Թե ինչպես հայ լրագրողը Մուշում բացահայտեց իր 200-ամյա ազգակցական կապը

07.02.2017 – Անի Գասպարյան – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:

Նաիրի Հոխիկյանը լրագրող է, այն լրագրողներից, որոնք ոչ միայն իրենց գործի գիտակն են, այլև հստակ նպատակ ու գաղափարախոսություն ունեն և մասնագիտությունը ծառայեցնում են սեփական երկրին ու ժողովրդին:

2010 թ. ի վեր նա հեղինակել է 6 ֆիլմ, որոնք ներկայացնում են Արևմտյան Հայաստանի «ծպտյալ հայերի» կամ, ինչպես ինքն է ասում, ինքնությանը վերադարձած, ինքնությունը պահպանող հայերի կյանքը: «Վերադարձի ժամանակը» ֆիլմաշարի նպատակը, հեղինակի խոսքով, իրականությանը վերադառնալն է, գործած սխալները հասկանալը և սեփական արժեքները, կորուստներն ու ձեռքբերումները վերագնահատելը:

Իսկ թե ինչ հրաշք է տեղի ունեցել ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ հենց իր` Նաիրի Հոխիկյանի կյանքում, գուցե ֆանտաստիկ թվա, բայց իրական պատմություն է:

«2014 թվականն էր: Ավելի քան 5000 կմ շրջել էի Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում, հանդիպել բազմաթիվ հայերի հետ: Մուշ քաղաքում ուշ երեկոյան հանդիպեցի մի խումբ էթնիկ հայերի, որոնց մեջ կար նաև մի քուրդ տղամարդ: Իսմայիլ անունով այդ մարդն ասաց, որ իր կինն է հայ, 1984-ից փնտրում են նրա ազգականներին, որոնց նախնիները, հնարավոր է, փրկվել են Ցեղասպանության տարիներին»,- պատմում է Նաիրին:

Հաջորդ օրը միասին գնում են Իսմայիլի տուն: Նաիրին միանգամից նկատում է, որ Իսմայիլի կինը` 50-ամյա Սուսլին, նման չէ ո՛չ թուրքի, ո՛չ քրդի, հայի արտաքին ունի: Խոսելու ընթացքում էլ թուրքերենի մեջ մի քանի անգամ օգտագործում է «բոյիդ մեռնիմ» արտահայտությունը: «Իմ հարցին պատասխանեց, թե դա լսել է իր հայուհի տատից, չգիտի բացատրությունը, գիտի միայն, որ դրական իմաստ ունի, հարազատներն են իրար այդպես դիմում»:

Քիչ անց սենյակ է մտնում Սուսլիի 20-ամյա դուստրը, և Նաիրին այնքան է նրան նմանեցնում իր զարմուհուն, որ քիչ է մնում` հենց նրա անունով դիմի աղջկան: Սուսլին էլ արձագանքում է, թե Նաիրին էլ շատ նման է իր որդուն, որն այդ ժամանակ Ստամբուլում էր:

Սակայն դա ընդամենը առաջին տպավորություն էր, որին ոչ ոք լուրջ ընթացք չէր տա, եթե Սուսլին չպատմեր իր նախնիների պատմությունը: «Սուսլիի հարազատները Ցեղասպանության զոհ են դարձել: Բինգյոլի Կնծու գյուղում բոլորին ողջ-ողջ այրել են սեփական տների մեջ: Ողջ է մնացել միայն հայրական կողմի պապը, որն այդ ժամանակ երջանիկ պատահականությամբ գտնվել է Ստամբուլում և թաքնվելով նկուղներում` կարողացել է փրկվել, իսկ ամիսներ անց, երբ վերադարձել է հայրենի գյուղ, գտել է միայն ավերակներ, նույնիսկ ընտանիքի անդամների դիակները չի տեսել: Ամուսնացել է նույնպիսի պատահականությամբ փրկված հայուհու հետ, քրդի անվան տակ ապրել Մուշում: Ծնվել է որդին, հետո՝ Սուսլին և նրա եղբայրները, քույրերը»:

Սուսլիի քուրդ ամուսինը խոստովանում է, որ միշտ հոգու պարտքն է համարել օգնել կնոջը՝ գտնելու ազգականներին, գուցե դրանով կարողանա փարատել այն վիշտը, որը նաև իր ազգակից քրդերի ձեռքով է հասցվել սիրելի կնոջը:

Հետո Սուսլին պատմում է, որ իր նախնիները Բինգյոլ են գաղթել Ալաշկերտից 1810-ական թվականներին: Նախապապի անունը Ղազար է եղել, որն ունեցել է 3 որդի, իսկ ճանապարհին ծնվել է չորրորդը: Բինգյոլում Ղազարի ընտանիքն ապրել է մինչև 1828 թվականը: Ռուս-պարսկական Թուրքմենչայի պայմանագրից հետո Ղազարը վերցրել է իր որդիներից Հակոբին ու Վարդանին ու գնացել Արևելյան Հայաստան, հաստատվել Ալաշկերտին շատ նման վայրում: Ղազարի երկու ավագ որդիները՝ Մանուկն ու Մարտիրոսը (Մարտոն), մնացել են Բինգյոլում (Սուսլին Մանուկի հետնորդն է):

Ավելի մանրամասն զրույցի ժամանակ Նաիրին հանկարծ մի շարք համընկնումներ է նկատում Սուսլիի ու իր գերդաստանների պատմություններում: «Իմ՝ Հոխիկյանների պատմությունը նույնն է, նույն անունները, նույն թվականները, նույն վայրերը: Ղազարը հաստատվել է ՀՀ Մարտունու շրջանի Լիճք գյուղում, որը բացի նրանից, որ ունի հրաշք բնություն, նաև շատ նման է Ալաշկերտի տարածաշրջանին: Ղազարի որդիների՝ Սուսլիի նշած անունները ևս համընկնում են. ես մեր Ղազարի կրտսեր որդու՝ Հակոբի ճյուղի շարունակությունն եմ: Ստացվում է՝ եթե կա ազգակցական կապ, ապա Սուսլիի և իմ վեցերորդ սերնդի պապերը եղել են հարազատ եղբայրներ, մեկը մնացել է Բինգյոլում, մյուսը եկել է Արևելյան Հայաստան… Մի խոսքով` հուզումնալից հայացքներ, գրկախառնություն, արցունքոտ աչքերով բաժանում»:

7 ամիս անց, երբ Նաիրին կրկին հանդիպում էի Սուսլիի ընտանիքի հետ, որոշում են գենետիկ անալիզ անել, որն էլ վերջնականապես ապացուցում է նրանց արյունակցական կապը: «Անցել է ավելի քան երկու տարի, մենք արդեն մտերիմ ազգականներ ենք»,- ասում է նա:

Այդպիսով, Սուսլիի վաղեմի երազանքն իրականանում է, իսկ Նաիրի Հոխիկյանը կյանքի օրինակով վերահաստատում է իր գործունեության կարևորությունը:

«Մենք՝ հայերս, վերջին տասնամյակում հաճախ ենք գնում Արևմտյան Հայաստան շրջագայության, զբոսաշրջիկի նման նայում ենք Վանա լճին կամ Անիի ավերակներին, հուզվում, բայց չենք տեսնում այդ ավերակների կողքին ապրող մեր հայրենակիցներին, մարդկանց, որոնք ավելի քան մեկ դար գոյատևել ու պահպանել են ազգային ինքնությունը, որպեսզի այսօր դառնան վերազարթոնքի հիմնական երաշխիք,- ասում է լրագրողը ու պատմում, որ երբ գործունեության բերումով ոտք է դրել պատմական հայրենիք ու տեսել այն ողջ ժառանգությունը, որ ստեղծվել է մեր նախապապերի կողմից, ցավ է զգացել, որ չենք կարողացել դա պահել, մեծ մասն էլ խլել են մեզնից:- Գուցե շատերին թվա, որ անարդարացի մեղադրանք եմ հնչեցնում, բայց կարծում եմ, որ եթե XX դարասկզբին հայկական էլիտան լիներ միաբան, տուրք չտար անձնական ամբիցիաներին, ժողովուրդն էլ ռուսի կամ եվրոպացու օգնությանը սպասելու փոխարեն զենք վերցներ, այսօր կունենայինք ոչ թե 44 հազար քկմ, այլ առնվազն 160 հազար: Բայց դա այլ հարց է»:

