ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ – Հայոց ցեղասպանությունը և բռնի ուծացման քաղաքականությունը*
2020/02/21 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ, ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊՂԾՈՒՄ, ԼԼԿՈՒՄ:
1915-1918 թթ. ընթացքում կատարված բռնի կրոնափոխության, երեխաներին հավաքելու և թուրքական-իսլամական մշակույթի ոգով դաստիարակելու, ինչպես նաև` աղջիկներին բռնի կերպով մահմեդական տղամարդկանց հետ ամուսնացնելու պրակտիկան, այս կամ այն ձևով, արդեն իսկ կիրառվել էր նախկինում: 1915-1918 թթ. տեղի ունեցածը տարբերվում էր նրանով, որ այդ քաղաքականությունն օրակարգ բերվեց որպես կենտրոնական կառավարության` հայերին բնաջնջելու ծրագրի մի մաս: Լեմկինի խոսքով` այդ կիրառումները միայն մի քանիսն էին այն զանազան գործողություններից, որոնք ծրագրվել էին որպես մի խմբի «գոյության հիմքերը սասանելուն ուղղված համակարգված պլան», և այդ հատկանիշով 1915-1918 թթ. տեղի ունեցածների և 1894-1896 թթ. կատարված դեպքերի միջև առկա էր որակական տարբերություն:
Այստեղ հարկ է անդադառնալ այն մի քանի էական տարբերությանը, որ կա 1894-1896 թթ. և 1915-1918 թթ. միջև: Առաջին կարևոր տարբերությունը հետևյալն է. ինչպես դա ցույց են տալիս նաև մեր վկայակոչած փաստաթղթերը, 1894-1896 թթ. կառավարությունը չի վարել հայերին բռնի կրոնափոխելու կենտրոնացված քաղաքականություն: Կառավարությունը տեղյակ էր շրջաններում բռնի կրոնափոխության դեպքերի մասին. եթե անգամ անմիջականորեն չէր կազմակերպում դրանք, ապա առնվազն աչք էր փակում դրանց վրա, որոշ դեպքերում պատահում էր նաև, որ տեղական իշխանություններն անմիջականորեն կազմակերպեին այդ գործողությունները: Հատկապես օտար պետությունների միջամտության ահից բռնի կրոնափոխությունը չէր ընդունվում. կրոնափոխության հայերի դիմումները հետ էին տրվում1:
Մյուս կողմից` կառավարությունը ոչ մի հատուկ ջանք չէր գործադրում բռնի կրոնափոխության դեպքերը կանխելու ուղղությամբ: Դա էլ մեզ հանգեցնում է 1915-1918 թթ. և 1894-1896 թթ. միջև եղած երկրորդ էական տարբերությանը: 1894-1896 թթ. Աբդուլ Համիդի համար կարևորը հայերին «դաս տալն էր», ինչպես նաև` բարենորոգումների հարցում օտար տերությունների ճնշման չեզոքացումը:
1895 թ. դեկտեմբերին Անգլիայի դեսպանատանն ապաստանած Սաիթ փաշայի խոսքով` Աբդուլ Համիդը համոզված էր, որ Հայկական հարցը կլուծվեր ոչ թե բարեփոխումների, այլ` արյան միջոցով2: 1897 թ. անգլիական դեսպանին ուղղված «Հայկական հարցը փակված է» արտահայտությամբ ցանկանում էր իր պայմանները թելադրել3: Այդ պատճառով անհրաժեշտ էր կոտորածների միջոցով ահաբեկել, լռեցնել բարեփոխումներ պահանջող հայերին:
Թվում է, թե 1894-1896 թթ. բռնի կրոնափոխության դեպքերը մեծավ մասամբ ի հայտ են եկել որպես հայերի կողմից թերևս նախապես չհաշվարկված վերաբերմունք: Կրոնափոխությունը ոչ թե կենտրոնական կառավարության, այլ` վերջինիս կազմակերպած-աջակցած կոտորածների` հայերին տրված մի չծրագրված այլընտրանք էր: Ֆիցմորիսն իր վերոհիշյալ զեկույցներից մեկում ուշադրություն է հրավիրում մի խիստ էական հանգամանքի վրա, որը բացահայտում է, որ կրոնափոխությունն անսպասելի հետևանք է եղել. «Մահմեդականները` կացինները ձեռքներին, քրիստոնյաներին չեն հարկադրել ընտրություն կատարել իսլամի և մահվան միջև:
Նրանք միայն ցույց են տվել և ապացուցել բոլոր քրիստոնյաներին սպանելու իրենց վճռականությունը: Եվ վերջիններս էլ իսլամ են ընդունել` իրենց կյանքը փրկելու համար: Դա օբյեկտի և սուբյեկտի միջև նուրբ տրամաբանական տարբերակում է:
Մահմեդականների կողմից ներկայացված երկընտրանքը իսլամ կամ մահը չէր, այնինչ քրիստոնյաների համար մահվան միակ այլընտրանքն իսլամն էր: Այդպիսով` հայերը սեփական կամքով մուսուլման դարձան: [Իհարկե] այնքանով, որքանով կարող է ընդունելի համարվել նման սարսափելի պայմանների տակ մարդկանց` որևէ կերպ ազատ կամք ունենալը կամ ազատ դերակատարներ լինելը…»4:
Ֆիցմորիսի հաղորդած տեղեկություններից ելնելով` կարող ենք ասել, որ 1894-1896 թթ. կոտորածների ժամանակ բռնի կրոնափոխության դեպքերը կենտրոնական կառավարության կողմից նախապես չպլանավորված, բայց տեղական պայմանների հետևանքով ի հայտ եկած դեպքեր էին: Չնախատեսված մի իրավիճակի հետ առնչված կառավարությունը մի կողմից ձգտում էր հաշվի առնել կոտորածների համար իր հավաքագրած մահմեդական մեծամասնության «զգայունությունը» և արգելք չլինել նրանց` հայերին բռնի կրոնափոխության մղող վերաբերմունքին:
Եթե կառավարությունը վճռականորեն ցանկանար արգելել բռնի կրոնափոխությունը, ապա հարկ կլիներ դադարեցնել զանգվածային կոտորածները, բայց դա իրեն ձեռնտու չէր: Սակայն մյուս կողմից էլ կառավարությունն ստիպված էր հաշվի առնել օտար երկրների ճնշումները և վերջիններին ցույց տալ, որ բռնի կրոնափոխությունը ծրագրված և ցանկալի չէ և այլն: Կառավարությունն այդ ամբողջ ընթացքում աշխատում էր հավասարակշռություն պահպանել այդ երկու ծայրերի միջև, «խնդրից խուսափել իմաստուն միջոցներով», ինչպես դա ասվում էր շրջաններում:
Ինչ վերաբերում է 1915-1918 թթ. ժամանակաշրջանին, ապա այս տարիներին թեʹ շատ ավելի խիստ էր շրջանների հանդեպ կենտրոնական հսկողությունը և թեʹ, ըստ էության, կառավարությունն էր որոշում կրոնափոխության քաղաքականությունը: Այդ հարցում մեծ դեր է ունեցել նաև այն փաստը, որ արտաքին ճնշման գործոնը գրեթե լիովին վերացել էր: Այդ պատճառով ճիշտ կլինի ասել, որ արտաքին գործոնի փոխված դերը մեկ այլ կարևոր տարբերություն է 1894-1896 թթ. և 1915-1918 թթ. միջև:
Իթթիհադականներն օգտվում են պատերազմական պայմանների` իրենց շնորհած ազատությունից: Եթե նկատի առնենք նաև այն փաստը, որ իրենց դաշնակիցներից Գերմանիան ճնշումներ էր գործադրել` բողոքականներին ու կաթոլիկներին չաքսորելու համար, և դա մասամբ հաջողվել էր նրան, ապա ավելի լավ կըմբռնենք այն կարևորությունը, որն առկա էր արտաքին գործոնի` օսմանյան կառավարության քաղաքականությունը որոշելու հարցում:
1Ֆիցմորիսն իր ուղարկած զեկույցներում տարբեր օրինակներ է բերում առ այն, որ կառավարությունը չի ընդունել կրոնափոխության դեպքերը, տեʹս Great Britain, Foreign Office, Blue Book:Turkey, 1896, No. 5, էջ 1:
2Roy Douglas Source, “Britain and the Armenian Question, 1894-1897”, The Historical Journal, 19:1, Mart, 1976, էջ 125:
3Նույն տեղում, էջ 132:
4Ֆիցմորիսի` 1896 թ. մարտի 5-ին Բիրեջիքից ուղարկած զեկույցը, Great Britain, Foreign Office, Blue Book: Turkey, 1896, No. 5, էջ 3:
*Հատված թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը․ լռություն, ժխտում եւ ուծացում» (Taner Akçam, Ermenilerin Zorla Müslümanlaştırılması. Sessizlik, İnkâr ve Asimilasyon) գրքից։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net