Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը նոր նախագահ ունի ի դեմս՝ Ռադիկ Խամոյանի (տեսագրություն)

16-06-2017 13:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ

Ինչպես հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱՀՀ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, 2017 թվականի հունիսի 11-ին տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանը (ԱՀՀ խորհրդարան), որի ընթացքում խորհրդարանի պատգամավորները քննարկելով պետական համակարգում ստեղծված իրավիճակը` որոշել են դադարեցնել ԱՀՀ նախագահ Արմենակ Արբրահամյանի լիազորությունները:

Բանախոսներն էին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) փոխնախագահ Հայկ Հարությունյանը:

Ըստ ԱՀՀ վարչապետի, հիմնական տարաձայնություններն Արմենակ Աբրահամյանի հետ առաջացել են Սահմանադրության նախագիծը մշակելու ընթացքում:

«Արդեն շուրջ մեկ ու կես տարի է, ինչ մենք մի խնդրով էինք ապրում, Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքներով, որի ընթացքում էլ ի հայտ եկան խորքային այլեւայլ դժվարություններ:

Հետագայում հասկացանք, որ աշխատանքները դժվարությամբ են առաջ այն պատճառով, որ պետական համակարգի խնդիրներին ու փոխհարաբերություններին անդրադառնալիս՝ փաստացի ի հայտ է գալիս այն երևույթը, երբ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը (այժմ արդեն նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը) փորձում է Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի միջոցով բոլոր հնարավոր ու անհնարին լիազորությունները վերագրել իրեն ու ամբողջապես տոտալ վերահսկության ու ենթակայության տակ դնել ԱՀՀ ողջ պետական համակարգը, պաշտոնյաներին ու պատգամավորներին»,- նշեց Տ. Փաշաբեզյանը:

Վերջինիս խոսքերով` ԱՀՀ Սահմանադրության նախագիծը երեք ընթերցումներ է անցել, 3-րդ նստաշրջանում, 4-րդ նստաշրջանում եւ 5-րդ նստաշրջանում:

ԱՀՀ վարչապետ Տ. Փաշաբեզյանի փոխանցմամբ` 2016 թվականի մայիսի 9-ին և դրանից հետո ԱՀՀ նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը հայտարարել է Սահմանադրության իր օրինակի մասին, որն ինքն անձամբ է ստորագրել, հաստատել, վավերացրել` փորձելով այն պարտադրել ԱՀՀ պետական համակարգին:

«Այստեղ առաջացավ այն խնդիրը, որ Սահմանադրությունը հռչակագիր չէ, հրամանագիր չէ, մեկ այլ փաստաթուղթ չէ, որ մեկ անձի ստորագրությամբ վավերացվի, Սահմանադրությունը պետք է հանրաքվեով հաստատվի, ուստի Ա. Աբրահամյանի Սահմանադրության օրինակն ապօրինի է»,- ընդգծեց նա` հավելելով, որ նման պարագայում երկու տարբերակ կար, առաջին` ենթարկվել Արմենակ Աբրահամյանի պարտադրանքին, երկրորդ` փորձել դիմադրել ու փրկել համակարգը:

ԱՀՀ վարչապետի համոզմամբ` ԱՀՀ պետական համակարգում ընդգրկված պատգամավորներն ու պաշտոնյաները հիմնականում ճիշտ կողմնորոշվեցին ընտրելով երկրորդ տարբերակը, քանի որ այդպիսով իրենք պահպանեցին ոչ միայն պետական համակարգի իրավաչափությունը, անկախությունն ու ազատությունը, այլև իրենց բնականոն իրավունքները:

ԱՀՀ նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյանն իր հերթին նշեց, որ առաջնահերթորեն զբաղվելու է Սահմանադրության ժողովրդավարական տարբերակի հանրաքվեի կազմակերպմամբ, ինչը կհանգեցնի օրենսդրական դաշտի կայունացմանը, որի շրջանակներում էլ կաշխատեն ԱՀՀ պետական համակարգի բոլոր թևերը:

«Հանրաքվեյի միջոցով Սահմանադրության հաստատումից հետո մենք կունենանք իրավական կայուն դաշտ, որի առկայությունը թույլ կտա կազմակերպել հանդիպումներ ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների նախագահների եւ պետական կառույցների հետ»,- ընդգծեց ԱՀՀ նորընտիր նախագահ Ռ. Խամոյանը:

ԱՀՀ խորհրդարանի փոխնախագահ Հայկ Հարությունյանը նշեց, որ ԱՀՀ խորհրդարանը դատապարտել ու անվստահություն է հայտնել ԱՀՀ նախագահ Արմենակ Արբրահամյանին՝ պետական համակարգի օրենքները խախտելու, պետական իշխանությունը յուրացնելու փորձի համար եւ դադարեցրել է նրա լիազորությունները, որպես ԱՀՀ նախագահի:

Առաջիկայում Սահմանադրության ժողովրդավարական օրինակը դրվելու է համաժողովրդական քննարկման, հետագայում դրվելու է հանրաքվեյի, որից հետո այն ընդունված ու հաստատված է, նշեցին բանախոսները:

Թեմայի վերաբերյալ տեղակատվությանն ու հաղորդագրություններին կարող եք հետեւել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պաշտոնական կայքում՝ http://wa.nt.am/hy/:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-276462 կամ 093-669339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

nt.am/am/news/240367/

745 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*