Թուրքիայի կրթության նախարարությունը սխալմամբ Նեմրութ լեռն անվանել է «անհավատության ու անբարոյականության կենտրոն»

18 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2017 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – ՄՇԱԿՈՅԹ:

Թուրքիայի կրթության նախարարության շուրջ նոր սկանդալ է հասունացել, այս անգամ աղմուկը կապված է Նեմրութ լեռան հետ, որի վրա է գտնվում մ․թ․ա․ 69-34 թթ.-ին կառուցված դամբարանաբլուր-սրբավայրը:

Ինչպես փոխանցում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, երեխաների համար նախատեսված Ղուրանի դասընթացի գրքերում, որոնք տպվել են նախարարության կողմից, մասնագետները շփոթել են Նեմրութ լեռն Իսլամի պատմության մեջ որպես Իբրահիմ մարգարեին կրակը նետած թագավոր հիշատակվող Նեմրուդի անվան հետ:

Դրա հետևանքով Նեմրութ լեռն ու դրա վրա եղած սրբավայրը երեխաներին ներկայացվել է բացասական լույսի ներքո, իսկ սրբավայրում տեղ գտած աստվածությունները՝ հեթանոսական պիղծ կուռքեր: Գրքում երեխաներին բացատրվել է, որ Նեմրութն անհավատության, անբարոյականության ու տգեղության կենտրոնն է:

Ավելի ուշ այս սխալը նկատել են մի շարք փորձագետներ և ահազանգել: Վերջիններս ապշել են, որ Կրթության նախարարությունը նման սխալ կատարելիս անգամ հաշվի չի առել աշխարհագրական տարածքի տարբերությունը. այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Ադըյաման նահանգի Քյահթա շրջանից ոչ հեռու գտնվող Նեմրութ լեռը շատ հեռու է Իբրահիմ մարգարեի կամ Նեմրուդ արքայի բնակության վայրից:

Ի դեպ, տվյալ սրբավայրը, որպես հարուստ և կարևոր աղբյուր, բացառիկ նշանակություն ունի արևելյան հելլենիզմի և Հայաստանի հելլենիստական դարաշրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։

Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչև 8 մետրի, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե երկրի աստվածներին ու Անտիոքոս արքային` գահավորակներին բազմած։ Մեջտեղում Արամազդի արձանն է, որի մի կողմից դրված են Միհրի և Արտագնեսի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Առաջինի արձանները։ Արձանագրությունները վկայում են, որ Կոմմագենեի թագավորական տունը սերում է Երվանդունիներից, և մ․թ․ա․ 4-3 դդ. Կոմմագենեն Հայաստանի մաս է կազմել։

www.tert.am/am/news/2017/10/18/nemrut/2514552

78 Total Views 2 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*