ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Երեւանում Ադրբեջանի ագրեսիային սպասո՞ղ կա – Երեւանում Ադրբեջանի ագրեսիային սպասո՞ղ կա

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Երեւանում Ադրբեջանի ագրեսիային սպասո՞ղ կա – Երեւանում Ադրբեջանի ագրեսիային սպասո՞ղ կա

10.03.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ – ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Նավթի համաշխարհային շուկայում ցնցումը, որ առավել ուժգին դրսեւորվեց մարտի 9-ի առավոտյան, Հայաստանում մտահոգությունների առիթ է տվել, այդ թվում իհարկե բավական ռացիոնալ: Բանն այն է, որ նավթի համաշխարհային գնանկումը էական ազդեցություն կարող է թողնել Ռուսաստանի տնտեսության վրա, որին օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներով էապես կապված է Հայաստանի տնտեսությունը: Միաժամանակ, նավթի գնանկումը կարող է բերել թանկարժեք մետաղների գնանկման, ինչը Հայաստանի արտահանման կարեւոր ճյուղերից է:

Այլ հարց է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հնարավորինս արագ դիվերսիֆիկացվի, գտնի նոր շուկաներ, նաեւ թուլացնի կախվածությունը հանքանյութի արտահանումից եւ ընդհանրապես անցնի հանքարդյունաբերություն-վերամշակում ցիկլի: Բայց այդ ամենն անշուշտ ժամանակատար եւ բարդ գործ է, իսկ մինչ այդ ավելորդ ցնցումները կարող են առաջացնել ընդամենը հավելյալ խնդիրներ:

Թեեւ, իհարկե պետք է դիտարկել նաեւ այն հանգամանքը, որ հաճախ այդօրինակ ճգնաժամային վիճակներն են խթանում բեկումնային քայլեր, որոնք միշտ ինչ որ պատճառներով դանդաղում, ուշանում կամ թուլանում են: Ճգնաժամերն այդ իմաստով ունենում են նաեւ հակադարձ էֆեկտ:

Այդուհանդերձ, դրան հասնելու համար բնականաբար պետք է պատրաստ լինել ճգնաժամերին, եւ մտահոգություններն այդ իմաստով միանգամայն տեղին են:

Սակայն, դրանց շարքում հայտնվել է մեկը, կապված Ադրբեջանի հետ: Ըստ տարածվող կամ գեներացվող մտահոգության, նավթի գինն ընկնելիս Ադրբեջանում կարող է առաջանալ ներքին լարում, որն էլ պարպելու համար կարող է դիմել արտաքին ագրեսիայի:

Առաջին հայացքից կապը թվում է ամուր, եթե համարենք, որ աշխարհում կան Հայաստան եւ Ադրբեջան, եւ ուրիշ ոչինչ: Կապն ավելի ամրացնելու համար բերվում է անգամ 2016-ի ապրիլյան քառօրյայի օրինակը: Բայց հենց այդտեղ էլ կապը կտրվում է:

2016 թվականի ապրիլյան ագրեսիան հասունացել է տարեցտարի, «եզրափակիչ փուլ» մտնելով 2013 թվականից, երբ Հայաստանը հասարակական-քաղաքական միավորների լռության պայմաններում, շանտաժի ու սպառնալիքի ներքո կտրվեց Եվրասոցացման գործընթացից, որով իրադարձությունների վտանգավոր զարգացումը տեսնող Սերժ Սարգսյանը փորձում էր ապահովել ռեգիոնալ հավասարակշռությունը, եւ բռնակցվեց ԵՏՄ-ին:

Ընդ որում, դա իրականացրին, դա ապահովեցին հենց առանձնակի «դաժանությամբ», Հայաստանի սուբյեկտային վարկը գցելու չարամիտ դիտավորությամբ: Այդ գործընթացը տեղի էր ունենում ռուս-թուրքական հարաբերության «եղբայրական փուլում», որի պտուղները նաեւ ռուսական սպառազինության ահռելի ծավալներով քաղում էր Ադրբեջանը: Եվ այն, որ վերջնախաղում արդեն Ռուսաստանն ու Թուրքիան գժտվել էին Սիրիայում, գուցե փոքր ինչ թուլացրեց նրանց ձեռքով Ադրբեջանի նախապատրաստված հարվածի ուժգնությունը, բայց ամենեւին չարգելակեց ու չկասեցրեց այն:

Հարվածը կասեցրեց միայն հայկական բանակն ու կամավորական հանրությունը՝ ինքնիշխան դիմադրությամբ վերականգնելով խախտված ռազմա-քաղաքական հավասարակշռությունը:

Ադրբեջանի ագրեսիան «ինքնիշխան» երեւույթ չէ, այն զգալիորեն պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերությամբ եւ մի շարք այլ աշխարհքաղաքական էական գործոններով, որոնց շարքում նավթը եթե ունի նշանակություն, ապա առավելապես արգելակող՝ որովհետեւ այն վաճառելու համար Բաքվին պետք է կայունություն:

Այդ հանգամանքը դույզն իսկ չի նշանակում, որ Հայաստանն ու Արցախը կարող են պահ իսկ թուլանալ: Բայց զգոնությունը նավթի գինը չէ, որ պահանջում է: Հայաստանի ու Արցախի անընդհատ զգոնություն պահանջող այլ, առավել նշանակալի եւ ծանրակշիռ գործոնների պակաս չկա եւ չի եղել:

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ – ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

www.lragir.am/2020/03/10/525533/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail