Գյումրիի ու Հայաստանի ապագան ոչ թե սպանված կնոջ բարեկամների մտածողությունն է որոշելու, այլ՝ նոր աճող երիտասարդության

Մեր զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

Գյումրիի ու Հայաստանի ապագան ոչ թե սպանված կնոջ բարեկամների մտածողությունն է որոշելու, այլ՝ նոր աճող երիտասարդության

13.03.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

Պարոն Թադևոսյան, Գյումրիում 43-ամյա կնոջ դաժան սպանությունից հետո հասարակական արձագանքը կարծես հանրության մեջ առկա մտածողության, մենթալիտետի տարբեր շերտեր վեր հանեց։ Անգամ հարազատները չմասնակցեցին հուղարկավորեցին։ Ինչո՞վ է սա բացատրվում, մենք ունենք քաղաքակրթական, մշակութային խնդի՞ր և ինչպես պետք է վերափոխել հասարակությանը։ Անգամ ԱԺ պատգամավորներ ու Հանրային խորհրդի անդամներ պարսավանքի ենթարկեցին մահացած կնոջը, ընդհուպ մինչև անբարոյական համարեցին նրան։

Նախ՝ ցավալի է նկատել, որ այդ պատգամավորն ինքն էլ գյումրեցի է և կին։ Բայց, դա նաև խոսում է այն մասին, որ այդ պատգամավորն արտահայտում է Գյումրիի պահպանողական միջավայրի այն հատվածի կարծրատիպային մտածողությունը, որին բնորոշ են բարոյականության աղավաղված այնպիսի ընկալումներ, համաձայն որոնց բարոյականությունը հանգեցվում է կնոջ սեռական կյանքի իրավունքի դատապարտմանը և այդ համատեքստում կնոջ հանդեպ կիրառվող ցանկացած բռնության արդարացմանը:

Ընդ որում, դա ոչ միայն Գյումրիում, այլ՝ ընդհանրապես մեր հասարակության, այսպես կոչված, պահպանողական հատվածին բնորոշ մտածողություն և արժեհամակարգ է։ Նման կարծրատիպային մտածողության հիմքում ընկած է կանանց սեռականության և ինքնուրույն սեռական կյանք վարելու իրավունքը բացառելու, դատապարտելու և դրա հանդեպ որպես պատժամիջոց բռնություն գործադրելը արդարացնող սովորութային նորմը:

Տեսեք, թե ինչպես այս ողբերգական իրողության շուրջ սոցիալական ցանցերում և դրանցից դուրս ծավալված հասարակական քննարկումներում, այդ պահպանողական կոչվող հատվածը բացեիբաց կամ իբր թե բարոյական տարբեր ակնարկների ու դատողությունների միջոցով վերջին հաշվով մեղավոր էր համարում հենց իրեն՝ զոհին՝ դաժանաբար սպանված կնոջը, խնդրականացնելով կնոջ ազատ սեռական կյանքով ապրելու և իր զուգընկեր տղամարդուց տարիքով ավելի մեծ լինելու հանգամանքը:

Եվ սա նշածս սովորութային նորմերով ու կարծրատիպերով մտածող ու ապրող հատվածի համար այնքան հիմնարար է, որ նրանք ուղղակի կամ քողարկված ձևով արդարացնում են սպանությունը:

Դա համարել են հիմնական պատճառ, որ այդ կնոջը համարեն «անբարոյական»: Իսկ ըստ իրենց արժեքային չափանիշների, անբարոյական կնոջը կարելի է ամեն ինչ անել և նույնիսկ սպանել:

Հետաքրքիր է, որ եթե հասարակության այդ հատվածի համար դատապարտելի է սեռական կյանքի արգելքների խախտումը, ապա նրանք չեն դատապարտում տղամարդուն ազատ սեռական վարքագիծ վարելու և այդ տրամաբանության մեջ նաև իրենից մեծ կնոջ հետ սեռական կյանքով ապրելու համար, այլ՝ միակողմանորեն դատապարտում են կնոջը, որովհետև ըստ այդ արժեհամակարգի՝ տղամարդուն ամեն ինչ կարելի է:

Ի դեպ, կնոջ սեռականության ծայրահեղ տաբուացումը և տղամարդու վերահսկողությանը ենթարկել միայն հայաստանյան պահպանողական հատվածին բնորոշ երևույթ չէ և դրա շատ ավելի ծայրահեղ ձևերի կարելի է հանդիպել նաև պահպանողական և դոգմատիկ արժեքներով ապրող տարբեր ժողովուրդների մեջ:

