1915-ից 1978 . Մարաշի կոտորածի մասին պատմում է ականատես Ազիզ Թունչը

2017/12/29 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՅՈՒՇԵՐ٫ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ, ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ

1915-ից 1978 . Մարաշի կոտորածի մասին պատմում է ականատես Ազիզ Թունչը

Մյուժգան Հալիս

Մարաշի կոտորածից ուղիղ 39 տարի է անցել, սակայն կոտորածի հետքերը դեռ թարմ են։ 1978 թ․ դեկտեմբերի 19-26-ը կատարված կոտորածի ժամանակ, միայն մեկ շաբաթվա ընթացքում ըստ պաշտոնական տվյալների՝ 111, իսկ ըստ ոչ պաշտոնական հայտարարությունների՝ մոտ 500 մարդ է սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, ավերվել է 210 տուն, 70 գրասենյակ։

Իսկ թիրախը ալևիները, քրդերն ու հեղափոխական անձինք էին։

Թուրքիայի պատմության ամենամութ կոտորածներից մեկի՝ Մարաշի կոտորածի տարելիցի ժամանակ «Մարաշի կոտորածի հետնաբեմն ու անատոմիան», «Ինձ դու սպանի՛ր-Մարաշ/78» գրքերի հեղինակ, ուսումնասիրող Ազիզ Թունչի հետ զրուցել ենք Մարաշի հազարամյա պատմության, քաղաքում 1915 թ․ մինչև 1978 թ․ շարունակվող ցեղասպանությանն ու ջարդերի, քաղաքում բնակվող ազգերի նկատմամբ գործադրված ճնշումների շուրջ։

Ազիզ Թունչը հիշեցնում է Մարաշի հայկական իրականության մասին ու ասում․ «Մարաշը հատկապես Հայոց ցեղասպանության ու հայ ազգի ձևավորման տեսանկյունից շատ կարևոր քաղաք էր»։ Ըստ Թունչի, Ցեղասպանության հետևանքով Մարաշից արմատախիլ արվեցին ոչ քրիստոնյա ազգերը։ 1978 թ․ տեղի ունեցած կոտորածի հետևանքով  էլ քրդերն ու ալևիները մասամբ հեռացան Մարաշից։

Սակայն Թունչը մեր ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Մարաշում քրդերն ու ալևիները դեռևս շարունակում են համատեղ ապրել։ Նրա կարծիքով` Թերոլար գյուղում նախատեսվող ճամբարը կամ Էլբիստանի ջերմաէլեկտրակայանը նշան են, որ «կրոնական զտումները» շարունակվում են։

Մարաշում հայկական իրականություն կա
-Ժամանակի մեքենայի մեջ եք։ Ես այժմ կոճակը սեղմեցի ու Ձեզ տարա 1978 թ․դեկտեմբեր ամսվա Մարաշ․․․ Ուղիղ 39 տարի հետ ենք գնացել։ Ինչպիսի՞ Մարաշ կնկարագրեք։ Մարդիկ, աշխարհագրությունը, քաղաքական վայրիվերումները, հույսերն ու անհուսալիությունը․․․

-Ժամանակի միջով հետ գնալն ու տեղի ունեցածներին ևս մեկ անգամ ու ներկայից նայելը հիանալի միտք է։ Թեև մենք այդ տարիները չենք կարողացել ճիշտ ընկալել, սակայն Մարաշը սոցիալ-քաղաքական յուրահատկություններ ունեցող քաղաք է եղել։

Հնում Մարաշում առկա էր հայկական իրականություն, որը մարաշցիների ողջ կյանքի վրա ազդեցություն թողած տաբուներից մեկն էր։

Դա այնպիսի մի տաբու էր, որ սարսափելի թշնամանքի աղբյուր էր դարձել՝ չնայած ամեն մարաշցու մի քիչ հայ լինելու փաստին։ Մարաշից հայկական իրականությունը փորձել են արմատախիլ անել, սակայն ինչքան էլ իրականությունը թաքցվեր, մեկ է, ամեն մարաշցի մի փոքր հայացել էր։

Մարաշցիները բազմաթիվ արհեստներ հայերից են սովորել։ Մարաշցիների ունեցվածքի մեծ մասը հայերից է բռնագրավվել։

Մարաշցիների մոտ ձևավորված մշակույթում առկա են հայկական բազմաթիվ հետքեր։

Մարաշը 39 տարի առաջ, իհարկե, շատ տարբեր էր ներկայիս Մարաշից։

Այսօրվա մեր փոքրիկ, չզարգացած, բայց աշխույժ գավառներից մեկի նման էր։ Ենթակառուցվածքները, ճանապարհները, ձեռնարկությունները, արտադրությունը այսօրվանից տասն անգամ հետ էին։ Քաղաքի ներսում կար մի վայր, որը որպես ավտոկայան էր օգտագործվում․ այնտեղ կային գյուղական փոխադրամիջոցներ։ Քաղաքի ներսում գտնվող ցեխոտ ճանապարհներով շրջող կառքերը, երեքականի մոտոցիկլետներն ու տրակտորները նրան գյուղաքաղաքի տեսք էին հաղորդում։

