Մովսէս Նաճարեան – Երիզան եւ Մծբինը՝ Անահիտ աստուածուհու զոյգ քաղաքները – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան – Երիզան եւ Մծբինը՝ Անահիտ աստուածուհու զոյգ քաղաքները – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Երիզան եւ Մծբինը՝ Անահիտ աստուածուհու զոյգ քաղաքները

19.ա. Սումէր, բ. sukkal, գ. Էնսուխքեշդանաննա, դ. Էրեշ, Նիսաբա դիցուհի

Արտակ Մովսիսյանի նոյն երկից կարդում ենք.

«Արատտա երկրի տեղադրության հարցում կարեւոր ծառայություն է մատուցում “Էնմերքարը եւ Էնսուխքեշդաննան” վիպերգը, որի համաձայն՝ բարձր լեռնային Արատտա երկրից Շումեր ռազմական արշավանք է իրականացվել Եփրատ գետով: Ճանապարհի կեսին հիշատակվում է Եփրատի ափին գտնվող Էրեշ քաղաքը, որը Նիսաբա դիցուհու պաշտամունքի կենտրոնն էր»[494]:

Մեր մեկնութիւնները.-

ա.Սումէր

Ըստ մեզ, Սումէր անուանումը բաղադրուած է հայերէնի «ծու-մէր» արմատներից, ուր «ծու»-ն հին ժամանակներում կարդացուել է «ծո-W», ու եղել է «ծով» բառի նախամայրը[495]:

Սոյն «ծու»-«ծով»-ից է առաջացել թրքալեզու ժողովուրդների «սու»=ջուր բառը[496]:

«Մայր» բառի բարբառայնացումն է «մէր»-ը՝ ինչպէս ֆրանսերէնում, ուր մայրն ու ծովը նոյն «mer» բառով են արտայայտւում: Ուստի «սումէր»-ը կարող է ունենալ «Մայր ծով» իմաստը: Հետեւաբար այդ բառը մի ազգի կամ ժողովրդի անուն չէ, այլ մայր ծովի (ովկիանոսի) ափին հաստատուած մարդկանց տրուած ածական է:

Առաջարկութիւն.-

Այս հիմքերը նկատի ունենալով՝ առաջարկում ենք այսուհետեւ օգտագործել քննարկուած անուան բարբառային բայց ճիշդ տառադարձուած հին «Սումէր» տարբերակը՝ «Շումեր»-ի փոխարէն: Նկատի ունենալ՝ որ առաջին սումէրագէտները նոյնպէս «Սումէր» են ընթերցել գրուածը, եւ ո՛չ թէ «Շումէր»:

«Ծ>Ս» տառադարձութեան հանդիպեցինք արդէն «Սումէր»-«Ծովմէր», «Սուր» (ﺭﻮﺻ)-«Ծուռ», «Սայդ» (ﺪﻴﺻ)-«Ծաւդ», «Մսր» (ﺮﺼﻣ)-«Մեծուր» (Նեղոս, Եգիպտոս) բառերի պարագաներում` այդպէս էլ յաջորդիւ:

բ.Sukkal

Ըստ Սումէրագէտների՝ sukkal-ը սումէրերէն նշանակում է «կառավարիչ»[497]:

Մեր ստուգաբանութեամբ՝ sukkal բառը բաղադրուած է «ծուխ+կալ» արմատներից:

Հայերէնում ունենք «ծխական քահանայ» հնագոյն հասկացողութիւնը, ինչը մեր կարծիքով նոյնն է թէ ասենք «համայնքի քահանայ, հովիւ»: Նոյնպէս եւ suk-kal-ը «ծուխը կալող»-ն է, ծուխ-համայնքի հոգեւոր առաջնորդը, հովիւը եւ ո՛չ թէ «կառավարիչ»-ը: Չի բացառւում որ sukkal-ից է առաջացել կենտրոնական Ասիայի ժողովուրդների մօտ «աք-սաքքալ»-«ծերակուտական» արտայայտութիւնը, «ակ-ծուխ-կալ» հիմքից[498]:

Նոյնպիսի արմատ ունի «Զուքաք»-«Սոքաք» կամ «Սոխախ» բառը պարսկերէնի, արաբերէնի եւ թրքերէնի մէջ՝ «փողոց» իմաստով: Այն կազմուած է «ծուխ» եւ «ակ» արմատներից, եւ բովանդակութիւնն է «ծուխի կամ համայնքի ակը՝ շրջանակը»:

գ.«Էնսուքեշդանաննա»

Սոյն «խօսքի» առաջին բանալին տուել է սբ. Մ. Մաշտոց:

Հաւիտենականների շարքում նա ներկայացրել է երեք միաւորներ՝ «Էն», «Էր»-ը, եւ «Կայ»-ն:

«Էն» էութիւնն է ու նրա գլուխն է, փոխաբերական իմաստով՝ հայրն է, «էր»-ը որդեծին օրգանն է ու միեւնոյն ժամանակ որդին է, իսկ «կայ»-ն սիրտն է:

Սրանից բխեցնելով՝ «Էնսուքեշդանաննա» խօսքը կարելի է տառադարձել հայերէնի եւ վերընթերցել իր առանձին մասերով, եւ կ՛ունենանք «Էն-ծուխ-եստ-ան-աննա» «Ծուխ»-ը օջախն է, «եստ»-ը նշանակում է «է», «կայ»: «Ան»-ը՝ «անողն» է, կայացնողն ու հիմնողը, իսկ «Աննա»-ն՝ «մայրը» (կայացնողը, ծնունդ տուողը): Հետեւաբար «Էնծուխեստանաննա»-ն բովանդակում է «հայրական ծուխ կայացնող նախամայրը» նախադասութիւնը:

Նախաքրիստոնէական հայկական աւանդութեամբ՝ այդպիսի «նախամայր» է եղել «Մայր Անահիտ»-ը, «տոհմապետ մեծ մայր»-երի նախօրինակը:

Վարկած.-

Մայր Անահիտի գլխաւոր սրբատեղին տեղակայուած է «Անահտական Աթոռ» կոչուող լեռների հարաւակողմը՝ Դերսիմի սահմանագծին: Քրիստոնէութեան պետականացումից յետոյ այնտեղ մնացած ու մինչեւ մեր օրերը գոյատեւած ոչ քրիստոնեայ տեղաբնիկները՝ նրա սրբատեղիները կոչում են Աննա անունով: Սոյն համեմատութիւնը մեզ իրաւունք է տալիս Էնսուքեշդանաննան նոյնացնելու Նօյի կնոջ Մայր Անահիտի հետ, ետջրհեղեղեան շրջանի նախամօր հետ՝ քանզի նախաջրհեղեղեան նախամայրը կոչուել է Ծովինար:

դ.Էրեշ քաղաքն ու Նիսաբա դիցուհին

Կրկնենք Արտակ Մովսիսեանից կատարուած մեջբերումը.

«…Բարձր լեռնային Արատտա երկրից Շումեր ռազմական արշավանք է իրականացվել Եփրատ գետով: Ճանապարհի կեսին հիշատակվում է Եփրատի ափին գտնվող Էրեշ քաղաքը, որը Նիսաբա դիցուհու պաշտամունքի կենտրոնն էր»:

Վստահ ենք, որ Եփրատի ափին գտնուող «Էրեշ» քաղաքը պիտի համապատասխանի հայոց «Երիզայ» կամ «Երէզ» քաղաքին, որը նուիրուել է Մայր Անահիտին, քանզի նրա գահը գտնուել է նոյն Երիզայի հիւսիսին, եւ արտայայտուած է Անահտական Աթոռ լեռնազանգուածի X-աձեւ (աթոռաձեւ) ֆիզիկական ուրուագծերով[499]:

Նիսաբա դիցուհին.-

Հայ իրականութեան մէջ «Նիսաբա»-ն թաքնուած է «Մծբին» քաղաքի հնագոյն «Նիսիբին» անուան մէջ: Ինչպէս վերոյիշեալ վիպերգից է երեւում՝ «Նիսաբա»-ն Մայր Անահիտին տրուած մակդիրներից մէկն է եղել:

«Մծբին» քաղաքանունը նշանակում է «մեծ բոյն», «մեծ շինութիւն» (այլապէս մայրաքաղաք), այսինքն՝ նա Նիսիբին քաղաքի ածականական անուանումն է:

«Նիսաբա» անուան բաղադրիչներում առկայ է «աբ»-«հայր»-ը, երբ «աբայ»-ն նշանակում է «հօր», «նախահօր», իսկ «նիս»-«նիշ»-ը հնարաւոր է, որ բովանդակի «նշանած» (կին) իմաստը: Ուստի երկուսը միասին կարող են արտայայտել «նախաhօր նշանածը»՝ «նախաhօր կինը» իմաստը:

«Էրեշ»-ը բաղադրուած է «Էրի-էշ» մասնիկներից, երբ «Էր»-ը համազօր է «Այր»-տղամարդուն. իսկ «Էշ»-ը նրա «նստատեղին» է՝ օջախը: Եւ իսկապէս, Երիզա-Էրէշ-ը եղել է Հայր Արամազդի ու նախամայր Տիաննայի, ապա եւ Մայր Անահիտի գլխաւոր սրբատեղին:

Ակնյայտ է, որ «Էրեշ» ու «Նիսաբա» քաղաքանունները իրար բացայայտող հոմանիշ անուններ են, եւ ըստ «զոյգերի» օրէնքի՝ ներկայանում են որպէս հանդիպակաց բեւեռների զոյգ (քոյր) քաղաքներ:

Հետեւութիւն.-

1.Էրեշ քաղաքը չի եղել Արատտա երկրի եւ Սումերի միջեւ կէս ճամփին՝ այլ Արատտա-Հայաստանում, եւ ըստ երեւոյթին աւանդութիւն է եղել, որ արշաւանքից առաջ հայկական զօրքերը գնացել են Երիզայ՝ Հայր Արամազդի ու Մայր Անահիտի օրհնութիւնը ստանալու համար:

2.Արշակունեաց առաջին մայրաքաղաք Մծբին-Նիսիբինը եղել է Հայր Արամազդի եւ Մայր Անահիտի պաշտամունքի երկրորդ գլխաւոր կենտրոնը:

Մովսէս Նաճարեան – Անահիտ-աստուածուհի

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[494] Արտակ Մովսիսյան, նոյն, էջ 16:

[495] «Ծով»-«ծու»-ն կառուցուած է «ծ»-«ծիր»-ից եւ «ու»-«ջուր»-ից, եւ նշանակում է «շրջապատուած ջուր»:

[496] Նաեւ արեւմտեան «սաունա»-ի «սաուն»-«ծովն» արմատը:

[497]Արտակ Մովսիսյան, նոյն, էջ 93:

[498]Թէեւ գիտենք որ «Աքսաքքալ»-ը այսօր թարգմանւում է «սպիտակամօրուս»: Նկատի ունենալ, որ «սաքքալ» բառն ունի նաեւ «սախխալ» հնչիւնական ձեւը:

[499] Տես՝ «Հայաստանի պատմության ատլաս», Ա. մաս, էջ 6, Գ – 3 քառակուսու վերին եւ աջ կողմում: Ընդգրկում է «Անահտական լեռներ»-ը, «Խաղտյաց լեռներ»-ը եւ «Սեպուհ» լեռը:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail