Պուտինն ու Էրդողանը կփորձեն ազդեցության գոտիների վերաբաժանում կատարել Կովկասում

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Պուտինն ու Էրդողանը կփորձեն ազդեցության գոտիների վերաբաժանում կատարել Կովկասում

09.03.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Ինչպե՞ս եք գնահատում Իբլիդի շուրջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Պուտին–Էրդողան հանդիպումը։ Ի՞նչ տվեց այն կողմերին։

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները միանգամայն սպասելի էին։ Նախ ակնհայտ էր, որ երկու երկրների առաջնորդները հանգելու էին փոխզիջման, որ անհեթեթ կլիներ, եթե Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց դեմ պատերազմեին մի տարածքի (Իդլիբի) համար, որը ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ առավել ևս Ռուսաստանի համար ազգային անվտանգության հարց չէր։ Պուտինն ու Էրդողանը վաղուց են հասկացել, որ համագործակցելու դեպքում գրանցում են շատ ավելի մեծ արդյունքներ, քան հակամարտելու դեպքում, և մոսկովյան հանդիպումը բացառություն չէր այդ համատեքստում։ Ակնհայտ էր, որ հանդիպումից առաջ կողմերը փորձում էին ռազմական պլանում հնարավորինս մեծ ռազմական հաջողություններ գրանցել, ավելի մեծ առաջխաղացում գրանցել, որպեսզի բանակցությունների ժամանակ կարողանային հանդես գալ ավելի կոշտ և շահեկան դիրքերից։ Եվ փաստորեն մոսկովյան հանդիպման արդյունքներով կայացված հրադադարը հաստատելու եկավ այն ստատուս-քվոն, որը ստեղծվել էր իդլիբյան ռազմաճակատում, և դա քիչ թե շատ գոհացուցիչ եղավ երկու կողմի համար էլ։

Տեսակետ կա, որ այդ հանդիպումով արձանագրվեց Թուրքիայի պարտությունը, որը Իբլիդում տվեց շուրջ 50 զոհ և փոխարենը ոչինչ չշահեց, փոխարենը Ասադի ձեռք բերված տարածքային առավելությունը ամրագրվեց հրադադարով։

Նախևառաջ առանձնացնենք այն, որ Էրդողանն ինքը այցելեց Մոսկվա և ոչ թե Պուտինն այցելեց Անկարա։ Հասկանալի է, որ դա որոշակի առավելություն էր տալիս ռուսական կողմին, որն էլ հավելյալ գործիքներ (ռուս-թուրքական նախկին պատերազմներին առնչվող քանդակներ) էր օգտագործել թուրքական կողմի հանդեպ իր առավելությունն ընդգծելու համար։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ Թուրքիան ռազմական և այլ առումներով զիջում է Ռուսաստանին, չունի հավասար հնարավորություններ։ Բայցևայնպես, մոսկովյան համաձայնագիրը Թուրքիայի համար պարտություն կարելի է համարել միայն մասնակի։ Ճիշտ է՝ այն ամրագրեց Ասադի տարածքային ձեռքբերումները, սակայն մյուս կողմից էլ Թուրքիան շարունակում է իր վերահսկողության տակ պահել Իդլիբի այն հատվածները, որոնք սահմանակից են Աֆրինին ու Հաթային, թույլ չտալ, որ սիրիական բանակը մոտենա դրանց (չնչին բացառություններով)։ Այնպես որ, ես գտնում եմ, որ Թուրքիան կարողացավ հասնել իր այդ գերնպատակի/նվազագույն պահանջի բավարարմանը։

Իմ կարծիքով՝ մոսկովյան համաձայնագիրն իսկապես փոխզիջումային էր, քանի որ այն մի կողմից ամրագրում է Ասադի տարածքային ձեռքբերումները, սակայն մյուս կողմից էլ կանխարգելում է (թեկուզ ժամանակավորապես) ամբողջ Իդլիբի նահանգի ազատագրումը նրա կողմից։ Ինչպես ընդգծել է Էրդողանը, եթե սիրիական բանակը նոր ռազմական գործողություններ սկսի Իդլիբում, ապա թուրքական կողմն իրեն իրավունք կվերապահի հարվածելու նրան։ Թուրքիայի գերխնդիրն առաջիկայում կշարունակի մնալ Աֆրինից (նաև Հաթայից) սիրիական բանակին հեռու պահելը, Իդլիբի նահանգում ռազմական խոշոր ներկայություն պահպանելը, քանի որ հակառակ դեպքում՝ Իդլիբն ազատագրելուց (դրանում թուրքական ռազմական ներկայությունը վերացնելուց) հետո, Բաշար Ասադը կարող է բարձրացնել արդեն Աֆրինի հարցը, Աֆրինից թուրքական ռազմական ներկայությունը վերացնելու հարցը, ինչը բնականաբար շահավետ չէ թուրքական կողմի համար։

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Այդ համաձայնությունից հետո, կարելի՞ է ասել, որ Իբլիդի շուրջ առկա հակամարտությունը վերացավ, թե այն որոշ ժամանակ հետո նորից հիշեցնելու է իր մասին։ Ի՞նչ քայլերի կարող է դիմել Թուրքիան։

Աշխարհում թերևս չկա որևէ հակամարտային գոտի, որում հաստատված հրադադարի ռեժիմները չխախտվեն։ Այնպես որ Իդլիբում նույնպես լիակատար հրադադար չի լինի, բայց մոսկովյան համաձայնագիրը լուրջ հարված էր Իդլիբն ազատագրելու Բաշար Ասադի պլաններին, ով արդեն սկսել է խաղաղասիրական կոչեր հղել թուրքական կողմին՝ հիշեցնելով, որ իրենք հիմա էլ խնդիր չունեն թուրք ժողովրդի հետ և որ խնդիր չեն ունեցել նաև սիրիական հակամարտության մեկնարկից անմիջապես առաջ։ Թուրքիան հրադադարի շնորհիվ հնարավորություն է ստանում ժամանակ շահելու, այս ընթացքում շարունակելու է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների տնտեսական շահագործումը, դրանց ժողովրդագրական պատկերի փոփոխումը, որպեսզի եթե օրերից մի օր հարկադրված լինի լքելու այդ տարածքները, ապա դրանցում ունենա իրեն հավատարիմ ուժ (թուրքմեններ և այլք)։ Էրդողանը մոսկովյան համաձայնագրին նախորդած իդլիբյան զարգացումների ժամանակ Պուտինին ցույց տվեց, որ պատրաստ չէ հրաժարվել այն ամենից, ինչը նրան ավելի վաղ շնորհել էր նույն Պուտինը (Թուրքիան իր ռազմական դիտակետերը 2017թ-ից Իդլիբում տեղակայել է հենց Ռուսաստանի թույլտվությամբ ու համաձայնությամբ)։ Սա նույնպես կբարդացնի հետագայում Իդլիբում նոր ռազմական գործողությունների վերսկսումը Ասադի/Պուտինի կողմից։ Թուրքական կողմը «ատամ ցույց տվեց», և Պուտինն ու Ասադն արդեն պատրանքներ չեն տածում Իդլիբի հանդեպ Էրդողանի լուրջ նկրտումների մասին։

Տեսակետ կա, որ պատահական չէր, որ Իբլիդի շուրջ լարվածության ֆոնին Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, և որ կարող է դա որոշակի գործարքի մաս լինել։ Կա՞ նման մտավախություն, որքանով դա կարող է իրականությանը մոտ լինել։

Ես չեմ կարող հստակ ասել, թե դա պատահական էր, թե ոչ, հստակ է մի բան, որ նախկինում էլ կայացել են նման հանդիպումներ, քանի որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ Չեմ կարծում, թե Թուրքիան արդյունքում կկարողանա գործարքի գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, անել այնպես, որ այդ խմբում կա՛մ վերացվի համանախագահությունը և խմբի անդամ բոլոր երկրները ստանան հավասար իրավունքներ, կա՛մ էլ Թուրքիային շնորհվի համանախագահող երկրի կարգավիճակ։ Երկու տարբերակն էլ Թուրքիային հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ինչին նա այդքան տենչում է։ Չեմ կարծում, թե ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրները և մասնավորապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան տուրք կտան Թուրքիայի տվյալ պլաններին։ Առավել հավանական եմ համարում, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ կփորձի ձևավորել այլընտրանքային ձևաչափ («կովկասյան աստանայի ձևաչափ»), որը «կդառնա» ԵԱՀԿ ՄԽ-ի այլընտրանքը, և այդպիսով լուծում տալ իր կովկասյան նկրտումներին։ Ես մտավախություն ունեմ, որ Պուտինն ու Էրդողանը կփորձեն համատեղ ուժերով ազդեցության գոտիների վերաբաժանում կատարել Կովկասում։ Համարում եմ, որ այս համատեքստում Հայաստանն ապրում է թերևս իր ամենադժվարին ժամանակաշրջանը (քանի դեռ Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները Պուտինն ու Էրդողանն են)։

Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Եվրամիությունը հայտարարել է, որ Եվրոպայի դռները Թուրքիայի տարածքում գտնվող միգրանտների համար փակ են՝ հունա–թուրքական սահմանին միջադեպից հետո։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ Թուրքիայի շանտաժը՝ կապված միգրանտների հետ, արդյունք չտվեց։

Դեռ մի փոքր վաղ է խոսել արդյունքների մասին։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ԵՄ-ում կարծես թե հասկացել են, որ չի կարելի շարունակ տուրք տալ փախստականների հարցում Թուրքիայի ճնշումներին, շանտաժներին, քանի որ տուրք տալը միայն գլխացավանք է դառնում ԵՄ-ի համար։ Թուրքիան փորձում է թե՛ նոր գումար շորթել ԵՄ-ից, թե՛ նրան լռեցնել հատկապես Արևելյան Միջերկրածովում իր ապօրինի գործողությունների կապակցությամբ և չստանալ լուրջ պատժամիջոցներ։ Թուրքիան նաև այս համատեքստում է, որ չի ցանկանում Բաշար Ասադին հանձնել ահաբեկչական խմբավորումների վերջին օրրան համարվող Իդլիբը, քանի որ դա կմոտեցներ սիրիական հակամարտության վախճանը և կարագացներ Թուրքիայից Սիրիա փախստականների վերադարձի գործընթացը, որոնց թուրքական կողմը դեռ պահում է իր զինանոցում՝ ԵՄ-ին նորանոր ճնշումների ենթարկելու համար։

www.lragir.am/2020/03/09/525278/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail