Մովսէս Նաճարեան –Հայկի թոռ Կադմոսի բնակավայրը՝ եւ Հարք – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան –Փիւնիկէ-Փինակա

Մովսէս Նաճարեան –Հայկի թոռ Կադմոսի բնակավայրը՝ եւ Հարք – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

33.Հայկի թոռ Կադմոսի բնակավայրը՝ եւ Հարք

Խորենացին գրում է.-

Հայկ նահապետը՝ «Երթեալ բնակէ ի լեռնոտին միում ի դաշտավայրի, յորում սակաւք ի մարդկանէ յառաջագոյն ցրուելոցն դադարեալ բնակէին. զորս հնազանդ իւր արարեալ Հայկ՝ շինէ անդ տուն բնակութեան կալուածոց, եւ տայ ի ժառանգութիւն Կադմեայ որդւոյ Արամանեկայ»[361]:

Մեկնաբանութիւն.-

Բաբելոնից ու Բելի բռնատիրութիւնից հեռանալով՝ Հայկ նահապետն ուղուել է դէպի իր պապերի երկիրը: Բաբելոնից ամենայարմար ճամբան է եղել՝ Տիգրիսի հունով դէպի հիւսիս գիծը:
Տիգրիսի հոսանքն ի վեր իր զարմերի ու հետեւորդների հետ Թմանից ու Քիշից առաւել եւս վեր բարձրանալով՝ նա կայք է հաստատել մի նեղ հովտաբերանի մօտ, որի աջ կողմում սկիզբ էին առնում Կորդուած լեռները, իսկ ձախում՝ Մասիոն լեռները:

Այնտեղ կառուցել է իր առաջին տունը (town-տօհմատունը)՝ որը կոչել Փիւնիկէ (Փինիկ, Փինակայ)[362], ի նշան բռնակալութիւնից ու բռնակալից իր եւ իր ժառանգների ֆիզիկական ու հոգեւոր անկախացման, երբ «փիւնիկ» թռչունը[363] յարութեան խորհրդանիշն է եղել:

Փինիկն ունեցել է պաշտպանութեան ու մարտավարութեան հարմար բարձր դիրք: Դա միջագետքից ուղղահայեաց գծով դէպի Վանայ լճի ավազանն անցկացնող միակ դուռն է եղել: Այնտեղից տեսանելի է եղել ողջ հարաւը՝ որտեղից սպառնալիք է ակնկալուել:

Ապա Հայկն իր Կադմոս թոռանն է յանձնել Փինիկը՝ պատուիրելով աչալուրջ հսկել հարաւի անցուդարձերին: Այնուհետեւ նա բարձրացել է հիւսիս՝ Հարքի դաշտ:

Կադմոսն իր զբաղեցրած գաւառը անուանակոչել է Ծաւդէք՝ կենտրոն ունենալով «Փինիկ»-«Փինակա»-ն[364]:
Այդ քաղաքը գոյութիւն է ունեցել մինչեւ մեր ժամանակների 1200-ական թուակնները՝ Տիգրիսի ափին:

Սոյն «Փինիկ»-«Փինակա»-ն է՝ որ Խորենացին ճշգրտօրէն կոչել է «Փիւնիկէ», կապուած գրերը գտնելու համար սուրբ Մեսրոպ Մաշտոցի կատարած ճանապարհորդութեան հետ: Կարդանք այդ հատուածներից.

«Զկնի այսորիկ՝ ինքնին Մեսրոպ իջանէ ի Միջագետս… եւ ոչ աւել գտեալ քան զառաջինն՝ անցանէ ի յԵդեսիայ.. »[365]:

Եդեսիոյ դիւանի պատասխանատու Պղատոն իշխանը Մաշտոցին խորհուրդ է տուել դիմելու իր ուսուցիչ Եպիփանոսին՝ ով թերեւս ինչ որ բանով կարող լինէր օգնել Մաշտոցի առաքելութեան: Նա Մաշտոցին տուել է նաեւ առաջնորդող մի ուղեկից՝ որն իմացել է Եպիփանոսի նստատեղին Փիւնիկէ քաղաքում[366]:

«Յայնժամ Մեսրոպայ… անցեալ ընդ Փիւնիկէ՝ ի Սամոս դիմէ, քանզի Եպիփանու վճարելով զկենցաղս՝ թողեալ լինի աշակերտ մի անուանեալ Հռոփանոս… որ ի Սամոս էր միայնացեալ…»[367]:

Մաշտոցն Եդեսիայից անցել է Ծաւդէքի Փինիկ-Փիւնիկէ քաղաք (եւ ոչ թէ Լիբանան)՝ որտեղ պէտք է հանդիպէր Եպիփանոսին, սակայն վերջինս մինչ այդ մահկանացուն կնքած լինելով՝ թողել է Հռոփանոս անունով մի աշակերտ, այն էլ Սամոսատում:

Վերադառնանք Հայկ նահապետին՝ ու շարունակենք լսել Խորենացուն.

«Եւ ինքն խաղայ, ասէ, այլով աղխիւն ընդ արեւմուտս հիւսիսոյ, գայ բնակէ ի բարձրաւանդակ դաշտի միում, եւ անուանէ զանուն լեռնադաշտին Հարք, այս ինքն հարք են աստէն բնակեալք՝ ազգի տանն Թորգոմայ»[368]:

Հայկ նահապետը «Հարք» է անուանել լեռնադաշտը՝ որովհետեւ իրենից առաջ այն եղել է իր պապերի[369] բնակավայրը, եւ առաջին հերթին Նօյի՝ որի վերջին հանգրուանը գտնուել է Նպատ լեռան տարածքին, Հարքի հիւսիս-արեւելքում:

Իրականում այդ տեղը «Հարք» է կոչուել մայր ցամաքի կազմաւորման ժամանակներում՝ Անգեղ-հրեշտակների կողմից, եւ Հայկ նահապետը հասու է եղել այդ իրողութեան:

Նկարում` Հայկի հիմնած առաջին աւանը՝ Փիւնիկէ-Փինակա

Մովսէս Նաճարեան –Փիւնիկէ-Փինակա

– – – – – – – – – – – – – –

[361] Մ. Խորենացի, նոյն, էջ 33:

[362] Այսուհետեւ զանազանելու համար Լիբանան-Փիւնիկէ երկիրը պատմական Հայաստանի Փիւնիկէ քաղաքից՝ կ՛օգտագործենք այդ քաղաքի միջնադարեան աղաւաղուած «Փինիկ» ձեւը:

[363]«Փիւնիկ» բառի արմատն առնչւում է «բոյն» բառին: Հին եգիպտական պատկերազարդում-ներում «Փիւնիկ» թռչունն ունի «արագիլ»-ի կերպարանքը՝ որ «նոր բոյն է շինում»:

[364] Տես՝ «Ատլաս», Ա. մաս, «Փինիկ» անուան տակ:

[365]Մ. Խորենացի, նոյն, Գիրք երրորդ, գլուխ ԾԳ, էջ 326:

[366]Մի առաջնորդող տրամադրելու պարագան ենթադրել է տալիս՝ որ Եպիփանոսի նստավայր Փիւնիկէն այդքան էլ հեռու չի եղել Եդեսիայից:

[367]Մ. Խորենացի, նոյն, Գիրք երրորդ, գլուխ ԾԳ, էջ 327:

[368] Մ. Խորենացի, նոյն, էջ 33:

[369]Իր Թորգոմ հօր նախահայրերի:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail