Ի՞նչ Պատահեց Զոնկուլտաքի Մեր Հայ Եւ Յոյն Հարեւաններին. Ահա Պատասխանը

24 ՅՈՒՆՈՒԱՐ 2018 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ՊԱՏՄԱԿԱՆ:

Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

Ստորեւ «Ակունք»-ը թարգմանաբար ներկայացնում է թուրք ուսումնասիրող Քատիր Թունճերի` Զոնկուլտաքում 2003 թ.-ից գործող «Քարաէլմաս» լրագրողների միութեան «Պայրամ» թերթում լոյս տեսած հետազօտութեան առաւել ուշագրաւ հատուածները.

Յայտնի է, որ մինչ բնակչութեան փոխանակումը, որն իրականացուեց 1923 թ. յուլիսին, ինչպէս ամբողջ Անատոլիայի, այնպէս էլ Զոնկուլտաքի եւ շրջակայքի ամենահին բնակիչներից են եղել յոյներն ու հայերը: Հարիւրամեակներ շարունակ այդ հողերի վրայ ապրած հազարաւոր մարդիկ իրենց հետ տարել են նաեւ տխուր եւ ուրախ յիշողութիւնները:

Լա՛ւ, իսկ ովքե՞ր էին այդ յոյներն ու հայերը: Ինչո՞ւ, դէպի ո՞ւր, ինչպէ՞ս են նրանք գնացել, հեռացուել: Նրանց երեխաներն ու թոռները հիմա որտե՞ղ են: Արդեօ՞ք գիտեն, որ իրենց պապերը` տան մեծերը, ովքեր հարկադրաբար են փոխել իրենց բնակավայրերը, ծնուել ու մեծացել են Զոնկուլտաքում, եւ որ այստեղից են եկել: Շրջանում գտնուող եւ հարիւրաւոր տարիների պատմութեան վկաները հանդիսացող գերեզմանները վերջին 50-60 տարիների ընթացքում քանդւում եւ աւերւում են: Եկեղեցիները, այազմաները (յոյների համար սուրբ ջրերի տարածք, «Ակունք»-ի խմբ.), թեքքեներն ու նման այլ վայրեր, որոնք անտէր ու անխնամ են մնացել, քանդուելուց էլ աւելի վատ ճակատագրի են արժանացել:

Միայն քրիստոնեաներին եւ յոյների ու հայերի համայնքներին պատկանող յուշարձանները չէ, որ աւերուել են. միեւնոյն ժամանակ 550 տարի այս հողերում բնակուող մուսուլման-թիւրքմէնների որոշ գիւղերում գտնուող խորհրդանշական քարերը, նոյնիսկ հին գերեզմանաքարերն էլ են այս նոյն բախտին արժանացել: Շրջանում բնիկ քրիստոնեայ բնակչութեանը պատկանող հետքերը ջնջուել են ու շարունակւում են ջնջուել, ինչի պատճառով մարդկանց գիտակցութեան մէջ անցեալի մասին պատկերացումները հետզհետէ աւելի աղօտ են դառնում, ստիպում են մոռանալ: Մոռացւում է նաեւ, որ շրջանի ցեղային-կրօնական պատկերը հարուստ ու բազմազան է եղել: Ձեռքիս տակ ունեցած փաստաթղթերի ու տեղեկութիւնների միջոցով կը փորձեմ լոյս սփռել մութ մնացած այս թեմայի վրայ:

Ահա 1920-ական թթ. Զոնկուլտաքում ածխահանքերի տէրերից ոմանք` Արթին Քարամանեան (Քարամանեան անունը ներկայում Զոնկուլտաքում մի փողոցի անուանում է), Սթեֆան Եորկիատիս, Քոզմա էֆենտի (Քոզմա անունը ներկայում Զոնկուլտաք կենտրոնին կից Քիլիմլի գիւղաքաղաքում մի թաղամասի անուն է), Ճեւահիրճիօղլու Պոտոսաքի, Սեդրակ Փեմբեճեան, Սարգիս Ռաքըճըյեան, թենեքեճի Վասիլ, բարթընցի Միհայիլ Քոզմիտիս, բարթընցի Քոզմաօղլու Պետրոս, Հալաճեան Բարսեղ, Քարա Սիմօ, Ենեւիտոս Փասքալ եւ այլք: Զոնկուլտաքի Առեւտրի եւ արդիւնաբերութեան պալատի` 1923 թ. մարտի 29-ին կազմուած 12 հոգանոց ղեկավար մարմնում վեցը քրիստոնեաներ էին: Ահա զոնկուլտաքցի արհեստաւորներից ոմանք` կօշկակարներ` քուրուճաշիլեցի Ալեքօ, բարթընցի Փարթալճըօղլուներից Համբարձումօղլու Օսեկեան, չայճումայեցի Քոսթաօղլու Թոմա եւ այլք: Դերձակներ` դեւրեկցի Մինասօղլու Նշան, չայճումայեցի Թերզիպաշ որդիներից` Ագոփօղլու Թեւոր, բարթընցի Արագիլօղլու Պաղտասար, Միքրազօղլու Ղազարոս եւ այլք: Հիւսներ` էրեղլեցի Եորկի Սորմազօղլու Ալեքօ, քուրուճաշիլեցի Տեմէեանօղլու Փերիկլի եւ այլք: Քարտաշներ` սարֆանպոլուեցի Իսթաւրի, սաֆրանպոլուլեցի Իսփիրօ եւ այլք: Վարսաւիր` դեւրեկցի Թաթէոսի որդիներից` Թագւուր: Նպարավաճառներ` քուրճաշիլեցի Եուինտիօղլու Եամանտի, սաֆրանպոլուեցի Թելլիօղլուներից` Եորկիօղլու Եորտան, չայճումայեցի Թելլիօղլուներից` Եորտանօղլու Պոտոս: Երաժիշտ` բարթընցի Կարապետ Արագիլ: Պանդոկապետ` Դեւրեկցի Մանուկի որդի Արթին: Սրճագործութեամբ զբաղուող` սաֆրանպոլուեցի Փոնազօղլուներից Եորտանի որդի Վասիլ:

Ժամագործ` դեւրեկցի Քէշիշօղուլներից` Յակոբի որդի Պետրոս:

Հացթուխ` քուճաշիլեցի Պարաշքոօղլու Տիմիթրի: Բարթընում ձու վաճառող` Տիմիթրի Թիլքիօղլու եւ այլք:

Եթէ ուշադրութիւն դարձնենք, ապա կը նկատենք, որ այդ անունները Զոնկուլտաքի եւ շրջակայ գաւառների բնակելի տարածքների անուններից են: 1892 թ. շրջանի անտառների գլխաւոր տեսուչ է եղել Կարապետ Քերեսթեճեանը, 1910 թ. Զոնկուլտաքի շրջանի ղեկավարը` Նիքոլաքին: 1916 թ. յուլիսի 3-ին Զոնկուլտաքի Առեւտրի եւ արդիւնաբերութեան պալատի ղեկավար մարմինի թեկնածուներ են եղել` Հըրիսթօ Ֆիտիսը, Հոճա Իսթեֆանը, Թոմա Ֆոթեատիսը, Օհաննէս Հազարապետեանը, Պոյաճըօղլու Անեսթին, Պոտոս Անթոմիլիտիսը, Հրանդ Փանոսեանը:

Քասթամոնուում լոյս տեսնող «Աչըքսէօզ» թերթի 1920 թ. դեկտեմբերի 27-ի համարում` «Զոնկուլտաքի քրիստոնեայ/յոյն համայնքից 99 տուն բնակչութիւն Զոնկուլտաքից հեռացուել է թուրք իրաւասուների միջոցով» վերնագրով լուր կայ: 1921 թ. Զոնկուլտաքում փաստաբաններ են եղել` Էֆթիմ Եորկիատիսը, սաֆրանպոլուլուեցի Վասիլաքին, Սաֆրանպոլուլու Հըրիսթոն, Տայըօղլու Վասիլաքին: Ահա ածխահանքերում աշխատող բանուորներից ոմանք` Արապսոնլու Եորկի Վելեթ Ափուսթոլ, Աքսաքալօղլու Քլովլու Վելեթ Տիմիթրի, Փաւլիի որդիներից` Փորիկաօղլու Նիքոլա, էրեղլեցի Քիրեմիտճիօղուլներից` Հըրիսթոօղլու Փանայոթ եւ այլք:

Չաթալաղզը-Տողանճըլար գիւղում 1896 թ. ծնուած Եագուպ Թորամանի` 1945 թ. գրող Թեքինի հետ արուած ու «Տողու» թերթի 1945թ. 27-28 համարի 47-րդ էջում հրապարակուած զրոյցում Նազըմ Թեքինն իր հետ պատահած մի դէպք է պատմում, որն առնչւում էր շրջանի քրիստոնեայ համայնքին. «1913-14 թթ. Մատենում` Քըրաթից (Զոնկուլտաք քաղաքի սահմաններում գտնուող մի բնակավայր) դէպի Տամարլը (Քարատոնի գերեզմանոցի ու Կելիք ասֆալթէ ճանապարհի մօտակայքում) գնացող երկու ճանապարհների սկզբնամասում անամօթները փորձում էին բռնաբարել Քեսենեճի Եարկոպլուսի փոքր քրոջը` Անասթասիային: Պատահաբար ես էլ էի այնտեղով անցնում: Երիտասարդ էի, ուժեղ էի, նրանց դէմ դուրս եկայ, ծեծկռտուք սկսուեց, նրանք փախան: Ես էլ նրանց ձեռքից փրկեցի Անասթասիային»: Զոնկուլտաքում ու շրջակայքում յոյն, հայ քրիստոնեայ համայնքին պատկանող դպրոցնէր, եկեղեցի-այազմաներ, գերեզմանոցներ կային: 1920 թ. Զոնկուլտաքում առաջին անգամ «Օսմանեան կայսրութեան կազմաւորման տարեդարձը նշելիս» քրիստոնեայ յոյն ու հայ համայնքի անդամներն ու քահանաները` շատ գեղեցիկ հագնուած յոյն ու հայ աղջիկների դպրոցի աշակերտուհիների ու ուսուցիչների, տնօրէնների հետ միասին շքախմբի ամենաառաջին շարքերում` իրենց ուսուցիչների կողքին քայլում էին: 1921 թ. յունիսի 21-ին էլ Պարթընում բնակուող յոյն համայնքը տեղափոխուել է աւելի ներքին շրջան` Սաֆրանպոլու: 1921 թ. դեկտեմբերի 29-ին Զոնկուլտաքի եպիսկոպոս Գերմանոսը թերթերին հաղորդել է. «Աղօթում ենք մեր հայրենիքի փրկութեան համար»: Դեւրեքի բնակչութեան գրանցամատեաններում տեղ գտած մի տեղեկութեան համաձայն, «Հայերի եւ յոյների վերաբերեալ ներքին գործերի` (ներքին գործերի նախարարութիւն) փետրուարի 2-ի 1340 (1924)-159/4010, Զոնկուլտաքի նահանգապետարանի 1340 թ. եւ 556/172 համարով տրուած հրամանով մեր գաւառի (Դեւրեք) բնակչութիւնը նուազեցուել է. այս մասին գրուած է Օմուր Չելիքտոնմեզի «Դեւրեքի պատմութիւն» աշխատութեան 163-րդ էջում»:

Հարկադիր աքսոր-տեղահանութեան ենթարկուելու վախից իսլամ ընդունած հայերի համար էլ գրքում մի էջ կայ` «Դեւրեքի Ռեշատիյէ թաղամաս» անունով: Դեւրեքի բնակչութեան գրանցամատեաններում 1321 (1905) տարեթուով գրանցումների համաձայն, Ռեշատիյէ փողոցում գրանցուած, ապա իսլամ ընդունած հայերի մի մասի անուններն են` Իհսանիյէ օղլու Ահմեթ Սերի (նախկին անունը` Քէշիշօղլու Մալգուն), Հուտավերտիօղլու Մեհմեթ Զեքի (նախկին անունը` Հաճը Զերա), Հուտավերտիօղլու Ապտուլահ Շիւքրու (նախկին անունը` Թեմաքօղլու Միհրան), Թերզիօղլու Եագուպ (նախկին անունը` Հաճը Անթերիկ), Տաւութօղլու Քատիր Ճեմալ (նախկին անունը` Թերզիօղլու Թակուրի) եւ այլք: 1923 թ. յուլիսի 23-ին Զոնկուլտաքի շրջանից ու շրջակայ գիւղերից եկած հարիւրաւոր քրիստոնեաներ Զոնկուլտաքի նաւամատոյցից նաւեր են նստեցուել եւ ուղարկուել դէպի Յունաստան եւ այլ երկրներ: Պատմաբան-հետազօտող, գրող Օմիւր Չելիքտէօնմեզը Զոնկուլտաքի պատմութեան տեսակէտից շատ կարեւոր համարուող իր «Դեւրեքի պատմութիւնը» վերնագրով աշխատութեան 158-րդ էջից սկսուող «Դեւրեքի հայերը» բաժնում գրում է. «Հաթիփլեր գիւղից Մեհմեթ Տերինը մանկութեան տարիներին մօր հետ ձու եւ եողուրթ վաճառելու համար Դեւրեքի շուկայ է գնացել ու այնտեղ հայերի տեսել: Հայ կանայք թուրք կանանցից տարբերւում էին միայն նրանով, որ հայ կանանց գլուխները բաց էին»:

1926 թ. Անգարայից եկող հրամանով եւ փոքրամասնութիւնների տեղահանութիւնը նախատեսող «Ընդհանուր հաւասարակշռութեան օրէնք»-ի (Muvazene-i Umumiye Kanunu) համաձայն, Դեւրեքում բնակուող հայերին երեք օր ժամանակ է տրուել: Երբ հայերը հասկացել են, որ իրենց գնալն այլեւս անխուսափելի է, վաճառքի են հանել իրենց անշարժ գոյքը: Գոյքի մեծ մասը շատ էժան գնով են վաճառել: Այդ օրերի ականատես վկաներից դեւրեքցի Ալի Աքայան ասում է. «Հայերը անձրեւոտ մի օր, երեխաների լացի ձայների ուղեկցութեամբ, Դեւերքից հեռացան, նրանց մի մասը Զոնկուլտաքից, մի մասն էլ Էրեղլիից նաւ նստեց ու գնաց Պոլիս»: «Չայճումայի պատմութիւն» աշխատութեան հեղինակ Հասան Աթամանը Չայճումայի պատմութիւնը բանաւոր ներկայացնող Մուսթաֆա Զերենի հետ 1992 թ. արած եւ իր գրքում զետեղած հարցազրոյցում Չայճումայի յոյն բնակչութեան մասին գրում է.

«Չայճումայի քահանայի աղջիկը թուրք-մուսուլման մի երիտասարդի հետ փախաւ: Այդ դէպքը Չայճումայում մեծ ազդեցութիւն ունեցաւ: Այդ ժամանակ յոյները պատրաստւում էին հեռանալ Չայճումայից: Այն երիտասարդը, ում հետ փախել էր աղջիկը եւ ում ազգանունը հիմա «Կիրկին» է, քաղցրաւենքի խանութ ունեցող եւ ձուի առեւտրով զբաղուող Հոճաօղլուներից Տերվիշ Օմերի մեծ որդին` Ճելալէտտինն էր: Հետագայում աղջիկն իր ցանկութեամբ իսլամ ընդունեց, ու անունը «Հուսնիյէ» դրեցին: Մինչ յոյների այդտեղից գնալը` ճոխ մի հարսանիք կազմակերպուեց: Տիկին Հուսնիյէն ու երեխաները հետագայում Պոլիս տեղափոխուեցին: 1989 թ. տիկին Հուսնիյէն Չայճումա եկաւ, ինձ գտաւ: Պոլսում իր երեխաները ձուլարան ունէին: Այդ գիշեր նա մնաց մանկութեան ընկերոջ` Հիւսնու Քիւքթիւրքի մօր տանը: Այդտեղից Պոլիս գնացած հայ երկու ընտանիքներից մէկը` Էմինեոնիւում «Ոսկէ մսագործ» անունով մի աշխատատեղ բացեց:

Իսկ միւսը` Օսիկեան անունով, Օրթաքէօյում է մսագործութեամբ զբաղւում: Տարիներ անց, նրանցից մէկի հետ զրոյցի ժամանակ, նա ինձ ասաց. «Միշտ ցանկանում ենք Չայճումա գալ, կարօտում ենք: Ծնողներ չունենք, սպաննեցին: Ես Չայճումայում եմ ծնուել ու մեծացել»:

Հարիւրաւոր տարիներ այդ հողերի վրայ ապրած հազարաւոր մարդիկ իրենց հետ միասին տարել են նաեւ տխուր-ուրախ յիշողութիւնները: Հիմա որտե՞ղ են այդ մարդկանց երեխաները, թոռները:

http://www.pusulagazetesi.com.tr/arsiv_28039/zonguldak-taki-ermeni-ve-rum-komsularimiza-ne-oldu-iste-yaniti/

«Ակունք»

www.aztagdaily.com/archives/380504

210 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*