ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Երեւանը սկսել է ցույց տալ մեր իրական սահմանը. Հայաստանի անձնագիրը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Երեւանը սկսել է ցույց տալ մեր իրական սահմանը. Հայաստանի անձնագիրը

07.03.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ARMENIAN KINGDOME OF CILICIA – ROYAUME ARMÉNIEN DE CILICIE –

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Հայաստանի քաղաքացու անձնագիր հանձնեց Նուրհան Բողոսի Յուսուփովիչին, որը ծնվել է 1915 թվականին՝ Թուրքիայում: Հետո տեղափոխվել է Իտալիա, կրթութուն ստացել, դարձել դիվանագետ եւ տարիներ շարունակ աշխատել Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը, թե մշակույթի, թե ռազմական կցորդի կարգավիճակում: Ամիսներ առաջ 105-ամյա նախկին դիվանագետը տեղափոխվել է Հայաստան եւ բնակվում է այստեղ:

Անձնագրի հանձնման խորհրդանշականությունը ունի չափազանց շատ շերտեր, որոնք անգամ ավելորդ մեկնաբանության կարիք չունեն՝ հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցի տարում:

Երեւանն արտաքին քաղաքականության ասպարեզում փոխում է հայկական հարցի շեշտադրվածությունը, ինչը բխում է ժամանակի իրողություններից եւ պահանջներից: Նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ գործընթացը ստիպում է իրավագիտակցության վրա կառուցված հեղափոխական վերանայում անել նաեւ արտաքին ասպարեզում:

Գործնականում բանաձեւը բավական պարզ է, ինչպես ներսում՝ քաղաքացին փոխում է իր կյանքը, երբ գիտակցում է իր իրավունքը, իրավունքի ուժը, եւ այդ ուժի գիտակցումն է դառնում նաեւ ուժային այլ ռեսուրսների կայուն զարգացման աղբյուր:

Մեծ հաշվով, իրավունքի ուժի պայքար է նաեւ աշխարհակարգի ձեւավորման գործընթացում, թեեւ թվում է, թե ուժն է ծնում իրավունք, եւ մենք գտնվում ենք ֆիզիկական ուժի աշխարհում: Մեծ հաշվով, աշխարհն այդուհանդերձ հիմնված է իրավունքի ուժի վրա, եւ այստեղ հավի ու ձվի պատմությունը չէ՝ իրավունքն է ծնում ուժ:

Սեփական իրավունքի ներքին գիտակցումն է տալիս ուժ, եւ այդ իմաստով հայկական պետականությունն ու համահայկականությունն ունի սեփական իրավատիրության գիտակցության ձեւավորման անհրաժեշտություն, որի առաջնորդող դերը պետք է ստանձնի հայկական պետությունը:

Ի վերջո, ցանկացած վարքագիծ՝ կարճաժամկետ, թե երկարաժամկետ առումով բխում է սեփական իրավունքի գիտակցումից, իրավագիտակցումից, համոզումից, որ այն, ինչ անում ես, անում ես ունենալով դրա իրավունքը: Այդպես է անհատի, հանրության, այդպես է պետությունների պարագայում:

Տասնամյակներ շարունակ Հայաստանն ու հայությունն առաջնորդվել են մտակաղապարով, որ մեր իրավունքի սահմանը որոշվում է աշխարհում որեւէ մի տեղ, բայց ամենեւին ոչ մեր գլխում: Հայաստանն անցնում է սեփական իրավունքը սեփական գլխում որոշելու ռեժիմի, մտածողության:

Այդպես է ձեւավորվում մեր իրավունքների սահմանը, իսկ այդ սահմանը բավական լայն է, ավելին, քան մեր պետական սահմանները, ու Երեւանն սկսել է աստիճանաբար ցույց տալ դրանք:

www.lragir.am/2020/03/07/524848/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail