու ձգած վզերը, գլուխներին մի-մի սպիտակ քոլոզ է, ձախ թևերին վահան է, աջից սուր ու դաշույնէ կախված: Մոտենում են վստահ քայլվածքով, անշտապ ու անխոս:
Շեյխի վրանից քիչ հեռու Ֆեթուլլահի խարույկն է, նրա շուրջը` տանտիրոջ կշտին պպզած կամ թիկն են տված մյուս բեյերը` Զեյնալը, Միրզան և ուրիշները:
Անցորդները մոտենում են առանց բարևելու և նստածներին բանի տեղ դնելու:
Ով են այս անահները, – հիացած մրմռում է Միրզան, – ուր են գնում, այն էլ այս ճանապարհով, քրդական զորքի միջով, այսպես անահ ու անվրդով…
Մեր քրդերից են, – վրա է գալիս Ֆեթուլլահը, որ կարծես թե ճանաչել է մեկին, չթողնելով, որ Միրզան տարածվի ու խոսակցությանը ներքաշի նաև մյուսներին, – էլ ով է կարող այսպես համարձակ լինել…
Տեսեք, տարազով խարզանցոցից են…
ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 4)