Որպես պետական շենքեր օգտագործվող ու մյուս շքեղ շենքերի մեծ մասը հայերի քարե տներն էին։ Հայերից մնացած ոսկերչությունն ու պղնձագործությունը տնտեսության մեջ ամենապահանջված արհեստներն էին։ Տնտեսությունը հիմնված էր գյուղատնտեսության վրա, հատկապես՝ բամբակագործության։

Մարաշում տեղի էր ունենում այն, ինչ` այդ շրջանի մնացած քաղաքներում։

1965-73 թթ․ շրջակա գավառներից, գյուղերից ու գյուղաքաղաքներից դեպի Մարաշ ուժեղ գաղթ էր սկսվել։ Մարաշ եկող ամեն անհատ կա՛մ իր փոքրիկ գործն էր ստեղծում, կա՛մ` մեկ այլ տեղում գործ գտնում։ Գյուղատնտեսությամբ զբաղվողներն ու գյուղատնտեսության վրա հիմնված փոքրիկ աշխատավայրերում աշխատող բանվորները բնակչության ամենադինամիկ զարգացող ու ամենամեծ մասն էին կազմում։

Քաղաք եկող մոտիկ գյուղերի թուրք սուննիները հիմնականում լրիվ աշխատանքային ժամով էին աշխատում, իսկ երեկոյան` տուն գնում։
Սակայն քուրդ ալևիները առավելապես նստակյաց կամ կիսանստակյաց կյանք էին վարում։ Նրանք կամ մնում էին որևէ ծանոթի տանը, կամ` մի փոքրիկ տուն վարձում։

Այդ ժամանակաշրջանի քաղաքական զարգացումները ազդում էին հասարակական բոլոր խմբերի վրա։ Արդեն իսկ 1970-ական թթ․ հատկապես Նուրհաքում հեղափոխականների գործողությունները մարաշցիների վրա էլ էին ազդել, բազմաթիվ մարաշցիներ սկսել էին դառնալ հեղափոխական շարժումների մասնակիցներ։

Այս տարիներին Մարաշի հասարակական-քաղաքական կառուցվածքն ավելի ժողովրդավար էր։ Նրանք պայքարում էին հողերի բռնագրավման դեմ ու ֆաբրիկաներում աշխատող բանվորների իրավունքների պաշտպանության համար։

Թուրքիայի հեղափոխական բանվորական միությունների կոնֆեդերացիան (DİSK), Բոլոր ուսուցիչների միավորման ու համերաշխության ասոցիացիան (TÖB- DER), Թուրքիայի բանվորական կուսակցությունը (TİP) և մի շարք այլ հեղափոխական կառույցներ այս շրջանում են հիմնադրվել։ Մարաշն այդ տարիներին ամենահուսալի, բազմաթիվ ալևի աշուղներ ունեցող և բավական հաճախ գործունեություն ծավալող քաղաք էր։

-Մարաշ շրջանի աշխարհագրության համար պատմական նշանակության մասին ի՞նչ կարող եք պատմել, այստեղ ապրած ժողովուրդների, հատկապես հայերի, նրանց որակների, նրանց դեմ գործադրված ճնշումների տեսակետից․․․

-Մարաշը բազմաթիվ առանձնահատկություններ ունեցող քաղաք էր։ Ենթադրվում է, որ Մարաշը հիմնադրվել է մի խեթական հրամատարի կողմից։ Մարաշում բնակվել են բազմաթիվ ժողովուրդներ, շատ տիրակալներ են եկել ու գնացել։ 1240-ական թթ․ Բաբա Իսհակի ապստամբությունն է եղել, իսկ եթե անդրադառնանք 1500-ական թթ․, ապա այն մի քաղաք էր, որը ստիպված էր իր գոյությունը պահպանել մամլուքների, սեֆյանների և օսմանցիների մեջ` Դուլքադիօղլուի բեյության կազմում։

Յավուզի ու Շահ Իսմայիլի միջև տեղի ունեցած պատերազմի ժամանակ Մարաշն անցնում է օսմանյան տիրապետության տակ։ Այդ օրվանից հետո Մարաշը հիշատակվում է օսմանցիների դեմ իր պայքարով ու ապստամբություններով։ Այն հատկապես շատ կարևոր քաղաք է Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի ազգայնացման տեսանկյունից։ Միայն հայերով բնակեցված ու ինքնավար Զեյթունը, որի ներկայիս անունը Սուլեյմանիյե է, Մարաշի կազմում էր։ Մարաշում էլ հայերն ունեին բավականին կուռ հասարակական կառուցվածք և բնակվում էին մնացած ժողովուրդների հետ համատեղ։

Մինչև Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջան վիճակը նույնն էր, սակայն կազմվեց “Fırka-i Islahiye” (Բարենորոգող զորաբաժին) անունով բանակը, և վիճակն սկսեց փոխվել, ժողովուրդների միջև սկսվեց թշնամություն հասունանալ։ Սա շրջադարձային նշանակություն ունեցավ, որի պատճառով հետագայում Մարաշի պատմությունը լցվեց կոտորածներով։

Հայոց ցեղասպանությունից մինչ 1978 թ․կոտորածը
-Դուրս չենք եկել ժամանակի մեքենայից։ Հանկարծ ձեր քաղաք մի շարք մարդիկ են լցվում։ Ովքե՞ր էին այդ մարդիկ։ Ինչու՞ էին ձեր քաղաքն ընտրել։

-Այո, հանկարծ մեր քաղաքում սկսեցին շրջել մութ, արյունարբու տարրեր։ Սակայն տեսնում ենք, որ այս արյունարբուների՝ Մարաշ գալուց առաջ էլ Մարաշն արյան մեջ խեղդել ցանկացողները սկսել էին պատրաստվել այստեղ ջարդեր իրականացնելու գործին։

Ատոմային էներգիայի հաստատությունում ռումբերով փաթեթներ են պատրաստվել, որոնք ուղարկվել են համապատասխան քաղաքներ։ Այդ ռումբերից մեկը Մարաշում է պայթել, սպանվել են քաղաքապետն ու նրա ընտանիքից 3 հոգի։ Նույն ռումբից մեկ ուրիշ ռումբ էլ ուղարկվել է Փազարջըք։

Իսկ Մարաշի ներսում նախապատրաստվում էին կոտորածները։ Գերի ընկած թուրքերի ազատագրման բանակի (ETKO) հրոսակախումբը բազմաթիվ վայրեր է հարձակում գործել, բազմաթիվ տներ, գրասենյակներ ու կազմակերպություններ են ռմբակոծվել։ Դրանցից մեկով Գիժիկ պապիկը (Սաբրի Օզքան) սպանվել է, մեկ ուսուցիչ` վիրավորվել։

Կոտորածների մեխանիզմը շարունակվել է արյունոտ ու մութ ծուղակներով, նոյեմբեր ամսին ստեղծվել է Գաղափարապաշտ երիտասարդների միությունը, ինչը ևս մեկ քայլ էր` դեպի կոտորած։

Ինչպես բանաստեղծն է ասում` «Մի ֆիլմ է գալու քաղաք»: Դեկտեմբերի 16-ին Մարաշում մի ֆիլմ էր ցուցադրվելու։ Սակայն այս ֆիլմը բանաստեղծության նման գեղեցկություն, կարոտ ու սեր չէր բերելու։
Ընդհակառակը, արյունոտ կոտորածի գուժկանն էր։ Ակնհայտ էր, որ այդ ֆիլմն առևտրական նպատակներ չէր հետապնդում: Առեղծված է մնում, թե ո՞վ էր բերել ֆիլմը, ո՞վ էր հրահանգ տվել։ Այս ֆիլմի գլխավոր դերակատարը Գյունեթ Արքըն էր, դա «Արևը ե՞րբ է ծագելու» անունով ռասիստական քարոզչություն տարածող ֆիլմ էր։

Գաղափարապաշտ երիտասարդների միության և Ոստիկանական միության ֆաշիստ անդամների վերահսկողությամբ այդ ֆիլմը ցուցադրվում է երեք օր շարունակ։ Դիտելով ֆիլմը՝ ռասիստական ազդեցության ենթարկված մարդասպանների ամբոխը վերջնականապես կորցնում է ինքնատիրապետումը։ Դեկտեմբերի 19-ին Չիչեք կինոթատրոնում մի պայթուցիկ է գցվում, որը ներկայացվում է այնպես, իբրև թե դա «Ձախակողմյանների ձեռքի գործն է»։ Դրանից հետո ամբոխի ռասիստական զգացմունքները անվերահսկելի են դառնում։ Նրանք սկսում են գրավել փողոցներն ու հարձակում գործել։

Դիմադրություն ու կոտորած

-Այսպիսով, Չիչեք կինոթատրոնում ռումբ դրվեց։ Հետզհետե ավելի լարվող սադրիչ մթնոլորտը ո՞ր բառով կնկարագրեք։ Օրինակ՝ առանձին-առանձին ալևիների աչքերի մեջ ի՞նչ էիք տեսնում։ Վա՞խ, զարմա՞նք…

-Փողոցը գրաված մարդասպան ամբոխը, ժողովրդավար կառույցների անդամները քրդերի, ալևիների ու ձախակողմյան անձանց տներն ու գրասենյակները սկսեցին քանդել։ Այդ պահին հատկապես կազմակերպված հայրենասերիների ու ձախակողմյան անձանց առաջին գործը եղավ այն, որ պատրաստվեցին պաշտպանվել ու դիմադրություն ցույց տալ։ Իսկ ժողովրդի անկազմակերպ և քաղաքական զարգացումներից հեռու մնացած ներկայացուցիչներն անհանգստության, վախի, խուճապի մեջ սկսեցին ինքնապաշտպանվողներին վիրավորել։

Չիչեք կինոթատրոնում տեղի ունեցած դեպքից հետո, երկու օր շարունակ հարձակումներ եղան, որի ընթացքում հարձակվողների թիվը գնալով աճում էր։ Դեկտեմբերի 20-ին Քարամարաշ փողոցում պայթեցվեց մի սրճարան, ուր հաճախում էին հիմնականում ալևիներ, ձախ հայացքների տեր անձինք ու քրդեր։ Դեկտեմբերի 21-ին երկու հեղափոխական ուսուցիչ փողոցի մեջտեղում սպանվեցին` թիկունքից ստացված գնդակներից։

Դեկտեմբերի 22-ին` ուսուցիչների հուղարկավության ժամանակ, 30 հազարի հասնող մարդասպան ամբոխը հարձակում գործեց, ու կոտորածն ավելի ընդարձակվեց ու խորացավ։ Արդեն հարձակվում էին շուկայում գտնվող ալևի, քուրդ ու ձախակողմյան հայացքներ ունեցող անձանց տների, աշխատավայրերի, դեմոկրատական կառույցների վրա․ կոտորածն արդեն տարածվում էր դեպի թաղամասեր։

-Ժամանակի մեքենան այժմ Մարաշի՝ ալևիներով բնակեցված թաղամասերում է գտնվում։ 1978 թ․ է։ Եթե խնդրեմ, անուներն էլ թվարկելով` մեզ կպատմե՞ք այդ թաղամասերում մեկ շաբաթ տևած դեպքերի մասին։

-Ամենաառաջին ու ամենաշատ հարձակումը տեղի է ունեցել Յորուքսելիմ թաղամասի վրա։ Այն պետական հիվանդանոցը, որում գտնվում էին ուսուցիչները, Յորուքսելիմ թաղամասի վերջնամասում էր։ Թաղամասը երեք թևի բաժանված ամբոխի կողմից ուժեղ հարձակման էր ենթարկվում։ Այս հարձակմանը յորեքսելիմցիները դիմադրություն ցույց տվեցին, որից հետո մարդասպաններին ուղղորդեցին դեպի մյուս, անպաշտպան թաղամասեր։ Այս տեսանկյունից Սերինթեփե թաղամասը, որը գտնվում էր քաղաքի ծայրամասում և դիմադրության պատրաստություն չէր տեսել, ամենաշատ կորուստներն ունեցավ։ Մարդասպանները շարունակեցին հարձակվել մյուս թաղամասերի վրա։

Քարամարաշ, Իսա Դիվանլը, Յենիմահալլե և Բաղլարբաշը թաղամասերը երեք օր շարունակ գտնվում էին մարդասպանների հարձակումների թիրախում։ Այս ընթացքում թաղամասերից, հարմար պահ գտնելով, փախչել ցանկացողները մարդասպանների կողմից բռնվում էին Մարաշից դուրս եկող ճանապարհին և սպանվում։ Նույն կերպ մոտիկ գյուղերում ապրող ու քաղաքի իրենց հարազատների ճակատագրերով անհանգստացող կամ մարդասպաններին դիմադրություն ցուց տալուն մասնակցելու նպատակով Մարաշ մտնել ցանկացող անձինք էլ էին սպանվում։ Այսինքն, մարդասպանների կողմից Մարաշում կազմակերպված էթնիկ ու կրոնական զտումներն ամբողջացնելու համար ջարդերը շարունակվում էին նաև քաղաքից դուրս։

-Պատմության մեջ շատ կոտորածներ են եղել, լսվել, պատմաբանները որոշակի բացթողումներով գրել են դրանց մասին։ Օրինակ՝ հրեաների ցեղասպանությունից իմ գիտակցության մեջ մնացած ամենահստակ պատկերը գնացքի վագոններն ու գազային սենյակներն են։ Իսկ Մարաշից մեկ պատկեր կա՝ հղի կանանց փորից հանված երեխաները։ Դուք ականատես եք եղել այնպիսի մի չարիքի, որը նկարագրելն անգամ դժվար է։ Եթե ասեմ Ձեզ, որ նկարագրեք այդ չարիքը, Ձեր հիշողությունից ինչե՞ր կներկայացնեք մեզ։

-Ջարդերը միայն որպես անասնական վայրենություն որակելը թերի կլինի։
Մարդկության ու մարդուն պատկանող բոլոր արժեքների ոչնչացման անունն է կոտորածը։ Այդ պատճառով իհարկե անհամար վայրագություններ են արվել։ Յոթ ու կես ամսական հղի Դյոնդու Ուվերին, 9 ամսական հղի Էսմա Սունային իրենց երեխաներով սպանել են։ Ալի Թրաշին մասերի են բաժանել, գցել կաթսայի մեջ ու իր արյան մեջ եռացրել են։

Բռնաբարել են, երեխաների խլել, դատարկ տարածությունում տարեց պապիկ Մուստաֆա Աջինիքլիին սպանել են ու դին հողի մեջ թաքցրել, սպանված երկու մարդու դիակը ոչնչացրել են, սպանված մարդկանց գերեզմանները անհայտ են մնացել, անհամար մարդկային արժեքներ են ոչնչացվել։

-Եւ դիմադրություն․․․ Այո՛, Մարաշում կոտորածներ էին, բայց դիմադրություն ցույց տվողներ էլ կային։ Ինչպե՞ս կազմակերպվեց այդ դիմադրությունը։

-Իրականում, ընդհանուր առմամաբ, այս բոլոր կոտորածների մեջ շատ կարևոր է ընդունել նաև այն փաստը, որ դիմադրություն էլ է ցույց տրվել։ Քանի որ կոտորածներն արդեն իսկ ուղղված էին դիմադրությամբ իրենց գոյությունն ու ինքնությունը, կրոնական առանձնահատկությունը պահպանող սոցիալական խմբերին։ Այդ պատճառով հատկապես անհրաժեշտ է նշել, որ Մարաշում դիմադրություն են ցույց տվել։

Դիմադրությունը անբավարար պատրաստությամբ ու մի քիչ էր ինքնաբուխ եղավ։ Առաջին հարձակումների ժամանակ նախևառաջ Յորուքսելիմ թաղամասում դիմադրություն ցույց տրվեց։ Արդեն իսկ դրա համար հատուկ ջանքեր ու կոչի անհրաժեշտություն չկար։ Ժողովրդի բոլոր ներկայացուցիչները և հեղափոխական-հայրենասիրական խմբերը՝ ձեռքներն ընկած գործիքներով, մասկացել են դիմադրությանը։ Հատկապես դեռևս նոր ստեղծած և Ափոջու անունով հայտնի հայրենասերները, Հեղափոխական պատերազմ ու հեղափոխական ժողովրդի միությունը այս դիմադրությանը մասնակցած հիմնական խմբերն էին։

Նրանք բոլորն էլ մասնակցել են շատ դժվար պայմաններում իրականացվող այս դիմադրությանը և ձգտել ընդարձակել ու տարածել այն։ Փազարջըք Յոլբոյու գյուղի գյուղապետ Մեհմեթ Մենգյուջեքը զոհվել է Քարամարաշի բախումների ժամանակ, Մինեհույուք գյուղում դիմադրության համար մարդ ու զենք բերած ու նոր ընկերներին և զենքեր կրկին բերելու համար գյուղ վերադառնալու ճանապարհին սպանված Վեյսել Կալքանդելենը, Ադըյամանցի Մահմութ Ունալը այս դիմադրության ժամանակ ընկած ընկերներից մի քանիսն են։ Բացի դա՝ Շեքեր Ապարթմանում ոտքի ելած մարդիկ կային, սակայն կրկին Քարամարաշ թաղամասում Հասան Սոլմա անունով տարեց մի հորեղբայր ինքնապաշտպանվելու համար ոտքի էր կանգնել։

Բռնի արտագաղթ
-Ամեն էթնիկ զտման ամենակարևոր նպատակը ժողովրդին արտագաղթի հարկադրելն է, հավատքից զրկելը։ Դա պատմության ընթացքում բազմիցս ապացուցված ճշմարտություն է։ Կոտորածից հետո Մարաշն էլ ականատես եղավ գլխավորապես դեպի եվրոպական երկրներ գաղթին։ Գաղթի հետ կապված Ձեր եզրակացությունները որո՞նք են։

-Մարաշում Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանությունն արդեն իսկ փաստացի գաղթի ենթարկել էր նշանակում։ Ջարդերից հետո թիրախավորված խմբերի գաղթը, նրանց ունեցվածքը խլելն արդեն իսկ կոտորածի մի մասն են կազմում։ Նույն գործընթացն ու նույն մութ հաշվեհարդարը Մարաշի ջարդերի ժամանակ էլ են տեղի ունեցել։ Մարաշի կոտորածի հետ մեկտեղ, Մարաշում բնակվող հատկապես քուրդ ու թուրք ալևիները արագորեն լքել են քաղաքը։ Կոտորածից հետո իրենց գյուղեր վերադարձած ալևիները, որոշելով, թե Մարաշում անհնար է ապահով մթնոլորտում ապրել, ստիպված են լինում հեռանալ երկրից։

Կոտորածի պատճառով Մարաշը լքած մարդկանց ունեցվածքը մեծ չափով յուրացվել է, հողամասերն ու տները թալանվել են։ Հայտնի է, որ նույնն արվել է նաև Հայոց ցեղասպանության ժամանակ։ Սակայն հետևյալ տարբերությունն էլ է կարևոր՝ 1978 թ․ Մարաշի ջարդերի ժամանակ յուրացված տները, հողերն ու նյութական արժեքները Հայոց ցեղասպանության ժամանակ յուրացված գույքի հետ համեմատելի չեն։ Ալևիները, վերջիվերջո, դեռևս նոր էին եկել, և նրանց մեծ մասն աղքատ էր։ Գործերի մեջ շատ քիչ էին գործատուները։ Նրանց մեծ մասի ունեցվածքը մի խրճիթ, տուն կամ հողամաս էր։ Նյութական հարստությունն էլ շատ չէր։ Սակայն այս փաստը վիճակը չէր թեթևացնում, չէր փոխում մարդասպանների՝ յուրացման ձգտումը, կողոպուտն ու բռնագրավելու քաղաքականությունը։

-Այսօր Մարաշը բանտարկված է մի մեծ խավարում։ Հիմա Ձեզնից հետևյալն եմ ցանկանում իմանալ՝ դարասկզբի Մարաշի ու ներկայիս Մարաշի միջև համեմատություն անցկացնելով՝ մի պատկեր կգծագրե՞ք ինձ համար։

-Չնայած դարսկզբին Մարաշում իրականացված ջարդարար քաղաքականությանը՝ կարող ենք ասել, որ այնտեղ մի մթնոլորտ էր տիրում, որտեղ տարբեր խմբեր կարողանում էին համատեղ ապրել։ Հայերը, հույներն, ասորիները, քրդերը, թուրք ալևիները, սուննիներն ու քիրստոնյաները բնակվում էին կողք կողքի։ Այն ժամանակ, երբ փորձ արվեց ստեղծել թուրք ազգը, այն ժամանակ էլ սկիզբ դրվել ջարդարար ու ցեղասպանական քաղաքականությանը։

Դարասկզբին Մարաշում կար 17 եկեղեցի, բազմաթիվ հայկական դպրոցներ, հայկական հիվանդանոց։ Հայերի ու մյուս քրիստոնյա ժողովուրդների՝ պետության հետ կապված հարաբերությունները պետական հաստատություններում աշխատող հայերն էին իրականացնում։

Զեյթունը ինքնավար բնակավայր էր, որտեղ հիմնականում հայեր էին ապրում ու ղեկավարում։ Զեյթունը ինքնավար քաղաք էր, որն ուներ հայ գավառապետ, հայ քաղաքապետ, հայ զինվորներ ու անվտանգության ուժեր։ Այսօր Մարաշը բանտարկված է մի մեծ խավարի մեջ։ Ինձ հնարավորություն է տրվել մոտիկից հետևել ընտրական աշխատանքներին։ Կոտորածի պատճառով ստեղծված վախը, անհանգստությունը, անվստահության մթնոլորտը թունավորել է Մարաշը։

Մի բուռ անազնիվ մարդկանցից բացի՝ ոչ ոք առողջ չէ. մեկը վիավոր է, մյուսի մարմնի մի մասը չկա։ Կոտորածը ոչնչացրել է մարդու իրավունքներն ու ժողովրդավարական իրավունքը պահանջելու ձգտումը։ Այս ձևով առաջացած վախի մթնոլորտը սարսափելի անվստահության ու մարդկանց շահագործման մթնոլորտ է ստեղծել։

Հետաքննությունը կոտորածի պատասխանատուներին թաքցնում է
-Եւ Մարաշի կոտորածի հետաքննությունը։ Զոհերին որպես հանցագործներ հայտարարելն ու Մեջլիս՝ ձեռքերն ու ոտքերը թափահարելով մտնող, ազգանունները փոխած հանցագործներ։ Այդ հետաքննությունից ի՞նչ է մնացել ձեր հիշողության մեջ։

-Կոտորածի հետաքննությունը լիովին կատարվել է կոտորածը կոծկելու, կոտորածի իրականությունը մթության մեջ թողնելու նպատակով։ Արդեն իսկ հետաքնությունից հետո մեղադրական ակտը ժամանակի ժանդարմերայի հրամանատար Սեդաթ Ջելասունի՝ Ազգային անվտանգության ուժերին գրած զեկույցից էր բաղկացած։ Ըստ այդ զեկույցի, Մարաշի կոտորածը գնահատվում է որպես «Ալևիների կողմից աջակցություն ստացած ձախակողմյան երիտասարդների գործողություններից անհանգստացած սուննի ժողովրդի բնական արձագանք»։

Այս գնահատականով պայմանավորված` Մարաշի կոտորածից հետո բազմաթիվ անմեղ և իրենց պաշտպանել ցանկացած մարդիկ մարդասպանի նման դատապարտվել ու պատժվել են։ Սակայն Մարաշի կոտորածի հետաքննության ամենաանմոռանալի իրադարձությունը անմեղ փաստաբանների սպանություններն էին։

Հալիլ Սըթքը Գյուլլուօղլուն, Ջեյհուն Ջանն ու Ահմեթ Աբակայը սպանվել են միայն նրա համար, որ պաշտպանել են կոտորածից տուժածներին։

Ազիզ Թունչի վկայությունն ու քննությունը
-Մի փոքր էլ անձնական հարցեր տամ։ Մարաշից հետո, որպես Ազիզ Թունչ, Ձեր կյանքն ինչպե՞ս փոխվեց։

-Ես Մարաշի կոտորածների ժամանակ իմ բազմաթիվ ընկերների հետ մեկտեղ Յորուքսելիմ թաղամասի դիմադրությանն էի մասնակցում։ Երկու ընկերներիս ու մեկ ուրիշ անձի հետ միասին բռնվեցինք։ Որևէ մեղք նրանք չկարողացան ապացուցել, և վեց ամիս անց ազատ արձակվեցի։ Այդ շրջանից հետո Մարաշն ինձ համար ոչ միայն ծննդավայր էր, այլև մեկ ուրիշ նշանակություն էլ ձեռք բերեց։ Այն փաստը, որ կոտորած եղավ, ու չկարողացանք այն կանխել, ծանրանում է մարդու հոգու վրա։ Գուցե և այդ պատճառով է, որ Մարաշի վերաբերյալ աշխատանքներ կատարելն ինձ ավելի շատ է ոգևորում ու ազդում։ Ինձ պարտավորված եմ զգում Մարաշի ու մարաշցիների առջև։

-Որպես լրագրող` բազմիցս տեսել եմ, որ տարիներ անց Մարաշից որպես պատգամավորի թեկնածու աշխատանքներ կատարելիս հանդիպել եք այն մարդկանց հետ, ովքեր մասնակից են եղել կոտորածին։ Այդ մարդկանց մեջ ի՞նչ էիք տեսնում։ Դրա մասին Ձեզ հիշեցնելով՝ ցանկանում եմ հիշատակել նացիստների իրականացրած ցեղասպանությունից տուժած գրող Էլիե Վիեսելը հետևյալ խոսքերը․ «Ցեղասպանության ժխտումը զոհերին երկրորդ անգամ է սպանում», այն մարդկանց մոտ, ում ձեռքը սեղմում եք, զղջում նկատում ե՞ք։

-Իրականում ես այդ հանդիպումները դիտարկել եմ որպես կոտորածի հետ կապված ընդգրկուն աշխատանքի ուղղությամբ արված առաջին քայլ։ Առաջին հնարավորության դեպքում կոտորածն իրականացնողների վիճակի մասին բազմակողմանի ուսումնասիրելու որոշումը «Ինձ դու սպանի՛ր» գիրքը գրելիս կայացրեցի։

Ընտրված աշխատանքի համար էլ կարողացա հանդիպել կոտորածի մեջ ներքաշված, կոտորածում որևէ դերակատարում ունեցած այս անձանց հետ։ Շատ ափսոս, որ այս աշխատանքը իմ աքսորվելու պատճառով կիսատ մնաց։ Այդ մարդիկ, օրինակ՝ Օքքեշ Քենգերը և նրա նմանները, կոտորածը չեն պաշտպանում, սակայն տեր չեն կանգնում իրենց արարքներին։

Ասում էին, որ իրենց խաբել են, ալևի քուրդ ու ձախակողմյանների նկատմամբ ունեցած թշնամանքը օգտագործվելով՝ ներգրավել են կոտորածի մեջ։ Կոտորածը նրանք նկարագրում են ավելի շատ «դրսից եկողներ» վերացական հասկացությամբ ու նրանց վրա էին գցում։

Կոտորածի հետևանքներից էլ գոհ չէին։ Օրինակ՝ հատկապես գոհ չէին, որ շրջանի քուրդ և թուրք ալևիները Մարաշը լքել են, նշում էին, որ զգացվում է նրանց պակասը։ Կոտորածն ու ապրած տրավման ոչ մեկ չի պաշտպանում։ Հավասարակշիռ մոտեցումներով իրենց էլ որպես զոհ էին փորձում ներկայացնել ու արդարացնել։

-Առերեսման փաստը մեծ մասամբ հետաքրքիր է հանցագործների տեսանկյունից։ Բայց և տուժածներ կան։ Եթե անգամ կոտորածից 40 տարի է անցել, միևնույն է` այդ տուժածների ու նրանց մեծացրած սերունդների ապրած տրամվաները, նրանց փոխանցված հիշողությունը դեռևս խորն են, այդպես չէ՞:

-Այս տեսանկյունից շատ հստակ կասեմ հետևյալը՝ գրեթե բոլոր տուժածներն էլ այդ տրավմայի ազդեցությունը մինչև այսօր էլ զգում են իրենց կյանքում։

Գրեթե բոլոր այս մարդկանց այսօրվա կյանքը ձևավորվել է հենց Մարաշի կոտորածի ժամանակ տեղի ունեցած դեպքերով։

Ներկայում նրանք աչալուրջ, անհանգիստ ու մտահոգ կյանք են վարում՝ մտածելով, որ նման հարձակում դարձյալ կարող է լինել։ Հանդիպել եմ մարդկանց, ովքեր կրկին մտածում են, որ հնարավոր չի լինի փախչել կոտորածից, ու իրենց բնակարանների վերևի հարկերում չեն ապրում։ Հանդիպել եմ կոտորածի ազդեցության պատճառով աղմուկից վախեցող տուժածների։ Կային այդ կոտորածի տրավմայի հետևանքով հոգեբանական խնդիրներ ունեցող անձինք։

Կոտորածից յուրաքանչյուր տուժածի պատմությունը սկզբից մինչև վերջ ողբերգություն է։

Պետությունը Մարաշում էթնիկ և կրոնական զտումների գործընթացն ավարտին չհասցնելու պատճառով է շարունակում հարձակումները
-Ձեզնից հետո, իրականում հունիսի 7-ից հետո Մարաշում ալևիներով բնակեցված վայրերում կրկին պետությունը միջամտեց և չնայած բոլոր ընդվզումներին՝ ջիհադիստական խմբեր ստեղծվեցին։ Քիչ առաջ տված հարցիս մեկ անգամ էլ այս տեսանկյունից կպատասխանե՞ք, ըստ Ձեզ, պետությունը ինչու՞ հանգիստ չի թողնում Մարաշը։

-Պետությանը չի հաջողվել Մարաշում ազգային ու կրոնական զտումներն ավարտին հասցրել, ինչի պատճառով այսպիսի հարձակումները շարունակվում են։ 1915-1922 թթ․ Հայոց ցեղասպանությունից հետո ոչ մուսուլման ժողովուրդները այս հողերից արմատախիլ արվեցին։ 1978 թ․ կոտորածի պատճառով ալևիներն ու քրդերը մասնակիորեն լքեցին Մարաշը։ Սակայն դեռևս քրդերն ու ալևիները շարունակում են համատեղ ապրել Մարաշում, որի պատճառով Թերոներ գյուղում կազմակերպվող ճամբարով ձգտում է շարունակել ազգային կրոնական զտումներ իրականացնել։

Նույն պրակտիկան կիրառվում է նաև Մարաշի մյուս գավառներում և, հատկապես, քուրդ ու ալևիներով բնակեցված տարածքներում։ Էլբիստանում՝ հիդրոէլեկտրակայանը, Փազարջըքում ցեմենտի գործարանը կառուցվում են որպես այդ մտայնության հետևանքներ։

-Ներկայում, տարիներ անց Եւրոպայի տարբեր երկրներում բնակվող մարաշցիներով մի նախաձեռնություն եք ստեղծել։ Երա՞զ է սա, թե՞ աշխարհն էլ շուռ գա, մարաշցիները կվերադառնան իրենց հողեր։

-Միանշանակ կվերադառնան։ Իհարկե, կլինեն մտածողներ, որ կկարծեն, թե այս տեսակետը թույլ է։ Մարդու և նրա ծննդավայրի միջև եղած կապը զուտ ֆիզիկական չէ։ Այս հարաբերությունը գտնվում է մշակութային ու սոցիալական մակարդակում։ Եթե նույնիսկ մարդիկ անմիջապես այնտեղ չեն բնակվում, եթե նույնիսկ հարյուրավոր տարիներ են անցնում, միևնույն է, շարունակում են հետաքրքրվել հայրենի հողով, շարունակում են կարոտել։

Մարաշցի հայերը, ովքեր հարյուր տարի առաջ արմատախիլ արվեցին իրենց հողերից, եթե նույնիսկ իրենց հայրենի հողեր չվերադառնան, միևնույն է` այդ հողերը տեսնելու, այնտեղ այցելելու հույսով է, որ այսօր աշխարհի բազմաթիվ անկյուններում Մարաշցի հայերի միություններ են ստեղծել։

Այդ պատճառով Մարաշում բնակվող քրդերն ու ալևիներն այդ հողերից չեն հրաժարվի, չեն լքի դրանք։ Այսօրվա պայմանները Հայոց ցեղասպանության ժամանակվա պայմանները չեն։ Այսօր ո՛չ ալևիները, ո՛չ էլ քրդերը հայերի հետ պատահածի չափ թույլ չեն, ոչ էլ թուրքական պետությունն է իր ուզածով ցեղասպանություն իրականացնելու չափ հզոր։ Այդ պատճառով մարաշցիները եթե անգամ աշխարհի մյուս ծայրում լինեն, որևէ կասկած չունեմ, որ կվերադառնան իրենց հողեր։ Մարաշցիները լքելու մի թիզ հող անգամ չունեն։

Մարդասպանների դեմ պետք է ստեղծել ինքնապաշտպանական մեխանիզմներ։

-Իմ վերջին հարցը հետևյալն է՝ Մարաշի կոտորածն իհարկե նախևառաջ հենց քաղաքում ապրող ալևիների դեմ էր, նրանց վրա է շատ ազդել։ Սակայն Անատոլիայում բնակվող բոլոր ալևիներ համար Մարաշի կոտորածը նախադեպ հանդիսացավ տարիներ անց Սվասի դեպքերի համար։ Օրինակ՝ հիշողությանս մեջ թարմ է, որ մանկությանս տարիներին մեր մեծերի կողմից ավելի շատ լսվում էր ոչ թե «հերոս» բառը, այլ՝ «արյունոտ» Մարաշ արտահայտությունը։ Ըստ Ձեզ, դրա նպատակն էլ այն չէ՞ր, որ ստեղծվի ու փոխանցվի այդ հիշողությունը։

-Պատմության ընթացքում պետությունը ալևիների հետ հաշիվներ է ունեցել։ Ալևիները իրենց սոցիալական առանձնահատկությունների պատճառով պետությանը ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հասարակական կառույցների հետ են եղել։ Այդ պատճառով էլ պետության ամենահիմնական հանձրարարականներից է եղել ալևիներին վերահսկելն ու ստուգելը։
Իրականում դա անիմաստ թշնամությունից չի բխում։ Ճիշտ Ձեր ասածի նման՝ ալևիները հասարակական շարժումների առաջամարտիկներ են եղել, որն էլ պետության կողմից վարած այս քաղաքականության հիմնական պատճառն է։ Մարաշի կոտորածից հետո էլ, նույն ձևով, ալևիները ժանամակի ակտիվ հասարակական շերտերի առաջամարտիկներ էին, ինչը ճանապարհ բացեց այս կոտորածը պլանավորելու և իրականացնելու առաջ։

Ճնշվող բոլոր հասարակական կառույցների նման՝ ալևիների նկատմամբ էլ իրականացված այսքան կոտորածներից հետո, անհրաժեշտ է թույլ չտալ, որ մեկ անգամ ևս կոտորած տեղի ունենա։ Դրա համար էլ մի բան է անհրաժեշտ անել, դա էլ շատ պարզ է՝ կոտորածների դեմ ինքնապաշտպանական մեխանիզմներ պետք է ստեղծվեն, դրա մեթոդներն ու գործիքները պետք է զարգացվեն։ Ալևիները պետք է ոչ մեկից գթասրտություն չխնդրելն, որևէ մեկից արդարադատություն չսպասեն։

Ջարդարար քաղաքականության դեմ դիմադրությունն է պարտադիր ու կենսական է։

gazetekarinca.com/2017/12/1915ten-1978e-maras-katliaminin-tanigi-aziz-tunc-anlatiyor

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

171 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*