ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 11)

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 11)

ԿՐՊԵ: Գեղարվեստական ֆիլմի սցենար /ըստ Սեյլանի “Գորպե” վիպակի/ (ՆԱԽՈՐԴԸ)

– Զինվենք, Աստված տա, Աստված ձայնդ լսի, – ասում են բոլորը, – բոլորս քեզ հետ ենք, բոլորս միասին ենք…

Մալըմիրաթնի~ր, – լսվում է դրսից մի ձայն, – քիչ մնաց շներն ուտեին… Ձեր վրանների պահապաններ ուր են, բա որ իմ տեղ քրդեր լինեին…

Քրդերը գլխներից հո ձեռ չեն քաշել, որ մեր շների բերանը տան, – ծիծաղում է մեկը, – դրանք հայն ու քուրդը մեզանից լավ են ջոկում:

Տեր Քաջեն է, իսկական անունը անունը տեր Ղազար է. Սասնա փառապանծ զինվոր քահանան է: Նա զինված է ոտից գլուխ, միայն սպիտակ թավ մորուքն ու գլխի ապարոշն ու քոլոզն են վկայում, որ դեմդ քահանա է, ոչ թե սովորական զինվոր: Միջահասակ է, ծերացել է արդեն, բայց կայտառ է, արագաշարժ, զգացվում է, որ ֆիզիկապես շատ ուժեղ է մինչև հիմա:
Է, մալըմիրաթնիր, բարով տեսանք, – ասում նա ներս մտնելով:

Աստծու բարին, տեր Քաջե, – ոտքի կանգնելով ողջունում են նրան ներկաները:

Նախ միրերը, ապա ռեսները հերթով մոտենում, համբուրում են տերտերի աջը, հրավիրում ամենապատվավոր տեղը:

Տեր Քաջե, – դիմում է նրան Դալվորիկի միրը, – լավ է, եկար, օրհնիր մեր զենքերը:

Բերեք տեսնեմ:

Բոլորը մերկացնում են սրերը, դաշույնները, հրացանները բերում, դնում են տերտերի ոտների առաջ: Նա խաչակնքում է, “Հայր մերով” լրացնում օրհնությունը:

Զենքը գործի պիտի դնեք, – ժպտալով հացնում է ներկաներին, – թե չէ են բորենին մեր սարերեն պիտի անվնաս երթա…:

Տերտեր, դու էլ գիտես, որ զենքն է մեր սուլթանն ու շահը: Զենքն է մեզ փրկելու, ուրիշ փրկիչ չունինք: Մշո սուլթան ս. Կարապետ, Սպիտկերես ս. Աղբերիկ, ս. Առաքյալք ու ս. Հովհաննես զորավիգ են մեր սրին:

Ամեն, – ասում է տերտերը: Մյուսները կրկնում են:

Շատ լավ, – ուրախ ժպիտով շարունակում է տերտերը, – փառք Աստծո, որ վերջապես եկաք իմ համոզմանը… ուրախ եմ, որ մի ամգամ էլ փորձեցիք անգութ Օսմանյան կառավարությանը: Խրախուսվեք, սիրտ արեք, ձեզ լավ բան ունեմ հաղորդելու… Մոտ եկեք…

Հետաքրքրված ունկնդիրները հավաքվում են շուրջը:

Ես այստեղ գալուց առաջ բագրանցոց վրաններում էի, Ֆեթուլլահ բեյի հետն էի: Նա արտաքուստ ցույց է տալիս, որ Ամարի կողմն է, բայց… իրապես նա մեր բարեկամն է: Նա ինձ պատմեց ամեն ինչ…

Ներկաների մոտ աղմուկ է բարձրանում, ոչ ոք չի ուզում հավատալ լսածին, իսկ Դալվորիկի միրը մոտենում է տերտերին ու լուրջ-լուրջ հարցնում.

Տեր Քաջե, հո հիվանդ չես, կարող է խաբում է..

Ինձ խաբեն… ինձ խաբողը դեռ մոր փոր չի մտել: Ավե, ծեր առյուծը կթողու, որ կատվի ձագերը իր ականջների ու պոչի հետ խաղան:

Նա ատելով ատում է շեյխին, ատում է նաև Սլվանցի Զեյնալին… հասկացաք…:

Զեյնալին ինչու…
Այո: Ասեմ. Ֆեթուլլահի հորը` Բագրո բեյին սպանողը Զեյնալն է…

Ճիշտ է, – ձայն է տալիս միր Ակոն: – Ես դա շատ լավ գիտեմ:

Ուրեմն լսեցեք: Ֆեթուլլահը չպիտի միանա շեյխին, մինչև վերջ խաբելու է նրան և հետո անցնելու է մեր կողմը:

Տեր Քաջե, ապացույց է պետք, երաշխավորություն է պետք:

Ապացույց եք ուզում… – դառնալով հրամայում է դռանը կանգնած տղաներին. – Տղերք, ներս բերեք:

Մի քանի պատանի գլորելով ու քարշ տալով մի ահագին լիքը տիկ են բերում: Տեր Քաջեն մոտենում է, բացում բերանը, բռով անգլիական ընտիր վառոդ է հանում. “Էս ձեզ ապացույց”:

Էս վառոդը ավազակ Ամարը Ֆեթուլլահին է բերել որպես պարգև: Նա էլ երկու եզան պարկ մեզ է նվիրում, իսկ մնացածը պահել է, որ Ամարը մեր դեմ չօգտագործի: Հիմա հավատացիք:

Հիմա հավատում ենք:

Փառքդ շատ, Տեր: Մենք էլ մեր տեղ պետք է օգնենք Ֆեթուլլահին: Երբ շեյխն առաջ խաղա, նա իր հազարներով ետև պիտի մնա, մի մասն էլ Սմկո եղբոր առաջնորդությամբ իբր մեր վրա պիտի գա: Եթե մենք հաղթվելու լինենք, խեղճանանք, Սմկոն մեր կողմ կանցնի, թիկունքից էլ Ֆոթուլլահը կզարնե: Եթե մենք հաղթենք, Սմկոն անտարբեր կմնա, որպես հանդիսատես: Ֆեթուլլահն ուխտել է Զեյնալի վերջը իր ձեռքով տալ…:

Հրաշալի է, – բացականչում է Դալվորիկի միրը, – այս գործի մեջ աստծո մատն է խառը: Ելեք, ամենքս մեր գյուղերը գնանք, անհապաղ խմբերը կազմակերպենք: Վառոդը քարայրի մեջ պահեցեք, տարբեր տեղ, որ վճռական պահին գործածենք, չխեղճանանք:

Բոլորը նորից հերթով համբուրում են տերտերի աջը, պլլվելով իրենց վերարկուները, դուրս են գալիս վրանից: Տերտերի ներկայությունն ու ասածը ոգևորել են բոլորին: Ուրախ, խրախուսված հեծնում են ձիերը, վերադառնում իրենց գյուղերը:

Կրպեի փոքրիկ խումբը աճապարելով վազում է ձորն ի վեր:

Գոնե ասեք, ինչ է պատահել, ուր ենք վազում, – հարցնում է Սրգեն, – Աստուր, ուր ես տանում…

Հաշտ կաց, ըծու, մկա տ`սինք, փշուր մի համբիրա, մկա չըմ իշխնա պատմիլ, մինք չուստ վազինք, բլքի հասինք:

Կրպե, Կրպե, – ձայնում է Աստուրը Կրպեին, առանց խմբապետին պատասխանելու, – դպա Կոնիրը, դրա Կոնի~րը, փշուր մի տիսա տի կինանք, իմցար, ըծու:

Գիտեմ, գիտեմ…, շուտ արեք…
Լեռնականները սովոր են սարերում վեր ու վար վազելուն: Խումբը արագավազ անցնում է մի քանի ձորակ ու բլուր, վերջապես երևում են քրդերի վրանները: Կանգնում են դրանցից մի քիչ հեռու, սեպացած մի ժայռի տակ, աչքերը խավարի մեջ սևեռելով, ջանալով մթության մեջ մի բան տեսնել:

Աստուր, կսատկացնեմ քեզ, ասա, ինչ է պատահել, – պնդում է Սրգեն:

Մկա էլ չենք քելի, մկա կայնուկ ինք, պատմիմ քզիք, Սրգե ջան: Մինք հըմլը մութ գիշիր դպա Ամարի Կոնիր կերթենք խորոտ մի օվղուշ տ`էնինք…. ըծու զքու մամ ու քուր թըհ գերի էղին հյտը արապի կոն, ինչ տ`էնիր դու:

Սարերը գլխին շուռ կտայի, մկան ծակին հայուր թուման կտար… իմ ձեռից չէր ազատվի…

Լավ, թըհ սպանիլ ուզիր գիշերսի, դու ի ճամբախ կըժղլիր ծի հիտ:

Ինչ… տանում են գլխատելու…
Հմլա: Գիշիրս ի տի գլխտին:
Հիմա գիտցար ինչն ինչոց է, Սրգե, – ավելացնում է Կրպեն:
Գիննա ս. Անթանե, հըյտը սարի սըրբ Մըրթուկ հմալե…
Ուրեմն հայ գերիներ ունեն այդ անիծյալները….
Բայազեթցի մայր ու աղջիկ…
Դուք որտեղից գիտցաք…

Միկլորսի գիշիր ես ու Կրպե ուր կընցնեինք, ես իմցա, ուր մին հայերին կը ժղլիր, իմա, լաց կեղիր, վալլա, ըսեցի, գերի կեղի հըյտը խղճուկ:

Մանրամասն պատմիր…
Էն ժխո տի պատմիմ:

ԿՐՊԵ. իրական պատմություն Սասունի հերոսական անցյալից` 1870-ականների վերջի դեպքերից (ՇԱՐ 11)

Facebooktwitterredditpinterestlinkedinmail