Հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող Այգեհովիտում շվեյցարացի բարերարները լուծեցին նաև բժշկական կենտրոնի հարցը (տեսանյութ)

14-10-2017 17:14:00 | Հայաստան | Բարեգործություն:

Սահմանամերձ Այգեհովիտ տանող ճանապարհն է: Հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղում տոն է: Համայնքի մեծ ու փոքր բնակիչները հավաքվել են հիմնանորոգված կլինիկայի մոտ, որպեսզի դիմավորեն իրենց գյուղի լավագույն բարեկամներին` շվեյցարացի բարերների խմբին:

Մինչ հիմնանորոգված կլինիկային ներսից ծանոթանալը, հյուրերը Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորությամբ` հանդիսավոր կերպով բարձրացնում են երկու երկրների պետական դրոշները, հնչում է ազգային օրհներգը, ապա շարժվում են առաջ:

Ժամանակին կիսախարխուլ վիճակում գտնվող ամբուլատորիայի հիմնանորոգումն իրականացվել է «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի նվիրատվության շնորհիվ: Հենց այդ պատճառով կլինիկան անվանվեց նշյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ` Մարտին և Ջեսիկա Բլումեր ամուսինների անունով:

Ամբողջությամբ նորոգված կլինիկայում կատարվելու են պատվաստումներ, հղիների վաղ հսկողություն, դիսպանսեր հիվանդների շարունակական բուժում և այլն: Այս բուժծառայություններից կօգտվեն ոչ միայն այգեհովիտցիները, այլև հարևան Վազաշենի բնակիչները:

Իրականում վերոնշյալ կլինիկայի հիմնանորոգումը շվեյցարացի բարերաների կողմից իրականացված միակ նախաձեռնությունը չէ: Նույն գյուղում նախորդ տարի վերանորոգվել է և շահագործման է հանձնվել մանկապարտեզը, ինչպես նաև նորացվել է գյուղը սնուցող ջրախողովակաշարը:
Այս բոլոր բարեգործական միջոցառումներում իր առանցքային դերն ունի հայազգի բարերար, «Օգնություն Հայաստանին» շվեյցարական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մայք Բարոնյանը:

Առանձնակի համեստությամբ աչքի ընկնած Բլումեր ամուսինները բավարարված էին կատարված աշխատանքներից: Սեփական գոհունակությունը Մարտին Բլումերը հայտնեց մեկ բառով:
Շվեյցարացի ամուսինները պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հանդես գալ բարեգործական նոր ծրագրերով:

Այգեհովիտցիների և շվեյցարացի բարերաների միջև հաստատված ջերմ բարեկամության մասին այսուհետ կվկայի նաև կլինիկայի բակում համատեղ ջանքերով տնկված խորհրդանշանական եղևնին:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը՝ «Նոյյան Տապանի»
Նոյյան տապան – Բարեգործություն

nt.am/am/news/245441/

2476 Total Views 2 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*