Հարցազրոյց «Մենք վաղուց պէտք է Կասպից ծովի ափին լինէինք՝ բարեկամ թալիշների դրացիութեամբ»

ՀարցազրոյցՊարոն Մովսիսեանի հետ:

-Պարոն Մովսիսեան, յաճա՞խ է եղել մեր պատմութեան մէջ, երբ յաղթել ենք ռազմի դաշտում, բայց պարտուել ենք դիւանագիտական սեղանի առջեւ:

– Ընդհանրապէս ամբողջ աշխարհի պատմութեան մէջ բաւականին շատ են դէպքերը, երբ պատերազմ մղելուց յետոյ դիւանագիտական սեղանի շուրջ արդիւնքը չի լինում ռազմաճակատային գիծը: Եւ դա բնական է: Որովհետեւ, ի վերջոյ, ցանկացած պատերազմից յետոյ հաշտութեան բանակցութիւններ են տեղի ունենում, լինում են զիջումներ և փոխզիջումներ:

-Մեր այսօրուայ իրողութիւնների համատեքստո՞ւմ ինչպէս մեկնաբանենք ձեր տեսակէտը:

– Ամէն երեւոյթ պէտք է նայել իր համատեքստում: Մեր դէպքում, դեռեւս կը յիշէք, երբ 1993–94 թուականներին յաղթականօրէն առաջ էինք գնում, այն միտքն էր շրջանառւում, որ մենք աւելին պէտք է գրաւենք, որպէսզի բանակցութիւնների ժամանակ փոխզիջման համար ինչ–որ բան ունենանք: Այսօր շատ տխուր է, երբ մարդիկ զիջման մասին են մտածում: Այն է` ազատագրուած տարածքներ` կարգավիճակի դիմաց, կամ` խաղաղութեան դիմաց:

Բայց վերջին հաշուով շատ աւելի լուրջ պէտք է նայել հարցին`ազատագրուած տարածքներում զոհուած մեր մարտիկների արիւնը ջուր չէր, որ հենց այնպէս զիջես: Պէտք է մտածել ծանրակշիռ փոխզիջման մասին և ոչ թէ զիջումների: Ընդ որում, եթէ փոխզիջմամբ ձեռք բերուած համաձայնութիւնը շատ կարեւոր արժէք է ունենալու երկրի և ազգային շահերի տեսանկիւնից:

Այնպէս որ, ոչ թէ յախուռն ձեւով` «ազատագրուած տարածքները` կարգավիճակի դիմաց» սկզբունքով շարժուենք, այլ շատ աւելի սթափ ու շատ աւելի կշռադատուած մօտեցում ցուցաբերենք: Ի վերջոյ, մենք այսօր յաղթող կողմ ենք:

Բազմաթիւ դէպքեր են եղել, երբ ատրպէյճանցիների հետ տարբեր քննարկումների ժամանակ նրանց հարց ենք տուել` մեր տեղը լինէի՞ք` ի՞նչ կ’անէիք: Միանշանակօրէն պատասխանել են` մենք չէինք բանակցի, որովհետեւ մենք յաղթող կը լինէինք:

Ուստի անհասկանալի է այլ մօտեցումը մեր պատասխանատուների կողմից: Ընդ որում, ես այն չեմ ուզում կապել ոչ Լեւոն Տէր–Պետրոսեանի, ոչ ՀՀՇ–ի հետ: Նաեւ չեմ ցանկանայ, որ ինքս այս ելոյթները հանրայնացնող լինեմ: Ուղղակի, ազգային շահերի գիտակցութիւնից ելնելով, յստակ մօտեցում պէտք է ունենանք` մենք ինչի՞ ենք հասել, ո՞ր պահին և ո՞ր հարցում պէտք է անզիջում լինենք և ո՞ր պահին պէտք է մտնենք բանակցութիւնների մէջ և փորձենք գալ ընդհանուր յայտարարի:

-Այսպէս է նաեւ հարցը դրւում` մասը տանք ամբողջը պահելու համար: Այս թէզն իր մէջ պարտուողականութի՞ւն է պարունակում: Կամ գուցէ մենք այնքան ենք թուլացել այս տարիների ընթացքում, որ հասել ենք այս կէտին:

– Ես չէի ուզենա գնահատականներ տալ, որովհետեւ դրա համար պէտք է լիակատար ինֆորմացիա ունենալ: Բայց նման ինֆորմացիա կարող են ունենալ մարդիկ, ովքեր ի պաշտօնէ դրանց տիրապետում են: Բնականաբար, միշտ լինում է ինչ–որ բան, որ չի ասւում հասարակ քաղաքացուն, այն մնում է ղեկավար շրջանակների սեփականութիւն որպէս: Ես ինքս էլ հասարակ քաղաքացու կարգավիճակում եմ, և իմ տեղեկութիւնները լրատուամիջոցներից եմ քաղում:

Իսկ եթէ կոնկրետացնենք և անդրադառնանք «մասը` ամբողջի փոխարէն» սկզբունքին, ապա նախ պէտք է հարցին նայել ընդգրկուն հայեացքով` ո՞ր մասն ես տալիս և ի՞նչն ես փրկում: Նաեւ յաջորդ հարցին պատասխանես`արդեօ՞ք տուեալ դէպքում փրկելու խնդիր մենք ունենք:

-Իսկ աշխարհաքաղաքական կենտրոնների, աշխարհի մեծ խաղացողների դերակատարութիւնն իրօ՞ք մեծ է այս հարցի լուծման գործում:

– Կանոնիկ մի բան կարելի է ասել. միշտ էլ աշխարհի խաղացողները կարեւոր դերակատարութիւն ուենցել են փոքրերի կոնֆլիկտների հարցում: Սակայն դրա հետ միասին միշտ էլ վճռորոշ է եղել փոքր երկրների դիրքորոշումը: Եթէ քո ազգային ազատագրական պայքարում մինչեւ վերջ պինդ կանգնում ես, կարող ես, հակառակ մեծ խաղացողների կամքի, յաղթանակ գրանցես:

Փայլուն օրինակը Լեռնահայաստանի պայքարն էր Նժդեհի գլխաւորութեամբ: Երբ կարծես արդէն ամէն ինչ հակահայկական մակարդակով լուծուած էր. Անտանտը յետ էր քաշուել մեր տարածաշրջանից, բոլշեւիկեան Ռուսաստանը քեմալական Թուրքիայի և բոլշեւիկեան Ատրպէյճանի հետ որոշել էին Հայաստանից բան չթողնել, այս պայմաններում Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանի պայքարը ցոյց տուեց, որ այնքան էլ այդպէս չէր: Այդպէս չէր, որ եթէ մեծ տէրութիւնները որոշել են, ուրեմն մենք ոչինչ չէինք կարող անել: Շատ կարեւոր է հողի վրայ ապրողի վճռականութիւնը:

Պատմութեան մէջ այդպիսի օրինակներ շատ կան, երբ գերտէրութիւնները փորձել են հասնել մի բանի, բայց իր ազգային ազատագրական պայքարով փոքր ժողովուրդը հակառակ է գնացել նրան և յաղթող դուրս եկել վերջնարդիւնքում:

-Այսինքն` ժողովրդի ոգին կարեւոր է և կարող է որոշիչ լինել:

– Ե՛ւ ոգին, եւ՛ պոտենցիալը: Ցաւօք սրտի, մենք մեր ողջ պոտենցիալը դեռեւս չենք օգտագործել 1990–ականներից այս կողմ: Մեր մտաւոր պոտենցիալը, նաև` դրսում եղած պոտենցիալը: Մեր իշխանաւորները այլ բանով են զբաղուած եղել աւելի շատ: Լեւոն Տէր–Պետրոսեանի ժամանակներից սկսած մինչեւ յաջորդ երկու նախագահները: Ազգային ուժերի համախմբում չի եղել: Մինչդեռ մենք շատ վաղուց պէտք է Կասպից ծովի ափին լինէինք՝ բարեկամ թալիշների դրացիութեամբ: Հայաստանում և Հայաստանից դուրս մեր ունեցած ողջ պոտենցիալը գուրծադրելու պարագայում Կուր գետը պէտք է լինէր մեր հիւսիս–արեւելեան սահմանը: Եւ վաղուց այս հարցը պէտք է փակուած լինէր:

Բայց մեզ մօտ այլ վեկտորներով են ուղղորդւում: Մեր պոտենցիալը ցաք ու ցրիւ է լինում աշխարհով մէկ: Իշխանութիւնը ծառայում է ոչ թէ ազգային, այլ անհատական պատեհապաշտական նպատակների համար: Եւ այսպէս` սկսած առաջին իշխանութիւնից, ովքեր այսօր օպոզիցիա են խաղում…

Գոհար Սարդարեան
Աղբիւր՝ nyut.am

www.azadkhosk.com/hartsazerouyts7601.html

478 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*