Հայ Դատի Երուսաղէմի Յանձնախմբի Ատենապետը Հերքում Է Jewish Press-ի Յօդուածում Առկայ Տեղեկութիւնները

Հայ Դատի Երուսաղէմի Յանձնախմբի Ատենապետը Հերքում Է Jewish Press-ի Յօդուածում Առկայ Տեղեկութիւնները

22 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՍՓԻՒՌՔ – ՀԱՅ ԴԱՏ ԵՐՈՒՍԱՂԷՄ:

ՆՈՐԱՅՐ ՇՈՂԻԿԵԱՆ

Հայ Դատի Երուսաղէմի յանձնախմբի ատենապետ Սերոբ Սահակեանը հերքում է Jewish Press-ում հրապարակուած «Թուրքիան Փորձում Է Գրաւել Երուսաղէմի Հին Քաղաքում Հայկական Թաղամասը» վերնագրով յօդուածում առկայ տեղեկութիւնները: «Արմէնպրէս»ի հետ զրոյցում Սահակեանը նշեց, որ այդ տեղեկութիւններն ամբողջովին չափազանցուած են:

«Թուրքերի ներթափանցում մեր տներ, մեր համայնք կամ մեր կալուածքներ չկայ: Վերջին շրջանում նկատւում է միայն թուրք զբօսաշրջիկների թուի աւելացում: Այսօր հնարաւոր է, որ միաժամանակ մի քանի հազար թուրք զբօսաշրջիկ անցնի մեր կալուածքներով», ասաց Սահակեանը:

Հայ Դատի Երուսաղէմի յանձնախմբի ատենապետը նշեց, որ թուրքական ներթափանցում կայ իսլամական թաղամասերում եւ Երուսաղէմից դուրս այլ քաղաքներում: «Վերջին շրջանում նկատւում են բարեգործական կազմակերպութիւններ, որոնք ֆինանսաւորւում են թուրքական գործակալութիւնների կողմից: Սա բաւական վտանգաւոր երեւոյթ է Իսրայէլի համար, սակայն հայկական համայնքի համար որեւէ վտանգ չկայ: Հերքում ենք յօդուածում նշուած տեղեկութիւնները», նշեց նա:

Փետրուարի 14ին Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի դիւանապետ հայր Կորիւն վարդապետ Պաղտասարեանը պարզաբանում էր ներկայացրել յօդուածի վերաբերեալ:

«Փետրուարի 13ին Jewish Press-ում լոյս է տեսել Բարուխ Հեդիդի Turkey Working to Take Over Armenian Quarter in Jerusalem’s Old City յօդուածը, որտեղ հեղինակը նախ անդրադառնում է Էլիա Գահուէճեանի՝ Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած թանգարանը փակելու թուրքական փորձին: Նշենք, որ Էլիա Գահուէճէանն ունի լուսանկարչական ստուդիա (արուեստանոց-Խմբ.), որտեղ նա զբաղւում է իր պապի եւ հօր կողմից արուած նկարների վաճառքով եւ այն Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած թանգարան չէ: Ստուդիան Երուսաղէմի Հին քաղաքի Քրիստոնէական թաղամասում է եւ այն պատկանում է Երուսաղէմի Յունաց պատրիարքութեանը», գրել է դիւանապետը:

Անդրադառնալով յօդուածում այն դիտարկմանը, որ թուրքերը լռութեան դիմաց հայերին 3000 դոլարանոց դրամաշնորհներ են առաջարկում, Կորիւն վարդապետ Պաղտասարեանը նշել է, որ Երուսաղէմի հայերին հնարաւոր չէ գայթակղել 3000 դոլարով:

«Երուսաղէմի գրեթէ բոլոր հայերը սոցիալապէս (ընկերային վիճակով-Խմբ.) ապահով են, իսկ նրանք, որոնք սոցիալապէս անապահով վիճակում են, Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնը նրանց ապահովել է բնակարանով, աշխատանքով եւ կերակուրով, հետեւաբար, սաղիմահայերին հնարաւոր չէ գայթակղեցնել 3000 դոլարով», նշել է Կորիւն վարդապետ Պաղտասարեանը (նշեալ նիւթին մասին Կորիւն վրդ. Պաղտասարեանի հետ հարցազրոյցը տեսնել «Ասպարէզ»ի Չորեքշաբթի, 19 Փետրուար 2020ի թիւին մէջ):

Jewish Press-ում հրապարակուած յօդուածում նշուել է, որ ամիսներ առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցուած են եղել՝ յայտնաբերելով, որ իրենց տներից մէկն իր իրական արժէքը երեք անգամ գերազանցող գնով վաճառուել է մուսուլմանի, իսկ հետաքննութեան արդիւնքում պարզուել է, որ հայկական անշարժ գոյքի գնման ֆինանսաւորումը ստացուել է Թուրքիայից: Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի դիւանապետն իր պարզաբանման մէջ յայտնել է, որ վերջերս Երուսաղէմի Հայկական թաղամասում բնակարան չի վաճառուել:

JewishPress.com-Turkey is trying to -buy- the Armenian quarter of Jerusalem

asbarez.com/arm/364668/Հայ-Դատի-Երուսաղէմի-Յանձնախմբի-Ատենա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail