Լիբանանից դուրս ապրող հայը՝ Լիբանանի քաղաքացի, ոչ թե երրորդ կողմ կամ դրամատուն իր երկրի համար

Լիբանանից դուրս ապրող հայը՝ Լիբանանի քաղաքացի, ոչ թե երրորդ կողմ կամ դրամատուն իր երկրի համար. Լիբանանահայերի համահայկական մոբիլիզացումը

22 ՆՈՅԵՄԲԵՐ 2017 –

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Լավալ, Երևան (Նորանոր) _ Առաջին անգամ արտերկրում ապրող լիբանանցիներին հնարավորություն է տրվում օնլայն քվերակությամբ իրենց քաղաքացիական դիրքրորոշումն արտահայտել Լիբանանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մասնակցության համար արձանագրությունների վերջնաժամկետը նոյեմբերի 20-ին էր:

 

Կանադան ևս զերծ չի մնում այս գործընթացից, իսկ հատկապես լիբանանահայությունը մեծ արշավ էր իրականացնում հնարավորինս մեծ թվով արձանագրվողներ համախմբելու համար:

 

Լիբանանահայերի մոբիլիզացման այս աշխատանքը բուռն էր. Քաղաքական ավանդական ուժերն ու հատկապես ՀՅԴ-ն իրենց բոլոր միջոցներով աշխատում են այդ ուղղությամբ: Հարց է առաջանում, թե ի՞նչ տրամաբանություն կա այս գործընթացում, ինչո՞վ է կարևոր Կանադայում կամ մեկ այլ գաղթօջախում ապրող լիբանանահայի մասնակցությունը մի երկրի քվերկությանը, որի բնակիչ չի հանդիսանում, մյուս կողմից, քաղաքական գործիչներն արդյո՞ք այսպիսով ազգային շահերը սեփական շահերին չեն ծառայեցնում:

 

Այս հարցերի շուրջ Noranor.ca-ն զրուցել է շահագրգիռ անձանց հետ՝ փորձելով հասկանալ, թե որքանով են կարևորել նաև հենց Կանադայում ապրող լիբանանահայերն այս ընտրությունները:

 

2010թ-ից Կանադայում հաստատված լիբանանահայ գործիչ, Լավալի ՀՅԴ «Սարգիս Զեյթլյան» կոմիտեի անդամ Ներսեհ Լիպարյանն արձանագրման աշխատանքները համակարգող անձանցից է, դեռևս Լիբանանում նա գործուն մասնակցություն է ունեցել  տարբեր տարիների երեսփոխանական ու քաղաքապետական ընտրություններին, իսկ Կանադայում ակտիվորեն ներգրավված է համայնքային կյանքում:

 

ԱՌԱՆՑ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՆ

Թե որքան լիբանանահայեր են հաստատված Կանադայում, հստակ տվյալներ չկան, հետևաբար դժվար է գնահատել նրանց մասնակցության ցուցանիշը: Մեծն Մոնրեալի տարածքում (Մոնրեալ և Լավալ) միայն 200 հայեր են արձանագրվել: Մեծ խանդավառություն նրանց շրջանում չի նկատվել, թեև  Լիպարյանը  վստահեցնում է, որ լիբանանահայերը քաղաքականացված են ու տեղյակ Լիբանանում կատարվող զարգացումներին. Խոսքը ոչ միայն վերջերս, այլև տասնյակ տարիներ առաջ Լիբանան տեղափոխվածների մասին է:

 

Իրենք այն տպավորությունը ունին դժբախտաբար, որ իրենց քվեարկությունը կացությունեն շատ բան պիտի չփոխե, ինչ որ սխալ է

 

«1992-են առաջ Գանատա հասած հայորդիները այդքան աշխույժ չեն, որովհետև ավելի քիչ քաղաքականացած են, կամ այլ ասած, պետք եղած ձևով չեն ընկալած կամ տեղյակ չեն այն մթնոլորտեն, որ տեղի կունենա Լիբանանի մեջ նախքան յուրաքանչյուր ընտրություն։ Կա այլ հավաքականություն մը, որոնք արձանագրված են Լիբանանի հարավային շրջաններու մեջ, շատ խանդավառ չեն, որովհետև Լիբանանի հարավային շրջաններուն մեջ ոչ մեկ հայ ներկայացուցիչ կա։ Իրենք այն տպավորությունը ունին դժբախտաբար, որ իրենց քվեարկությունը կացությունեն շատ բան պիտի չփոխե, ինչ որ սխալ է».-ներկայացնում է իրավիճակը Լիպարյանը:

 

ՍՓՅՈՒՌՔԸ ԴՐԱՄԱՏՈՒՆ ՉԷ ՄԻԱՅՆ

Մասնակցությունը կարևոր է, հնարավորությունն օգտագործելը ՝ անհրաժեշտ, սա թույլ կտա Լիբանանի խորհրդարանում ունենալ հայ համայնքին հասանելիք 6 երեսփոխանական աթոռները: Կարևոր է, որ այդ լիբանանյան կյանքին իր մասնակցությունն ունենա արտերկրի համայնքը, և դա բոլորովին էլ երրորդ կողմի մասնակցություն չի համարվի, վստահ է Լիպարյանը:

 

Լիբանանահայերուն մասնակցությունը երբեք պետք չէ դիտել որպես երրորդ կողմի մասնակցություն, այլ լիբանանցի քաղաքացիի մասնակցություն

 

«Լիբանանցիներուն երկիրը ձգելը եւ երկրեն հեռանալը դժբախտաբար ինքնանպատակ չէ։ Անոնք Լիբանանը ձգելով հեռացած են զանազան դրդապատճառներե մղված։ Սակայն միշտ ալ անոնք իրենց սրտին մեկ անկյունը պահած են Լիբանանը, որպես իրենց ծննադավայրը։ Արտերկրի լիբանանցիներուն ընտրություններուն մասնակցությունը և այս պարագային լիբանանահայերուն մասնակցությունը երբեք պետք չէ դիտել որպես երրորդ կողմի մասնակցություն, այլ լիբանանցի քաղաքացիի մասնակցություն։ Պետք չէ մոռնալ, որ որպես այս երկրին քաղաքացի, պետությունը միշտ ալ փորձած է իր կարելի սահմաններուն մեջ նեցուկ կանգնիլ զանազան երկիրներու մեջ գտնվող իր համայնքներուն»,-ասում է կանադաբնակ լիբանանահայը:

 

Կանադայում ապրող լիբանանցի հայերը պարտականություն ունին մասնակցել ընտրություններին, և շատ լավ է, որ նրանց այդ իրավունքը իրացվում է. «Տվյալ երկրի մը սփյուռքը միայն դրամատան պես դրամ չէ որ պիտի հասցնե իր հայրենիքին, այլ նաեւ մասնակից պետք է դառնա անոր կառավարման կարգ մը աշխատանքներուն»,-կարծում է նա:

 

Այս հարցը հաճախ շոշափվում է հենց Հայաստանի պարագայում, թե Սփյուռքը դիտարկվում է որպես ֆինանսի աղբյուր, այնինչ որևէ քաղաքական գործընթացի մասնակցելու իրավունք չունի, ավելին, արտերկրում ապրող հայաստանցիներն էլ զրկված են այդ հնարավորությունից:

 

Հայաստանի քաղաքացին իր մասնակցությունը բերեր նաև երկրի քաղաքական որոշումներուն մեջ

 

«Ես նույն առաջարկը կուզեի ընել նաև Հայաստանի պարագային, ուր Հայաստանի քաղաքացին իր մասնակցությունը բերեր նաև երկրի քաղաքական որոշումներուն մեջ, մասնակցեր ընտրություններուն և իր ըսելիք ունենար»,-կարծում է քաղաքական գործընթացներին ծանոթ գործիչը:

 

ԱԶԳԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀ

Հարցի մյուս կողմն էլ կա, երբ ազգային շահերը քաղաքական գործիչները հաճախ ծառայեցնում են անձնական շահերին, սա չի հերքում Լիպարյանը, բայց նաև վստահ է, որ դա ոչ թե պատճառ պիտի դառնա չմասնակցելու, այլ խթան՝ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

 

Կա՞ երկիր մը, որ այդպես չէ։ Հայաստանի մեջ այդպես չէ՞, Կանադա՞յի մէջ

 

«Իրողություն է, որ կարգ մը լիբանանցի քաղաքական գործիչներ ազգային շահերը ծառայել կու տան իրենց անձնական շահերուն։ Բայց կա՞ երկիր մը, որ այդպես չէ։ Հայաստանի մեջ այդպես չէ՞, Կանադա՞յի մէջ։ Աշխարհի տարածքին չկա երկիր մը, որ կազմված է մաքրամաքուր քաղաքական գործիչներե։ Եւ այս մեկը նաե հավելյալ պատճառ է, որ արտերկրի քաղաքացին մասնակից դառնա քաղաքական կյանքին։ Իր լուման ունենա, որպեսզի հաւելյալ պատասխանատվություն ունենա իր իսկ հայրենիքին նկատմամբ»,-համոզված է Սարգիս Ձեյթլյան կոմիտեի անդամը:

 

Ինչո՞ւ Լիբանանը տարբեր պիտի ըլլար

 

«Բոլոր երկիրներու մեջ ալ կան քաղաքական գործիչներ, որոնք քաղաքականությունը իրենց անձնական շահերուն կը ծառայեցնեն: Ինչո՞ւ Լիբանանը տարբեր պիտի ըլլար»,-գրեթե նույն կերպ է հարցին արձագանքում Հայաստանում բնակվող լիբանանահայ գործիչ, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

 

Նա ևս կիսում է Կանադայում բնակվող հայրենակցի այն կարծիքը, որ արտերկրում ապրող լիբանանահայերի մասնակցությունը անհրաժեշտ է, ու նրանք չեն կարող երրորդ կողմ համարվել սեփական երկրի համար:

 

Ամեն ճիգ պետք է թափել տարբեր երկրիրներու մեջ ապրող բոլոր լիբանահայերուն մասնակցությունը ապահովելու, եթե կուզենք, որ Լիբանանի մեջ հայության շահերը չխաթարվին

 

«Կանադայի հայերը, որոնք նաև լիբանանյան քաղաքացիություն ունին, չեն կրնար անտարբեր ըլլալ իրենց երկրի և մանավանդ հայ համայնքի ճակատագրով, նկատի ունենալով երկրի քաղաքական դրվածքն ու համայնքներու կարևորությունը քաղաքականության մեջ։ Ամեն ճիգ պետք է թափել տարբեր երկրիրներու մեջ ապրող բոլոր լիբանահայերուն մասնակցությունը ապահովելու, եթե կուզենք, որ Լիբանանի մեջ հայության շահերը չխաթարվին»,-վստահ է Դուդակլյանը:

 

ՔՎԵԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նա հատկապես կարևորում է Լիբանանի ընտրական նոր օրենքով լիբանանցիներին տրվող այս արտոնությունը՝ այն համարելով լավ հնարավորույուն նաև հայերի համար:

 

«Լիբանանի մեջ իշխանությունը բաժնված է երկրի կրոնական համայնքներուն միջև, և շատ կարևոր է, որ յուրաքանչյուր համայնք, քաղաքական կյանքին մեջ որոշիչ և ազդեցիկ դերակատարութիւն ունենալու համար առավելագույնս լարե իր ուժերը և կարողանա իր քվեով ընտրել հայության շահերը ներկայացնող ու պաշտպանող ներկայացուցիչներ։ Այլապես ուրիշներուն պիտի մնա հայ համայնքի խնդիրներուն տնօրինումը»,-նշում է Հայաստանում հաստատված լիբանանահայը:

 

Լավ է, որ օրենքը արտոնում է մասնակցել, սակայն խնդիր է եղել ժամանակի սահմանափակ լինելը, որի պատճառով հնարավոր չի եղել բոլոր ուժերը կենտրոնացնել ու ավելի մեծ թվով անձինք արձանագրել, ներկայացնում է Ներսեհ Լիպարյանը:

 

Լիբանանյան հասկացողությամբ՝ արձանագրվող լիբանանահայերուն «ընտանեկան տախտակները» արդեն պատրաստված են

 

«Հաստատորեն կըսեմ, որ եթե պատահի, որ չորս տարի ետք նոյն ձևով կատարվելու ըլլան ընտրությունները, նվազագույնը արձանագրվողներուն վրա դարձյալ աշխատելու կարիքը չենք զգար, այլ կանցնինք փնտրտուքի այլ լիբանանահայերու։ Լիբանանյան հասկացողությամբ՝ արձանագրվող լիբանանահայերուն «ընտանեկան տախտակները» արդեն պատրաստված են»,-նշում է ՀՅԴ անդամը:

 

ՀԱՅ ԴԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Ի դեպ, Հայ Դատի հանձնախումբը հատկապես շահագրգիռ կողմ է հանդիսանում, ավելին, Լիպարյանը Լիբանանի ընտրությունները անուղղակիորեն Հայ Դատի աշխատանք է դիտարկում՝ բացատրելով հետևյալ կերպ.

 

«Խորհրդարանի մեջ ներկայությամբ և բարեկամներով պիտի կարենանք պրո-հայկական որոշումներ անցկացնել խորհրդարանին մեջ։ Այդ աշխատանքներուն արքասիքը կնկատվի Լիբանանի խորհրդարանին կողմե Հայկական Ցեղասպանության ընդունումը և թրքական պետության դատապարտումը»:

noranor.ca/2017/11/22/

315 Total Views 3 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*