«Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի նոր զարգացումները. քրդերի հանրաքվեն Իրաքում եւ Հայկական Հարցը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ (ԽՈՐՀՐԴԱՐԱՆ)

04 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2017 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: nt.am/am/news

Շուրջ 30 տարի է ինչ արեւմուտքի կողմից գործողության մեջ է դրված «Մեծ Մերձավոր Արեւելք» քաղաքական ծրագիրը: Դրա վերաբերյալ հրապարակումները, քարտեզներն ու հոդվածները հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու այն մասին, որ ծրագրի իրականացման հետեւանքում, տարածաշրջանում գոյություն ունեցող պետությունների մասնատման հեռանկարում, առաջանալու են ազգային, կրոնական, պետական նոր միավորումներ:

Ըստ այդմ, բնականաբար, շատ է խոսվում տարածաշրջանի բնիկների, ազգային – կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին: Ավելին, քայլեր են արվում այդ իրավունքները կյանքի կոչելու, ինչպես նաեւ դրանց իրավաչափություն հաղորդելու ուղղությամբ: Այդ քայլերից է 2017 թ. սեպտեմբերի 25-ին Իրաքի հյուսիսում քրդերի անկախության վերաբերյալ կազմակերպված հանրաքվեի անցկացումը:

Այդ հանրաքվեն, ինչպես նաեւ տարածաշրջանի ժողովուրդների, բնիկների ու ազգային – կրոնական փոքրամասնությունների իրավունքների խնդիրը միայն լոկալ նշանակության հարցեր չեն, դրանք վերաբերում են բոլորին:

Ուստի բնական հարցադրում է առաջանում, թե ինչպես է կարգավորվելու օրինակ հայերի, քրդերի, ասորիների, ալեւիների, թուրքերի… ապագան վերոնշյալ ծրագրի եւ տարածաշրջանի խնդիրների վերջնական կարգավորման ենթատեքստում, եթե այդպիսի մի հանգուցալուծում հնարավոր է առաջիկայում:

Այդ իմաստով անմիջապես տեսանելի է երկու երեւույթի գործարկում.

ա/ իրավունքների ձեւակերպում ու իրավաչափության հաղորդում դրանց տարածաշրջանի մի քանի ժողովուրդների համար,
բ/ հայ ժողովրդին տրված իրավունքների շրջանցում, անտեսում:

Տեղին է հիշել, որ հայ ժողովրդի իրավունքները ճանաչվել են 1918 – 20 թթ. ընթացքում, ճանաչվել են սակայն չեն իրականացվել:

Դրանցից հիշենք 1918 թ. Ռուսաստանի Կառավարության դեկրետը «Թուրքահայաստանի մասին», Սեւրի խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի վերաբերյալ:

Սեւրի խաղաղության պայմանագրով Քրդստանին տրվում էր ինքնավարություն, պայմանագրի 62-րդ հոդվածում նշված էր.

«Կոստանդնուպոլսում գտնվող եւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի կողմից նշանակված երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը վեց ամսվա ընթացքում կպատրաստի մի կանոնակարգ գերակշիռ քուրդ բնակչություն ունեցող այն շրջանների ինքնավարության վերաբերյալ, որոնք ընկած են Եփրատից արեւելք եւ Հայաստանի հարավային սահմանից հարավ»:

Ուստի բնական կլիներ, եթե շրջանառվող այլ թեմաներին զուգահեռ խոսվեր, արծարծվեր նաեւ հայ ժողովրդին տրված իրավունքների խնդիրը, որն այս պահին արծարծել է Թուրքիայի Հանրապետությունում հրատարակվող «Cumhuriyet» պարբերականը: Վերջինս նշում է. «Երկարաշունչ տեսանելի հեռանկարում Անկարան չունի այլ ընտրություն, քան ճանաչելու Քրդստանի անկախությունը, անցնելու Հայկական Հարցի լուծմանը, իսկ Ադրբեջանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Հետեւաբար կարելի հաստատագրել, որ հայ ժողովրդի ապագան Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական կարգավորման հետ է կապված, այդ թվում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ՝ Արեւմտյան Հայաստանում: Քրդերի ապագան Քրդական Հարցի վերջնական կարգավորման, Սեւրի խաղաղության պայմանագրի հոդվածների իրականացման մեջ է:

Ժամանակակից Թուրքիայի Հանրապետության ապագան, ուղղակիորեն կապված է վերոնշյալ երկու խնդիրների վերջնական կարգավորման հետ: Թուրքիայի Հանրապետության համար Հայկական Հարցի լուծման եւ քրդերի իրավունքի, ըստ Սեւրի խաղաղության պայմանագրի, իրականացման գործընթացներն անկասելի են, որոնք անկասկած բերելու են քաղաքակրթական հանգուցալուծման՝ ի օգուտ տարածաշրջանում ապրող բոլոր ազգերի ու ժողովուրդների:

Քեմալականները 1920-ական թթ. Թուրքիայի համար ընտրելով զարգացման դեմոկրատական ուղին, ձեռք բերեցին տնտեսական ու քաղաքական որոշակի հաջողություններ պետության զարգացման համար: Այդ ընտրությունը, սակայն, այլեւս չի կարող ինքնաբավ աշխատել ու զարգանալ, քանի որ անմիջականորեն մի կողմից առնչվում է պետության մեջ քաղաքական ու քաղաքացիական նոր գործընթացներին, մյուս կողմից՝ երկրում ու տարածաշրջանում առկա մի քանի հարյուրամյակ պարբերաբար չկարգավորված Հայկական Հարցին ու դրան զուգահեռ ընթացող Քրդական Հարցին:

Ստացվում է Թուրքիայի Հանրապետությունը, նույնիսկ երկկողմանի ուժգին ցանկության դեպքում, չի կարող մաս կազմել ոչ եւրոպական ինտեգրման գործընթացներին եւ ոչ էլ եւրասիական, որովհետեւ երկու դեպքում էլ վճռական դերակատարություն են ձեռք բերելու չկարգավորված վերոնշյալ երկու հարցերը: Այնպես որ, այդ երկու խնդիրները շրջանցելու ձգտումն ու ծրագրերը՝ իրականում Թուրքիայի Հանրապետության զարգացումը խոչընդոտելու ծրագրեր են: Մենք արդեն նշել ենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը ճիշտ նույն կերպ վարվեց, երբ խոչընդոտեց Հայերի ցեղասպանության ժխտողականության քրեականացման օրինագծի հաստատումը Ֆրանսիայի Սենատում, դրանով խոչընդոտելով Թուրքիայի Հանրապետության զարգացման եւս մեկ հնարավորություն:

Քաղաքակրթական զարգացմանը այլընտրանք չկա:

Այդպես է եւ՛ Հայաստանի, եւ՛ քրդերի, եւ՛ Թուրքիայի Հանրապետության պարագային: Որքան արագ ընդդիմադիր կողմերը հասկանան եւ ընկալեն հիմնախնդրի բուն էությունը, այդքան քիչ կտառապեն տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդները:

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

05.12.2017

130 Total Views 3 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*