Անկարայի թրքացումն ու իսլամացումը

09 ՆՈՅԵՆԲԵՐ 2017 – ԳՐԱԽՕՍԱԿԱՆ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:

Գրող-լրագրող Նևզաթ Օնարանը անդրադարձել է Անկարայում ապրած Սիմոն Առաքելյանի պատմությանն ու վերջինիս «Անկարայի դեպքերի մասին իմ բացասական հուշերը» գրքին։

Նևզաթ Օնարան

«Մեր սո՛ւ րբ հող, որտեղ հանգչում են մեր նախնյաց աճյունները, մեր ծննդավայր սիրելի՛ հայրենիք, մենք քո ջրով ու հողով սնվեցինք, քո մաքուր օդը շնչելով մեծացանք ու հասակ առանք։ Մենք քեզ անկեղծորեն սիրում էինք, մինչև հիմա էլ սիրում ենք։ Հե՜յ սիրելի հայրենիք, դու մեզ համար միշտ սուրբ կմնաս։ Անիծվեն նրանք, ովքեր ցանկացան, որ մենք հիասթափվենք քեզանից, անիծվեն մեզ քեզանից բաժանողները»։

Մեզանից ո՞վ վռնդվեր իր հողից, որտեղ ծնվել, մեծացել, ամուսնացել ու ընտանիք է կազմել, ու նման կերպ չգոռար։ Իր կարոտի մասին գոռացող անկարահայ Սիմոն Առաքելյանը իր ծննդավայր Անկարան այլևս չէր տեսնելու, քանի որ փրկվելուց ու Փարիզ փախչելուց հետո` 1939 թ․, մահանալու էր։

Կարդացի Սիմոն Առաքելյանի 1921 թ․ Ստամբուլում լույս տեսած՝ աքսորի մասին հուշերը (Սիմոն Առաքելյան Անկարայի իրադարձությունների մասին իմ բացասական (աքսորի) հուշերը, խմբագիր՝ Մուրաթ Ջանքարա, Արաս հրատարակչություն, Ստամբուլ, 2017): Հայատառ թուրքերենով գրված գրքի վերջում առկա է նաև տառադարձությունը։ Մուրաթ Ջանքարայի շնորհիվ գիրքը պարզ կարդացվում է։

Չնայած իր հուշերում կրոնական պատկանելությունը նշելիս Հայ Առաքելական եկեղեցու և հայ կաթոլիկների միջև տարբերություն է դրել (էջ 45, 68, 73, 107 և այլն) `«Հայ ու հայ կաթոլիկ» բաժանումն է արել, միևնույն է, նա էլ 1915 թ․ օգոստոսի 29-ին ձերբակալվել է և Անկարայից դեպի Կայսերի, Փոզանթիա ու Տարսուս աքսորվել։ Ինչ-որ ձևով նրան հաջողվել է Տարսուսից փախչել և 122 օր անց՝ 1915թ․ դեկտեմբերի 30-ին, վերադարձել է Անկարա (էջ 231)։ Այդ ժամանակ Սիմոն Առաքելյանը հասկացել է, որ Անկարայում որպես հայ չի կարողանալու ապրել և իր ունեցած ողջ գույքը, պապերի գերեզմանները թողել է ու ընտանիքի հետ միասին փախել է Ստամբուլ: Իր փրկվելու մասին գրում է․ «Ամենակարող Աստված մեզ փրկել ցանկացավ, և մենք փրկվեցինք» ( էջ 238):

Սիմոն Առաքելյանը այն հայերից էր, ում հաջողվեց փրկվել, քանի որ 1915 թ․ հուլիս ամսին 200 հայ տղամարդ արդեն սպանվել էին (էջ 47-53), իսկ Սիմոն Առաքելյանն ու նրա հետ եղած հայերը դիվանագիտական նախաձեռնությունների արդյունքում Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով չսպանվեցին (էջ 102-103, 114-118), բայց ողջ ճանապարհին տեսնել են հայերի դիակներ (էջ 125-131):

Իմ երեխային մուսուլման չդարձնե՛ս

Սիմոն Առաքելյանը գիտեր, որ հայ կանաց ստիպում են իսլամ ընդունել կամ ամուսնանալ մուսուլման տղամարդկանց հետ, և երբ Անկարայում ձերբակալված լինելու ժամանակ կինը գալիս է նրան տեսակցության, ասել է․ « Իմ մահից հետո չեմ ցանկանա, որ դու իսլամ ընդունես, դա կտրականապես չեմ հանդուրժի։ Սակայն իմ մահից հետո ամեն քայլդ անելու մեջ ազատ կլինես․ եթե բարօրությունդ տեսնես իսլամ ընդունելու մեջ, դու կարող ես վարվել այնպես, ինչպես ցանկանաս։

Սակայն կտրականապես, հասկանո՞ւմ ես, կտրականապես չեմ հանդուրժի, որ աղջկս էլ մուսուլման դառնա: Ինչ պատճառով էլ լինի, եթե որոշես մուսուլման դարձնել նրան, ապա «Gözönü»( Անկարայում գտնվող մի գետակի ամենաբարձր կետի անվանումը) կամ մի ջրհոր կնետես։ Այդ սպանության պատասխանը ես կտամ Աստծուն։ Սա է իմ վերջին պատգամը քեզ» (էջ 72-73, 165)։

Մեր գույքը բռնագրավեցին

Սիմոն Առաքելյանը հիշեցնում է Մեջլիսում Ահմեթ Ռըզայի ելույթը, որտեղ վերջինս ասել է, որ հայերի գույքը թալանվել է, նա գրում է նաև, որ եղել են մուսուլման հայրենակիցներ, ովքեր չեն գնել անգամ 10 դրամով վաճառվող հայկական ապրանքները. նա մասնավորապես գրել է․ «Հայ և կաթոլիկ հայ կանանց ու տղամարդկանց Անկարայից աքսորելուց հետո նրանց խանութներում, տներում ինչքան վաճառքի ենթակա ապրանք կար, ամբողջը հավաքելով՝ լցրել են եկեղեցիներ կամ պահեստների վերածված տներ, «Emvâl-i Metrûke» (լքյալ գույք) անունով մի հանձնաժողով են ստեղծել և այդ գույքը աճուրդի հանել։

Դա աճուրդ չէր, այլ թալան էր, վաճառք չէր, այլ նվեր էր․ վաճառքից ստացված եկամուտը «Emvâl-i Metrûke»-ի գրանցամատյանում էր նշվում։ Լավ, դրանք ո՞ր լքված գույքն էին, այդ գույքը ո՞վ է լքել, ձեռքերն ու ոտքերը կապելով սպանված կամ հայրենիքից քշված մարդկանցից մնացած գույքին կարելի՞ է տալ «լքյալ գույք» անվանումը։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի այդ հանձնաժողովին տալ «Emvâl-i Mağsube» (բռնագրավված գույք) անվանումը (էջ 231-233)։

«Կամ լքի’ր, կամ թուրքացի՛ր»

Սիմոն Առաքելյանը, Միություն և առաջադիմություն կուսակցության կառավարության վարած քաղաքականությանը ներսից ականատես լինելով, այդ մասին գրում է․ «Ինչ խոսք, իթթիհատական առաջնորդների վարած քաղաքական ծրագիրը Թուրքիան ամբողջությամբ թուրքացնելն էր, և սա արտացոլված էր իրենց` «Կամ լքի՛ր, կամ թու՛րք դարձիր» լոզունգի մեջ. ծրագրում մյուս ազգերին որևէ նշանակություն չէր տրվում։ Նրանք հաշվարկում էին, որ եթե հայերին տեղահանեն, ապա նրանց հարստությունը կմնա պետությանը»։

Խմբագիրն էլ իր «Նախաբանում» իրավացիորեն մեր ուշադրությանն է հրավիրում «Կամ լքի՛ր, կամ թուրքացի՛ր»-ի և «Կամ սիրի՛ր, կամ լքի՛ր» լոզունգների միջև եղած կապին։

Ռեժիում պաշտոնյա Սիմոն Առաքելյանը աքսորվել է, մահվան վախն է ապրել, ճանապարհից փախուստի է դիմել և տուն-տեղ թողնելով` ընտանիքի հետ Ստամբուլ է փախել։ Մինչդեռ իթթիհատական կառավարությունը Սիմոն Առաքելյանին «այս կամ այն արարքն ես արել» չէր ասել, բայց միայն հայ լինելու համար աքսորել է։

Սիմոն Առաքելյանի նման բոլոր հայերն էլ տեղահանվել են Վանից, Էրզրումից, Էդիրնեից, Անկարայից, Բուրսայից։ Տեղահանված յուրաքանչյուր ոք Սիմոն Առաքելյանի նման հասարակ մարդ է եղել, քանի որ այն հայերը, ովքեր չեն տեղահանվել, Օսմանյան կայսրությունում ծառայող են եղել, իսկ թիրախավորված անձինք կա՛մ մահապատժի են ենթարկվել, կա՛մ բանտարկվել են։

Ընտանիքի հետ միասին Ստամբուլ փախչելով կյանքը փրկած Սիմոն Առաքելյանը լավ գիտեր, թե հայերի հետ ինչպես են վարվել, և իթթիհատականների պանթուրքիստական ծրագրերը հետևյալ կերպ է մեկնաբանել․ «Այդ ծրագրի նպատակն էր Թուրքիայի տարածքից արմատախիլ անել քրիստոնեությունը, ոչնչացնել քրիստոնյաներին, բռնագրավել ու թալանել նրանց ունեցվածքը: Ծրագիրն իրականացվել է 1915 թ․ հայերի տեղահանությամբ և քշված հույների մնացած մասին էլ  1923 թ․ բնակչության փոխանակությամբ։

Այսպիսով՝ Անատոլիան իրականում և’ թուրքացվել է, և՛ սունի-իսլամացվել։ Երկրով մեկ սփռված քրիստոնիաներն էլ հետագայում ստիպված են եղել լքել երկիրը։ Նման իրավիճակում երբ ասվում է, որ երկրում մուսուլմանների թիվը 99 % է, իրականում քրիստոնյա բնակչության ոչնչացման արդյունքում է։

Այդ տարածքում 1915 թ․արմատավորված թրքացման-իսլամացման քաղաքականությունը ամբողջությամբ փոխել է ժողովրդագրական պատկերը։ Օսմանյան կայսրության 1914 թ․ պաշտոնական տվյալների համաձայն (Քեմալ Հ. Քարփաթ, Օսմանյան կայսրության բնակչությունը (1830-1914), «Tarih Vakfı» ազգային հրատարակչություն, Ստամբուլ, 2003, էջ՝ 208-227)՝ այսօրվա Թուրքիայի Հանրապետւոթյան սահմաններում քրիստոնյաների թիվը 20 տոկոսից իջել է և դարձել` հազարից մեկ։ 1914 թ․ Անկարայում 20 հազար 240 հույն, 53 հազար 957 հայ ու 26 հազար հրեա կար. այսօր գրեթե չկա. լավ, ի՞նչ եղավ, որ քրիստոնյա բնակչությունը վերացավ։

Խղճի ու բարոյականության սահմաններում տեղավորվող մի պատասխան կարո՞ղ եք տալ։

https://www.evrensel.net/haber/336517/ankarada-turkcu-isl-mci-temiz

Թարգմանեց Անի Մելքոնյանը

461 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*