ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – Կոլեկտիվ յանցանք, կոլեկտիվ ինքնապաշտպանութիւն. hայերի ջարդերի մեղաւորը hայերն են
11.04.2020 | Հասարակություն – ԻՆՔՆՈՒԹԻՒՆ | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:
Լրագիր կայքի հարգելի ընթերցողներ, դուք ծանոթացաք 20-րդ դարի ընթացքում Թուրքիայի Հանրապետությունում ապրած հայերի շուրջ երկու տասնյակ պատմությունների (տես Հրանուշ Խառատյանի հեղինակային բլոկը.- խմբ): Կարդացողները, կարծում եմ, զգացին, որ Ցեղասպանությունից հետո փրկված, գավառներում ցիր ու ցան, հաճախ մեկուսի, կիսաթաքուն ապրող հայերի երկու-երեք սերունդ ապրել են միմյնաց գոյություններին անտեղյակ, վախի և ատելության մթնոլորտում և մշտապես ենթակա են եղել կամ նոր պատիժների, կամ դրա սպառնալիքի, անկախ նրանից՝ քրիստոնյա էին, թե մահմեդականացած:
Նրանք վատ գիտեին, թե ինչ է իրականում կատարվել, բայց գիտեին, որ իրենք անցանկալի են, իրենց ատում են, իրենց կյանքը, իրենց ապրելն ինքնին անօրինական է:
Ինչպե՞ս ձևավորվեց այս մթնոլորտը: Դա միայն դահիճի ատելությունը չէ զոհի նկատմամբ: Դա նույնիսկ ռասիստական ատելություն չէ: Հայոց Ցեղասպանության շրջանում ատելությունը գործոն չէր, գործոն էին քաղաքական նպատակահարմարությունը, ունեցվածքը, թալանը, կողոպուտը: Հայկական ատելությունն ինքը հարցականներ ունի, որոնց պատասխանները մասամբ տանում են Առաջին աշխարհամարտին թուրքական պարտությանը, դրան հետևող Սևրի բանակցություններին, թուրքական ապստամբական շարժման ձևավորմանը և ընթացքին:
Այս շարքում կներկայացնեմ որոշ վերլուծություններ, որոնք ընդգծում են «հայկական ատելության» անհրաժեշտությունը ա/ Թուրքական ապսատմբական շարժման հաջողության համար, բ/ Թուրքական հայրենիքի ընկալման համար, Թուրքական ինքնության ձևավորման համար:
Հեղինակ
——————————
Հայոց Ցեղասպանութեան այսօրուայ թուրքական ժխտողականութիւնը յիշեցնում է 1919ի Բողազլըեանի կայմակամ (գաւառապետ) եւ Եոզգաթի մութասարրիֆի տեղակալ (սանջակի փոխկառավարիչ) Քեմալի դատը (1919, Փետրուար-Մարտ), որին ի թիւս այլոց մեղադրանք էր յարուցուած նաեւ Գիւլլէր գաւառակում հայերի կոտորածներ իրականացնելու hամար տեղի մահմեդական բնակչութեանը գրգռելու, կոտորուող hայերի տառապանքներին նարգիլէ ծխելով հետեւելու, Կարապետի ընտանիքի ունեցուածքն անձամբ կողոպտելու, կնոջ մատանին հանելու hամար մատը կտրելու եւն.ի մէջ:
Այդ դատին դատաւորի կողմից տրուող հարցերին Քեմալի հիմնական պատասխանը միշտ նոյնն էր՝ «տեղեակ չեմ, փաշա, տեղեակ չեմ»[i]:
Դատավարութիւնը հանրութեանը ներկայացնող «Ալեմդար» թերթը գրում է. «Եոզգաթի մութասարրիֆի տեղակալ, Բողազըլեանի կայմակամ Քեմալ բէյը 500 հեծեալ աւազակախմբով եկել է Գիւլլէր գիւղ, hայերին գերի են վերցրել գիշերուայ ժամը 12ից յետոյ, քանի որ նրանց ժամկէտը [տեղահանութեան] լրացել էր, քահանային յիշեցրել են կրօնական արարողութեան կազմակերպման անհրաժեշտութեան մասին, մահապատժի են ենթարկել նախ՝ քահանայի փոքրիկ երեխային, ապա՝ կնոջը եւ այնուհետեւ՝ քահանային, որից յետոյ Քեմալը, դուդուկ նուագելով, քաջալերել է մարդասպաններին՝ ասելով՝ «դուք չգիտէք՝ ինչպէս կոտորել»:
Չեթէները (հրոսակախմբերը) Քեմալ բէյի այս խօսքերից յետոյ սկսել են ամէնայն դաժանութեամբ կոտորել ամէն պատահողի…»[ii]: Այդ ամէնը կազմակերպած գաւառապետը «տեղեակ չէր, փաշա, տեղեակ չէր»:
Քեմալի «հերոսութիւնները» թուարկող hայ վկաների ցուցմունքներին, այդ թւում իր 115 սպանուած ազգականների շահերը ներկայացնող Լեւոն Ռեմզիի վկայութիւններին Քեմալը պատասխանում է. «ո՛չ Գիւլլէր եմ գնացել, ո՛չ եղել եմ այնտէղ, ո՛չ այդ մարդկանց եմ ճանաչում, ո՛չ էլ մատ կտրելով՝ մատանի եմ վերցրել:
Նման որեւէ պաշտօնեայ չկայ, որ այդ աստիճան անբարոյ կողոպուտ իրականացնի՝ hասարակ զգացմունքով ներշնչուած»:
Քեմալը պնդում է, որ Գիւլլէրի hայ բնակչութիւնն անվտանգ տեղ է հասել աքսորավայր: Լեւոն Ռեմզին առարկում է. «Կոտորածի թատերաբեմ դարձած Գիւլլէր գիւղում 6000 հոգու սպանութիւնը յայտնի է այն դիակների շնորհիւ, որոնցից իւրաքանչիւրի մարմնի անդամները կտրտուած են որեւէ տեղից: Դա յայտնաբերուել է բժշկական յանձնաժողովի կողմից կատարուած բժշկական զննումների շնորհիւ»:
Դատը նախագահողի հարցին, թէ՝ «նման մասշտաբի բան է տեղի ունէնում, իսկ մութասարրիֆը տեղեակ չի՞», Քեմալի պատասխանը միշտ նոյնն է. «տեղեակ չեմ, փաշա, տեղեակ չեմ»[iii]:
«Տեղեակ չէր» այն մարդակերպ հրէշը, ով փոխարինել էր հայերի սպանդին մասնակցելուց հրաժարուած Եոզգաթի միւթասարրիֆ Ջեմալ բէյին, ղեկավարել 35.000 հայերի կոտորածները եւ մասնակցել դրանց[iv], այն մարդը, որ յայտնի էր դարձել «Էրմանիլէր ղասապ»[հայերի մորթ անող] անունով[v]:
Հայկական կոտորածներին «տեղեակ չէին», «չէին յիշում», «չէին տեսել», «չէին լսել», «մոռացել էին» նաեւ դատարան կանչուած թուրք եւ քուրդ վկաները, իսկ մեղադրեալները հայ վկաների վկայութիւններին անմիջապէս արձագանքում էին՝ «սուտ է», «կեղծ է», «սխալ է», «զրպարտութիւն է», «տեղեակ չեմ»: Եւ ոչինչ, ընդունւում էին այդ պատասխանները դատարանի կողմից:
Եոզգաթի գաւառապետ Քեմալը դատարանին ասում է, որ Եոզգաթից 7-8000 հայեր են ուղարկուել Տէր-Զօր, եւ ինքը որեւէ «գեշ բան մը իմացած չէ, անոնք իրենց տեղերը հասած ըլլալու են», դատաւորի հարցին՝ «մէջտեղը բնաւ մեռնող չկա՞ր», հայերի հանրային պաշտպան Լեւոն Ռէմզին պատասխանում է. «Նախագահ փաշա, ձորերու մէջ փորուած հորերը գիտեն, թէ ինչ եղան այդ 8000 հոգին, այդ հորերուն մէջ են բոլոր զոհերը, բայց անոնց դիակներն անգամ անճանաչ են, կան ոմանք, որոնք թեւ չունին, եւ ոմանք, ուրիշներ, որ ոտք չունին, եւ շատերն անգլուխ են: Հայաստան հսկայ գերեզման մըն է», որին Քեմալը կրկին արձագանքում է «ես չիմացայ» յանկերգով[vi]:
Թուրքական դատարանին վրդովում էին փաստերը ներկայացնելու հայերի փորձերը, իսկ թուրք փաստաբանները թուրք զինուորական սպաներից մէկի՝ երեք հարիւր հայերի ջարդի մասին խոստովանութիւն-վկայութիւնից յետոյ մեղադրող հայերի հարցապնդումներից նոյնիսկ վրդովւում էին՝ դատարանին առաջարկելով թոյլ չտալ հայերի ներկայացուցչին «Հայութեան-թրքութեան խնդիր հանել, առանց իրենց ալ հայերը բաւական փրօփականտի(!-Հ.Խ.) օռկաններ ունին», եւ որովհետեւ` «մենք ալ զգացմունքի տէր ենք»[vii]:
Դատարանը, որ կոչված էր հայկական ջարդերը թուրքական կառավարութեան կողմից կազմակերպողներին եւ իրագործողներին բացայայտելու, պիտի «Հայութեան-թրքութեան խնդիր չհանէր», խնայէր թուրքական զգացմունքները եւ զանգուածային ջարդերի գործերը քննէր որպէս պարզ սպանուածի եւ սպանողի սովորական յանցագործութիւն:
Սա այն ռազմական դատարանն էր, որն ստեղծուել էր Առաջին Աշխարհամարտին Օսմանեան Կայսրութեան պարտութեանը յաջորդած 1918ի Մուդրոսի Զինադադարից անմիջապէս յետոյ: Անտանտի երկրները պատրաստւում էին որոշում կայացնել պատերազմի եւ հայկական ու քրիստոնեայ այլ բնակչութեան կոտորածների համար յանցագործութիւններում մեղադրուող Թուրքիայի նկատմամբ, եւ Թալէաթ փաշայի հոկտեմբերեան հրաժարականից յետոյ ձեւաւորուած նոր կառավարութիւնը շտապում էր Եւրոպային ցոյց տալ, որ թուրքական նոր կառավարութիւնն էլ է դատապարտում երիտթուրքերի յանցագործութիւնները, Միութիւն Եւ Առաջադիմութիւն Կուսակցութեան ղեկավարութեանը եւ մասնաւորապէս այդ կուսակցութեան կողմից հայերի տեղահանութիւնն իրականացնելու նպատակով ստեղծուած Թեշքիլաթը Մահսուսէ (յատուկ կազմակերպութիւն) կազմակերպութեան անդամների ու տեղական կառավարիչների յանցագործ արարքները՝ սպանութիւնները, կոտորածները, հրկիզումները եւն.:
Չանդրադառնալով Միութիւն Եւ Առաջադիմութիւն Կուսակցութեան անդամների Ստամբուլի դատավարութեանը, այստէղ ներկայացնեմ միայն «հայկական յանցագործութիւնների» մասով 1919ին այդ նպատակով ստեղծուած ռազմական դատարանի մասնաճիւղերի աշխատանքներին գաւառներում՝ Եոզգաթում, Տրապիզոնում, Ստամբուլի արուարձան Բէօյիւք Դերէում եւ Խարբերդում, որոնց հետեւում էր Ալեմդար թերթի թղթակիցը եւ Ալեմդարը հետեւողականօրէն տեղեկութիւններ էր տպագրում թերթում դատական նիստերի մասին:
Կ.Պօլսում հրատարակուող եւ դատավարութեանը հետեւող հայկական թերթերը նկատում էին, որ դատավարութեան հենց սկզբից ամբաստանեալները ջանում են հայերին մեղադրել ըմբոստութիւնների մէջ, եւ չնայած փաստեր չգտնուեցին, դատարանն արձանագրում էր, իբրեւ թէ քննութիւնները վկայում են, որ հայերը «ճիշտ այն պահուն, երբ երկիրը թե՛ արտաքուստ, թե՛ ներքուստ խիստ վտանգաւոր կացութեան մէջ կը գտնուէր, ձեռնարկեցին չափազանց վտանգաւոր կազմակերպութիւններու եւ պատրաստութեանց՝ որ արդէն իսկ մասամբ մը սկսած էին ցոյց տալ իրենց արտաքին նշանները:
Այսպէս ապացուցուած է, որ անոնք, մասնաւորաբար Կարնոյ, Վանի, Պիթլիսի եւ Սեբաստիոյ կողմերը գործունէութեան սկսելով ծնունդ տուած են այն տեսակ դէպքերու, որ բնոյթ ունէին խանգարէլու զինուորական կառավարութեան կարգապահութիւնն ու կարեւոր ձեռնարկները եւ սպառնացած են կտրել օսմանեան բանակի նահանջի գիծը»[viii]:
Կ.Պօլսում հրատարակուող Ճակատամարտ օրաթերթը հեգնանքով գրում է՝ «Դատախազը երբեւէ ցոյց տուած չէ թէ որտե՞ղ, ինչպէ՞ս եւ որոնց կողմէ եղած են ձեռնարկները: Ընդհանուր տեղերու անուններ միայն տրուած են, որոնց համար փաստեր չկան»[ix], եւ «Թուրքերու աչքապուկ», «զաւեշտ» է անուանում այս դատերը[x]:
Թերթերի հրապարակումների նիւթերից երեւում է, որ դատարանն ապացոյցներ փնտրելու կամք, ցանկութիւն, ժամանակ չունէր: Բայց կոտորուել էր ահռելի քանակութեամբ մարդ, աշխարհի թերթերը տպագրել էին նրանց խոշտանգուած եւ կմաղքացած դիակների, մոխրացուած գիւղերի լուսանկարները, կային, վերջապէս, արտասահմանցի վկաներ: Առնուազն մի քանի մարդ պէտք էր դատապարտել: Գոնէ Թուրքիայի յետագայ ճակատագիրն այդ պահին վճռող Անտանտի յաղթած երկրներին ցուցադրելու համար:
Առաջին դատավարութիւնը վերը նկարագրուած Եոզգաթի գաւառապետի դատն էր: Ապրիլի ութին կայացւում է Եոզգաթի գաւառապետի մահավճիռը եւ յաջորդ օրը մահավճիռ իրականացւում է: Նրա թաղումը վերածւում է համաժողովրդական ցասումի, դագաղի շուրջը ծաղկեպսակների ծով է՝ «Ազգի անմեղ զոհ», «Անմեղ մահմեդական նահատակին» գրութիւններով[xi]:
35,000 անմեղ մարդկանց արեամբ թաթախուած հրէշը «Անմեղ մահմեդական նահատակ» էր: Յանցագործի մահապատիժը եւ թաղումը կազմակերպուած էր այնպէս, որ առաւելագոյնս նպաստէր մահմեդական հասարակութեան, առաւել եւս հայերի դէմ յանցագործութիւնների մասնակիցների զգացմունքների բորբոքմանը. Քեմալին կախաղան են հանել Ստամբուլում, երեկոյեան, ոչ թէ ընդունուած կարգով՝ արեւածագին, մարմինը դրուել է Բայազէտ մզկիթի լուացարանում, ինչը մահապատժի դէպքում անթոյլատրելի էր, թաղմանը մասնակցել են մեծ թուով բարձրաստիճան պաշտօնեաներ[xii]:
Թաղմանը բոցաշունչ ճառով ելոյթ է ունէցել մի ուսանող. «Այստէղ թաղուածի համար վրէժ կը լուծի հերոս Քեմալ բէյը: Անգլիացիներին դուրս են մղել Օդեսայից, մենք նրանց դուրս կը մղենք Ստամբուլից: Ինչի՞ էք սպասում»[xiii]: Քեմալ բէյի՝ Մուստաֆա Քեմալի աստղը նոր պիտի բարձրանար, «Թուրքիան ազատագրելու» շարժումը նա միայն Մայիսից պիտի սկսեր, բայց արդէն ջերմ պաշտպանութիւ՞ն ունէր փախստական ու տեղում մնացած յանցագործների կողմից:
Թւում է՝ Քեմալի թաղմանը ջերմ ելոյթ այդ ուսանողը էր ուղարկուել էր Մուստաֆա Քեմալի կողմից՝ ստուգելու դիմադրական հնարավոր շարժման եւ իր անձի նկատմամբ նկատմամբ հանրային արձագանքը: Արձագանքը, սակայն, երկրի ազատագրման պաշտպանութեան արձագանք չէր, դա յանցակիցների ինքապաշտպանութիւն էր:
Յանցակիցների ինքնապաշտպանութիւն էր նաեւ կախաղան յանուած Քեմալի ընտանիքն անմիջապէս ազգային խնամակալութեան տակ վերցնելը: Արամ Անտոնեանի ճշգրիտ դիտարկմամբ՝ «Այն թուրք ժողովուրդը, որ հանրային հանգանակութեանց իր քսակը այն ատեն կը բանայ, երբ վիզը կը սեղմեն, ինքնաբերաբար, 5-10 օրուան ընթացքին 20 հազար օսմ. ոսկի գումար մը հանգանակելով, յանձնեց Քէմալ պէյի այրիին»[xiv]:
Հազիւ թէ հայկական ունեցուածքի թալանի գործուն մասնակից այդ ճիւաղի ընտանիքը կարիքի մէջ լինէր, սա պիտի դիտուի աւելի որպէս բարոյական, քան նյոթական աջակցութիւն: Սրանով հասարակութեանը պարտադրւում էր պաշտպանել Հայոց Ցեղասպանութեան ոճրագործներին եւ ատել զոհերին:
Այշէ Հիւրի միանգամայն ճշգրիտ բնորոշմամբ, 1915ի «աքսորը» կազմակերպելիս եւ իրականացնելու ընթացքում երիտթուրքերը փաստացի յանցակից եւ գաղափարակից էին դարձրել թէ՛ լայն ժողովրդական զանգուածներին, թէ՛ օսմանեան պետութեան քաղաքական, վարչական ու զինուորական կադրերին: Այսինքն առկայ էր հաւաքաբար իրականացուած յանցանք, եւ հիմայ տեղի էր ունէնում «հաւաքական ինքնապաշտութիւն»[xv]:
Յիրաւի, դատավարութեան ընթացքը այդ մարդկանց իրաւունք էր տալիս ընդդիմանալու անարդարութեան դէմ. հաւաքաբար գործած յանցանքի համար ինչու՞ պիտի փոքրաթիւ անհատները պատասխանատու դառնային: Եւ թերթերը պաշտպանում էին նրանց այս իրաւունքը:
Միայն թէ թերթերը ոչ թէ հաւաքական պատասխանատւութեան կոչ էին անում, այլ առաջարկում էին մոռացութեան տալ կամ ջարդերի մեղաւոր համարում էին ջարդուած հայերին. «Թուրք թերթերը, գրեթէ մեծ մասամբ, ջարդերը կ՛արդարացնեն եւ պատասխանատւութիւնները զոհերուն վրայ բեռցնելու կը ճգնին, եւ քաջութիւն չեն ունէնար անկեղծ ժեստով մը անվերապահօրէն ընդունելու այն ամէն քստմնելի չարիքները եւ աղէտները, զորս բերին Մարտիրոս Հայ ժողովուրդին գլխուն…»՝ գրում է 1919ին Կ.Պօլսում հրատարակուող հայալեզու Առաւօտ օրաթերթը[xvi]:
Ըստ յօդուածագրի՝ թերթերը ջանում են մոռացութեան տալ հայկական ջարդերը կամ փորձում են հայերի վրայ գցել ջարդելու մեղքը՝ ելելով դարաւոր համոզմունքից, որ ռայաները իրաւունք չունէն բարբարոսութեան դէմ բերան բանալու՝ առանց կայսրութեան դէմ դաւաճաններ նկատուելու: «Կ’առեւանգեն, կը սպանեն, որբերը կը տանեն՝ իրաւունք չունես ընդվզելու…
իզուր կը բողոքէ հայ մամուլը, իզուր հայոց պատրիարքը անժխտելի փաստերով կը հաստատէ, թե հոս՝ Պոլսոյ մէջ, ամէնուն աչքի տակ ամբողջ թրքութիւնը մեղսակցած է իր ոճրագործ յափշտակութեան տակ պահելու այն որբերը, որոնց հայրերուն ու մայրերուն դիակները ծամեցին դեռ երէկ, հային եւ յոյնին սիրտը դաշոյնելով: …
Անոնք հայ որբ ունէնալ կ’ուզեն, այսինքն՝ չեն կրնար թոյլատրել, որ անգամ մը իսլամին գիրկը ինկած մանուկները իրենց հարազատ ազգին դառնան: Անոնք ախ կը քաշեն այն հին բարի օրերուն, ուր մանկաժողովին սկզբունքն ի գործ կը դնէին սանձարձակ հրէշութեամբ…»[xvii]:
Ծոյլ դատավարութիւնները շարունակւում էին: Շարունակւում էին նաեւ Հայոց Ցեղասպանութիւնն իրականացնողների «տեղեակ չեմ, փաշա, տեղեակ չեմ»երը: Նրանց «տեղեակ չեմ»երին նպաստում էին թերթերը՝ կրկին բացուած «հայկական թեման» մէկնաբանելով որպէս Օսմանեան կայսրութեան եւ թուրքերի դէմ եւրոպական թշնամանք:
Տրապիզոնի hայերի տեղահանութեան դատավարութիւն, 1919 Ապրիլ-Մայիս ամիսներ: Տրապիզոնից hայերին հիմնականում տարհանել են նաւերով, մակոյկներով, եւ ափից hեռանալուց յետոյ ծովը լցնրել: Նրանց չի թոյլատրուել իրենց հետ գոյք վերցնել, իսկ նրանց մօտ եղած դրամը եւ վրայի զարդեղէնը վերցուել է ափին՝ մինչեւ նաւ նստեցնելը:
Այդ մասին դատարանում վկայութիւն է տուել նաեւ Տրապիզոնի տեղական կառավարութեան Եկամտի տնօրէն Լիւթֆի բէյը: Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմի բէյը՝ տեղի կոտորածների անմիջական ղեկավարը, դատավարութեան ժամանակ փախուստի մէջ էր: Սակայն մեղադրեալներից ոչ մէկը «չի լսել եւ ոչինչ չի իմացել տեղահանութեան անուան տակ գործող որեւէ յանձնաժողովի մասին», ոմանք լսել են «գաղթի ճանապահին hայերի հետ կատարուող ինչ որ խժդժութիւնների մասին», բայց սովորաբար «ջարդուող եւ սպանուած hայերի չեն տեսել», փոխարէնը ոմանք «տեսել են մահմեդականների դիակներ»…
Նոյնիսկ Տրապիզոնի զինկոմիսարիատի նախկին նախագահ, մայոր Նուջմէդդինը «տեղահանութեան մասին միայն որոշ բաներ լսել է, բայց անձամբ ոչինչ չի տեսել»…
Նոյնիսկ hայերին ծով տանող մօտորանաւակների տէր Նիազի էֆենդին «ոչինչ չգիտէր», «այդ ժամանակ Տրապիզոնում չէր», չնայած տուժող եւ վկայ Սաթենիկը հաստատում էր, որ հենց նա է իրեն այլ hայերի հետ նաւ նստեցրել եւ ինքը փրկուել է միայն այն պատճառով, որ նաւավարը իր հօր ծանօթն է եղել[xviii]…
մեղադրեալները hայերի գոյքի յետագայ ճակատագրին «տեղեակ չէին», սակայն բոլոր մեղադրեալներն էլ գտնում էին, որ այդ «գոյքի արժէքը շատ ցածր է եղել, եւ hաւանաբար պահուստներից անհետացել է վատ հսկողութեան պատճառով, ինչը պաշտօնեաների՝ մէկը մյոսին վստահելու hետեւանք էր»…
Մեղադրեալներից ում մօտ յայտնաբերուել էր Հայերի իրերից՝ ոսկեղէն, զարդեր եւն., բոլորն էլ այն «գնել էին աճուրդով վաճառքի ժամանակ», «տեղեակ չեն եղել» նահանգապետ «Ազմի էֆենդու եւ նրա աներձագ Ռամիղ էֆենդու կողմից լքուած գոյքը 42 նաւակով տեղափոխելու մասին»[xix]…
Տրապիզոնում առhասարակ բոլոր ցուցմունքներով միակ պատասխանատուն, կատարողը, չարագործը դատարանից բացակայող Ազմին էր, իսկ իրենք «տեղեակ չէին», «որոշ բաներ լսել են», «չեն ուզում ասէկոսէների մասին խօսել», «չեմ մտաբերում», «հազիւ թէ այդպիսի բան եղել է»…
Մեղադրեալ Մուսթաֆա Նուրի բէյ՝ «Ես հայերին ոչ թէ ոչնչացրել եմ, այլ՝ պաշտպանել, նրանցից շատերին նոյնիսկ իմ տանը թաքցրել»: Մեղադրեալ ժանդարմերիայի տեսուչ Թալէաթ բէյ՝ «ես ոչինչ չգիտեմ, նման գործերով զբաղուելու ժամանակ չեմ ունեցել…»[xx]:
Միայն ժանդարմերիայի աւագ լեյտենանտ Միւնիֆ էֆենդին, որպէս վկայ հանդէս գալով, պատմել է, որ hայերի տեղահանութիւնը եղել է 1915ի Յունիսին, ինքն այդ ժամանակ Տրապիզոնում է եղել, մի անգամ Տրապիզոնի Պետական Պարտքի Գրասենեակի պաշտօնեան իրեն ասել է, որ hայերին լցրել են բեռնանաւերը եւ ծովում թափելով՝ ոչնչացրել…
Յետոյ իրեն նշանակել են hայերի տեղահանութեան գործի ղեկավար եւ հինգ օր ժամանակ են տուել այն իրականացնելու: Բայց, իհարկէ, ինքը hայերին չի վնասել: Նոյն կերպ «անմեղ էին» մեղադրեալներ գործակալ Մուստաֆա Նուրին, Նեւզաթ բէյը, բժիշկ Սալիբ բէյը:
Ալի Սալիբ բէյը մեղադրւում էր թոյն ներարկելու միջոցով հիւանդանոցում hայերին սպանելու, գիշերները մեծ կողովներով երեխաներ առեւանգելու եւ ծովում խեղդելուն նպաստելու, hայերի թողած գոյքը կողոպտելու մէջ, ինչին դատարանում նրա միակ պատասխանը՝ «զրպարտութիւն է»:
Դատարանում յայտնուել էր նաեւ ռուսահպատակ Վարդանի պատմութիւնը, ում քառասուն այլ տղամարդկանց հետ ծովն էին նետել, Վարդանը միակն էր եղել, որ կարողացել էր լողալով ափ հասնել, բայց նրան հիւանդանոցում թունաւորելով սպանել էր բժիշկ Սալիբ բէյը: Սալիբ բէյի կողմից hայերին թունաւորումներով սպանելու եւ մարմինները ծովը նետելու մասին ականատես Սոֆիա Մախոխեանի նկարագրութիւնները hանդիպում էին նոյն անխռով «զրպարտութիւն է» պատասխանին[xxi]:
Դատաքննութեան ընթացքում անhամարձակ վկայութիւնները բոլոր «ազնիւ մեղադրեալների» հասցէին զրպարտանք էին դիտւում եւ կանչուած «վկաներն» էլ ցուցմունքներ էին տալիս այդ «յարգարժան մարդկանց» ազնւութեան մասին: Երբ հայ վկայ եւ տուժող Սիրանուշը ներկայացնում էր անձամբ «իր դէպքի» պատմութիւնը՝ տղամարդկանց առանձնացրին, այդ թւում իր ամուսնուն, տարան, յետոյ կանանց նկատմամբ բռնութիւն եղաւ, իր դրամները խլել են, ինքը ժամանակաւորապէս իսլամ է ընդունել եւն., մեղադրեալ կայմակամ Թալէաթ բէյը ընդհատում է նրան՝ ասելով, թէ «Տրապիզոնում կատարուած գործերն ու որոշումները խիստ գաղտնի են եղել, ինչպէ՞ս կարող էր այդ կինն իմանալ կարեւոր որոշումների մասին»…
Մինչդեռ կինն ընդամէնը ներկայացնում էր իր դէպքը:
Դատաքննութեան ընթացքում բոլոր մեղադրեալները մէկը մյոսին, եւ նոյնիսկ մի շարք «վկաներ» մեղադրեալներին ներկայացնում էին որպէս «պատուաւոր, յարգարժան մարդ», բոլորն անթերի էին կատարել իրենց աշխատանքային պարտականութիւնները, ոչ մէկն ուղղակիօրէն «չի առնչուել» hայերի տեղահանութեանը, առաւել եւս՝ կողոպուտին, սպանութիւններին, կոտորածներին, հրկիզումներին, ծովում խեղդելուն…
Առhասարակ դատարանը ոչ մի կերպ «չէր կարողանում» գտնել հարիւր հազարաւոր մարդկանց իրենց տներում, գիւղերի եկեղեցներում հրկիզողներին, գաղթի ճանապարհին կողոպտողներին եւ գետերում ու կիրճերում սպանողներին, կանանց բռնաբարողներին…
Ալեմդար թերթի նիւթերից երեւում է, որ քննութիւնը, Բաղազըլեանի գաւառապետ Քեմալի դատի նման, ջանք չէր գործադրում մեղաւորներին յայտնաբերելու, ապացոյցներ գտնելու, անհրաժեշտ վկաներին հրաւիրելու, իսկ հրաւիրելուց յետոյ՝ պատշաճ ցուցմունքներ վերցնելու:
Իսկ եթէ քննիչն այդպիսի ջանք գործադրում էր՝ տեղերի կառավարման մարմիններն ամէն ինչ անում էին տապալելու մեղադրեալի ներկայանալու, նոյնիսկ կալանաւորելու որոշումը:
Առհասարակ դա առաւելապէս դատի նմանակում էր՝ քիչ վկաներով, իրական վկաների ցուցմունքներն ընդհատելով, մեղադրեալների արդարացումներով բաւարարուելով՝ «չգիտեմ-չեմ լսել-չեմ տեսել»ներով:
Ալեմդար թերթի տնօրէն Ահմէդ Քադրին նոյնիսկ անհրաժեշտութիւն է զգացել դատավարութեան նմանակման այդ գործընթացի վրայ հրաւիրել ռազմական ատեանի նախագահ Նազըմ փաշայի ուշադրութիւնը՝ Ապրիլի 25ին նրան ուղղուած բաց նամակ տպագրելով: Նամակում, մասնաւորապէս, ասւում է. «Մի շրջան գոյութիւն ունի (խօսքը Եոզղաթի մասին է), որից տարագրուած hայերի թուաքանակը հազարների է հասնում. Մի՞թէ այդ շրջանում տեղահանութիւնն ու կոտորածները կազմակերպողների եւ իրականացնողների քանակը սահմանափակւում է մահապատժի ենթարկուած Քեմալ եւ 15 տարուայ բանտարկութեան դատապարտուած Թեւֆիկ բէյերով:
Անձամբ միայն ինձ յայտնի է այդ խնդրին առնչուած առնուազն 20 հոգու անուն: … Այդ ինչպէ՞ս է, որ մենք, պաշտօնատար անձ չհանդիսանալով hանդերձ, տեղեակ ենք, թէ ինչ սահմռկեցուցիչ կերպով են կատարուել Տրապիզոնի տեղահանութիւնն ու կոտորածները, որոնց դատաքննութիւնը դեռ շարունակւում է, իսկ նման հնարաւորութիւնների տէր Ձեր յարգարժան դատարանը չի կարողանում խորանալ մանրամասների մէջ:
Սինոպում մենք hանդիպեցինք առաւօտները Տրապիզոնից դէպի Ստամբուլ մաքսանենգ կերպով իրեր եւ սննդամթերք տեղափոխող լազ նաւաստիների եւ կարողացանք մանրամասներ իմանալ այն մասին, թէ ինչպէս են մեր խեղճ hայ hայրենակիցները ոչնչացուել եւ բնաջնջուել վալի Ջեմալ Ազմիի եւ իթթիհադական հրոսակախմբին պատկանող իր չարագործ գործակիցների կողմից: Պարզւում է, որ այս խեղճերին, կանանց, եւ նոյնիսկ երեխաներին էլ ներառեալ, Ռումինիա ուղարկելու պատրուակով լցրել են առագաստանաւերն ու մակոյկները եւ շրջաhայեցօրէն ափից մէկ ժամ hեռանալուց յետոյ անմիջապէս ծովը նետել, իսկ երբ ծովում խեղդուողները փորձել են կառչել առագաստանաւերի եզրերից, կացնով կտրել են նրանց մատները:
Անձամբ ականատես չենք եղել այդ արիւնոտ եւ ցաւոտ տեսարաններին, սակայն մի քանի ընկերներով ուշադրութեամբ լսել ենք այդ ամէնը սեփական աչքով տեսած 40-50 նաւաստիների պատմածը: … ներկայացնում եմ Քենան անունը կրող երիտասարդին, …որին ազատել էին Տրապիզոնում դատական քննիչի պաշտօնից… այդ հերոսական անձնաւորութիւնը հետ էր կանչուել այն ժամանակուայ Արդարադատութեան նախարար Հալիլ բէյի կողմից՝ hայերի հետ կապուած ողբերգական դէպքերի կապակցութեամբ անմիջապէս հետաքննութիւն կատարելու պահանջով հանդէս գալու hամար: … Այդ ազնիւ անձնաւորութիւնը ինձ պատմել է Ամասիայում անձամբ …
[յoդուածի մի հատուած արգելուել է գրաքննութեան կողմից] hայեր սպանած եւ սրտխառնուք առաջացնող մուհաջիրներից Մեհմէդ Քաբաշ անունը կրող մի արնախումի մասին, որի անունը, սակայն, չենք hանդիպում դատական արձանագրութիւններում: Աղերսում ենք, որ թէ՛ լուրջ վերաբերուէք ականատեսների վկայութիւններին, եւ թէ՛ այսուհետեւ առաւել աչալրջութեամբ ծանուցագրեր ուղարկէք իւրաքանչիւր վկայակոչուած անձնաւորութեանը…»[xxii]:
Սակայն նոյնիսկ Ալեմդարի խմբագրի Ապրիլի 25ի այս ազնիւ պոռթկումը չի համոզում, որ այս թերթն ինքն իր ընթերցողներին ազնուօրէն ներկայացնում էր դատարանում կատարուող որոշ սոսկալի բացայայտումներ:
Ինչպէս, օրինակ, մանկահասակ երեխաներին հիւանդանոցում սպանած կամ մահուան ուղարկած Տրապիզոնի բժիշկ Սայիբ բէյի սոսկալի յանցագործութիւնը, որոնց մասին Ապրիլի 19ին վկայել է Վերգինէ Օդաբաշեանը: Նա դատարանին պատմել է, որ ամերիկեան դպրոցում իր խնամքի տակ գտնուող մէկից չորս տարեկան 30-40 երեխաներին գտել է անձամբ Սալիբ բէյը եւ «նրանց ուղարկել է ծով»:
Ուղարկել է խեղդելու: Այս մասին տեղեկութիւններ են հրատարակել հայալեզու Նոր Կեանք թերթը (1919ի թիւ 120, Ապրիլի 20) եւ ֆրանսալեզու La Renaissanceը (1919ի թիւ 174, Ապրիլի 22): Իսկ դատաւորը հիւանդանոցում կատարուած սպանութիւնների մասին բուն յանցագործին՝ Սալիբ բէյին ընդամէնը հարցնում է. «մանկահասակ երեխաներն անխղճաբար ոչնչացւում էին [հիւանդանոցում], ժողովրդին ծառայելու կոչուած հիմնարկում, ինչու՞ Դուք չէիք միջամտում»[xxiii]:
Դատարանը շարունակում էր «կոյր» ու «խուլ» մնալ: Ռազմական ատեանում դատավարութեան ընթացքը նոյնն էր նաեւ Բողազիչի (Բէօյիւք Դերէ) եւ Մամուրէթ-ուլ-Ազիզի (Խարբերդի) տեղահանութեան դէպքերի քննութեան դէպքում: Մեղադրեալներն էին Բէօյիւք Դերէի նախկին ոստիկանապետ Աբդուլ Քերիմ բէյը, Բաքերի խանութպան, սալոնիկցի Ռեֆիկ Հըֆըզ բէյը, եւ հացի փռի տէր, լազ Հաֆըզ Մահմուդ եւ Ջելալ էֆենդիները:
Ջելալը տեղահանութեան ժամանակ Բէօյիւք Դերէի թաղային աւագանին էր, իսկ նրա հացի փուռը պատկանելիս է եղել բռնագաղթուած Փանդելեանին: Մեղադրանքը կայանում էր քրիստոնեաներին կառավարութեան որոշումից աւելի վաղ տեղահանելու եւ տեղահանուողներին գոյքը լքել հարկադրելու մէջ: Դատարան կանչուած մահմեդական վկաները վկայել են մեղադրեալների պարկեշտութիւնը, ազնւութիւնը եւ տեղահանուածների գոյքի հանդէպ անշահախնդրութիւնը, իսկ տեղահանութեան մասին կրկին ոչինչ «չեն լսել», «չեն տեսել»[xxiv]:
Ռազմական արտակարգ ատեանում Մամուրէթ-ուլ-Ազիզի տեղահանութեան դատավարութիւնը, 1919, Օգոստոս: Մեղադրեալներ՝ հանրակրթութեան տեսուչ Ֆերիդ եւ Դերսիմի պատգամաւոր Մեհմէդ Նուրի բէյ: Դատարանում յայտարարւում է, որ Բեհաէդդին Շաքիր եւ Նազըմ բէյերը եղել են Մամուրէթ-ուլ-Ազիզի տեղահանութիւնն իրականացնողներից:
Տաս օրուայ մէջ դատական նիստերին չներկայանալու դէպքում, նրանք կը զրկուեն քաղաքացիական իրաւունքից (նրանք փախել էին Եւրոպա- Հ.Խ.): Այնուհետեւ ընթերցւում է հետաքննութեան եզրակացութիւնը՝ Մամուրէթ-ուլ-Ազիզի եւ Խարբերդի տեղահանութեան ժամանակ տեղի ունեցած բռնութիւնների առնչութեամբ Ֆերիդ եւ Մեհմէդ Նուրի բէյերը համարւում են անուղղակի մասնակիցներ:
Մեհմէդ Նուրի բէյը յայտարարում է, որ ինքն է իրականացրել տեղահանութիւնը, սուտ են իր կողմից իրականացուած բռնութիւնների մասին տեղեկութիւնները, ընդհակառակն՝ պաշտպանել է հայերին, նոյնիսկ իր ագարակում պահել է նրանց: Հայերի կարաւանները ճանապարհին ջարդերի չեն ենթարկուել, իր իմանալով միայն ինը տուժած հայեր են եղել(!!), որի լուրն առնելուն պէս նահանգապետը միջոցներ է ձեռնարկել(!!):
Դատարանը ձեռնարկած միջոցների մասին հարցեր չի տալիս: Նրան ձայնակցում է նաեւ հանրակրթութեան տեսուչ Ֆերիդը, նախ՝ յայտարարելով, որ ինքը տեղահանութեան ժամանակ հիւանդ է եղել, որոշ տեղեկութիւններ է լսել Դիրաբեքիրի եւ Մալաթիայի ուղղութեամբ տարուող կարաւաններից միայն մէկականի վրայ յարձակումների մասին, բայց վստահ չի դրանում, միաժամանակ տեղեակ չի հետեւանքների մասին:
Վանի նախկին նահանգապետ, վկայ Թահսին բէյը մեղադրեալներին չէր ճանաչում, նրա վկայութեամբ Դիարբեքիրի վրայով ուղարկուող հայկական կարաւանները յարձակումների են ենթարկուել Դերսիմի կողմերում, սակայն յարձակուողները ձերբակալուել են, դատուել եւ դատապարտուել հինգ տարուայ բանտարկութեան:
Կանչուած այլ վկաները նոյնպէս չէին ճանաչում մեղադրեալներին: Ինչու՞ էին կանչուել մեղադրեալները: Կանչուել էին որպէս վկայ, միայն իրենց «անտեղեակութիւնը» վկայելու՝ «տեղեակ չեմ, փաշա, տեղեակ չեմ»:
Տրապիզոնում ռազմական ատեանի դատաւոր-քննիչներից մէկի պաշտօնին ցուցադրաբար հայ մարդ էր նշանակուել՝ Սեդրակ Կարագէօզեանը: Երեք ու կէս ամիս տառապելուց յետոյ նա հասկանում է, որ այդ քննութիւններն սկսուել են ոչ թէ յանցագործներին դատելու, այլ Եւրոպայի հանրային կարծիքը խաբելու համար. «Հայկական տեղահանութիւններն ու զանգուածային ջարդերը կազմակերպած պետական պաշտօնեաների, ժանդարմների, ոստիկանութեան սպաների… մեծ մասը շարունակում է մնալ նոյն պաշտօններին… յանցագործներին ձերբակալելու կամ վկաներին բերման ենթարկելու փոխարէն նրանք զգուշացնում են իրենց հետ համագործակցած յանցագործներին…
Հայ, յոյն դժբախտ վկաներին, ովքեր քննութեանը վկայութիւն են տալիս, սպանուած են գտնում… բաւական է ես յանցագործին ձերբակալելու փորձ անեմ՝ բնակչութեան բոլոր շերտերում, գաւառապետից մինչեւ ամէնաստորին շերտը, ծաւալւում է գրգռուածութիւն ու զայրոյթ…
Հիմայ նրանք արդէն զբաղուած են ձերբակալուածներին ազատելու գործով: Յանցագործներն ազատ պտտւում են, բայց ես իմ պահանջների դիմաց տեղեկանքներ եմ ստանում, որ նա/նրանք բացակայում է/են, հիւանդ է/են, կամ ինձ ասում են, որ աշխատողները չեն բաւարարում այդ գործի համար, կամ ուղղակի մնում եմ անպատասխան: Իսկ զանգուածային ջարդեր կազմակերպած մարդը հանգիստ ապրում եւ շարունակում է վարել իր պաշտօնը…
Ես հրաման եմ ստորագրում զանգուածային ջարդերի տխրահռչակ կազմակերպիչներ Ռեշադի, Կախիայի, Օմէրի, Հաքքըի, Հայրէդդինի, Սուլէյմանի եւ Մուրատի ձերբակալութեան վերաբերեալ, բազմաթիւ նամակներ եմ ուղարկում, բայց ոչ մի արդիւնքի չեմ հասնում…
Ռեշադը, Կախիան, Սուլէյմանը եւ այլօք ջարդերի յայտնի կազմակերպիչ Հաջի Ալի Հոֆուզզադէ Եմէրի հետ գնում են կառավարութեան շէնք՝ գաւառապետի հետ զրուցելու…
Իսկ յայտնի ջարդարար եւ կողոպտիչ Թոփալ Օսմանը պաշտօնապէս նշանակուել է Կիրասոն քաղաքի ղեկավար…»[xxv]: Սա նոյն հանրայայտ Թոփալ Օսմանն էր, ով 1915-1916ին Տրապիզոնում նշանակուել էր հայերի տեղահանութեան պատասխանատու[xxvi] եւ իր չեթէների հետ իրականացնում էր Տրապիզոնի Հայերի ջրասոյզ անելու գործողութիւնները եւ գոյքի կողոպուտը:
1919ին, երբ ընթանում էր այդ յանցագործների դատավարութիւնը, այդ սադիստը[xxvii] պարգեւատրւում է բարձր պաշտօնի նշանակմամբ՝ դառնում է Կիրասոն քաղաքի ղեկավար[xxviii]:
Պարզ է, որ իշխանութիւնների կողմից գուրգուրանքով պաշտպանուող յանցագործ Օսմանը պիտի շարունակէր իր եղեռագործութիւնները: Երկու տարի անց, 1921ի յոյն-թուրքական պատերազմի ժամանակ, շտապելով միանալ Անկարայում գտնուող Մուստաֆա Քեմալին, Օսմանը իր 3500 չեթէների հետ ճանապարհին ընկած Հաւզա բնակավայրում 1921ի Յուլիս 20ին «ամբողջ քրիստոնեայ բնակչութեանը առանց որեւէ մէկին կենդանի թողնելու, մեծից մինչեւ նորածին, այր թէ կին, հայ թէ յոյն, ջարդեցին»[xxix]:
Շարունակելով իր յաղթական երթը, երեք օր անց, 1921ի Յուլիսի 23ին Մարզուան է հասնում, մի քանի օրում իրականացնում քաղաքի 2000 հայերի եւ յոյների սպանդը եւ այրում քրիստոնեաների տները[xxx]:
1921ի Հոկտեմբերի 26ին տպագրուած Թայմզ օրաթերթը հաղորդում էր, որ Օսմանի աւազակները (ըստ յօդուածագրի՝ անկանոն ուժերը) Մարզուանում ջանքեր էին գործադրում գտնելու 1915-16ին մահմեդականութիւն ընդունելու միջոցով փրկուած եւ զինադադարից յետոյ քրիստոնեութեանը վերադարձած հայերին[xxxi]:
Հայերը որեւէ կերպ օսմաններից փրկութիւն չունէին: Օսմանները Թուրքիայի վարչարարների հերոսներն էին եւ շարունակում են մնալ այդպիսին[xxxii]: Օսմանն էլ, իհարկէ, դատուելու դէպքում «տեղեակ չէր <լինի>, փաշա, տեղեակ չէր <լինի>» ջարդերին»:
Այդ դատավարութիւնների արդիւնքում դատուել է ընդամէնը 63 մարդ, որից 20ը դատապարտուել են մահապատժի, իրականացուել է միայն 3ը, փախուստի մէջ գտնուող 17ին մահապատժի են դատապարտել հեռակայ (այդ թւում` Թալիաթին, Էնվէրին, Ջեմալին, Տրապիզոնում՝ Ջեմալ Ազմիին, Խարբերդում՝ Նայիմ բէյին եւ Բեհաէդդին Շաքիրին[xxxiii]), մյոսներին դատապարտել են տարբեր տարիների ազատազրկման: Բայց դատավարութեան մակերեսայնութիւնը չէ, որ հիմք է տուել դատավարութեան հիմնական եզրակացութեանը, այլ բոլորի համընդհանուր իմացութիւնն այն մասին, որ հայերի ջարդերը իշխանութիւնների կազմակերպած եւ իրականացրած ծրագրի հետեւանք էին. «Ներկայ հետաքննութեան գլխաւոր հարցն այն է, որ հայերի տեղահանութեան ընթացքում, տարբեր ժամանակներում եւ զանազան վայրերում տեղի ունեցած յանցագործութիւնները եւ յատկապէս իւրաքանչիւր յանցագործութեան նկատմամբ օրէնքի հիմայն վրայ կատարուած քննութիւնները ցոյց են տալիս, որ դրանք ոչ թէ սահմանափակ կամ տեղական բնոյթ են ունեցել, այլ կանխամտածուած իրականացուել են վերոյիշեալ անձերից բաղկացած եւ միասնական ուժ հանդիսացող «Յատուկ կենտրոնի» բանաւոր հրահանգերով եւ գաղտնի հրամաններով»[xxxiv]:
Դատավարութիւնների իրական ազդեցութիւնը փաստացի նպաստել է Մուստաֆա Քեմալի կողմից սկսուած եւ լայնօրէն քարոզուող ազգայնական տրամադրութիւնների բարձրացմանը եւ նոր «Հայրենիքի նոր նուիրեալների»՝ քեմալականների կողմից հայերի ու յոյների դէմ գրգռուող ատելութեան մեծացմանը: 1919-21ին, երբ Մուստաֆա Քեմալի ապստամբական շարժումը թափ էր հաւաքել եւ ռազմական ուժով դուրս էր մղում Անտանտի երկրների ռազմական ներկայացուցիչներին, իսկ իրականում պատերազմում էր Հայաստանի եւ Յունաստանի դէմ, դատավարութիւնների նմանակման ընթացքում գազազած թուրքերի կողմից երկրում մնացած կամ վերադարձած հայերի դէմ ատելութեան նոր ալիք էր բարձրացել: Դա, իհարկէ, միայն դատավարութիւններով չէր պայմանաւորուած:
——————————————
[i] Ալեմդար, 10 Փետրուարի 1919 (Մելինէ Անումեան, Երիտթուրքերի 1919-1921 թթ. Դատավարութիւնների Վաւերագրերը Ըստ Օսմանեան Մամուլի, Երեւան, Էդիթ Պրինտ Հրատ., 2011, էջ 153:
[ii] Ալեմդար, 12 Փետրուար 1919. նաեւ՝ Անումեան, էջ 156:
[iii] Ալեմդար, 10 Փետրուար 1919. նաեւ՝ Անումեան, էջ 153:
[iv] Griker, Documentary History of the Armenocide in Yozgat, New York, Printing House Vosketar, 1980, էջ 256:
[v] Փաստերը կը պնդեն, իսկ ոճրագործները միշտ կ՛ուրանան, Ճակատամարտ, օրաթերթ, Կ.Պօլիս, 19.02.1919 (թիւ 85):
[vi] Թուրքերու աչքկապուկը: Ճակատամարտ, օրաթերթ, Կ.Պօլիս, 12.02.1919 (թիւ 79):
[vii] Վկայ մը, որ կը կակազէ, կը կասկածուի եւ կը նուաղի. Երեք հարիւր հայեր ջարդեցինք, Ճակատամարտ, օրաթերթ, Կ.Պօլիս, 21.02.1919 (թիւ 87):
[viii] Թուրքերու աչքապուկը: Զաւեշտին երրորդ արարը: Ճակատամարտ, օրաթերթ, Կ.Պօլիս, 13.02.1919 (80):
[ix] Անդ:
[x] Անդ, նաեւ Ճակատամարտ, օրաթերթ, Կ.Պօլիս, 12.02.1919 (թիւ 79); Ճակատամարտ, օրաթերթ, Կ.Պօլիս, 21.02.1919 (թիւ 87):
[xi] Մինչ այսօր Թուրքիայի հասարակութեանը հաւատացնում են, որ Մեհմէդ Քեմալը ազգային հերոս եւ նահատակ է: 2011 Ապրիլի 5ին «Անադոլու» լրատուական գործակալութիւնը հաղորդել է, որ նոյն թուականի Ապրիլի 10ին՝ ժամը 13.30ին, Բողազլեան Գաւաոում նախատեսւում է ոգեկոչել Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Եոզղատի մութասարրիֆի (սանջակի կառավարիչ) տեղակալը եւ Բողազլեանի կայմակամը (գաւաոապետ) եղած Մեհմէդ Քեմալի յիշատակը: Թուրքական գործակալութիւնը նշում էր նաեւ, թէ Քեմալը 1922 Հոկտեմբերի 14ին Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի հրապարակած յատուկ օրէնքով հոչակուել էր «ազգային նահատակ» (Մ. Անումեան, «Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան Պատասխանատուների Հերոսացման Հարցի Շուրջ», Թիւրքագիտական Եւ Օսմանագիտական Հետազօտութիւններ, Հատոր 7, Տպագրուել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան Ինստիտուտի Գիտական Խորհրդի որոշմամբ, Երեւան, 2011, էջ 169. նաեւ՝ http://serials.flib.sci.am/openreader/turq_osm_het_7/book/Binder1.pdf) (Վերջին այցելութիւնը 08.08.2018):
[xii] Անումեան, էջ 93:
[xiii] Жевахов Александр, Кемал Ататюрк, Москва, «Молодая гвардия», ISBN 978-5-235-03163-0, 2008[Ալեքսանդր Ժեվախով, Քեմալ Աթաթուրք, Մոսկվա, 2008], էջ 68 (Alexandre Jevakhoff. Kemal Atatiirk. Paris, Tallandier, 1999 ֆրանսերէնից թարգմանութիւնը՝ Լ.Ֆ.Մատյաշի) (այսուհետ՝ Жевахов):
[xiv] Անտոնեան Արամ, Մեծ Ոճիրը, Պօսթըն, 1921, էջ 272:
[xv] Այշէ Հիւր, «Մալթայի Աքսորեալները՝ Ինչպէս Գիտէք» (Tarafից հայերէն թարգմանութիւնը տպագրուած է Թուրքերը Թուրքերի Մասին, Հտր. 3, կազմ. եւ խմբ.՝ Ռ. Մելքոնեան, Երեւան, ԵՊՀ Հրատ., 2011, էջ 77. նաեւ՝ http://akunq.net/am/?p=20807 :
[xvi] Առաւօտ Օրաթերթ, Կ. Պոլիս, 1919, թիւ 4 ( http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Aravot%20KPolis/1919/1919 ):
[xvii] Նոյն:
[xviii] Кеворкян Раймон, Геноцид армян: полная история, Москва, «Центр АНИВ», «Яуза-Каталог», ISBN 978-5-235-906716-36-1, 2015[Հայերի ցեղասպանութիւնը. ամբողջական պատմութիւն, Մոսկուա, 2015], էջ 535(R. Kévorkian, The Armenian Genocide. A Complete History, London, New York, I. B. Tauris and Co Ltd, 2011 անգլերէնից թարգմանութիւնը՝ Լեոնիդ Շչուկինի)(այսուհետ՝ Кеворкян):
[xix] Երիտթուրքերի՝ իշխանութիւնից հրաժարուելուց յետոյ Տրապիզոնի նահանգապետ, հայերի ջարդարար Ջեմալ Ազմին փախել էր Գերմանիա եւ հայերից թալանած գումարներով Բեռլինում խանութ բացել: Խանութը դարձել էր Գերմանիա փախած երիտթուրքերի հաւաքատեղի: 1922ի Ապրիլի 17ին գնդակահարուել է Բեռլինի իր տան մուտքի մօտ, Կ.Պօլսի նախկին ոստիկանապետ, նոյնպէս Թուրքիայից Բեռլին փախած Նազմի բէյի տանը կազմակերպուած ճաշկերոյթից վերադառնալիս:
Գնդակահարութիւն/վրիժառութիւնն իրականացրել էին Արշաւիր Շիրակեանը եւ Արամ Երկանեանը:
[xx] Տրապիզոնի տեղահանութեան եւ կոտորածների դատական նիստերի մասին դատավարութիւնը ներկայացնող Ալեմդար թերթի նիւթերը տե՛ս՝ Անումեան, էջ 202-264:
[xxi] Кеворкян, էջ 534-535
[xxii] Ալեմդար, 25 Ապրիլ, 1919. նաեւ՝ Անումեան, 160-163:
[xxiii] Кеворкян, էջ 536-537:
[xxiv] Ռազմական ատեանում Բողազիչի (Բէօյիւք Դերէ) տեղահանութեան դատավարութիւնը, 1919, Ապրիլ-Մայիս (տե՛ս՝ Անումեան, էջ 264-274):
[xxv] Кеворкян, էջ 832:
[xxvi] Doğan Avcıoğlu, Millî Kurtuluş Tarihi, 1838’den 1955’e [Ժողովրդի ազատագրման պատմութիւնը 1838ից միչեւ 1955], Հտր. 3, İstanbul Matbaası, 1974, էջ 1195. նաեւ՝ Bruce Clark, Twice a Stranger: The Mass Expulsions that Forged Modern Greece and Turkey, Harvard University Press, Cambridge (Massachusetts), 2006, էջ 113:
[xxvii] Robert Shenk, America’s Black Sea Fleet: The U.S. Navy Amidst War and Revolution, 1919-1923, Naval Institute Press, 2012, էջ 50-51:
[xxviii] Кеворкян, էջ 832
[xxix] Հայկունի Պ.Ա., Թօփալ Օսման Եւ Դէպքերը Մարզուանին Մէջ Զինադադարէն Յետոյ, Աթէնք, Տպ. «Նոր Օր», 1924, էջ 36:
[xxx] Վարդանեան Գէորգ, Պոնտոսի Յոյների Ցեղասպանութիւնը, 2012/05/21, http://akunq.net/am/?p=21387 (Վերջին այցելութիւնը 13.12.2017):
[xxxi] The Times, «The Turk at Work», 26th October 1921, էջ 11 (ըստ՝ Վարդանեան, http://akunq.net/am/?p=21387): 1960ին Ամասիայում ծնուած Յովսէփ Հայրենին, ում պապին Մարզուանում սպանել էր Թոփալ Օսմանը, յիշում է, որ մանկութեան տարիներին հայերի ջարդերի մասին խօսակցութիւններ չկային, կամ առնուազն երեխաների ներկայությամբ չկային. «…հայերին սպառնացող վտանգը իմ մանկական զգացմունքներում կապ ունէր Թոփալ Օսմանի մասին մեծմայրիկիս պատմութիւնների հետ: Մեծմայրս երկու տարեկան է եղել, երբ հօրը սպանել են: Ապրում էին Մարզուանում:
Մեծպապիս սպանել են Թոփալ Օսմանի չեթէները: Մեծմայրիկիս պատմութիւնները առանձին յիշողութիւններ կամ, գուցէ, յիշողութիւնների դրուագներ էին Թոփալ Օսմանի եւ նրա չեթէների վայրագութիւնների մասին: Յիշողութեանս մէջ ամուր մնացել է մեծ մայրիկիս պատմած մի պատմութիւն, որ յետագայում, տասնեակ տարիներ անց, կարդացի թուրք հետազօտող Այշէ Գիւլի յօդուածներից մէկում: Կարդալիս յաճախ էի մտածում, որ մեծմայրիկիս պատմութիւններն, ուրեմն, որքան իրական էին:
Պատմութիւնն այն մասին էր, թէ ինչպէս են Թոփալ Օսմանի չեթէները սպանել մի մեծ խումբ հայերի: Ուրեմն հաւաքել այդ հայերին տներից, տարել են քաղաքից դուրս, գործիքներ են տուել եւ պահանջել փոս փորել:
Երբ բաւական մեծ փոսը փորել են, հրամայել են բոլորին շարուել փոսի շուրջը: Հայերն, իհարկէ, հասկացել են, որ իրենց հիմայ սպանելու են: Այդ հայերի մէջ եղել է նաեւ ունեւոր մէկը, որ Թոփալ Օսմանի հետ մօտ ծանօթ է եղել: Նա մօտեցել է Օսմանին եւ զարմացած հարցրել, թէ իրեն էլ է՞ պատրաստւում սպանել, ինչպէ՞ս կը լինի այդպիսի բան: Օսմանը հանել է ատրճանակը եւ կրակելով սպանել նրան: Իսկ մյոսներին պարզապէս հրելով գցել են փոսը եւ կենդանի մարդկանց վրայ հող են լցրել:
Տատիս պատմածով Թոփալ Օսմանի գնդակով զոհուած նրա ծանօթ հայը չի տառապել հողի տակ կենդանի թաղուելով եւ գնդակով սպանուելը լաւութիւն է եղել նրա համար: Առհասարակ մեծմայրիկիս պատմութիւններում միշտ Թոփալ Օսմանն էր եւ նրա չեթէները, մենք՝ մանուկներս գիտէինք, որ Թոփալ Օսմանը վատ մարդ է եղել, աւազակ է եղել, վտանգաւոր է եղել, բայց հարց չէր ձեւակերպւում, թէ ինչու՞ այդ վատ մարդը միշտ հայերի համար է վտանգաւոր եղել, հայերի է սպանել:
Իմ մեծհայրիկին էլ Օսմանի չեթէներն են սպանել: Մեծմայրիկիս պատմելով նրանք մտել են մեծհայրկիս տուն, եւ քանի որ յայտնի էր, որ չեթէները հայերի տուն մտնելիս տղամարդկանց սպանում էին, մեծ հայրիկս արագ տանիք է բարձրացել եւ, փաթաթուելով տանիքը պահող ձեղունին՝ թաքնուել այնտէղ: Չեթէները ողջ տանը փնտրել են եւ, տղամարդ չգտնելով՝ դուրս եկել: Դուրս գալու պահին, սակայն, ծխախոտի ծխի հոտ են առել եւ հոտի ուղղութեամբ հասկացել, որ տանիքում մարդ կայ թաքնուած:
Բարձրացել են տանիք եւ սպանել մեծհայրիկիս…Թոփալ Օսմանի մասին յիշողութիւնը իմ մանկութեան եւ պատանեկութեան տարիների մղձաւանջն էին» (Բելգիայում ապրող Յովսէփ Հայրենին իր ընտանիքի պատմութիւնը պատմել է Հ. Խառատեանին 2016ին, Երեւանում):
[xxxii] Աւելի ուշ Թոփալ Օսմանը պարգեւատրուել է ըստ արժանւոյն՝ գլխաւորելով Քեմալի անձնական զօրախումբը: Ասում են, որ 1997ին կաշառակերութեան մեղադրանքով Թուրքիայի վարչապետի պաշտօնից հեռացուած Թանսու Չիլլէրը խոստացած է եղել հայ եւ յոյն խաղաղ բնակչութիւնից «Թուրքիան փրկած» Թոփալ Օսմանի անունով Համալսարան բացել (Toktamış Ateş (15 June 2006), «Topal Osman ya da Osman Ağa», Bugün (թուրքերէն). Archived from the original on 6 December 2008. Sayın Tansu Çiller başbakanken, Giresun’a bir ‘Topal Osman Üniversitesi’ vadetmesi, doğrusu canımı çok sıkmıştı[Վարչապետ Թանսու Չիլլերը ասաց, որ իր ամբողջ կեանքում յաճախ է ցանկացել Կիրասոնում Թոփալ Օսմանի Համալսարան]): Երախտապարտ համաքաղաքացիները Կիրասոն քաղաքը 2007ին զարդարել են Օսմանի արձանով:
[xxxiii] Երիտթուրքերի՝ իշխանութիւնից հրաժարուելուց յետոյ Խարբերդի նահանգապետ, հայերի ջարդարար Բեհաէդդին Շաքիրը փախել էր Գերմանիա եւ իր կրկնակի՝ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի նման Բեռլինում խանութ բացել:
1922ի Ապրիլի 17ին գնդակահարուել է Ջեմալ Ազմիի հետ միասին՝ Ջեմալ Ազմիի տան մուտքի մօտ, Կ.Պօլսի նախկին ոստիկանապետ, նոյնպէս Թուրքիայից Բեռլին փախած Նազմի բէյի տանը կազմակերպուած ճաշկերոյթից վերադառնալիս: Գնդակահարութիւնն իրականացուել է Արշաւիր Շիրակեանի եւ Արամ Երկանեանի կողմից:
[xxxiv] Հայերի Ցեղասպանութիւնը Ըստ Երիտթուրքերի Դատավարութեան Փաստաթղթերի, թարգմ. եւ ծանօթ.՝ Փափազեան Ա. Հ., Երեւան, 1989, էջ 16. նաեւ՝ http://www.lib.mindiaspora.am/4348.html :