«Հայ գործակալներն ազատ շրջում են Սևծովյան շրջանում». ASİMDER-ի նախագահի հերթական հերյուրանքը

«Հայ գործակալներն ազատ շրջում են Սևծովյան շրջանում». ASİMDER-ի նախագահի հերթական հերյուրանքը

2018/05/22 – ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը վերստին հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարությամբ: Գյուլբեյն այս անգամ մասնավորապես նշել է, թե իբր հայ գործակալները, զբոսաշրջիկի, լրագրողի կամ գիտնականի անվան տակ, ազատ ու հանգիստ շրջում են Թուրքիայի Հանրապետության Սևծովյան շրջանում: Այդ մասին, ըստ Akunq.net-ի. հաղորդում է թուրքական Habertürk-ը:

Աղբյուրի փոխանցամամբ` ASİMDER-ի նախագահը շեշտել է, թե հայկական ծագում ունեցող որոշ լրագրողներ, ուսումնասիրողներ, զբոսաշրջիկներ, հաղորդավարներ կամ քաղաքացիական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ` Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կամ եվրոպական երկրների անձնագրերով, գալիս են Թուրքիայի Սևծովյան շրջան (այստեղ է գտնվում համշենահայերով հոծ բնակեցված վայրեր և բուն Համշենը-Ակունքի խմբ.) և փորձում հատկապես Ռիզե և Արդվին նահանգներում ապրող համշենցիներին «համոզել», որ նրանք ունեն հայկական ծագում և խոսում են հայերեն:

Նա նաև ընդգծել է, որ նման ուսումնասիրողները, ինչպես օրինակ ԵՊՀ դասախոս Լուսինե Սահակյանը, վավերագրական ֆիլմեր են նկարահանում և դրանք ցուցադրում ՀՀ պետական հեռուստաալիքով: Գյոքսել Գյուլբեյը հիշատակել է նաև նյույորքաբնակ արգենտինահայ լրագրող Ավետիս Հաջյանի անունը:

Գյուլբեյը նաև ասել է, որ ASİMDER-ը զգոն և աչալուրջ է նման անձանց ու միությունների գործունեության նկատմամբ և հավելել. «Նրանք (հայերը–Ակունքի խմբ.) ձգտում են Սևծովյան շրջանում հայկական լոբբիստական շարժում ստեղծել և հայկական լոբբիի կողմից աջակցություն ստացող զանազան տեղական միությունների (նկատի ունի Թուրքիայի համշենական ՀԱՏԻԿ միությունը–Ակունքի խմբ.) միջոցով մեր համշենցի եղբայրներին հրահրել (թուրքական–Ակունքի խմբ.) պետության և կառավարության դեմ»:

ASİMDER-ի նախագահը նաև անդրադարձել է Թուրքիայում գործող համշենցիների հիմնադրամին և նշել, որ Ստամբուլում հիմնված սույն հաստատությունը մասնաճյուղ ունի նաև Արդվին նահանգում, և թուրքական պետական իրավասու մարմիններին կոչ արել ուսումնասիրություն կատարել այդ հիմնադրամի և ՀԱՏԻԿ միության նյութական միջոցների վերաբերյալ` թերևս ենթադրելով, թե այդ ֆինանսական աղբյուրները կարող են լինել հայկական:

Նշենք, որ ASİMDER-ը և այս կառույցի նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հատկապես անցյալ տարի, հաճախ էր անդրադարձել Թուրքիայի համշենահայության հիմնախնդրին։ Այսպես, օրինակ, 2017 թ․ փետրվարին Գյոքսել Գյուլբեյը հայտարարել էր, թե Հայաստանի հայերը գաղտնի ծրագրեր են մշակում Թուրքիայի Սևծովյան շրջանում։ Նրա խոսքով՝ հայերն ուսումնասիրություններ են կատարում համշենցիների բնակավայրերում և ձգտում տեղի բնակչությանը համոզել, որ նրանք հայկական ծագում ունեն։ ASIMDER-ի նախագահի համաձայն՝ հայերը գաղտնի աշխատանքների միջոցով փորձում են հողային պահանջ ունենալ Թուրքիայի Սևծովյան շրջանից։

Եթե անցյալ տարվա փետրվարին Գյոքսել Գյուլբեյն այդ թեմային անդրադառնալիս ընդհանրացնելով «Հայաստան» էր ասում, ապա 2017 թ. սեպտեմբերին մասնավորեցնելով նշեց, թե այդ աշխատանքների հետևում կանգնած է ՀՀ Սփյուռքի նախարարությունը։ «Դողան» լրատվական գործակալության և «Հյուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Գյոքսել Գյուլբեյը հայտարարել էր, թե ՀՀ Սփյուռքի նախարարությունը և հայկական լոբբիստական կազմակերպությունների կողմից հովանավորվող որոշ կառույցներ ու գիտնականներ, Թուրքիայի Սևծովյան շրջանում ապրող համշենցիներին օգտագործելով ու պնդելով, թե այս տարածքում կիրառվող համշեներենը հայերենի մի բարբառն է, հանդես են գալու նախ` մայրենի լեզվով կրթության, ապա` հողային պահանջով:

ASİMDER-ի նախագահը նաև ենթադրել էր, թե հայկական լոբբիստական կազմակերպությունները, որոնց կենտրոնը գտնվում է Եվրոպայում, Թուրքիայի Սևծովյան շրջանի համշենցիներին հարկադրելու են «համշենական սփյուռք» ստեղծել իրենց եվրոպաբնակ ազգականներից. «Հայկական լոբբին ձգտում է եվրոպաբնակ համշենցիներից «համշենական սփյուռք» ձևավորել, որը կպաշտպանի նրանց վերադարձն այդ հողեր, կարծես թե նրանց բռնի կերպով են այդտեղից աքսորել: Այդ փորձերի հետ մեկտեղ, սույն տարածքում գործունեության դաշտ որոնող ՀՀ Սփյուռքի նախարարությունն իր աջակցությամբ գործող որոշ կազմակերպությունների միջոցով ընկած է կողմնակիցներ հավաքելու հետևից, ովքեր Ռիզե և Արդվին նահանգներում քննարկումներ և կոնֆերանսներ կկազմակերպեն` համշենցիների հայ լինելու և համշեներենի` իրականում հայերեն լինելու թեմաներով: Նմանատիպ աշխատանքների և տարածվող հանդեսների միջոցով նպատակ ունեն մայրենի լեզվի հարցին անդրադառնալով` նոր գիտակցություն ձևավորել: Շուտով հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ համագործակցող որոշ քաղաքացիական-հասարակական կազմակերպություններ համշենցիների անունից հանդես կգան պաշտոնական դիմումով` առ այն, որ համշենցիների բնակավայրերի դպրոցներում թույլ տրվի համշեներենի ուսուցումը, ճիշտ այնպես, ինչպես` քրդերենի դեպքում»,-ենթադրել էր Գյուլբեյը:

Բնականաբար, թուրք ազգայնամոլների` հատկապես համշենահայերի թեմայի վրա կենտրոնանալու այս միտումը պայմանավորված է համշենահայերի բնակավայրերի աշխարհագրական դիրքով. ինչպես հայտնի է, բուն Համշենն ընդգրկող ներկայիս Ռիզե նահանգը և հայախոս համշենահայերով հոծ բնակեցված Արդվին նահանգը, գտնվելով Սև ծովի ափին և ներառված լինելով Սևրի դաշնագրով և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով նախատեսված սահմաններում, համեմատաբար ավելի մեծ մտահոգություն են պատճառում թուրքերին:

Ուշագրավ է, որ այդ թեմային պարբերաբար անդրադառնում են ոչ միայն թուրքական, այլ նաև` ադրբեջանական լրատվամիջոցները և տարբեր ադրբեջանցի «մտավորականներ»: Այս քարոզչության նպատակը տեղի համշենական միությունների, ինչպես նաև` հայաստանցի և սփյուռքահայ գիտնականների գործունեությունը խոչընդոտելն է, մինչդեռ Թուրքիայում գործող համշենական ՀԱՏԻԿ միության և այլ կազմակերպությունների միակ նպատակը համշենական ինքնության պահպանումն է, իսկ հայ ուսումնասիրողներինը` համշենահայերի մասին գիտական ուսումնասիրությունների կատարումը և հրապարակումը:

Մելինե Անումյան

Akunq.net՝

Facebooktwitterredditpinterestlinkedinmail