Գասպար Կարապետեան – Երբ Արցախի Հարցը 1994 Թուականին Չլուծեցինք, Վտանգները Սկսեցին Բարդանալ

Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեան

Գասպար Կարապետեան – Երբ Արցախի Հարցը 1994 Թուականին Չլուծեցինք, Վտանգները Սկսեցին Բարդանալ

04 ՄԱՐՏ 2020 – ՀԱՐՑԱԶՐՈՅՑ:

Զրոյցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ

Անկախ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններից` Արցախի հարցում պաշտօնական Երեւանի դիրքորոշումները չեն փոխուել. «Առաւօտ»-ի զրուցակիցն է Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:

«Վտանգ միշտ կայ: Դեռ 1994 թուականին, երբ մենք հնարաւորութիւն ունէինք հարցը վերջնականապէս լուծելու, բայց չլուծեցինք, վտանգները սկսեցին բարդանալ, մանաւանդ, Ազրպէյճանը շատ միջոցներ ունի, ուստի վտանգները միշտ առկայ են», «Առաւօտ»-ի հետ զրոյցում ասաց Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը` պատասխանելով հարցին` Արցախի հարցի կարգաւորման այս փուլում, նկատի ունենալով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, ի՞նչ վտանգներ է տեսնում, մանաւանդ որ հայաստանեան շատ գործիչներ անընդհատ խօսում են տարբեր վտանգների մասին: Գասպար Կարապետեանի կարծիքով, շատ էական է եւ կարեւոր` բոլոր փուլերում առկայ վտանգների չափն ու սահմանը ճիշդ հասկանալ, որպէսզի հնարաւոր լինի դրանց հակազդել կամ պետական քաղաքականութեամբ դրանք չէզոքացնել:

Վերջերս Միւնիխի Անվտանգութեան համագումարի հարթակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր տարբեր հանդիպումների ժամանակ խօսեց Արցախի հարցի կարգաւորման մասին, ապա կայացաւ Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի հրապարակային բանավէճը, որը Հայաստանում շատ քննադատուեց. ընդդիմադիր գործիչներից շատերի կարծիքով, աւելի ճիշդ էր բանավէճի չգնալ, քան` անպատրաստ գնալ, ինչպէս վարչապետը ներկայացաւ:

Անդրադառնալով այդ բանավէճին` Գասպար Կարապետեանն ասաց, որ ինքը միշտ այն տեսակէտն է ունեցել, որ երկխօսութիւնն օգնում է, եւ հէնց այդ պատճառով էլ մշտապէս մասնակցել է ազրպէյճանցիների հետ տարբեր երկխօսութիւնների, հարցազրոյցների, որպէսզի հնարաւորութիւն ունենայ դիմացինին հասցնել իր ասելիքը. «Նոյն կերպ մենք ունենում ենք համագումարներ Եւրոպական խորհրդարանում, որոնց մասնակցում են նաեւ ազրպէյճանցիներ: Եւ մենք շատ ուրախ ենք, որ գալիս են եւ մեզ հարցեր են ուղղում, որովհետեւ այդպիսով թէ՛ իրենք կ՛ունենան իրենց տեսակէտների պատասխանները, թէ՛ հանրութիւնը կը լսի այդ ամէնը, եւ թէ՛ երիտասարդները կ՛իմանան իրականութիւնն այդ հակամարտութեան մասին: Այդ պատճառով շատ կարեւոր է մեր ներկայութիւնն այս ձեւաչափի հանդիպումներում»: Իսկ ինչ վերաբերում է միւնիխեան բանավէճից յետոյ ընդդիմադիրների քննադատութիւններին եւ վարչապետի կողմնակիցների գովեստին, ապա մեր զրուցակիցն ասում է` «միշտ գոյութիւն ունի միջին մակարդակ»:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

«Երբեք ոչինչ բացառիկ չէ, ահաւոր չէ, ամէն ինչն իր արժէքն ունի: Սակայն, կարծում եմ, մեր պետութեան կողմից որոշ ուղերձներ, այնուամենայնիւ, հնչեցին: Օրինակ, որ Հայաստանը ժխտողական չէ, Ալիեւը մինչեւ վերջ ժխտողական էր: Չափաւոր կեցուածքը երբեմն թւում է տկար, սակայն շատ յաճախ դա նշանակում է, որ որոշումները պիտի կայացուեն մտածուած կերպով: Այն, որ վարչապետը կարող էր աւելի պատրաստուած գնալ հանդիպման, փաստ է: Միգուցէ եթէ ես գնայի այդ հանդիպմանը, ես այլ կէտեր կը հնչեցնէի: Վարչապետը պարզապէս նպատակայարմար է գտել այլ կէտեր բարձրաձայնել. ինքն ունի բոլոր տեղեկութիւնները, եւ եթէ կարծել է, որ այդ ձեւով պիտի ներկայանայ, ուրեմն միայն ինքն է պատասխանատու այդ ելոյթի համար: Վերլուծել` լաւ էր դա, թէ վատ` լուրջ չէ, որովհետեւ դրանով Արցախի հարցը չլուծուեց: Հանդիպումը չլինէր` ոչինչ չէր փոխուի, եղաւ` կրկին ոչինչ չփոխուեց. մնացինք այնտեղ, որտեղ կայինք, մարդկանց վրայ ազդեցութիւնն էլ չփոխուեց, որովհետեւ նոր բան չասուեց, նոյնիսկ միքրոյեղափոխութիւնները նորութիւն չէին, դա բոլորս էլ գիտէինք», ասաց մեր զրուցակիցը` յաւելելով, որ պէտք չէ, որ այդ հանդիպումը ընդդիմութեան կողմից օգտագործուի իբրեւ ներքին շահարկումների թեմա, իշխանութեան կողմից էլ` գովաբանելու: Իբրեւ Հայ դատի յանձնախումբ` Գասպար Կարապետեանն ասում է, որ Արցախի հարցում շատ զգուշ են, ինքն ամէնօրեայ կապի մէջ է Եւրոպայում Հայաստանի դեսպանների հետ. «Եթէ մենք ընդդիմութիւն ենք, այդպիսի կապ պիտի չլինէր, ճի՞շդ է: Սակայն մենք պետութեան դէմ չենք: Նոյն իրավիճակն է մեր գրասենեակի եւ դեսպանորդների հետ համագործակցութիւնը: Միայն այդպէս կարելի է հայկական պետական շահերն աւելի լաւ պաշտպանել»:

Նկատեցինք, որ Նիկոլ Փաշինեանին մեղադրում են իշխանութեան գալուց յետոյ Արցախի հարցով տարբերուող, յաճախ միմեանց հակասող յայտարարութիւններ անելու եւ հարցի լուծման յստակ տեսլական չունենալու մէջ եւ հետաքրքրուեցինք` դուք ասացիք, որ համազգային հարցերի մասով սերտ կապի մէջ էք Հայաստանի դեսպանութիւնների հետ, ի՞նչ տպաւորութիւն ունէք, պաշտօնական Երեւանի մօտեցումներում փոփոխութիւններ եղե՞լ են, ի՞նչն է փոխուել: «Արցախի քաղաքականութեան մասով մեր դիրքերը չեն փոխուել: Երբեմն լինում են եւ կարող են լինել խնդրայարոյց յայտարարութիւններ, սակայն քաղաքականութիւնը, փաստաթղթերի ստորագրումը, խորհրդարանական բանաձեւերի քննարկումը յայտարարութիւնների հիման վրայ չեն ծագում: Դրանք ծագում են փաստարկներից, հիմնաւորումներից, փաստաթղթերից: Լաւ է ունենալ զգուշ յայտարարութիւններ, ես միշտ այդպէս եմ խորհուրդ տալիս իմ կրտսեր գործընկերներին, պէտք է 2-3 անգամ մտածել, թէ ի՛նչ կը լինի յայտարարութեան արդիւնքը: Սակայն, եթէ թէկուզ արուած յայտարարութիւնն այս կամ այն շրջանակների համար ճիշդ չէ, հարցն այդքանով էլ սահմանափակւում է»:

«Առաւօտ» օրաթերթ 02.03.2020

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

www.aztagdaily.com/archives/466984

Facebooktwitterredditpinterestlinkedinmail