Պատմություններ՝ Թուրքիայում ապրող հայերի շուրթերով

29 ՆՈՅԵՆԲԵՐ 2017 – ՓՈՔՐԱՄԱՍՆՈԹԻՒՆՆԵՐԸ ԱՅԺՄԵԱՆ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ:

«Ի տարբերություն Թուրքիայի՝ այստեղ անհանգստացնող չկա: Այստեղ գիշերը 12-ից հետո էլ մենակդ դուրս գնաս, ոչ մի մարդ քեզ անհանգիստ չանե: Իսկ Թուրքիայում կմոտենան, կուզեն ծանոթանալ՝ վատ ձևով, եթե տուրիստ ես՝ ավելի վատ»:  Հենց այսպես սկսվեց խոսակցությունը ազգությամբ զազա 23 ամյա Մրզեի հետ: Նա ծնվել է Բուրսայում, ապրում է Ստամբուլում, և միայն վերջերս  է իմացել, որ տատը հայ է: Մրզեի հետ ծանոթացանք շատ պատահական, սրճարանում, Ստամբուլ մեկնելուց մի քանի ժամ առաջ: Հայաստան էր եկել ընկերոջ՝ Արմանի հետ:

Այցելության 20 օրն էլ բավական էր, որ Մրզեն սիրահարվեր Հայաստանին ու ասեր. «Ես չեմ ուզում վերադառնալ»: Բայց վերադառնալ պարտավոր էր: Մրզեն սովորում է թուրքական Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժնի երրորդ կուրսում: Չնայած հայերեն գրել և կարդալ գիտի, բայց խոսելիս դժվարանում է: Հոգ չէ, մեզ հետ էր նաև Արմանը՝ Մրզեի ընկերը, ով ընկերուհուն մենակ չթողնելու համար նույնպես եկել էր Հայաստան:

«Մրզեն ռասիստ քաղաքում՝ Կեսարիայի համալսարանում  է հայերեն ուսանում: Ինձ շատ դուր եկավ, երբ հետաքրքրվեցա, դերսիմցի հայերու պատմությունն ինձ պատմեց: Ես իմ գրցածի չափ օգնեցա»,- ասում է Արմանն ու նշում, որ ինքն էլ երբեմն սխալներով է խոսում հայերեն: Կատակում է. «Ես արևմտահայերեն եմ խոսում»:

Մրզեն հենց դժվարանում էր հայերեն խոսել, Արմանն իր արևմտահայերենով օգնության էր հասնում, շարունակելով պատմել Մրզեի Հայաստան գալու պատմությունը.

«Ինքը անպայման պետք է Հայաստանը տեսներ: Իր  նպատակը տարբեր էր, հիմա ավելի տարբեր է:  Ասեց՝ այս տարի Հայաստան գնամ՝ այդ գործը վերջանա: Ի՞նչ ասել է այդ գործը վերջանա: Իր դպրոցում  ուսուցիչներն ասում են, եթե դուք թուրքական պասպորտով Հայաստան մտնեք ու մի խնդիր ունենաք, էնտեղ Թուրքիայի դեսպանատուն չկա, ոչ մի մարդ ձեզ չի կարա օգնել: Եթե խնդիր ունենաք մեջտեղ կմնաք: Երկու նպատակ  ուներ Մրզեն՝ գնալ Հայաստանը տեսնել, և երկրորդ՝ մյուսներն ալ տեսնեին, որ Հայաստան գնալն ու վերադառնալը խնդիր չէ:  Ես էլ ասեցի, եթե առաջին անգամ Հայաստան պիտի գնաս մենակդ մի գնար:  Ինձ հետ պիտի գնաս: Քանի որ, եթե հիմա հավատում ես, թե քո հայերենը բավարար է, պիտի գնաս ու հասկանաս, որ բավարար չէ»:
Ի դեպ, Մրզեի դասախոսներից երեքն ադրբեջանցիներ են, որոնք հայերեն են դասավանդում:

Ինչպես Ստամբուլում ապրող հայերի 70 տոկոսը, այնպես էլ Արմանը, հայերեն չգիտեր: Պատճառն այն էր, որ տանը ծնողները թուրքերեն էին խոսում.

«Հայրս հայերեն չգիտեր, իր ժամանակով հայկական դպրոց չկար, կամ կար, ինքը չի գնացել: 60 տարեկան մարդ է, մի քանի բառ գիտի հայերեն, դժվար է հիմա սովորեցել: Մայրս գիտի հայերեն: Տան մեջ հայերեն չենք  խոսում, թրքերեն ենք խոսում, ճար չկա: Ես կարծում էի, որ շատ լավ հայերեն գիտեմ, քանի որ հայկական դպրոց եմ գնացել,  բայց, երբ Հայաստան եկա տեսա, որ ոչ մի բան չեմ գիտեր: Դուրս  կգնաս մարդոց կնայես, ի՞նչ են ասում, ես ոչ մի բան չեմ հասկանում, ես ահավոր վիճակ ունեմ: Ուրեմն, ասեցի, ես լավ հայերեն պետք է սովորեմ, իմ մայրենի լեզուն է»,– պատմում է Արմանը:

35-ամյա Արմանն արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Հայաստանցի հայերի մենթալիտետը, կենցաղն ու բառապաշարը տասը մատի պես գիտի: Ցանկանում է, որ Մրզեն էլ նույնն իմանա: Ասում է, որ պետք է նաև փողոցային հայերենին, ինչպես ինքն է ասում՝ «քյարթուների» բառապաշարին էլ տիրապետի:

Թեև Արմանն արդեն երրորդ տարին, իսկ Մրզեն առաջին անգամ է Հայաստանում, բայց 20 օրվա ընթացքում հասկացել է, որ  Երևանում իրեն զգում է ինչպես տանը: Այստեղ փողոցներում, սրճարաններում նա ժամերով կարող է թուրքերեն խոսել, և ոչ ոք նրան թարս աչքով չի նայի, ինչը Թուրքիայում գրեթե անհնար է: Այնտեղ եթե զգան որ քրիստոնյա ես և խաչ ես կրում, հանգիստ չեն թողնի.

«Խաչս կդնեմ, դրսում կզբոսնեմ, մարդը կտեսնե կըսե՝ օ ՜, խաչակիր է, գյավուր է, անաստված է: Թուրքերի համար կապ չունի, թե դու ինչ փոքրամասնություն ես՝ հայ, քուրդ, հույն, զազա, բոլորի հետ նույն ձևով են վարվում: Կան թաղամասեր, որտեղ ծայրահեղականներ են ապրում, կկատղեն, ինչեր ասես կըսեն: Ստամբուլի մեջ, եթե պոլիտիկական չխոսես՝ Գարո Փայլանի նման, խնդիր չկա: Եթե սկսես թվիթերում, ֆեյսբուքում պոլիտիկական խոսես, անպայման քեզի կգտնեն՝ անհանգիստ կանեն»,- ասում է Արմանը:

Թեև, ինչպես ինքն է ասում, բացահայտ «պոլիտիկական» չի խոսում, բայց փոխարենն ամենուր ասում է, որ հայ է. «Ամենուր կպոռամ, որ հայ եմ»:

«Հայերը երկուսի բաժնված են. կան հարուստ և աղքատ հայեր: Փոքրամասնությունների միությունների շենքեր կային, որ հիմա  թուրքերի ձեռքն է: Էրդողանն ասեց՝ դրանք կվերադարձնենք, եթե Սահմանադրության փոփոխությանը կողմ քվեարկեք: Այն հայերը, որ պետք է այդ շենքերը վերցնեին, ասացին, ա՜, Էրդողանը մեր ախպերն ա, մյուսներն էլ  ասում էին՝ Էրդողանը վատ մարդ է, մի հավատացեք,  քո վերցրած շենքերը չեք կրնա օգտագործեք: Թուրքացած հայեր շատ կան»:

Այսքանից հետո հետաքրքիր էր նաև իմանալ՝ Արմանը, ով ծնվել ու մեծացել էր Ստամբուլում, որտեղ հայերն աղավնու պես վախեցած են ապրում, արդյո՞ք լսել է իր անցյալի պատմությունը, ովքեր են եղել իր տատերն ու պապերը:

«Մեր տարիքովները մեզ չէին պատմեր, որ չվախենանք: Մոր կողմին կհարցնեմ՝ կասե չգիտեմ, չեն պատմեր, կհարցնեինք՝ կլռեին: Իմ տատիկիս հայրը  (հորական կողմի-խմբ.) ցեղասպանության ժամանակ Ամերիկայում էր, և լսել էր, որ Թուրքիայի մեջ հայերին հավաքում են: Ամուսնացած էր, երեխաներ ուներ, ինքն Ամերիկա ձգել էր, որ ավելի դրամ աշխատեր: Ասել է շուտով գնամ, իմ կինն ու երեխաներն այնտեղ են՝ վերցնեմ Ամերիկա տանեմ: Այն ժամանակներում երեք ամիս կտևեր Ամերիկայից Թուրքիա գնալը:

Սեբաստիա գնացել է, նայել է ոչ կինը կա, ոչ երեխաները, տունը փլված է, իր հարևանին հացուցել է, որտեղ են կինն ու երեխաները, այդ մարդն ասել է՝ «դու ի՞նչ  գործ ունես այստեղ, անպայման պետք է պախկվես մի տեղ, որ քեզ էլ չտանեն: Դու մոռացիր քո կնոջն ու երեխաներին, նրանք գնացին»:  Վեց ամիս մի ախոռի մեջ տատիկիս հորը թրքական մի աղա է պահել, հետո ինքն ալ  շնորհակալություն հայտնելու համար նրա պատը շինել է: Պատշար է եղել: Ասել են. «Դու մենակ ես, կինդ ու երեխաներդ չենք գիտեր որտեղ են, երևի մահացել են, քանի որ ազգանունով չեն կարողացել գտնել: Քեզի նորից ամուսնացնենք: Մեզ մոտ գյուղում մի կնիկ կա, ով իր ամուսնուն ու երեխաներին կորցրել է: Դու էլ մենակ ես, ինքն էլ մենակ է, ձեր պատմություններն էլ նույնն են, նորից ամուսնացնենք ձեզ»: Այդ ամուսնությունից ծնված երեխաներից մեկը հոր կողմի տատիկս է: Եթե չմիանային, հիմա մենք չպիտի լինեինք»,-իր նախնիների պատմությունն ավարտեց Արմանը:

Հ.Գ. Սա՝ երեք ժամ տևած զրույցի ընդամենը մի հատվածն էր: Արմանն ու Մրզեն նաև գաղտնիքներ պատմեցին, որոնք պետք է մնային սրճարանի պատերի ներսում: Չէ որ այդ գիշեր պետք է Ստամբուլ վերադառնային, քաղաք, որտեղ հայերը լռում են:

Էլեն Մուրադյան

scannews.am/news/view/2946.html

785 Total Views 2 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*