2010 թ., երբ Նաիրին նոր էր զբաղվում այդ ոլորտի լուսաբանմամբ, մարդիկ պատրաստ չէին հավատալ այդպիսի իրականությանը, ծպտյալ հայերին համարում էին «շուռ տված», որոնք թուրք են դարձել, որոնց չի կարելի հավատալ, վստահել և այլն: Ինչ վերաբերում է փորձագիտական հանրությանը, ապա վերջինս ընդհանրապես չէր ընդունում այդպիսի իրականությունը՝ նշելով, որ ամբողջ Թուրքիայում լավագույն դեպքում 150 հազար հայ կա, որից 120-130 հազարը՝ Ստամբուլում, ծպտյալ հայերն էլ առավելագույնը 10-20 հազար են, որոնք քրդացած, կորած զանգված են:

«Սակայն տարիների աշխատանքը, ֆիլմերը, փաստերն աստիճանաբար որոշ փոփոխություններ մտցրեցին հանրության գիտակցության մեջ, և մարդիկ սկսեցին հետաքրքրվել իրենց արմատներով: Հաճախ զանգում են, հարցնում, թե գուցե իրե՞նք էլ կարող են տեսնել իրենց պապական տունը, գուցե այնտեղ ապրող հայերի մեջ իրենց ազգակա՞ն գտնեն»:

Նաիրին պատմում է, որ այդպես, օրինակ, սասունցի, մշեցի ու դերսիմցի ազգականներ են իրար գտել. «Այնպես որ՝ իմ պատմությունը եզակի ու բացառիկ չէ»,-նշում է նա:

Հայաստանում արդեն վերաբերմունքն այլ է, ավելի դրական է երբեմնի ծպտյալ, իսկ այսօր ազգային ինքնությունը պահպանող հայերի նկատմամբ: «Անգամ պետական մակարդակով կազմակերպվող միջոցառումներին հրավիրվում են նաև Արևմտյան Հայաստանի հայեր, օրինակը վերջին համահայկական խաղերն էին: Արևմտյան Հայաստանի հայերից ոմանք էլ Հայաստանում գործարարությամբ են զբաղվում, և ընդամենը մի քանի օր առաջ վարչապետի մասնակցությամբ հիմք դրվեց սասունցի հայի ոսկու գործարանի շինարարությանը: Փորձագետները ևս ասում են, որ Արևմտյան Հայաստանի հայերը կարևոր գործոն են մեր պետականության համար, և դա ասում են մարդիկ, որոնք 3-4 տարի առաջ ինձ ռոմանտիկ էին համարում»:

Տաբուն հաղթահարված է, կարծրատիպը` կոտրված, և այսօր ինքնությանը վերադարձած հայ երիտասարդներն անգամ պատրաստ են զենք վերցնել հանուն Հայաստանի ու հայի: Դրա վառ ապացույցն այն զանգն էր, որ Նաիրին ստացավ 2016-ի ապրիլի 4-ին: Ֆիքրեթ անունով մի երիտասարդ տղա էր զանգում՝ Արևմտյան Հայաստանի մեր հայրենակից: Ողջույնի ու առաջին մեկ-երկու բառ փոխանակելուց հետո հարցնում է. «Մենք այստեղ 10 հոգի ենք: Իրանո՞վ ավելի մոտ կլինի, թե՞ Վրաստանով»:

Տղաները շտապում էին Արցախ` պաշտպանելու մայր հողը:

ankakh.com/article/60392/%E2%80%8Bthye-inchpyes-hay-lragrvoghe-mushum-batsahaytyets-ir-200-amya-azgaktsakan-kape

748 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*