ՎԱԼԵՐԻ ՊՕՂՈՍԵԱՆ – Ինքնիշխանութեան Այլընտրանքը Խամաճիկութիւնն Է – Ինքնիշխանութեան Այլընտրանքը Խամաճիկութիւնն Է

Ինքնիշխանութեան Այլընտրանքը Խամաճիկութիւնն Է

ՎԱԼԵՐԻ ՊՕՂՈՍԵԱՆ – Ինքնիշխանութեան Այլընտրանքը Խամաճիկութիւնն Է – Ինքնիշխանութեան Այլընտրանքը Խամաճիկութիւնն Է

16 ՄԱՐՏ 2020 – ՕՐՈՒԱՅ ՍԼԱՔ:

ՎԱԼԵՐԻ ՊՕՂՈՍԵԱՆ

Օրերս ինձ չափազանց ուրախացրեց ռուսների դժգոհութիւնը Հայաստանի Հանրապետութիւնից: Այդ դժգոհութեան առիթը Հայաստանի մասնակցութիւնն է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕի զօրավարժութիւններին՝ այն էլ ընդամէնը դիտորդի կարգավիճակով: Այդ դժգոհութիւնը, ըստ ռուս քաղաքական վերլուծաբանների, նշանակում է ռուսներին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրոյն, առանց Ռուսաստանից թոյլտուութիւն ստանալու, որոշում է կայացրել:

Դժբախտաբար, ռուսները հիմք ունեն այդպէս մտածելու, որովհետեւ երկու տասնամեակից աւելի ժամանակահատուածում Հայաստանը, որպէս կանոն, գտնուել է ռուսական ազդեցութեան ոլորտում եւ ինքնուրոյն չի եղել եւ, բնականաբար, Հայաստանի այդ քայլը պէտք է առաջացնէր այդպիսի հակազդեցութիւն:

Այս ամէնը կրկնողութիւնն է աւելի քան երկու հազար տարի առաջ կատարուածի: Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով միշտ ունեցել է աշխարհաքաղաքական դերակատարութիւն եւ պարտադրուած է եղել իր արտաքին քաղաքականութիւնը կառուցել ելնելով այդ հանգամանքից: Յայտնի է, օրինակ, որ երբ Հայաստանը դաշնակցել է Պարթեւստանի (Պարսկաստանի) հետ, այդ հանգամանքը անհանգստացրել է Հռոմին, իսկ երբ դաշնակցել է Հռոմի հետ՝ մտահոգել է Պարթեւստանին: Սակայն այս ամէնն ունեցել է չափազանց վտանգաւոր հետեւանք, այն առումով, որ դաշնակցելով մէկի կամ միւսի հետ, Հայաստանը դրանով իսկ դարձել է վտանգաւոր, թշնամի պետութիւն միւս կողմի համար՝ իր անցանկալի հետեւանքներով:

Այս տեսակէտից համոզուած եմ, որ չափազանց ուսանելի է, օրինակ, Տրդատ Ա.ի արտաքին քաղաքական ուղենիշը: Նա կարողացաւ միաժամանակ դաշնակցել եւ բարի դրացիական յարաբերութիւններ հաստատել ե՛ւ Հռոմի, ե՛ւ Պարթեւստանի հետ: Եւ այդ ամէնը շնորհիւ ինքնուրոյն քաղաքական գործողութիւնների, ինչն էլ ապահովեց 50ամեայ խաղաղութիւն Մեծ Հայքի թագաւորութիւնում:

Այսօր էլ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով շարունակում է մնալ աշխարհաքաղաքական մարտահրաւէրների կարեւոր օբյեկտ (առարկայ-Խմբ.): Ոչինչ չի փոխուել, ընդամէնը Պարթեւստանին եւ Հռոմին փոխարինելու են եկել այսօրուայ գերտերութիւնները, միայն թէ խնդիրն այն է, Հայաստանը կարո՞ղ է օբյեկտից վերածուել սուբյեկտի (ենթակայի-Խմբ.)՝ կախուած է Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշից: Հայաստանն ինչպէս էլ որ կողմնորոշուի՝ հիւսիս թէ հարաւ, արեւմուտք թէ արեւելք, միեւնոյն է, կը մնայ այս կամ այն գերտերութեան դրածոն:

Մեր ռուս բարեկամները մոռանում են, որ բարեկամութիւնը միակողմանի չի լինում, եւ սեփական շահերը չի կարելի իրականացնել բարեկամի, առաւել եւս ռազմավարական դաշնակցի հաշուին: Եթէ մենք խօսում ենք հայ-ռուսական դարաւոր բարեկամութեան մասին, չպէտք է մոռանանք, որ այն պայմանաւորուած է ե՛ւ քաղաքակրթական, ե՛ւ մշակութային, ե՛ւ քրիստոնէական ընդհանուր արժէքներով, եւ չի կարելի ղեկավարուել միայն այսրոպէական խնդիրներով:

Ե՛ւ Պետրոս Մեծը, ե՛ւ Եկատերինա կայսրուհին հայերին չէին հովանաւորում գեղեցիկ աչքերի համար, այլ Ռուսաստանում նրանց ունեցած քաղաքակրթական (ուզում եմ շեշտել՝ քաղաքակրթական) դերակատարութեան համար:

Միշտ յիշում եմ ապրիլեան պատերազմը: Ի՞նչ է ռուսական Ռազմական հետախուզութիւնը եւ Արտաքին հետախուզութեան ծառայութիւնը տեղեակ չէի՞ն ադրբեջանական զինուած ուժերի գործողութիւնների մասին: Իսկ մի քանի օր անց ռուսները դառնում են միջնորդ զինադադար կնքելու համար: Յօգուտ ո՞ւմ զինադադար, չէ՞ որ ադրբեջանական կողմը գրաւել էր հայկական տարածքներ: Այսինքն ստացւում է, եթէ զինադադար չկնքուէր այդ պահին, ապա Ադրբեջանը կը շարունակէր նոր տարածքներ գրաւելու եւ իբր լաւութիւն է արել Հայաստանին եւ կանխել յետագայ արիւնահեղութիւններն ու ավերածութիւնները:

Այստեղ, իհարկէ, չենք անդրադառնում Հայաստանի քաղաքական ղեկավարութեան, մեղմ ասած, չհաշուարկուած գործողութիւններին, դա առանձին թեմա է: Պարզապէս միշտ պէտք է յիշել, որ դարաւոր բարեկամութիւնը ենթադրում է շարունակութիւն յետագայ դարերում եւս, ինչի մասին անհրաժեշտ է մտածել այսօր: Իմիջիայլոց, Ռուսաստանի մասին ասուածն ամբողջութեամբ վերաբերում է նաեւ ԱՄՆին ու եւրոպական երկրներին:Թերեւս ուսանելի է գաւառամիտ Լուկաշենկոյի քաղաքականութիւնը, որը հասկանալով Բելառուսի աշխարհաքաղաքական նշանակութիւնը Ռուսաստանի համար, կարողանում է ամէն անգամ Ռուսաստանին ստիպել հաշուի առնել իր երկրի շահերը: Ազատութիւնը, ինքնիշխանութիւնը պահանջում է ինքնուրոյն քայլեր՝ յանուն ազգային եւ պետական շահերի:

Ինքնիշխանութեանն այլընտրանք չկայ, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ են մտածուած, տրամաբանուած, հետեւողական ջանքեր:

Armenian Genocide

«ԱՌԱՒՕՏ»

asbarez.com/arm/366095/Ինքնիշխանութեան-Այլընտրանքը-Խամաճիկ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail