ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ – Հայոց ցեղասպանության իրողությունը երիտթուրքերի դատական վավերագրերում (1919-1921)

ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ – Հայոց ցեղասպանության իրողությունը երիտթուրքերի դատական վավերագրերում (1919-1921)

03-09-2014 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՔՆՆԱՐԿՈՒՄ:

Սույն թվականի օգոստոսի 11-17-ը Թուրքիայի Քոջաելի նահանգի Դերբենթ գավառում ԵՄ-ի ֆինանսավորմամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կողմից կազմակերպվեց «Յավաշ-Կամաց» ամառային դպրոցը, որին մասնակցեցին շուրջ 20 ուսանողներ և ուսուցիչներ Հայաստանից և նունքան էլ` Թուրքիայից: Օգոստոսի 15-ին, ամառային դպրոցի ծրագրի համաձայն, «Հայոց ցեղասպանության իրողությունը երիտթուրքերի դատական վավերագրերում (1919-1921)» վերնագրով դասախոսությամբ հանդես եկավ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը, որի զեկուցումը ներկայացնում ենք ստորև:

Մելինե Անումյան

«Իթթիհադականների` հայերի բնաջնջմանն ուղղված քաղաքականությունը Օսմանյան կայսրության կողմից պաշտոնապես դատապարտվել է դեռևս 1919-1921 թթ.` ռազմական արտակարգ ատյաններում կայացած 60-ից ավելի դատավարությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով:

Այդ բոլոր դատական գործերը հարուցվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով: Երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների` 1919 թ. ապրիլ-հուլիս ամիսներին տեղի ունեցած դատաքննությունների համար հիմք են ծառայել ոչ միայն հայերի տեղահանման և ոչնչացման մեջ կարևոր դեր ունեցած Հատուկ կազմակերպությունը հիմնելու, այլ նաև` առանց հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, տնտեսական չարաշահումներ թույլ տալու, սև շուկայում գործունեություն ծավալելու և երկրի անվտանգությունը խախտելու մեղադրանքները:

Ինչպես նշում է հայաստանցի պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, հենց այս դատաքննությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով Օսմանյան կառավարությունն արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Միաժամանակ այս դատավարությունները կարևորվում են նաև Հայոց ցեղասպանության փաստի հաստատման առումով, քանի որ դատական գործերի նիստերում ներկայացված մեղադրական եզրակացությունները, դատաքննության ընթացքում ունկնդրության արժանացած վկաների և ամբաստանյալների ցուցմունքները, ընթերցված ծածկագիր հեռագրերը ու, հատկապես, դատավճիռներն ընդգրկող փաստաթղթերն անհերքելիորեն ապացուցում են, որ հայերի զանգվածային կոտորածները եղել են կանխամտածված և ծրագրված երիտթուրքերի կուսակցության և կառավարության կողմից:

Առաջին աշխարհամարտից հետո` զինադադարի շրջանում, Օսմանյան կայսրության` շատ արագ միմյանց հաջորդող կառավարությունների` Հայոց ցեղասպանության պատասխանատուներին բացահայտելու և դատապարտելու նախաձեռնությունն առաջին հերթին պայմանավորված էր հաշտության պայմանագրի դրույթները և հաղթանակած տերությունների դիրքորոշումը մեղմելու ցանկությամբ, քանի որ կայսրությանը վերջնական կործանում էր սպառնում: Թուրքիայի վրա մեծ ազդեցություն ունեցավ հատկապես համաշխարհային հանրության` մեղավորներին միջազգային դատարանին հանձնելու պահանջը:

Հարկ է նշել, որ դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ արևմտահայերի զանգվածային բռնագաղթի ու կոտորածների լուրը տարածվել էր ողջ աշխարհով մեկ, դաշնակից երկրները` հանձինս Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունների, 1915 թ. մայիսի 24-ին բողոքի նոտա էին հղել Բարձր Դռանը` հայտարարելով, որ Օսմանյան կայսրության այդ նոր ոճրագործություններն ուղղված են մարդկության և քաղաքակրթության դեմ, և որ դրանց համար իրենք պատասխանատու են ճանաչելու օսմանյան կառավարության բոլոր անդամներին, ինչպես նաև` կոտորածներին մասնակից տեղական իշխանություններին:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո դաշնակից տերությունները փորձեցին կոտորածների պատասխանատուների նկատմամբ կիրառել միջազգային իրավունքի սկզբունքները, սակայն հաջորդ ամիսներին այդ նախաձեռնությունը հետզհետե թուլացավ և, ի վերջո, զոհ գնաց քաղաքական խարդավանքներին:

Տեղի տալով համաշխարհային հանրության ճնշմանը` Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեթ 6-րդ Վահիդեթթինը և հաճախ փոփոխվող կառավարությունների ներկայացուցիչները փութացին պատժել Առաջին աշխարհամարտի տարիներին այստեղ կատարված ոճրագործությունների, մասնավորապես` հայերի տեղահանության ու կոտորածների հեղինակներին: Այս հարցում կարևոր դեր խաղաց նաև այն, որ 1918 թ. դեկտեմբերից իշխանության եկած կառավարությունները կազմվում էին Իթթիհադի հակառակորդ ու պատերազմի տարիներին հալածված Ազատություն և համաձայնություն կուսակցության անդամներից:

Մուդրոսի զինադադարի կնքմանը հաջորդած ամիսներին Օսմանյան կայսրության հասարակության շրջանում նկատելի էր Առաջին աշխարհամարտում քրիստոնյաների դեմ իրականացված կոտորածների մեջ իթթիհադականներին մեղադրելու և նրանցից զատվելու միտում:

Այս ժամանակաշրջանում օսմանյան մամուլում խիստ մեղադրանքներ են հնչեցվել երիտթուրքերի դեմ: Հատկապես սուր քննադատության է ենթարկվել հայերի նկատմամբ նրանց վարած քաղաքականությունը: Հայերի տեղահանության և կոտորածների խնդիրն ընդգրկվել է նաև տվյալ ժամանակաշրջանի օսմանյան խորհրդարանի օրակարգ, և վերջինս 1918 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին դարձել է թեժ վիճաբանությունների թատերաբեմ: Օսմանյան խորհրդարանում կայացած քննարկումների արդյունքում փաստվել է պատերազմի ժամանակ երիտթուրքական կուսակցության և կառավարության կատարած չարաշահումների և ոճրագործությունների իրողությունը:

Դրանք քննելու նպատակով օսմանյան խորհրդարանում ստեղծվել է Հինգերորդ հանձախումբը, որը, ի թիվս այլ մեղադրանքների, երիտթուրքական կուսակցությանը մեղադրել է նաև պատերազմի տարիներին հայ բնակչության անհիմն տեղահանության, զանգվածային ոչնչացման և այդ բնաջնջումն իրականացնելու համար Հատուկ կազմակերպություն անվամբ անօրինական կառույց ստեղծելու մեջ:

Օսմանյան խորհրդարանի Հինգերորդ հանձնախումբը հարցաքննված նախարարների մեկնաբանություններին և խոստովանություններին հավելել է նաև բազմաթիվ փաստաթղթեր, որոնց մեջ եղել են կոտորածներին վերաբերող խիստ գաղտնի հրահանգներ: Այս վավերագրերը հետագայում հանձնվել են Ռազմական ատյանների դատախազներին:

Հայոց ցեղասպանության պատասխանատուների հետաքննությունը Օսմանյան կայսրությունում գրեթե միաժամանակ կատարվել է երեք տարբեր հետաքննիչ հանձնաժողովների կողմից: Հայոց ցեղասպանության պատասխանատուներին գտնելու ուղղությամբ կարևոր հետաքննություն է կատարել նաև Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովը, որը հայտնի է Մազհարի հանձնաժողով անունով:

Վերջինս երկու ամսվա ընթացքում ձեռք է բերել հայերի կոտորածների վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ, այդ թվում` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ ու հրամաններ, ինչպես նաև` ականատեսների վկայություններ, որոնք ևս 1919թ. հունվարին հանձնվել են Ստամբուլի ռազմական ատյանին: Սակայն Առաջին ռազմական ատյանը, վերոհիշյալ հետաքննող հանձնաժողովների կողմից ձեռք բերված նյութերը թերի համարելով, հիմնել է նաև իր 5 հետաքննիչ հանձնաժողովները, որոնք ևս ձեռք են բերել մի շարք հավելյալ տեղեկություններ, որ հանձնվել են ռազմական դատարանների դատախազներին:

Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարությունն սկսվել է 1919 թ. ապրիլի 28-ին և շարունակվել մինչև նույն տարվա մայիսի 17-ը: Դատավարության ժամանակ հեռակա կարգով մեղադրվել են 11, իսկ ներկա` 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Դատաքննվել են ներկա հետևյալ պաշտոնյաները` վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, արտաքին գործերի նախարարներ Հալիլ Մենթեշեն և Ահմեդ Նեսիմին, արդարադատության նախարար Իբրահիմ Փիրիզադեն, կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Քյուչյուք Թալեաթը, Հատուկ կազմակերպության անդամ Ռըզա բեյը, կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միդհադ Շյուքրյուն, կենտրոնական կոմիտեի և Հատուկ կազմակերպության անդամ Զիյա Գյոքալփը, պարենավորման նախարար և կենտրոնական կոմիտեի անդամ Քարա Քեմալը, հանրակրթական Շյուքրյու բեյը, Ստամբուլի կայազորի հրամանատար Ահմեդ Ջևադը և Անկարայի պատգամավոր ու Հատուկ կազմակերպության անդամ Աթիֆը:

LES FORCES MILITAIRES OTTOMANES CONDUISENT DES HOMMES ARMÉNIENS VERS UN LIEU D’EXÉCUTION EN DEHORS DE LA VILLE DE KHARPOUT. Empire ottoman, mars-juin 1915.

Հեռակա կարգով դատվողներն էին` ներքին գործերի նախարար և վարչապետ Թալեաթը, ռազմական նախարար Էնվերը, ռազմածովային նախարար Ջեմալը, կենտրոնական կոմիտեի անդամ, հանրակրթական նախարար և Հատուկ կազմակերպության ղեկավարներից դոկտոր Նազըմը, կենտրոնական կոմիտեի անդամ և Հատուկ կազմակերպության Արևելյան վիլայեթների բաժանմունքի ղեկավար Բեհաեդդին Շաքիրը, կենտրոնական կոմիտեի անդամ դոկտոր Ռյուսուհին և հասարակական անվտանգության նախարար ու Հատուկ կազմակերպության անդամ Ազիզը:

Սույն դատական գործի առաջին նիստում դատական քարտուղար Շեֆիքի կողմից ընթերցվել է մեղադրական ակտը: Հարկ է առանձնահատուկ անդրադառնալ 41 միավոր պաշտոնական և կիսապաշտոնական բնագիր փաստաթղթերի հիման վրա կազմված մեղադրական ակտին, քանի որ այն բաղկացած էր այնպիսի խիստ կարևոր վավերագրերից, ինչպիսիք են ծածկագիր հեռագրերն ու բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների տված վկայությունները:

Այս դատական վավերագրերը բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության Արդարադատության և Ներքին գործերի նախարարություններին ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը:

Բացի այդ` շատ դեպքերում մեղադրյալներին ցույց են տրվել փաստաթղթերի տակ դրված սեփական ստորագրությունները, և նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում: Գլխավոր ամբաստանագրում տեղ գտած վավերագրերի մեծ մասը բաղկացած էր կուսակցության կենտրոնական կոմիտեի և կառավարության անդամների կողմից հղված գաղտնի հրահանգներից ու ծածկագիր հեռագրերից: Մեղադրական ակտում նշվում էր, որ դատական գործի հիմնական նպատակը հայերի տեղահանման ժամանակ տեղի ունեցած ողբերգության հետաքննությունն է:

Մեղադրական ակտն ընդգծում էր, որ հայերի բնաջնջումը նախապես որոշվել էր Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի մանրամասն քննարկումների արդյունքում: Այսպես` գրավոր կերպով վկայություն տված օսմանյան երրորդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան հայտնել էր, թե հայերի հանդեպ կատարված վայրագություններն ու կոտորածները, ինչպես նաև` ունեցվածքի կողոպուտը որոշված են եղել Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից, և որ այդ ջարդերի իրականացման համար Բեհաեդդին Շաքիրը երրորդ բանակի շրջանում պատրաստել է հատուկ մարդասպաններ, որոնց ղեկավարել է անձամբ:

Ամբաստանագրում շեշտվում էր, որ երիտթուրքական կուսակցության ղեկավարների կողմից բանտերից ազատված հանցագործներից ստեղծված Հատուկ կազմակերպության բուն նպատակն է եղել ոճրագործություններ կատարելը, և նշվում, թե տվյալ կազմակերպությունը սերտ կապերի մեջ է եղել Միություն և առաջադիմություն կուսակցության հետ, և որ սույն կազմակերպության գլխավոր պաշտոնյաները հանդիսանում էին կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամները: Նաև ընդգծվում, էր թե Հատուկ կազմակերպության ավազակները հետագայում օգտագործվել են տեղահանման ենթարկված հայերի բնաջնջումը կազմակերպելու նպատակով:

Ամբաստանագրում շեշտվում էր, թե հայերի տեղահանության ընթացքում տարբեր ժամանակներում և վայրերում տեղի ունեցած հանցագործությունների հետաքննությունը բացահայտել է, որ այդ ոճիրները ոչ թե կրել են տեղական բնույթ, այլ կանխամտածվել և իրականացվել են մեղադրյալներից կազմված «հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգներով ու գաղտնի հրամաններով, և որ լիովին ապացուցվել է, թե հայերի կոտորածները կատարվել են Թալեաթի, Էնվերի և Ջեմալի անմիջական հրամաններով ու գիտությամբ:

Մեղադրական ակտում ընդգծվում էր, որ իթթիհադականներն օգտվել են Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից` իրենց գաղտնի ծրագրերը իրականացնելու համար: Ամբաստանագրում հերքվում էր նաև Մեծ եղեռնի հեղինակների և Ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանների այն «փաստարկը», թե տեղահանությունն իրականացվել է որպես ռազմական միջոցառում:

Genocide perpetrated by the Ottoman Empire, now Turkey -1 April 1909 – The Adana Massacre – The Corpses of Armenians Extracted from the Wells in Adana

Ըստ մեղադրական ակտի` հաշվի առնելով այն փաստը, որ, օրինակ, Բոլուն չէր համարվում պատերազմական գոտի, հավաստում էր, որ հայերի բռնագաղթն ուղղված էր կուսակցության նպատակների իրականացմանը. նման գործողությունները չէին բխում ռազմական անհրաժեշտությունից: Դրանք ո՛չ պատժիչ գործողություններ էին, ո՛չ էլ կարգապահական: Մեղադրական ակտը հատուկ անդրադառնում էր նաև հայերի բնաջնջման մեթոդներին, հայերի ունեցվածքի յուրացմանը և կատարված չարաշահումներին:

Ամբաստանագրում շեշտվում էր, որ երիտթուրքերի կուսակցության անդամների մեծ մասը հարստացել էր հայերի անշարժ ու շարժական գույքերի կողոպտման հաշվին: Նաև նշվում էր, որ կուսակցությունն ու կառավարությունը բացահայտ հրաման էին արձակել հայերի կոտորածների համար: Որպես ապացույց բերվում էր այն ծածկագիր հեռագիրը, որում հրահանգվում էր ոչնչացնել հեռացված հայերին:

Փաստաթղթում ընդգծվում էր, որ հայերի կոտորածների գործում, կուսակցության կազմակերպության ցանցի հետ մեկտեղ, ներգրավված են եղել նաև քաղաքացիական և ռազմական իշխանությունները, և որ ջարդերն ուղղորդվել ու վերահսկվել են Ներքին գործերի նախարարության և անձամբ նախարար Թալեաթի կողմից: Ամբաստանագրում շեշտվում էր նաև, որ հայերին պաշտպանել համարձակված պաշտոնյաներին ու հասարակ մարդկանց սպառնացել էին պաշտոնազրկմամբ և, անգամ, մահապատժով:

Կուսակցության անդամների դատավարության ժամանակ մեղադրյալները դատարանի նախագահին տված հարցերին պատասխանելիս տվել են միանման ցուցմունքներ: Այս առումով մեծ դեր էր խաղացել այն, որ ամբաստանյալներին բանտում հնարավորություն էր տրվել իրար հետ զրուցել ու քննարկել իրավիճակը և համադրել ապագայում իրենց կողմից տրվելիք ցուցմունքները:

Հատկապես առաջին նիստերի ընթացքում ամբաստանյալները տվել են խուսանավող պատասխաններ, միաբերան ասել, որ տեղյակ չեն եղել հայերի կոտորածների մասին, ձևացրել, թե չեն հասկանում նախագահի հարցերը, ասել, որ բոլորովին չեն հիշում այն ժամանակվա դեպքերը: Սակայն դատավարության հետագա նիստերի ժամանակ ամբաստանյալները չեն կարողացել շարունակել այդ ռազմավարությունը: Ռազմական ատյանի կազմը, տարբեր մեթոդների դիմելով, կոտրել է նրանց համառությունը:

Կուսակցության անդամների դատավարության վերջին նիստերում դատարանը կիրառել է խաչաձև հարցաքննության մեթոդը, անսպասելիորեն որպես փաստ ընթերցել տվել մեղադրյալների սեփական ստորագրությունը կրող ծածկագիր հեռագրերը: Այս բոլոր մեթոդներն արդյունավետ են եղել, և մեղադրյալները, հրաժարվելով կոշտ ժխտողական դիրքորոշումից, սկսել են հայտնել որոշ կարևոր տեղեկություններ:

Այսպես` դատավարության վեցերորդ նիստի ժամանակ Հատուկ կազմակերպության անդամ Աթիֆը խոստովանել է, որ կուսակցության կենտրոնական կոմիտեն օժանդակել է Թեշքիլյաթ-ը մահսուսային: Նույն նիստում վերոնշյալ մեղադրյալը հաստատել է նաև Հատուկ կազմակերպության ջոկատների` բանտից հանված հանցագործներից կազմավորված լինելու փաստը:

1919 թ. ապրիլի 10-ին Յոզղատի հայերի տեղահանության և կոտորածների դատավճռով կախաղան բարձրացված Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալի մահապատժից հետո զանգվածային ցույցեր են կազմակերպվել Ստամբուլում: Քաղաքում անգամ լուրեր էին տարածվել, թե այն կալանատունը, որում արգելափակված էին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած մեղարյալները, այսինքն` Բեքիրաղա Բյոլյուղու կոչված բանտը, զինված հարձակման էր ենթարկվելու ճիշտ այնպես, ինչպես Բաստիլը` ժամանակին:

1919 թ. մայիսին այս բանտում արդեն կալանավորված էին առնվազն 250 հոգի: 1919 թ. մայիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունենում դատավարության դեմ ուղղված ամենազանգվածային ցույցը, որին, ըստ որոշ տվյալների, մասնակցում են 200 հազար հոգի. նրանց մեծ մասը իթթիհադական էր: Այս ցույցերը վկայում էին, որ երիտթուրքերը դեռ շարունակում էին մեծ ուժ ներկայացնել երկրում:

Վարչապետ Դամադ Ֆերիդի կառավարությունը լարվածությունը մեղմելու նպատակով ազատ է արձակում վերոհիշյալ կալանավայրում արգելափակված 41 բանտարկյալների, ովքեր կասկածվում էին հատկապես հայերի կոտորածների հետ առնչություն ունենալու մեջ: Դամադ Ֆերիդը նաև որոշում է ժամանակավորապես դադարեցնել կուսակցության անդամների դատաքննությունը:

Այս բոլոր իրադարձությունների ազդեցության տակ Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսարի տեղակալ, ծովակալ Վեբը որոշում է Բեքիրաղա Բյոլյուղյու բանտում արգելափակված մյուս կալանավորներին տեղափոխել ավելի ապահով մի վայր, քանի որ Մեծ Բրիտանիան սկսել էր չվստահել թուրքական դատարաններին, բացի այդ` մտադիր էր սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական հանցագործներին:

ARMENIAN GENOCIDE – This picture shows part of the 5.000 children from Kharput en route on donkey back and foot. “Story of Near East Relief” by James L. Barton, New York, 1930, p. 152

Ծովակալ Վեբը շատ շտապ պատրաստում է ամենավտանգավոր հանցագործների ցուցակը: 1919 թ. մայիսի 28-ին անգլիացիները 67 բանտարկյալի Բեքիրաղա Բյոլյուղյու բանտից նավով տեղափոխում են Մալթա կղզի: Վերջին պահին գեներալ Միլնը նավ է նստեցնում ևս 11 հանցագործի:

Թեև Մեծ Բրիտանիան սկզբում, իրոք, մտադրված է եղել դատապարտել Մալթա աքսորված պատերազմական հանցագործներին, այդ թվում նաև` Հայոց ցեղասպանության պատասխանատուներին, սակայն հետագայում նրա վճռականությունը հետզհետե թուլացել է, և Անգլիան Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործներին ի վերջո փոխանակել է անգլիացի ռազմագերիների հետ:

Մալթա աքսորյալները վերադարձել են Թուրքիա, մասնակցել ազգայնական պայքարին և հանրապետության հռչակումից հետո զբաղեցրել կարևոր քաղաքական պաշտոններ: Այսպիսով` Հայոց ցեղասպանության պատասխանատուները դարձել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կադրերը:

Ռազմական արտակարգ ատյանը գլխավոր դատավարությունը վերսկսում է 1919 թ. հունիսի 3-ին: Նիստում թեև ընթերցում են նաև Մալթա աքսորված մեղադրյալների անունները, սակայն Ստամբուլի պարետ Սեյիդ փաշայի կողմից տվյալ ամբաստանյալներին անգլիացիներին հանձնելու մասին տեղեկագրի ընթեցումից հետո նրանց գործերն առանձնացվում են:

Այդպիսով` գլխավոր դատավարության երկրորդ փուլում կամ կառավարության անդամների դատաքննության ժամանակ ներկա կարգով քննվում են շեյխ-ուլ-իսլամ Մուսա Քյազիմի, փոստի և հեռագրատան նախարար Հյուսեին Հաշիմի ու սենատի նախագահ Ռիֆաթի գործերը: Այս դատավարության ժամանակ հեռակա կարգով շարունակում են դատվել վարչապետ Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ռազմածովային նախարար Ջեմալ փաշան ու հանրային կրթության նախարար դոկտոր Նազըմը:

Դատախազի տեղակալ Ֆերիդուն բեյը ներկայացնում է 1919 թ. մայիսի 22-ին կազմված մեղադրական ակտը, որի սկզբում անդրադարձ է կատարվում կուսակցության թույլ տված օրինախախտումներին և չարաշահումներին: Ամբաստանագրի համաձայն` տարագրված հայերի քարավանները ենթարկվել են հատուկ կազմավորված հրոսախմբերի հարձակումներին, ովքեր բնաջնջել են նրանց ու կողոպտել նրանց պատկանող ունեցվածքը:

Մեղադրական ակտում ընդգծվում է նաև, որ կառավարությունը պաշտոնազրկել է այն բոլոր նահանգապետերին ու գավառապետերին, ովքեր հրաժարվել են իրականացնել տեղահանություններն ու կոտորածները: Այս ամբաստանագրում ևս ընդգծվում է, որ հայերի կոտորածները նախապես ծրագրվել և իրագործվել են կուսակցության վերոնշյալ գաղտնի խմբավորման անդամների կողմից:

Մեղադրական ակտում նշվում է նաև, որ այդ գաղտնի խմբավորման առաջնորդներն են եղել կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ դոկտոր Բեհաեդդին Շաքիրը, դոկտոր Նազըմը, ինչպես նաև` Ռըզա և Աթիֆ բեյերը, իսկ կոմիտեի հիմնական ծրագրերն իրագործվել են վարչապետ Թալեաթի, ինչպես նաև` ռազմական նախարար Էնվերի ու ռազմածովային նախարար Ջեմալի կողմից:

Գլխավոր դատավարության երկրորդ փուլի նիստերի ընթացքում մեղադրյալների հարցաքննությունը հիմնականում կատարվում է պատերազմի ժամանակ Միություն և առաջադիմություն կուսակցության ունեցած գործունեության, պատերազմին մասնակցություն ցուցաբերելու նախաձեռնության ու տեղի ունեցած չարաշահումների ուղղությամբ:

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

Այդպիսով` 1919 թ. հուլիսի 5-ին կայացված դատավճռով Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և դոկտոր Նազըմը դատապարտվում են մահվան, Ջավիդը, Մուստաֆա Շերեֆը և շեյխ-ուլ-իսլամ Մուսա Քյազիմը` 15 տարվա աքսորի, իսկ Ռըֆաթ ու Հաշիմ բեյերն արդարացվում են:

Հարկ է արձանագրել, որ ընդհանրապես հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով իրականացված դատաքննությունների արդյունքում Ռազմական արտակարգ ատյանների դատական կազմերը մահվան դատավճիռներ արձակելիս ավելի «շռայլ» են գտնվել փախուստի մեջ գտնվող դատապարտյալների հանդեպ:

Հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված մոտ 63 դատական գործերի արդյունքում կայացվել է ընդհանուր թվով 20 մահապատժի դատավճիռ: Հատկանշական է, որ այդ մահապատիժներից միայն 3-ն են ի կատար ածվել, իսկ մնացած 17-ն ընդունվել են հեռակա կարգով, քանի որ դատապարտյալները գտնվել են փախուստի մեջ: Մահապատժի ենթարկված դատապարտյալները հետևյալ անձինք են` Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալը, Երզնկայի ժանդարմերիայի հրամանատար Հաֆըզ Աբդուլլահ Ավնին և Բաբերդի կառավարիչ, հետագայում` Ուրֆայի գավառապետ Բեհրամզադե Նուսրեթը:

Ռազմական ատյանները խուսափել են մահվան դատապարտել դատարանում ներկա մեղադրյալներին, քանի որ հենց առաջին` Յոզղատի դատաքննության արդյունքում կախաղան բարձրացված Բողազլըյանի գավառապետ Մեհմեդ Քեմալի մահապատիժը խիստ վրդովմունքի տեղիք է տվել թուրք հասարակության մեջ:

Սուլթանական կառավարությունն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել` հեռակա կարգով մահվան դատապարտվածներին գտնելու և վերջիններիս մահապատիժներն ի կատար ածելու ուղղությամբ:

Գլխավոր դատավարության արդյունքում մահապատժի դատապարտվածների շարքում Թալեաթը 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում սպանվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից, Էնվերը` 1922 թ. օգոստոսի 4-ին Միջին Ասիայում Կարմիր բանակի զորամասերից մեկի հետ ընդհարման ժամանակ, Ջեմալը` վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից 1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում, վարչապետ Սայիդ Հալիմը սպանվում է Հռոմում 1921 թ. Արշավիր Շիրակյանի կողմից, նույն Շիրակյանը 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինում սպանում է Ջեմալ Ազմիին ու Բեհաեդդին Շաքիրին, իսկ դոկտոր Նազըմը 1926 թ. Անկարայում կախաղան է բարձրացվում Մուստաֆա Քեմալի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով:

Հայոց ցեղասպանության իրականացման գործում առանցքային դեր են կատարել նաև Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարները, որոնք մասնավորապես տեղում կազմակերպել և վերահսկել են Օսմանյան կայսրության տարբեր շրջանների հայության տեղահանումն ու կոտորածները:

Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների դատաքննությունը Ստամբուլի ռազմական դատարանում սկսվել է 1919 թ. հունիսի 21-ին ու տևել մոտ 7 ամիս, քանի որ 1919 թ. հունիսի 28-ի նիստից հետո Ռազմական արտակարգ ատյանում կատարված փոփոխությունների պատճառով դատաքննությունն ընդմիջվել է մինչև 1919 թ. հոկտեմբերի 6-ը: Դատավարության սկզբում մեղադրյալները եղել են 7 հոգի:

Հետագա նիստերում ամբաստանյալների թիվը հասել է 12-ի, և դատավճիռ է կայացվել 12 մեղադրյալների վերաբերյալ: Կուսակցության պատասխանատու քարտուղարների վերաբերյալ կայացված դատավճռի համաձայն` ամբաստանյալներից Քաստամոնուի պատասխանատու քարտուղար Հասան Ֆեհմին մահմեդական բնակչությանը շարունակաբար հայերի դեմ հրահրելու, սեփական նախաձեռնությամբ նահանգապետին պաշտոնազրկելու, հայերի գույքը յուրացնելու, իր կողմից նշանակված նոր նահանգապետ Աթիֆի հետ հայերի տեղահանությունն իրականացնելու համար դատապարտվում է 10 տարվա տաժանակիր աքսորի:

Ըստ դատավճռի` չնայած Բոլուի հայության թիվը քիչ է եղել, և նրանք, ըստ օրենքի, չպետք է ենթարկվեին տեղահանության, սակայն մեղադրյալներից Բոլուի նախկին պատասխանատու քարտուղար Միթհաթը հրահրել է տեղի բնակիչներին, որպեսզի վերջիններս ցույց անեն` ասելով` «Չենք ուզում հայերին»:

Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)

Ապա վերոհիշյալ ամբաստանյալը պաշտոնից հեռացնել է տվել Բոլուի գավառապետի տեղակալ Ալի Հիլմի բեյին, քանի որ վերջինս ընդդիմացել է տեղահանությանը: Դատարանն այս հանցագործությունների համար Բոլուի պատասխանատու քարտուղար Միթհաթին նույնպես դատապարտում է 10 տարվա տաժանակիր աքսորի: Ամբաստանյալներից Էդիրնեի պատվիրակ Աբդուլ Գանին, դատավճռի համաձայն, մեծ ազդեցություն է գործել տեղահանության գործի վրա, զինված հրոսակախմբերի հետ շրջել ամենուր, բռնագրավել հայերի դրամը, դիզել մեծ հարստություն: Դատավճռում նշվում է նաև, որ թեև վերոհիշյալ մեղադրյալը ցուցմունք է տվել առ այն, թե իբր տեղահանությունն Էդիրնեում կատարվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում, և հայերի միայն մեկ քարավան է աքսորվել, սակայն դատարանը հարցում է արել Էդիրնե ու պատասխան ստացել, որ հայերի տարագրությունն այստեղ իրականացվել է երեք քարավաններով, որոնք ուղարկվել են Դեր Զոր:

Քանի որ Աբդուլ Գանիի դեմ նույն մեղադրանքով դատական գործ էր հարուցվել նաև Էդիրնեի տեղահանության դատական գործի շրջանակներում, դատարանը որոշում է նրա դատավճիռն ըստ այդմ կայացնել: Պատասխանատու քարտուղարների վերաբերյալ դատավճռով մեղադրյալներից Մանիսայի պատասխանատու քարտուղար Ավնի բեյը որոշ անձանց անօրեն կերպով բանտարկել տալու համար դատապարտվում է 9 ամսվա ազատազրկման: Մնացած ամբաստանյալներին դատարանն ազատ է արձակում:

Հայերի կոտորածների կազմակերպիչների պատասխանատվության խնդիրը Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանների կողմից քննվել է նաև ըստ Օսմանյան կայսրության տարբեր շրջանների:

Գլխավոր դատավարությունները ներառյալ` կարելի է արձանագրել շուրջ 63 առանձին դատական գործերի դեպքեր, որոնք բոլորն էլ հարուցվել էին հայերի տեղահանման ու կոտորածների մեղադրանքով:

Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով կայացած վերոնշյալ դատավարությունների մեջ առավելապես կարևորվում են առաջինը տեղի ունեցած Յոզղատի և Տրապիզոնի դատական գործերը, քանի որ այս դատաքննությունների ընթացքում ամենաշատ վկայություններն ու ապացույցներն են բերվել կառավարությունից հրահանգներ ստացած տեղական իշխանությունների կողմից հայերի տեղահանման ու ոչնչացման համակարգման ու վերահսկման վերաբերյալ:

Բացի այդ` տվյալ դատավարությունների ժամանակ հանդես եկած վկաները հիմնականում եղել են թուրքեր և այլ ազգությունների պատկանող մահմեդականներ, և ոչ թե` «միայն հայեր», ինչպես փորձում են ներկայացնել թուրք պատմաբան ու դիվանագետ Բիլալ Շիմշիրը և թուրքական պաշտոնական պատմագրության ներկայացուցիչ Ֆերուդուն Աթան:

Ավելին` Տրապիզոնի դատավարության ընթացքում մեղադրյալների դեմ վկայություններ են տվել բարձրաստիճան այնպիսի պաշտոնյաներ, ինչպիսիք են Վանի նախկին նահանգապետ Նազըմը, Էրզրումի նախկին նահանգապետ Թահսինը, ռազմածովային նախարար Ավնին, դատական քննիչ Քենանը, Տրապիզոնի և Լազըստանի զորքերի շտաբի պետ, գնդապետ Մուհթարը, լեյտենանտ Ահմեթը և շատ ուրիշներ:

Դատավարությունների ընթացքում երկրում փոխվել է նաև քաղաքական մթնոլորտը: Արդեն հիմնականում ազգայնականներով ներկայացված վերջին օսմանյան խորհրդարանի պատգամավորները 1920 թ. փետրվարի 20-ին հանդես են եկել Դամաթ Ֆերիթ փաշայի դեմ դատական գործ հարուցելու առաջարկով, քանի որ վերջինս բավականին հետևողական էր հայերի կոտորածների պատասխանատուներին բացահայտելու առումով:

Քեմալականների ճնշումների պատճառով Դամաթ Ֆերիթը 1920 թ. հոկտեմբերի 17-ին ստիպված հրաժարական է տվել: Նրան փոխարինել է քեմալականների հանդեպ բայրացակամ տրամադրված Թևֆիկ փաշան: Վերջինիս պաշտոնավարման ընթացքում 1920 թ. նոյեմբերի 8-ին ձերբակալվել են Բաբերդի դատավճիռն արձակած դատավորները:

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

Հարկ է նշել, որ մինչ այդ էլ Ռազմական արտակարգ ատյանի դատավորները, դատախազները և դատարանում որպես վկա հանդես եկած անձինք ահաբեկումների էին ենթարկվում երիտթուրքերի կողմից, որոնց մեծ մասը դեռ շարունակում էր պաշտոններ զբաղեցնել Ռազմական, Ներքին և Արդարադատության նախարարություններում, սակայն դատավորների ձերբակալման դեպքն աննախադեպ էր:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել` Բեհրամզադե Նուսրեթին մահվան դատապարտելու կապակցությամբ: 1921 թ. փետրվարի 2-ին դատավոր Նեմրութ Մուստաֆա փաշան դատապարտվել է 7, դատարանի անդամներից Ռեջեփ փաշան և Ռեջեփ բեյը` 5-ական, իսկ Ֆեթթահ բեյը` 3 ամիս ազատազրկման:

Իսկ հայերի բնաջնջման համար մահապատժի ենթարկված ընդամենը 3 ոճրագործներից 2-ը` Մեհմեթ Քեմալը և Բեհրամզադե Նուսրեթը, հերոսացվել են քեմալականների կողմից: Այսպես` Բեհրամզադե Նուսրեթի մահապատժի օրը` 1920 թ. օգոստոսի 5-ին, Անկարայի մեջլիսը, ի նշան հարգանքի, 10 րոպեով դադարեցրել է իր աշխատանքը:

Դարձյալ Անկարայի մեջլիսի 1920 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած որոշման համաձայն` թոշակ է տրամադրվել Քեմալի ընտանիքին, նույն տարվա դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել Բեհրամզադե Նուսրեթի ընտանիքին թոշակ նշանակելու մասին:

Այսպիսով, երիտթուրքերի դատավարությունների փաստաթղթերը պարունակում են Հայոց ցեղասպանության փաստը հավաստող անհերքելի ապացույցներ, հաստատում հայերի կոտորածների կանխամտածված բնույթը։

Այս դատական վավերագրերը հատկապես բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ ի նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության Արդարադատության և Ներքին գործերի նախարարություններին ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը:

Թեև դատավարությունները կայացել են Օսմանյան կայսրության օրենքների հիման վրա, սակայն դրանք նպաստել են նաև միջազգային իրավունքին առնչվող կարևոր չափանիշների ձևավորմանը, քանզի թուրքական կառավարության ներկայացուցիչներն Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո որդեգրել էին պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարված գործողությունները դատապարտող կեցվածք և կիրառել «մարդկայնության դեմ հանցագործություն» արտահայտությունը»:

Թուրք մասնակիցներից մեկի այն հարցին ի պատասխան, թե «Եթե Թուրքիան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը, ինչու՞ եք ներողություն ակնկալում», բանախոսը նշեց.

«Թուրքիան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն ներողություն չի խնդրել դրա համար և ըստ արժանվույն չի դատապարտել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին: Ես այստեղ կմեջբերեմ 1918 թ. վերջերին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը եղած Ջեմալի արտահայտած այն միտքը, թե «Կառավարությունն ու ժողովուրդը պատասխանատու կդառնան միայն այն դեպքում, եթե չդատապարտվեն տեղահանության և կոտորածների հեղինակները»:

Քանի որ Հայոց ցեղասպանության պատասխանատուների մեծ մասն այդպես էլ մնաց անպատիժ, իսկ սահմանափակ թվով հանցագործների դատապարտումն էլ առավելապես ձևական բնույթ կրեց, ապա կարելի է արձանագրել, որ սույն դատավարությունները կազմակերպած օսմանյան կառավարությունները և թուրք ազգը ևս չեն ազատվել այդ պատասխանատվությունից»:

GENOCIDE-© PHOTO – ARMENIAN GENOCIDE MUSEUM INSTITUTE

Akunq.net

akunq.net/am/?p=40919

Facebooktwitterredditpinterestlinkedinmail