Մեզ հարևան, հատկապես մահմեդական որոշ ժողովուրդների միջավայրում շատ գործուն են այսպես կոչված «ադաթները»՝ չգրված սովորութային օրենքներ, ըստ որոնց սեռական տաբուն խախտած կնոջը սպանելը նույնիսկ պարտավորություն է համարվում նրա արյունակից տղամարդկանց համար։

Դա տղամարդու պատվի կոդեքսի մի մաս է։ Եվ այն, որ մեր հասարակությունում գտնվում են բավական զգալի թվով մարդիկ, ովքեր կատարվածում դատապարտում են զոհին, նրանք հենց տղամարդու պատվի կոդեքսի նշածս ադաթի համատեքստում են մտածում, որոշները բացեիբաց, որոշները ինչ-ինչ բարոյախրատական դատողությունների քողարկման ներքո:

Նման «բարոյականությունը» ինքնին խորապես անբարոյական է, որովհետև սեռական տաբուն և հանուն տղամարդու պատվի կոդեքսի մասին քարանձավային ժամանակաշրջանից պահպանված ընկալումների մարդասպանության արդարացումը բարոյական լրջագույն պրոբլեմների ու բարոյականության մասին պատկերացումների այլասերվածության մասին է խոսում: Սա է մեր այսօրվա հասարակության պահպանողական հատվածի մի զգալի մասի իրական ու զավեշտալի պատկերը։

Դրա համար էլ այդ կնոջ բարեկամները չեն գնացել նրա հուղարկավորությանը։ Եվ շատերի բարեկամները չէին գնա, եթե իրենց մեջ նման կին լիներ։ Նույնիսկ ընդդեմ այդ անմարդկային բռնության բարձրացված հասարակական բողոքի հսկայական հնչեղությունը իրենց համար ազդեցիկ չեղավ, որ իրենք հաղթահարեն իրենց գլխում կարծրացած այդ անբարոյական «բարոյականության» նորմը։

Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս կարելի է այս անբարոյական «բարոյականությունը» հաղթահարել: Իմ կարծիքով, դրա հիմնական ձևը մեր հասարակության բարոյական ընկալումների արդիականացումն է և մարդուն որպես հիմնարար արժեք հռչակելը:

Մեր հասարակության զգալի մասը կազմող պահպանողական հատվածի համար հիմնարար արժեք է համարվում ազգարյունակցական խումբը, և այդ խմբային համակեցության հիմքում ընկած նորմերը մեկնաբանվում են որպես առաջնային արժեքներ: Ըստ այս խմբակենտրոն արժեքային ընկալումների, մնացած ամեն ինչ, այդ թվում և մարդը ածանցված են որպես արժեք մեկնաբանվող խմբային նորմերի պահպանմանն ու վերարտադրությանը:

Սա նորից եմ կրկնում, բառիս բուն իմաստով քարանձավային շրջանին բնորոշ մարդու մտածողություն է: Լինելով մշակութային մարդաբան՝ ես շատ լավ գիտեմ մեր հասարակության որ հատվածն ինչ պատկերացումներ ու նորմեր ունի։ Բայց հարցն այն է, որ մարդկությունը զարգացել է, և այդ զարգացման ընթացքում մարդը հայտնվել է բոլոր մնացած արժեքների առանցքում:

Բարոյականության տեսանկյունից նույնպես մարդու կյանքը և դրա պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունեն: Ցանկացած օրենք, նորմ և հանրային այլ կարգի երևույթ, որը կարող է արդարացնել մարդու կյանքի և ազատ ինքնաիրականացվելու հանդեպ որևէ ոտնձգություն, ինքնին անբարոյական է:

Այս առումով, բարոյականության այն ընկալումները, որոնք կարող են արդարացնել բռնությունը, առավել ևս սպանությունը, ինքնին խորապես անբարոյական են և խոսում են մեր հասարակության պահպանողական հատվածի մեջ տարածված «բարոյականության» ընկալումների այլասերվածության ու քարանձավային մակարդակի մասին: Դրանք անբարոյական են մարդկային բարձրագույն արժեքների տեսանկյունից։ Այս առումով մեր հասարակությունը բարոյականության լուրջ ճգնաժամի մեջ է։

Բանը հասել է այնտեղ, որ ազգային արժեքների անվան տակ թաքնվող որոշ խմբեր փողոցում բացահայտ պաշտպանում են բռնությունը և ատելության խոսքի քարոզ են իրականացնում։ Ցավալին այն է, որ իրենց «բարոյական» քարոզի անբարոյականությունը իրենց համար գիտակցելի չէ։ Մենք հնարավորինս շուտ և հնարավորինս կտրուկ ձևերով պետք է հաղթահարենք այս արատավոր իրավիճակը:

Մեր զրուցակիցն է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։

Սա պետական կարևորության, ազգային կարևորության խնդիր է։ Սա մի քանի հարթության խնդիր է և առաջին հերթին իրավական ու կրթամշակութային: Իրավական այն տեսանկյունից, որ մեզանում շատ թույլ են գործում առօրյա իրավիճակներում բռնությունն ու ատելության խոսքը դատապարտող իրավական մեխանիզմները:

Մյուս կողմից, սա կրթամշակութային խնդիր է հենց իրավապահների համար, քանի որ իրավական համակարգում զգալի թիվ են կազմում հենց պատրիարխալ արժեհամակարգ կրող տղամարդիկ, ովքեր նման իրավիճակներում, հոգու խորքում արդարացնում են բռնություն գործադրող տղամարդկանց, ավելի տուրք տալով սովորութային նորմին ու ադաթին, քան օրենքին ու խնդրի իրավական կարգավորման մեխանիզմներին:

Կրթամշակութային տեսանկյունից, առաջին հերթին, սա կրթական ու դաստիարակչական խնդիր է: Եթե պարզ խոսենք, սա մեր հասարակության լուսավորման ու խավարամտության հաղթահարման խնդիր է: Սա նաև լրատվամիջոցների և հանրային մակարդակով հնչեցվող խոսքի խնդիր է։ Մենք գործ ունենք մեր հասարակության ընդհանուր զարգացվածության ցածրագույն մակարդակի հիմնախնդրի հետ։

Հատկապես տղամարդկային միջավայրերում գերիշխող, իրար միաձուլված պատրիարխալ ու գողական նորմերն ու հասկացությունները դարձել են մեր հասարակության գլխին չարիք։ Այդ չարիքը հաղթահարելու ձևը կրթությունն ու լուսավորությունն է: Մեկ այլ կարևոր բան էլ լայնածավալ քաղաքացիական կրթության և իրավական գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված դասընթացներն են հասարակության բոլոր սեռատարիքային ու սոցիալ-մասնագիտական խմբերի միջավայրում:

Դրանք այսօր շատ էպիզոդիկ բնույթ են կրում, և անհրաժեշտություն կա պետական մոտեցման որդեգրման ու պետականորեն խրախուսման։ Նորից եմ ուզում կրկնել, մեր հասարակությունը ընդհանուր զարգացվածության և համամարդկային արժեքների հենքի վրա կառուցվող բարոյականության ընկալումների կարիք ունի։ Նաև մարդուն արժևորելու ու գնահատելու կարիք ունի։

Անհատի ազատությունը, մարդկանց հավասարությունը և մարդու իրավունքի կարևորումը այսօր մեր հասարակության զարգացման առանցքային խնդիրներն են։ Մեզանում մարդու իրավունքը արժեք չէ, և դա գալիս է նրանից, որ ցանկացած մեկը կարող է ինքն իր պատկերացումներով, հիմնականում հենվելով պատրիարխալ ու գողական հասկացությունների վրա, որոշի՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, և հաշվեհարդար տեսնի մեկ ուրիշ մարդու հետ, որովհետև իրավունքն այս դեպքում հարաբերություններ կարգավորող երևույթ չի համարվում: Եվ գլխավոր պրոբլեմն այն է, որ դա այդպես չէ, առաջին հերթին, մարդկանց գլուխներում:

Իշխանության ներկայացուցիչները մասնակցեցին կնոջ հուղարկավորությանը։ Այդ քայլով նրանք ինչ-որ բա՞ն են ցույց տալիս հասարակությանը։

Այս ողբերգական իրավիճակի մռայլության մեջ դա իհարկե կարևոր է: Դրանով գոնե ինչ-որ առումով ցույց է տրվում, որ բռնությունը դատապարտելի երևույթ է: Դրանով նաև ցուցադրվեց իշխանության մոտեցումը, ինչ որ տեղ ի ցույց դնելով այն, որ իշխանությունում չեն կիսում գյումրեցի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի այն դիրքորոշումը, որով նա, ըստ էության, կատարվածում փորձում էր մեղադրել նաև զոհին։

Իմ կարծիքով, կարևոր է նաև այն, որ Գյումրիում, որը հայտնի է որպես պահպանողական ավանդույթներով աչքի ընկնող քաղաք, հատկապես երիտասարդության ու պատանեկության մեջ կան նոր ձևով մտածող մարդիկ, ովքեր թույլ են տալիս ասել, որ Գյումրիի ու Հայաստանի ապագան ոչ թե սպանված կնոջ բարեկամների մտածողությունն է որոշելու, այլ՝ նոր աճող երիտասարդության։

www.lragir.am/2020/03/13/526673/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail