ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՄԵՐ ՈՒՂԻՆ – Անխե՛լք հայեր, ես ինչպէս մերժեմ, երբ նա 10․000 ղուռուշ է խոստանում մուծել պետական գանձարան

ՄՇԱԿՈՅԹ-Ժայռապատկեր․ Արևմտյան Հայաստան, Արճեշի շրջան - Western Armenia, Archesh region

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՄԵՐ ՈՒՂԻՆ – Անխե՛լք հայեր, ես ինչպէս մերժեմ, երբ նա 10․000 ղուռուշ է խոստանում մուծել պետական գանձարան

Nazareth Berberian – ««ՆԱԽՈՐԴ ԲԱՐԻ ԼՈՅՍԸ»»

ՄԵՐ ՈՒՂԻՆ

ԲԱՐԻ ԼՈՅՍ

«Անխե՛լք հայեր, ես ինչպէս մերժեմ, երբ նա 10․000 ղուռուշ է խոստանում մուծել պետական գանձարան»

14 Մայիս 2020

Բարի լոյս՝ հայ ժողովուրդը իր ՈԳԵՂԷՆ ՈՒԺԻՆ ու ԲԱՐՁՐՈՒԹԵԱՆ վրայ վերականգնող հայոց ԱՆՄԱՀՆԵՐՈՒՆ, որոնք դարաւոր գերութեան ու ստրկացնող պայմաններուն մէջ անգամ՝ ի վիճակի եղան յաղթահարելու Ազգին եւ Հայրենիքին սպառնացող ամէն կարգի ԻՆՔՆԱԼՔՈՒՄի եւ ԱՅԼԱՍԵՐՈՒՄի որոգայթներն ու ժանգերը։

Եթէ Հայաստանն ու Հայութիւնը կրցան դիմադրել դարաւոր ազատազրկման եւ իրաւազրկման անխուսափելիօրէն հետեւող ստրկամտութեան ու մորթապաշտութեան ՉԱՐԻՔին, հաւաքական մեր վերապրումին եւ ԱԶԳԱՅԻՆ մեր ԱՐԺԷՔՆԵՐՈՒ վերանորոգման մէջ վճռորոշ ներդրում ունեցան ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ մեծավաստակ ՊԱՀԱԿՆԵՐՆ ու ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ, որոնց փաղանգին մէջ իր ուրոյն տեղը ունի Մայիս 14ի այս օրը 388 տարի առաջ վախճանած ՄՈՎՍԷՍ Գ․ ՏԱԹԵՒԱՑԻ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Բարի լոյս՝ ինչպէս Հայոց Հայրենիքն ու Ազգային Պետականութիւնը, այնպէս եւ Հայ Մշակոյթն ու Հայաստանեայց Եկեղեցին ամէն կարգի փերեզակներու եւ ցեցերու կործանարար ՋԼԱՏՈՒՄԻՆ դէմ անխոցելի եւ անխորտակ պահելու ՀԱՅ ԱԶԳԻ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ եւ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ՆԵՐՈՒԺԻՆ, որուն օրինակելի ջահակիրներէն է Սուրբ Էջմիածինը ՎԵՐԱԿԱՆԳՆԱԾ Մովսէս Գ․ Տաթեւացին։

Յուշատետրով ամփոփ գիծերու մէջ կատարուած է արժեւորումն ու մեծարանքը Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը վերականգնած Հայրապետի կեանքին ու վաստակին։ Իսկ ստորեւ համառօտակի մէջբերուած վկայութիւնը – հանգուցեալ փրոֆեսոր ԲԱԲԿԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆի ծաւալուն մէկ աշխատասիրութենէն – մեր առջեւ կը բանայ ողբերգական ու հեղձուձիչ մթնոլորտը 17րդ դարու Հայաստանի եւ Հայ Ազգի ստրկական կեանքին, այլեւ՝ հայոց հոգեւոր առաջնորդներէն շատերը վարակած ՍՏՐԿԱՄՏՈՒԹԵԱՆ բերած ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՀԱՒՈՐ ԱՆԿՈՒՄԻՆ։

Բարի լոյս՝ Հայու Հոգիին մէջ ազգային մեր ինքնութեան ու հաւատքին մաքրութիւնն ու ՎԵՀՈՒԹԻՒՆը անսակարկելի պահող ԻՐԱՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՈՒՆ, որոնք գիտցած են յաղթահարել ԱԹՈՌի եւ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ փորձիչ գայթակղութիւնները, ԴՐԱՄի դիմաց ԽԻՂՃ վաճառելու ամէն կարգի պատեհապաշտութիւն։

Անխե՛լք հայեր, ես ինչպէս մերժեմ, երբ նա 10․000 ղուռուշ է խոստանում մուծել պետական գանձարան

*
* *

Ահա՛ հատուածը՝ ԲԱԲԿԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆի աշխատասիրութեան․

Դաւիթ Դ․ի պէս անկարող, Մելքիսեդեկի եւ Սահակի պէս արծաթասէր կաթողիկոսների պայմաններում, երբ Մայր Աթոռը պարզապէս անշքացել էր, եւ 100 թուման պետական տուրքը չեղեալ յայտարարելու պարագայում, որն անշուշտ Մովսէս Տաթեւացու լուրջ յաջողութիւնն էր, նրա հեղինակութիւնն աներեւակայելիօրէն աճել էր։

Ամբողջ ժողովուրդը կամենում էր նրա կաթողիկոսանալը։ Յատկապէս եռանդուն էին գործում Նոր Ջուղայի եւ այլ քաղաքների հայ իշխանաւորները, որոնք կարողացան Շահ Սեֆիից արտօնութիւն ստանալ Մովսէսի կաթողիկոսանալու համար։

Նրանք, մի տեսակ, դարձել էին ժողովրդական կամքի արտայայտիչները։ Թէեւ նա արդէն, ըստ էութեան, վարում էր կաթողիկոսութիւնը, սակայն վարանում էր պաշտօնպէս իր վրայ վերցնել այդ պաշտօնը, քանի որ դեռ կենդանի էր օրինական կաթողիկոս Դաւիթ Դ․ Վաղարշապետցին։

Պատմութիւնը լռում է այն մասին, թէ դա բացատրւում էր նրա համեստութեա՞մբ, թէ՞ Եկեղեցու կանոնական կարգը չխախտելու մտահոգութեամբ, քանի որ դեռ կենդանի էր նաեւ Աթոռակից Սահակ Գառնեցին։

Այսպէս թէ այնպէս՝ նա 1628 թուի աշնանը Սպահանից վերադարձաւ Էջմիածին, դեռ բաւական ժամանակ չձեռնադրուեց, չնայած այն բանին, որ նրա կաթողիկոսանալու համար Շահի հրամանն արդէն կար։ Խնդրագրեր են գալիս Պարսկաստանից, Քրդստանից եւ, այսպէս կոչուած, Հռոմստանից, որ նա, յանուն հաւատի հաստատութեան, ընդունի կաթողիկոսութիւնը։

Եկեղեցին, իրօք, անտէրունչ էր, եւ բոլորը հասկանում էին, որ այդ վիճակից նրան դուրս բերել կարող է Մովսէս Տաթեւացին։ Ի վերջոյ Մովսէսը տեղի տուեց ընդհանուր թախանձանքին եւ 1629 թուի Յունուարի 13ին՝ Ծննդեան ութերորդ օրը, որ Երեքշաբթի էր, ձեռնադրուեց Ամենայն Հայոց Կաթողիկոս։

Մովսէսին իր ձեռնադրութեան պահից պէտք է համարել կաթողիկոս, չնայած դա չէր կարելի, եթէ օրինական կաթողիկոսը կենդանի էր կամ էլ պաշտօնապէս չէր հրաժարուել հովուապետութիւնից։ Ըստ որում՝ դա էլ պէտք է կատարուէր եկեղեցական ժողովով։

Մեզ քաջ յայտնի է, որ Դաւիթ Դ․ Վաղարշապատցին Սպահանում դեռ կենդանի էր, ուստի կանոնական կարգով Մովսէսը կարող էր լոկ Աթոռակից համարուել։ Սակայն, իրօք, բացառիկ պայմաններն անհրաժեշտ դարձրին Մովսէս Գ․ Տաթեւացու կաթողիկոսանալը։
Դաւիթն 90ամեայ զառամեալ ծերունի էր՝ անկարող, որ իր գոյութիւնը քարշ էր տալիս հեռաւոր Սպահանում։ Նրա լինելը կամ չլինելը ոչ մէկի չէր հետաքրքրում։

Սահակը, որին Աթոռակից էր հռչակել Մելքիսեդեկը, գտնւում էր փախուստի մէջ։ Հայ հասարակութիւնը նրան չէր ընդունում, աւելին՝ մերժուած էր բոլորի կողմից։ Նրա կաթողիկոսութիւնը հիմնուած էր Շահական հրամանի վրայ, բայց այդ հրամանն էլ իր ուժը կորցրել էր, քանի որ մէջտեղ էր եկել Շահ Սեֆիի հրամանը։
Յիրաւի, դժուար չէ տեսնել, որ Մովսէսի կաթողիկոսութիւնն այլընտրանք չունէր։

Դրան գումարուեց այն, որ եկեղեցականները տարբեր կողմերից հաւաքուել էին եւ ժողով գումարել՝ գահակալութեան հարցը վճռելու համար։ Պէտք էր նաեւ միւս կաթողիկոսների գահազրկութիւնն ընդունել եւ հաստատել։

Այնպէս որ՝ 1629 թուից էլ պիտի հաշուել Մովսէս Գ․ Տաթեւացու հովուապետությունը։

Իրեն շուտով զգացնել տուեց Սահակ Գառնեցի Աթոռակից Կաթողիկոսը, որը փախել էր Վան։

Նա Բաղէշից այն կողմ չանցաւ եւ Կ. Պոլիս էլ չգնաց։ Դժուար չէ կռահել, որ լաւ ընդունելութեան չէր արժանացել։ Սահակը, իմանալով Մովսէսի ձեռնադրութեան մասին, փորձեց ընդդիմադիր գործակիցներ գտնել, բայց ամէնուրեք մերժուեց։ Նրան պաշտպանեց միայն Պօղոս Այնթապցի Վարդապետը, որը Կիլիկիայի Յովհաննէս Այնթապցի Կաթողիկոսի եղբօրորդին էր։ Այլ խօսքով՝ նա չէր ենթարկւում Մայր Աթոռ Էջմիածնին։

Նա յանձն առաւ գնալ Կ. Պոլիս եւ սուլթանական կառավարութիւնից հրաման բերել՝ նրա կաթողիկոսութիւնը ճանաչելու վերաբերեալ։

Բայց դա իզուր քայլ էր, քանի որ Շահական իշխանութիւնները չէին ճանաչի սուլթանական հրամանը։

Ծայրայեղ դէպքում Սահակը եկեղեցական նոր հերձուած կարող էր հաստատել՝ նոր կաթողիկոսութիւն հիմնելով Գլակայ Ս. Կարապետ վանքում։

Զաքարիա Վանեցին հաճոյքով ընդունեց Պօղոս Այնթապցուն եւ յանձն առաւ Սահակի գործն առաջ մղել։ Պատճառն այն էր, որ Մովսէս Տաթեւացին եղել էր Գրիգոր Կեսարացու, այսինքն՝ իր հակառակորդի աշակերտը։ Միայն Կեսարացուն հակադրուելու համար նա պատրաստ էր ամէն ինչ անել։ Եւ, իրօք, նա Սահակի համար ձեռք բերեց այդ հրովարտակը՝ Մուրադ Դ․ Սուլթանի կառավարութեան կողմից։

Սակայն հրովարտակն ստացուեց առանց Մեծ Եպարքոսի համաձայնության, որը մեկնել էր՝ Միջագետքի ապստամբ քրդերին ճնշելու եւ պարսիկների դէմ պատերազմելու։

Վանի հայ գլխաւորները՝ Ամիրխան Խանենցը, Թումեն, Շիրակը, Միրաքը, Փոլադը եւ Սարուխանը, փորձեցին Սահակին այդ մտքից ետ կանգնեցնել։ Մովսէս Կաթողիկոսի ուղարկած նուիրակ Փիլիպոս Աբակեցին էլ, նրանց միանալով, խոստացաւ, որ Կուռուպաշի Ս. Խաչ վանքը՝ իր բոլոր հասոյթներով, կը յանձնի Սահակին։ Աւելին. նուիրակն էլ խոստացաւ եւս 300 ղուռուշ գումար, միայն թէ եկեղեցական նոր պառակտում տեղի չունենայ։

Սակայն Սահակը լսել անգամ չէր ուզում։ Նրան հաղորդել էին, որ գործակիցը բերում է իր բաղձալի հրովարտակը։
Սահակը եւ Պողոս Այնթապցի Վարդապետը հանդիպեցին Դիարբեքիրում, որտեղ գտնւում էր Խուսրեւ Մեծ Եպարքոսը։

Նրանք ուզում էին, որ նա գործադրի բերած հրովարտակը։
Այս անգամ էլ Դիարբեքիրի իշխանաւորներից Երեմիան եւ Մաքսուտը, Ռահիջան Վանեցին եւ քաղաքի առաջնորդ Բարսեղ Ամդեցին, որ Սրապիոնի աշակերտն էր եղել ու հաջորդը, խնդրեցին Սահակին այդ մտքից ետ կանգնել եւ Եկեղեցին չբաժանել։ Նրան խոստացան ուզած թեմը, 500 ղուռուշ, եւ որ Էջմիածնի նուիրակը չի յաճախի նրա թեմ։

Մովսէսն էլ նամակ գրեց Սահակին, սակայն վերջինս դրան չհամաձայնեց եւ դիմեց Խուսրեւին՝ հրովարտակը գործադրելու համար խոստանալով տարեկան 10․000 ղուռուշ տուրք մուծել։
Այդ ժամանակ Բարսեղ Եպիսկոպոսը եւ միւս իշխանաւորները դիմեցին Խուսրեւ փաշային՝ Մեծ Եպարքոսին՝ բացատրելով Սահակի նպատակը եւ նրա բերելիք վնասը։ Սա էլ պատասխանեց.- «Անխե՛լք հայեր, ես ինչպէս մերժեմ, երբ նա 10․000 ղուռուշ է խոստանում մուծել պետական գանձարան»։

Դրան՝ Ռահիջան Վանեցին պատասխանում է, որ եթէ նա մտադիր է 10․000 ղուռուշով հայ ազգը վաճառել, ապա ինքը պատրաստ է 20․000 ղուռուշ տալ։ Հիանալի օրինակ, թէ ի՜նչ սկզբունքով էին տրւում պետական հրովարտակները։

Խուսրեւ փաշան որոշում է հարցը յետաձգել, իսկ Ռահիջան Վանեցին նրա ուշադրութիւնը սեւեռում է այն փաստի վրայ, որ Սահակը, առանց նրան դիմելու, անմիջականօրէն դիմել է Կ. Պոլիս։

Խուսրեւը դրանից նեղսրտում է եւ Սահակին կանչելով՝ բացատրութիւն է պահանջում, թէ ինչո՛ւ նախապէս իրեն դիմելու փոխարէն ձանձրացրել է սուլթանին։

Սահակը գոհացուցիչ պատասխան տալ չի կարողանում, եւ փաշայի հրամանով ուղարկողին էլ, գնացողին էլ ֆալախայի մէջ են դնում եւ բրածեծ անում։

Հրամանը դաժանօրէն իրագործւում է, եւ ազատութեան համար կրօնափոխութիւն է առաջարկւում։

Գանգատաւորները վախենալով, որ Սահակը եւ Պօղոս Վարդապետը կարող են տկարանալ եւ իսլամանալ, շատ փող են խոստանում եւ միջնորդի միջոցով դիմում են Խուսրեւ Մեծ Եպարքոսին։

Այս ձեւով նրանք կարողանում են ազատ արձակել նրանց, իսկ վերջիններս ամօթից այլեւ չեն համարձակւում շրջել ժողովրդի մէջ։

Կիլիկիայի Կաթողիկոսը փորձում է այս առիթով մեղադրել Մայր Աթոռին, թէ Սահակին եւ Պօղոս Վարդապետին տաճկացնել են տուել՝ տարբեր տանջանքների ենթարկելով, սակայն Առաքել Դաւրիժեցին պարզ նշում է, որ Էջմիածնի կողմնակիցներն ամէն ինչ արել են, որ եկեղեցական պառակտում թոյլ չտան։

Աւելորդ է ասել, որ Սահակի իրաւունքը բռնաբարուած չէր, քանի որ նա ուզում էր կաթողիկոս դառնալ օսմանեան Հայաստանում, աւելի ճիշդ՝ այն մասերում, որոնք գտնւում էին Կիլիկիայի եւ Աղթամարի Կաթողիկոսութիւնների ազդեցութիւնից դուրս։ Մի խօսքով՝ Սահակի նպատակը հակաթոռ կաթողիկոսութիւն ստեղծելն էր։

Այս դէպքերը կատարուեցին 1630 թուի ձմրանը, երբ Խուսրեւ Մեծ Եպարքոսը գտնւում էր Դիարբեքիրում։

Սահակը խայտառակ կերպով ձախողուեց;
https://krishayas.wordpress.com/2010/07/15/

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ԲԱՐԻ ԼՈՅՍ – ՄԵՐ ՈՒՂԻՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail