«Կապիտալիզացրէ՛ք Հայկական Ինքնութիւնը»

09 ՕԳՈՍՏՈՍ 2017 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԴԵՍՊԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՃԵՐԵՃԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ԱՐԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

Էդուարդ Ճերեճեանը Ռայսի համալսարանի (ԱՄՆ, Տեքսաս նահանգ) Հանրային քաղաքականութեան Ջէյմս Բէյքերի ինստիտուտի տնօրէնն է: Նա ԱՄՆի ամենայարգուած եւ ամենափորձառու դիւանագէտներից մէկն է, աշխատել է Միացեալ Նահանգների 8 նախագահների վարչակարգերի հետ:

Ինչպէս եւ 2016ին, այս տարի եւս դեսպան Ճերեճեանը ժամանել էր Հայաստան՝ որպէս «Աւրորա» մրցանակաբաշխութեան հիւր: Ձեզ ենք ներկայացնում Էդվարդ Ճերեճեանի հետ մեր զրոյցի առաւել ուշագրաւ հատուածները:

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՊԱՀ

Այժմ միջազգային քաղաքականութեան մէջ անցումային պահ է: Վաշինգթոնի նոր վարչակազմը դեռեւս գտնւում է իր արտաքին քաղաքականութեան մշակման փուլում:

Անկախ միջազգային իրադրութիւնից, Հայաստանը պէտք է ձգտի յայտնուել այնպիսի իրավիճակում, որն իրեն թոյլ կը տայ առաջ մղել իր ազգային շահերը Հիւսիս–Հարաւ եւ Արեւելք–Արեւմուտք առանցքներով:

Դա պէտք է դառնայ հայկական քաղաքականութեան կոնստանտը (առանցքը–Խմբ.)՝ հաշուի առնելով երկրի աշխարհագրական դիրքը. քաղաքականութեան մէջ աշխարհագրութիւնը շատ դէպքերում ճակատագրական նշանակութիւն է ունենում:

ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի համար կարեւոր է կապիտալիզացնել (դրամագլուխի վերածել, շահագործել–Խմբ.) իր՝ սահմանափակ ռեսուրսները (միջոցները–Խմբ.) եւ շատ խելացի բնակչութիւն ունեցող փոքր երկրի ինքնութիւնը եւ օգտագործել տարածաշրջանային կենտրոն դառնալու հնարաւորութիւնը, լինի դա բարձր տեխնոլոգիաների (արհեստագիտութիւնը–Խմբ) կամ առեւտրի եւ ֆինանսների ոլորտում:

Նայէ՛ք Հարաւային Կորէային: Չունենալով բնական ռեսուրսներ՝ նրանք ստեղծել են ուժեղ տնտեսութիւն, որը հիմնուած է մարդկանց ձեռնարկատիրական ջիղի վրայ: Նրանք խթանում էին մասնաւոր հատուածը, կենտրոնացնելով ուժերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ կարեւոր ֆինանսական եւ առեւտրային յարաբերութիւններ հաստատելով ինչպէս տարածաշրջանում, այնպէս էլ աշխարհի հետ:

Հայաստանը պէտք է նման երկրները դիտարկի որպէս մոդել (նախատիպ–Խմբ.): Սա յուսադրող սցենար (բեմագրութիւն–Խմբ.) է առաջ գնալու համար:

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Երբ ԱԶԿն (Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը) իշխանութեան եկաւ Թուրքիայում, այն հաւատարիմ էր աշխարհիկ երկիրը կառավարող իսլամիստական կուսակցութեան մոդելին, որը արժանավայել տնտեսական աճ էր խթանում եւ զարգացնում էր յարաբերութիւնները տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Երբ Էրդողանը ժամանեց Կահիրէ, նա յայտարարեց (ես դա երբեք չեմ մոռանայ), որ բոլոր կառավարութիւնները պէտք է հաւասարապէս հեռու լինեն բոլոր կրօններից: Նա իսլամիստ առաջնորդ էր, ով վառ օրինակ էր, թէ ինչպէս մուսուլման մեծամասնութիւն ունեցող երկրում կարելի է հաւասարակշռել իսլամական մշակոյթը աշխարհիկ կառավարութեան հետ:

Իսկ հիմա մենք տեսնում ենք, թէ ինչպէս է փոխւում իրավիճակը: Հիմա Էրդողանը դարձել է շատ ազդեցիկ մարդ Թուրքիայում: Եւ հարկաւոր է հասկանալ, ի՞նչ է նա պատրաստւում անել այդ ազդեցութեան հետ, ո՞ր ուղղութեամբ է շարժուելու: Արդեօք այն աւելի շատ վստահութիւն կը ներշնչի՞ Էրդողանին առ այն, որ Թուրքիան կարող է վերածուել տարածաշրջանում խաղաղութիւն եւ անվտանգութիւն խթանող երկրի, թէ խօսքն այլ ազդեցութեան մասին է: Ոչ ոք դա չգիտի: Բայց դա մեծ ազդեցութիւն կ՛ունենայ Հայաստանի վրայ:

Լաւ յարաբերութիւնների հաստատումը բխում է թէ՛ Թուրքիայի եւ թէ Հայաստանի շահերից: Սակայն Թուրքիայի համար Հայաստանի հետ լաւ յարաբերութիւնների հաստատումը կը բարելաւի իր դիրքերը տարածաշրջանային մակարդակով՝ Եւրոպայի եւ ԱՄՆի համատեքստում, քանի որ եւրոպացիներն ու ամերիկացիները սատարում են Հայաստանին: Հայաստանը ունի իւրօրինակ ինքնութիւն, շատ ազդեցիկ Սփիւռք, որը կարեւոր ակտիւ է արեւմտեան երկրների հետ յարաբերութիւններում:

ՊՈՒՏԻՆԸ, ԹՐԱՄՓԸ ԵՒ ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ

Հարաւային Կովկասը առաւել կարեւոր է Պուտինի, քան այլ արտաքին դերակատարների համար: Դժուար է պարզել, թէ որոնք են Պուտինի մտադրութիւնները այս տարածաշրջանում: Պարզ է մի բան. նա ցանկանում է խոշոր դերակատար մնալ Հարաւային Կովկասում:

Արդեօք դա կը դրդի՞ նրան որոշիչ քայլեր ձեռնարկել ղարաբաղեան հիմնախնդրի լուծման համար: Դրա համար նա ստիպուած կը լինի մեծ քաղաքական կապիտալ (դրամագլուխ–Խմբ.) օգտագործել Թուրքիայի հանդէպ: Արդեօք ռուս–թուրքական յարաբերութիւնները Պուտինի համար աւելի՞ կարեւոր կը լինեն, քան սեփական յաղթաթղթերը գործի դնելը այնպիսի հարցերում, ինչպիսին ԼՂ խնդիրն է: Մենք դա չգիտենք:

Կարեւոր է, որպէսզի Հարաւային Կովկասը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը անտեսուած օրակարգի մաս չդառնան: Դա էլ աւելի մեծ լարուածութեան կը յանգեցնի: Չնայած նրան, որ որոշումը պէտք է կայացնեն Երեւանն ու Բաքուն, անհրաժեշտ է, որ ղարաբաղեան հիմնախնդիրը մնա մեծ տէրութիւնների օրակարգում:

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԻՑ ԴԷՊԻ ՆՐԱ ԼՈՒԾՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի գործընթացը շարունակւում է երկար տարիներ: Այն դրական արդիւնքի կատալիզատոր (արագացնող ուժ–Խմբ.) չդարձաւ: Ես գիտակցում եմ, թէ որքան բարդ է խնդիրը, բայց գործընթացը յանուն գործընթացի կարող է աւելի մեծ անկայունութիւն բերել:

Մենք դրա ականատեսը եղանք արաբա–իսրայէլական հակամարտութեան կարգաւորման գործընթացի ժամանակ, որում ես ներգրաւուած էի: Ատում եմ «խաղաղ գործընթաց» արտայայտութիւնը: Գործընթացը դառնում է ինքնանպատակ: Նոյնիսկ այսօր կան մարդիկ, ովքեր ասում են. «Ո՛չ, վերջնական լուծման մի գնացէք, քայլ առ քայլ արէք, վստահութեան ամրապնդման միջոցառումներ իրագործէք»: Մենք տարիներ շարունակ խօսում էինք այդ մասին, եւ ո՞ւր դա մեզ բերեց: Պաղեստինցիների օկուպացիան (գրաւումը–Խմբ.) շարունակւում է աւելի քան 50 տարի:

Մենք պէտք է անցում կատարենք հակամարտութեան կառավարումից դէպի դրա լուծումը: Դա պէտք է Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանային ուժերի եւ միջազգային հանրութեան նպատակը դառնայ:

Հայաստանն ունի իրական քաղաքական ակտիւներ, (արժե–թուղթեր–Խմբ.) որոնք կարելի է հմտօրէն օգտագործել միջազգային ասպարէզում, որպէսզի միջազգային հանրութիւնը ուժերը կենտրոնացնի այդ հարցի վրայ՝ այն լուծելու նպատակով:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Քաղաքականութիւնը վարում են առաջնորդները, նրանք կարող են փոխել իրավիճակը: Հայկական կողմը մեծ յոյսեր էր կապում հայ–թուրքական արձանագրութիւնների հետ: Դա երկու երկրներում էլ շատ համարձակ քայլ էր. Հայաստանի նախագահի, ով ստորագրել էր այդ արձանագրութիւնները՝ չնայած Սփիւռքում դժգոհութեան մեծ ալիքին: Հայերը ցոյց տուեցին, առնուազն այդ ժամանակ, որ պատրաստ են այդ հարցի շուրջ կոշտ որոշումներ կայացնել, սակայն դրանից բան դուրս չեկաւ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, դժուար է հասկանալ նախագահ Ալիեւի մտադրութիւնները: Յուսով եմ, որ նրա նպատակը բանակցային ճանապարհով խնդրի լուծմանը հասնելն է, եւ նա գիտակցում է, որ անհրաժեշտ է քաղաքական փոխզիջումների գնալ: Արդեօք նա այդ հակամարտութեան կարի՞քն ունի հասարակութեան հանդէպ ռեժիմի մշտական վերահսկողութիւնը հիմնաւորելու համար: Շատ քննադատութիւն է հնչում Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ ազատութիւնների վիճակի վերաբերեալ:

Վերջին շրջանում նաւթի եւ գազի գների անկման պատճառով այդ երկիրն այժմ ուժեղ ճնշման տակ է: Սակայն, մենք չպէտք է պատրանքներ ունենանք. Ադրբեջանը հարուստ երկիր է, եւ բոլոր նրանք, ովքեր որոշումներ են կայացնում Երեւանում, պէտք է խիստ մտահոգուած լինեն նրանց զէնքի գնումներով:

asbarez.com/arm/291221/

108 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*