Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան հայերի հողերի վրա է խարսխված. ամերիկահայ փաստաբանը դատ է բացել

08 ՕԳՈՍՏՈՍ 2017 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

«Ինջիրլիքի դատավարությունը» «Նյու Յորք Լայֆի» գործից հետո դառնալու է հայոց ցեղասպանության հարցերով դատավարությունների պատմության մեջ հերթական կարևոր քայլը,- «Արևելքի» հետ զրույցում ասաց 2005-ին «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական գործակալության դեմ դատական գործ բացած և դատը շահած ամերիկաբնակ նշանավոր փաստաբան Վարդգես Եղիայանը:

Վարդգես Եղիայանը հերթական դատն է բացել, այս անգամ՝ Թուրքիայի կառավարության դեմ, որով վիճարկվելու է Թուրքիայի «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազայի հողատարածքի պատկանելիությունը: Ըստ մեր զրուցակցի, «Ինջիրլիք» նշանավոր ռազմաբազան, որի մասին այսօր ողջ աշխարհն է խոսում, կառուցված է հայերին պատկանող հողերի վրա:

Վարդգես Եղիայանի փաստաբանական գրասենյակը կարողացել է հավաքել և դատարան ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ որոնց, ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Ադանա քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմաբազայի հողերի վրա եղել են Ադանայի և մերձակայքում բնակվող հայերի ամառանոցները, տները, եկեղեցիները, դպրոցներն ու նրանց պատկանած այլ սեփականություններ, որոնք Թուրքիայի կառավարությունն ապօրինի կերպով զավթել, իսկ այդ կառույցների տերերին սպանել է:

«Ինջիրլիքը», որ համարվում է տարածաշրջանում ամենախոշոր ռազմաբազաներից մեկը, ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վարձակալել է 1951-ին: Այսօր այնտեղ հսկայական շինություններ են կառուցված, այդ թվում՝ ամերիկյան նշանավոր ընկերությունների մասնաճյուղեր, որտեղ հազարավոր մարդիկ են աշխատում, ինչպես նաև այդ խարսխից ամերիկյան օդանավերը հարվածում են «Իսլամական պետության» դիրքերին:

Ինջիրլիքում հայերին պատկանած կառույցների սեփականության իրավունքի փաստաթղթերը պահվել են թուրքական հնագույն՝ «Կենտրոնական» և «Զիրաաթ բանկասի» բանկերում, որոնք այսօր պետական բանկեր են, և որոնք էլ «Ինջիրլիքի գործով» հանդիսանում են մեղադրվող կողմ:

Վարդգես Եղիայանի փաստաբանական գրասենյակը Ինջիրլիքի հողատարածքի վիճարկման հարցը սկսել է 2010-ին, սակայն տարբեր պատճառներով դատավարությունը չի կայացել: Առաջիկա օգոստոսի 4-ին Կալիֆոռնիայում նշանակված դատավարությունը, ըստ Վարդգես Եղիայանի, ի օգուտ հայերի ավարտվելու մեծ հավանականություն ունի: Մեր զրուցակիցը նշեց, որ դատը շահելու դեպքում ամերիկյան դատարանը ինչ-որ ձևով նաև ընդունելու է հայոց ցեղասպանության իրողությունը, ինչը հայերի ձեռքին անհերքելի փաստաթուղթ է դառնալու, որ հայերը պարզելու են ընդդեմ պաշտոնական Վաշինգտոնի:

Ինչպես հայտնի է՝ 2005 թվականին եթովպիական ծագումով ամերիկաբնակ փաստաբան Վարդգես Եղիայանի գրասենյակը, հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգորդների ունեցած անշարժ գույքի փաստաթղթերի հիման վրա աղմկահարույց դատ էր բացել «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ, որով պահանջում էր փոխհատուցել Եղեռնի տարիներին «Նյու Յորք Լայֆում» հայերի ունեցած ապահովագրական գումարները: Դատավարության արդյունքում հայ փաստաբանի գրասենյակը շահել էր 20 միլիոն ԱՄՆ դոլար, որի մեծ մասը բաժանվել էր հասցեատերերի ժառանգորդներին:

«Արևելքի» հետ զրույցում Վարդգես Եղիայանն ասաց, որ «Նյու Յորք Լայֆում» հայերի ունեցած ապահովագրական գումարների մասին իմացել է Օսմանյան կայսրությունում 1913-1916 թթ ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը կարդալիս, որից հետո համառ աշխատանքի շնորհիվ, իր գործընկերների հետ միասին, հօգուտ հայերի, շահել է դատը:

Նրա ղեկավարած գրասենյակը դատ է բացել նաև «Աքսայի», ֆրանսիական և գերմանական այլ ընկերությունների դեմ, իսկ «Գեթթի» միջազգային թանգարանի դեմ նրա բացած դատն աննախադեպ օրինակ էր աշխարհով մեկ ցրված հայ մշակույթի գանձերը հայերին վերադարձնելու առումով:

Ճիշտ է՝ «Գեթթին» չվերադարձրեց Ռոսլինի նկարազարդած Զեյթունի Ավետարանի ութ էջը, սակայն հայաշխարհն իմացավ հայոց հնագույն Ավետարաններից մեկի կորսված էջերի տեղն ու գնահատեց այն Մատենադարան վերադարձնելու ուղղությամբ հայ փաստաբանի տարած ջանքերը:

«Նյու-Յորք Լայֆն» ու Ինջիրլիքը դեռ սկիզբն են. հօգուտ հայերի դեռ շատ դատեր ունեմ պաշտպանելու»,-ասում է նշանավոր փաստաբանը:

www.arevelk.am/am/

199 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*