Մեսրոպեան Ուղղագրութիւնը Ու Մեր Լեզուն

09 ՆՈՅԵՆԲԵՐ 2017 – ՄՇԱԿՈՅԹ:
pilibosnayiri
ՆԱՅԻՐԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Գաղտնիք չէ, որ հայութիւնը աշխարհի ամենահին ազգերից մին է: Հազարաւոր ու հազարաւոր տարիների ընթացքում, մենք պատերազմ ենք մղել, կայսրութիւն ենք ունեցել եւ քրիստոնէութիւն ենք պահպանել: Մեր դարաւոր պատմութեան մէջ շատ են եղել նաեւ ժամանակներ, երբ ասպատակող թշնամիները փորձել են մեզ ընկճել ու ձուլել՝ հայ ու Հայաստան չլինելու դիւային նպատակով:

Ի՞նչն է եղել մեր գոյատեւման գաղտնիքը: Այդ առեղծուածը պէտք է գտնել մեր հարուստ մշակոյթի, յատկապէս՝ մայր լեզուի զարգացման մէջ: Լեզուն ֆիզիկական չէ, բայց ամենաթանգակին գանձն է: Մայր լեզուն է, որ մնացել է կանգուն անկայուն ժամանակներում: Ոսկէ դարում, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայերէն այբուբենը, սկսեցին գրուել գրաբարեան մատեաններ, որոնք գրուեցին Մեսրոպեան ուղղագրութեամբ:

Հայերէն լեզուն անցաւ միջին դարերից, դարձաւ միջին հայերէն, յետոյ նոր զարգացում արձանագրեց՝ աշխարհաբարի շրջանում հարստանալով արեւելահայերէնով ու արեւմտահայերէնով: Սակայն, զարգացման այդ երկար փոփոխութիւնների ընթացքում, մեր ուղղագրութիւնը մնաց նոյնը՝ Մեսրոպեա՛ն: Մեր պապերը հաւատարիմ մնալով մաշտոցեան աւանդին՝ պահեցին ու պահպանեցին Մեսորպեան ուղղագրութիւնը:

Սակայն Հայաստանի խորհրդայնացումով եւ Խորհրդային Հայաստանի անհեռատես ղեկավարների պնդումով, Աբեղեանական ուղղագրութիւնը որդեգրուեց մեր հայրենիքում, որին հետեւեց մեր մայրենին ռուսերէն բառերով ողողելու եւ ռուսականացնելու տխուր ժամանակները:

Հայաստանեան ու Մեսրոպեան ուղղագրութեան բանակռիւը բաժանել է ազգին: Այն հայերը, ովքեր ծնուել են Հայաստանում սովետական ժամանակներում, միա՛յն գիտեն հայաստանեան ուղղագրութիւնը, բայց անհրաժեշտ է նայել լրիւ նկարը ու մեր ամբողջ պատմութիւնը: Մեր աւելի քան հինգ հազար տարուայ պատմութեան մէջ միայն մի իննսուն տարի առաջ է սկսել Աբեղեանական ուղղագրութեան տարածումը: Նա միայն կարող է իննսուն տարուայ պատմութիւն ունենալ: Մեսրոպեան ուղղագրութիւնը կապուած է մեր արմատներին՝ սկսեալ հինգերորդ դարից եւ ապրելով մինչեւ այսօր, մեր պատմութեան, քաղաքակրթութեան ու մշակոյթի հետ մէկտեղ:

Մեսրոպեան ուղղագրութիւնը չհզօրացնելով՝ մենք կարող ենք կորցնել մեր լեզուի, մեր բառարանային գանձարանի ակունքները: Ահա՛ թէ ինչո՛ւ, մեծ լեզուագէտ Հրաչեայ Աճառեանը իր արմատական բառարանը գրեց Մեսրոպեան ուղղագրութեամբ եւ մերժեց ու դէմ կանգնեց սովետների ճնշումներին: Ահա՛ թէ ինչո՛ւ մեծ հայագէտ Ստեփանոս Մալխասեանցը իր բացատրական բառարանը գրեց Մեսրոպեան ուղղագրութեամբ, եւ ահա՛ թէ ինչու Հայաստանի վերանկախացումից յետոյ լեզուաբան Ռաֆայէլ Իշխանեանը փորձեց վերականգնել Մեսրոպեան ուղղագրութիւնը Հայաստանում՝ գրելով Մեսրոպեան ուղղագրական կանոնների գրքոյկը դպրոցական աշակերտների իւրացման մակարդակով:

Մեր դպրոցում՝ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարաժարանում, հայերէն լեզուն սովորում ենք Մեսրոպական ուղղագրութեամբ: Մեր դասագրքերը, բառագիտութեան ձեռնարկները, լեզուի վարժութեան ու քերականութեան գրքերը գրուած են Մեսրոպեան ձեւով: Ուսուցիչները միշտ ճշդում են մեր ուղղագրական սխալները, որպէսզի գրենք ճիշդ՝ Մեսրոպեան ուղղագրութեամբ:

Որպէս հայոց դպրոց Սփիւռքում՝ Փիլիպոս վարժարանը իր աշակերտներին սովորեցնում է Մեսրոպեանը, որպէսզի մենք կապը չկորցնենք մեր արմատների, մեր լեզուի եւ մայր հողի հետ: Ուրախալի է, որ հիմա վերանկախացած Հայաստանում մեր լեզուագէտներն ու մտաւորականները, գրողներն ու թերթերը փորձում են մեր լեզուից դուրս հանել օտարաբանութիւնները:

Իմ յոյսն է, որ Հայաստանո՛ւմ սկսեն գործածել նաեւ Մեսրոպեան ուղղագրութիւնը: Եթէ մենք ուզում ենք մեր պատմութիւնը պահպահնել, ապա մենք պիտի միութիւն ունենանք: Լեզուի նպատակն է, որ անցեալի պատգամները յանձնի նոր սերունդին եւ նոր սերունդը իր սեփական պատմութիւնը կազմի եւ յանձնի ապագային: Լեզուով՝ մեր պատմամշակութային արժէքները մնում են յաւիտեան։

Յոյսով եմ, որ Մեսրոպեան ուղղագրութիւնը Հայաստանում եւ Սփիւռքում կը հզօրանայ, որպէսզի մանր տարբերութիւնները լուծուեն, մանաւանդ ներկայ օրերում, երբ մեր նշանաբանն է՝ մէ՛կ ազգ, մէ՛կ հայրենիք:

asbarez.com/arm/298841

235 Total Views 1 Views Today

2 Comments on Մեսրոպեան Ուղղագրութիւնը Ու Մեր Լեզուն

  1. Սիւզան Արթինեան Նաճարեան

    Եթէ Հայը կը հաւատանք որ հազարաւոր տարիներէ ի վեր գոյութիւն ունի; ուրեմն եւս հայերէն գիրն ու գրականութիւնը։

    Այլեւս շտկենք այս հեքեաթը։

    Հայերէնը դասական ուղղագրութեամբ եւ ո՝չ մեսրոպեան։

    Մեսրոպ մաշտոց եթէ գոյութիւն իսկապէս ունեցած է;

    պարզապէս վերծանած է որոշ ժամանակ հայահալած կործանումէ ետք։

    Դուրս գանք հեքեաթներէ եւ Հայանանք ու հայավարի կրթենք նոր սերունդները։

  2. Սուրբ Մեսրոպ Մաշտոց վերականգնած է Հայոց վաղեմագոյն այբուբենը, եւ ոչ թէ ՝՝ստեղծած՝՝ է։

    Ամերիկայէն Հայաստան եկած էր մի հայուհի, որն ԱՄՆ-ում ստեղծել էր իր սեփական բժշկական քոլեջը, եւ Երեւանում սեմինարի էր հրաւիրել ուսուցիչ-դասախօսների։

    Իմանալով իւրաքանչիւր ներկայ եղողների մասնագիտութիւնը, նա վերջում ինձ անձնապէս հարց տուեց։

    Ինչու? տիեզերագնացները ամէն թռիչքին, իրենց հետ կը տանեն Հայոց այբուբենի տախտակը։

    Հարցրեցի, ամերիկացի? տիեզերագնացները կը տանին։

    Ասաց ոչ, ռուսները։

    Ասի գիտեմ ինչու, որովհետեւ Հայոց այբուբենը տիեզերածին է, եւ դա նրանք տիեզերքում որպէս անցագիր կ՝օգտագործեն այլմոլորակայիններին ցոյց տալով, որ իրենք, ռուսները, կրողներն են այդ տիեզերական այբուբենի, այսինքն այլմոլորակայինների բարեկամներն են։

    Մովսէս ՆաՃարեան

Leave a Reply

Your email address will not be published.


*