ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ – Ամփոփում. Ատելութեան գօրծոնը Թուրքիայում և թուրքական «ազգային պետութիւնը»
22.05.2020 | Մեկնաբանություն | ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ:
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ – //ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ//:
Հայերին եւ յոյներին կոտորելով եւ հայրենազրկելով՝ Լոզանի պայմանագրից յետոյ «հայը» եւ «յոյնը» Թուրքիա պետութիւնում երբեք չդադարեցին մնալ թուրքական քաղաքականութեան թիրախ:
Նոյնիսկ «հայ» բառը չգործածելով՝ թէ Թուրքիայի գաւառերում մնացած կիսաթաքնուած, թէ Պօլսում/Ստամբուլում ապրող հայութիւնը, եւ թէ «հայ» էթնանունը, այդ թւում իսլամացած հայը ողջ 20րդ դարի ընթացքում, միշտ եղել է իշխանութիւնների սեւեռուն ուշադրութեան կենտրոնում եւ ենթարկուել է իշխանութիւնների թիրախաւորուած քաղաքական ծրագրերին: Այդ մասին սոյն գրքում բաւականաչափ նիւթ կայ՝ թէ բանաւոր պատմութիւններում, թէ իշխանութեան կողմից ընդունուած որոշումներում, թէ քաղաքական ու հանրային հռետորաբանութիւնում:
Նյոթերը վկայում են, որ 20րդ դարի Թուրքիայի Հանրապետութիւնում թուրքական ազգային/էթնիկական ճարատարապետութիւնը կառուցուել է նաեւ հայկական գործօնի վրա: Դրա հիմքում դրուել է համընդհանուր ատելութիւնը հայերի (նաեւ՝ յոյների, ալեւիների) նկատմամբ:
Թուրքիա պետութեան էթնա-մահմեդական միատարրութեան քաղաքականութեան բոլոր ճեղքերի ժամանակ «օգնութեան է կանչուել» եւ շարունակում է կանչուել հայկական թեման՝ հայերի կողմից «թուրք-մահմեդականութեանը» պառակտելու սպառնալիքը, հայկական գոյքի թալանը վերադարձնելու վախը եւն:
Պետութեան տարածքում մնացած հայերը միշտ իրենց վրայ կրել են այդ քաղաքականութեան ծանր բեռը:
Թուրքական «ազգային դաստիարակութեան» կառուցման գործը զգալիորեն խարսխուել է ատելութեան (հայկական, յունական, ալեւիական, աւելի ուշ՝ նաեւ քրդական) եւ նրանց դէմ յանցագործութիւնների խրախուսման վրայ, իսկ «թուրքական հայրենիք» կառուցելու մարտավարութիւնները զգալի չափով կրկնել են կամ հայերի Ցեղասպանութեան իրական փորձը, կամ՝ այդ փորձով վախեցնելը:
Հայերի եւ յոյների հայրենիքը «թուրքական հայրենիք» դարձնելու ծրագրերով «Անկախութեան պատերազմը» փաստացի երկրի հայ եւ յոյն քաղաքացիների ոչնչացմանը եւ նրանց դէմ մահմեդական հասարակութեան ատելութեան բորբոքմանը ծառայեցրած, այնուհետեւ «թուրքի էթնիկացման եւ ազնուականացման» եւ Թուրքիայի Հանրապետութեան ողջ բնակչութեան թրքացման քաղաքականութեամբ արդիական պետութիւն կառուցելու Մուստաֆա Քեմալի ընտրած մարտավարութիւնները, զանազան փոխակերպումների ենթարկուելով, զգալի յաջողութիւններ ունեցել են: Ազգային պետութիւն ստեղծելու գործում Մուստաֆա Քեմալի կողմից Թուրքիայի բնակչութեանը պարտադրուած «թուրքական» ինքնութեան քաղաքականութիւնն իրականացւում էր տնտեսական, վարչա-հրամայական ու գաղափարական-մշակութային մեթոդներով,-բնակչութեան հոծ զանգուածների հարկադիր տեղափոխութիւններ, միայն թուրքերէն խօսելու եւ մշակութային նոյնութեան ստանդարտի հարկադրանք, էթնանունների արգելում եւ ընդհանրացում (քրդերի փոխարէն՝ լեռնային թուրքեր, Դերսիմի բնակչութեան վարչա-իրաւական՝ օրէնքով «թրքացում» եւլն), տեղանունների եւ անձնանունների թրքացում, թուրքական ինքնութիւնից խոտորուողների նկատմամբ ռազմական (Դերսիմ), վարչական եւ հանրային պատժամիջոցների կիրառում (տեղահանութիւններ, թուրք ազգայնականների յարձակումներ, լրատուամիջոցների թունաւոր մեկնաբանութւններ), մասնաւորապէս «հայ» եւ «յոյն» էթնանունների նկատմամբ հանրային արգահատանքի ձեւաւորում, կենցաղի նոյնականացման հարկադրանք եւլն:
Յանցագործ երիտթուրքերի եւ ստորին ու միջին մակարդակի մարդասպանների ու կողոպտիչների հերոսացումներով եւ թուրք ազգայնականների կողմից կատարուող էթնիկական յանցագործութիւնների անպատժելիութիւնը աւանդականացնելով, քեմալական ու յաջորդող կառավարութիւնները երկիրը յաջողութեամբ վեր են ածել միմեանց ատող, կասկածող, միմեանցից վախեցող, ինքնութիւնները թաքցնող, անցեալի ու ներկայի յանցագործութիւնների բեռից վախեցած բազմաթիւ ճաքեր ունեցող տրոհուած խմբերի, որոնք բոլորը միմեանցից թաքցնելիք ունէին, եւ բոլորին զսպում էր վախի սինդրոմը: Այս քաղաքականութիւնը զգալի յաջողութիւններով շարունակուել է մինչեւ անցեալ դարի 90ականները՝ ընդգրկելով ճիշդ 20րդ դարի միջնադարը: Դրանք ծանր պայքարի տարիներ էին ինչպէս հասարակութեան, այնպէս էլ` թուրքական իշխանութիւնների համար:
Հասարակութեան քանակական մեծամասնութեան համար դա խելագար տագնապների, թաքնուելու, կեղծելու, խեղուելու, յարմարուելու, երբեմն-երբեմն` դիմադրելու շրջան էր, իշխանութիւնների համար` նորանոր լուծումներ, միջոցներ ու ձեւեր փնտրելու, բռնութիւններ եւ ճնշումներ գործադրելու, այդ նպատակով նաեւ հասարակութեան մէջ միշտ պատրաստի «ազգայնական խմբեր» ունէնալու, միմեանց դէմ թշնամացնելու, վախեցնելու, հասարակական կարծիքի վրայ ազդելու եւ այլ, ծածուկ ու բացայայտ ծրագրերի իրագործումների շրջան: Դժուար է ասել, թէ ինչքանով է ձեռք բերուած արդիւնքը համապատասխանում ծրագրաւորուածին, բայց ակնյայտ է, որ թուրքական հասարակութեան բազմաթիւ անհատներ, հասարակական ու էթնիկական խմբեր այսօր ինքնութեան ճգնաժամ են ապրում:
Երկիրն ի վերջոյ ստիպուած էր ընդունել, որ Թուրքիայում թուրքերից բացի «այլեր» կան, եւ «այլերը», բոլոր ճնշումներից յետոյ անգամ, թուրք լինել չեն ուզում: Բազմամիլիոն քրդերի ինքնութիւնն աւելի շատ էր էթնիկացել-քրդացել, քան իրենք իրենց «թուրք» ասողներինը:
Ի վերջոյ տապալուել է «թուրքական հայրենիքի» գաղափարը, առնուազն Արեւմտյան Հայաստանը՝ Արեւելյան Անատոլիան «թուրքական հայրենիք» չի դարձել, եթէ, իհարկէ, հայրենիքը միայն պետութեանը իրաւականօրէն կցուած աշխարհագրական տարածք չէ: Չի դարձել նոյնիսկ թուրքերի «վերջին օթեւանը»՝ շարունակելով մնալ թուրքական իշխանութիւններին հետապնդող մղձաւանջ:
60ականներին սկսուած քրդական ազգային ազատագրական եւ/կամ ինքնութեան վերահաստատման գործողութիւնները, թուրքական բանակի ու Քրդստանի Բանուորական Կուսակցության միջեւ զինուած բախումները, հանրային միջավայրում, լրատուամիջոցներում «քուրդ» բառի էթնիկական իմաստով գործածութեան յաճախացումը հարցականներ էր առաջացնում «թուրքական միասնականութեան» հարցերի շուրջ:
Հասարակութիւնում սկսւում էր քննարկուել «աշխարհիկ» եւ «իսլամական» համատեղութեան երկուութիւնը (Սահմանադրութեամբ երկիրն աշխարհիկ է, բայց իրականում «սուննի մահմեդական» լինելն ինքնութեան պարտադիր բաղադրիչ է եւ ներքին պատերազմ կայ ալեվիների/ղզլբաշների ու քրիստոնեաների դէմ): Սրան զուգահեռ 60-70ականների ձախական գաղափարների ճնշումների հետեւանքով Եվրոպայում յայտնուած փախստականները բախւում էին Թուրքիայի պատմության մասին այլընտրանքային շարադրանքներին, եւ 80-90ականների Թուրքիայում յայտնւում են ազգային պատմութեան շարադրանքի իսկութիւնը կասկածի տակ դնող վերլուծութիւններ, նոյնիսկ՝ քննադատօրէն վերանայող շարադրանքներ:
90ականները, կարելի է ասել, բեկումնային եղան թուրքական հասարակութեան ընդհանուր ինքնութեան ճգնաժամի խորացման եւ առանձին խմբերի մասնաւոր ինքնութիւնների աւելի ու աւելի համարձակ դարձող դրսեւորումների իմաստով: Այս շրջանը որոշ հետազօտողներ նոյնիսկ անուանում են «ինքնութիւնների թույլտուութեան» շրջան[1]:
Քանի որ իրականում Թուրքիայի փոքրամասնութիւնները տեւական ժամանակ ապրում էին չյայտարարուած ինքնութիւններով եւ դրանք այս կամ այն կերպ փոփոխութիւններ էին կրել, սկզբունքօրէն այն կարելի է անուանել նաեւ «էթնա-կրօնական ինքնութիւնների կառուցման կամ վերակառուցման» շրջան:
Ահա այս շրջանում էր, որ թուրքական բռնութեան քաղաքական գերճկուն միտքը հրապարակ բերեց էթնիկական ինքնութիւնների ակտիւութեան հակում ունեցող տարածքների բնակչութեան երրորդ լայնածաւալ տեղահանութեան գաղափարը, որն իրականացուեց 1980ականներին եւ շարունակուեց 1993-94ին:
1984-87ի ընթացքում Թուրքիայի արեւելեան նահանգներում, մասնաւորապէս Արեւմտեան Հայաստանի տարածքում քուրդ զինեալների դէմ պայքարի պատրուակով, թուրքական բանակի միջոցով 2400 գիւղ եւ 1500 գիւղակ ամբողջութեամբ կամ մասնակիօրէն դատարկուեց կամ ոչնչացուեց, եւ տեղահանուեց շուրջ 3 միլիոն բնակչութիւն[2] :
Բնակչութեան տեղահանութիւնները եւ բնակիչների ետ վերադարձն անհնար դարձնելու նպատակով գիւղերն ամբողջովին աւերելը շարունակուել է նաեւ 1992-1995ին: 1993-1994ը կրկին աղէտաբեր էին նաեւ Դերսիմի ալեւի եւ ալեւիացած հայ բնակչութեան համար, ովքեր 19րդ դարում թուրքական բանակի յաճախակի յարձակումների պատճառով թողել էին ցածրավայրային եւ նախալեռնային շրջանների իրենց բնակավայրերը եւ տեղաւորուել երկրի լեռնային մասերում:
1993-1994ին լեռնային բնակավայրերի ողջ բնակչութեանը զէնքով եւ բանակի միջոցով ամբողջովին տեղահանեցին, իսկ բնակավայրերն՝ աւերեցին (սոյն գրքում տես «Իսկի ինսան», «Սովորաբար մարդու ծագումը, որքան էլ թաքցնի, ինչ որ կերպ իմացւում է», «Սոցիալիստը»):
Այն ներառել է Սասունը, Բիթլիսը, Դերսիմը, մասամբ` Դիարբեքիրը: Արեւմտեան Հայաստանն արդէն իրենց հայրենիքը համարող քրդերի մի մասը ցրուեցին երկրով մէկ կամ հեռացան Թուրքիայից: 1993-1994ի բռնի տեղահանութիւնից եւ բնակավայրերի աւերումից յետոյ դատարկուած բնակավայրերում ռազմական կայազորեր են տեղադրվել, եւ օրը ցերեկով աւտոմատաւոր զինւորականների ներկաիւթիւնը Արեւմտեան Հայաստանի ներկայիս բնակչութեան առօրեայի մաս է կազմում:
Կայազորերի ներկայութիւը պաշտօնապէս բացատրվում է այդ տարածքներն ահաբեկիչներից պաշտպանելու մտահոգութեամբ, բայց տեղացիներն վստահ են, որ դրանց գլխաւոր գործառույթը 1993-94ին աւերուած գիւղերի բնակչութեան` իրենց տներ վերադարձն արգելելն է:
Ծրագիրն այն է, որ լեռներում առհասարակ մարդ չապրի եւ ամբողջ բնակչութիւնը վերահսկողութեան տակ լինի: Լեռնային այդ տարածքներում համարեա ամէն օր կարելի է տեսնել ռազմական օդանաւերի պտոյտներ՝ վերեւից վերահսկւում է ողջ տարածքը:
Այդ գիւղերի նախկին բնակիչներն իրենց աւերուած բնակավայրերը գնում են միայն ծիսական նկատառումներով՝ ուխտավայրեր, պսակադրութեան կամ գերեզմանոցներ, ռազմական ոստիկանութեան յատուկ թոյլտուութեամբ:
2011ին ես դրան ականատես եմ եղել Դերսիմում, երբ չորս հոգով գնում էինք Ջիւրիգի լեռնային գիւղ՝ հարսանիքի:
Գիւղ գնալու իրաւունքը տրուել էր հենց հարսանիքի առիթով: Նոյնիսկ ծագումով Ջիւրիգեցի փեսան իր հայրենի գիւղ կարող էր գնալ միայն թոյլտուութեան փաստաթղթով:
Մարդկանցից ամբողջովին դատարկուած փոքրիկ բնակավայրերի կողքով անցնող լեռնային ճանապարհներն ուղղակի հիանալի էին, ամուր, ամէնաբարձր չափանիշներով:
Քանի դեռ այդ տարածքներում գիւղեր կային եւ մարդիկ էին ապրում՝ այդ մարդկանց կեանքը թեթեւացնելու նպատակով ճանապարհները չէին կառուցւում:
Հիմայ, երբ դրանք դատարակուել են բնակիչներից, հիանալի ճանապարհներ են կառուցուել եւ, ինչպէս ինձ բացատրեցին՝ դրանք միշտ այդպէս պահպանւում են ռազմական նպատակներով: Բնականաբար՝ տեղի բնակչութեան դէմ: Ամբողջ մէկուկէս ժամ մեր մեքենան միակն էր այդ ճանապահին եւ ողջ ընթացքում մեր գլխավերեւում պտտւում էր ռազմական օդանաւը՝ լեռները լցնելով չարագոյժ հռնդիւնով:
Ահռելի թուով մարդ կործանուեց, դժբախտացան ընտանիքներ եւ փրկուածները դեռ դեգերում են՝ «թուրքական հայրենիքի» թուրքական զգացումը ամրագրելու հասարակական-էթնիկական ճարտարապետութեան համար:
Բայց «թուրքական հայրենիքը» թուրքերի համար մնում է ռազմական տարածք, պահպանւում է ռազմական ուժով եւ կռիւներով: «Թուրքական հայրենիքը» հայերից դատարկելով՝ թուրքերի հայրենիք չի դարձել, դարձել է քրդերի հայրենիք: Թուրքն այդպէս էլ չի գնում այդտեղ ապրելու, գնում է կարգադրելու եւ վերահսկելու:
Այդ տարածքում գտնուող ռազմական կայազօրների զինուրների մէջ քրդեր եւ ալեւիներ չկան, միայն՝ թուրքեր: Թւում է՝ այն հիմայ, հայերից մաքրուելուց յետոյ, աւելի թշնամական է ընկալւում, քան ընակալւում էր հարիւր տարի առաջ, երբ այն հայերի բացայա՛յտ հայրենիք էր:
Հիմայ պարզապէս այդտեղ հայեր չկան: Համարեա չկան: Թւում է, որ «Էրմանիստանին»՝ Արեւմտեան Հայաստանին սպասւում է առկա բնակչութեան երկրորդ ամբողջական պարպումը:
Բազմաթիւ տեղահանութիւնների հետեւանքով բացի բուն տարածքների բնակչութեան ներքին յարաբերութիւններն աւերելը, իհարկէ խախտւում են նաեւ հասարակական յարաբերութիւնների կառուցման աւանդական աշիրէթական կապերը:
Տեղահանուածներին որեւէ փոխհատուցում չի տրւում, նրանք իրենք պիտի լուծեն իրենց նոր բնակութեան խնդիրը, բայց ոչ մի պարագայում հայրական տարածք չեն կարող վերադառնալ:
Անկասկած այս միշտ կրկնուող գործողութիւնը անհամեմատ դժուարացնում է տեղահանութիւնների ենթարկուողների՝ քրդերի, ալեւիների հաւաքական ինքնութիւնների կայացումը, բայց չի նուազեցնում դիմադրութիւնը ուծացման քաղաքականութեան դէմ:
Արդեօ՞ք նոր ճգնաժամ է հասունանում հենց թուրքական դեռեւս փխրուն ինքնութիւնում: Ինքնութիւնների բախումը հանգեցնում է նրան, որ ինքնութեան փնտրտուքն ու դրա բարձրաձայնումը գնահատուում է որպէս քաղաքական դիրքորոշում եւ նոյնիսկ քաղաքական գործունէութիւն (տես «Մայրիկս մի անգամ ասել է «մենք թուրք չենք», բայց չի ասել, թէ ինչ ենք»):
Այս նոր խօսոյթում տեղաւորւում են նաեւ հայկական ինքնութեան նոր զարգացումները,- Արեւմտյան Հայաստանից կամաւոր կամ տեղահանութեամբ յատկապէս Ստամբուլում յայտնուած իսլամացած հայերի զգալի մասը, «չզբաղուելով» «ինքնութիւնների փնտրտուքի քաղաքական գործունեութեամբ», արագ լուծուել են Ստամբուլի թրքա-քրդական մահմեդական միջավայրում եւ «անհետացել» (տե՛ս «Ռէս Տանոյի թոռ Գէորգը», «Թրքախօս ալեւի գեաւուրը» պատմութիւնները), ուրիշները երկփեղկուել են «իսլամացած հայ»ի նոր ինքնութիւնը բացայայտելու, իսլամ-հայ մնալու իրաւունքի եւ քրիստոնէութեանը վերադառնալու երկուութեան ծանր խնդրում, իսկ աւանդաբար քրիստոնեայ ստամբուլահայերը` իրենց դիրքորոշումը նրանց նկատմամբ յստակեցնելու հարցում (տես «Ստամբուլի հայերը Անատոլիայից եկած հայերի հայութիւնը` քիչ, քրդութիւնը` մեծ են ընդունում», «Իսրայէլցիների, Յոյների, Վրացիների նկատմամբ ատելութիւն չկայ. մեծ ատելութիւնը հայերի նկատմամբ է», «Ռէս Տանոյի թոռ Գէորգը» եւ այլ պատմութիւններ):
«Թուրքական ինքնութեան» համար թուրքական իշխանութիւնների կողմից մղուող պայքարի նպատակը, որը նախապէս յայտարարուած էր որպէս եւրոպական մոդելի «ազգային ինքնութեան» թուրքական տարբերակ, հակասութեան մէջ մտաւ Թուրքիայի բնակչութեան էթնիկական թրքացման փաստացի իրականացուող քաղաքականութեան հետ:
Վերջինս չի հանդուրժում եւ չի էլ կարող իր ներսում հանդուրժել այլ էթնիկական ինքնութիւններ եւ բախւում է էթնիկական ինքնութւններ կրողների ձեւակերպուած էթնիկական ինքնարտայայտման փաստին, կանգնելով վերաիմաստաւորման անհրաժեշտութեան առաջ:
Հասունացել են խմբեր, ովքեր հարց են տալիս՝ եթէ մեր հաւաքական ինքնութիւնը մահմեդականութեան վրայ չպիտի կառուցուէր, այլ՝ «թրքութեան» վրայ, եւ եթէ «թուրքը» քաղաքացիութիւն է, ապա ի՞նչն է խանգարում «թուրք քաղաքացի» լինելով մնալ քրիստոնեայ, ալեւի, քուրդ…, իսկ կրօնափոխուած հայերի մօտ նոր հարց է առաջանում՝ ինչու՞ չի կարող մահմեդականացածը հայ կոչուել եւ հայ լինել:
Իրականում խանգարում է այդ ինքնութիւնները կրողների էթնիկական կարիքների մասին բարձրաձայնումը,-մարդիկ ուզում են խօսել եւ կրթութիւն ստանալ իրենց մայրէնի լեզուներով, դաւանել իրենց ինքնութեանը բնորոշ կրօնը կամ ապրել այդ մշակոյթով, բայց դա հենց այն է, ինչը դանդաղեցնում կամ անհնար է դարձնում թրքացումը:
Իսկ քրդերն ալեւս չեն բաւարարւում իրենց ինքնութեան պարզ ճանաչումով, նրանք պետութեան «իրենց մասն» են պահանջում: Դա հենց այն մասն է, որը կազմել է քեմալիզմի ձեւակերպած «թուրքական հայրենիքի» կարեւոր բաղկացուցիչը, այն մասն է, որը ըստ Թաներ Աքչամի ձեւակերպման՝ թուրքի «վերջին օթեւանն էր», դա Արեւմտեան Հայաստանի տարածքն է՝ հայերի հայրենիքը, որը զրկուել է հայերից, բայց «թուրքի օթեւան» չի դարձել, չի թրքացուել ոչ մշակութապէս, ոչ էթնիկապէս, ոչ զգացմունքով: Չի թրքացուել եւ օտար ու թշնամի է մնում թուրքին:
Յիրաւի, թուրքական էթնիկութիւնը բարդ երեւույթ է եւ, մեծ հաշուով, ինքնութեան ճարտարապետութեան քաղաքանութիւնը գլխաւորապէս զբաղուել է այդ անհասկանալի էթնիկական ինքնութեան պարտադրանքով:
Բոլորովին անհիմն է այն խօսակցութինը, թէ թուրքական ազգայնականութիւնը մոդելաւորուել է «արեւմուտքին» հակակշռող «ոչ արեւմտեան» «թուրքական քաղաքակրթական» բանաձեւով:
Ոչ մի քաղաքակակրթական բանաձեւ չկայ կոտորածներով, աքսորներով, տեղահանութիւններով, բռնութիւններով, գործակալական լայն ցանցով, բանտարկութիւններով մարդկանց ու խմբերին վախեցնելու, ճնշելու եւ խառնարաններում բռնութեամբ ձուլելու, անուն-ազագանունները, լեզուն, նոյնիսկ սուննի մահմեդականութիւնը «էթնիկացնել-թրքացնելու» մէջ:
Հենց միայն պաշտօնապէս աշխարհիկ յայտարարուած երկրում մահմեդական-կրօնական ինքնութեան ձեւաւորումը անընդհատ պիտի բախուէր եւ բախւում էր բարոյական եւ իրաւական խոչընդոտների,-գնա՞լ մզկիթ, թէ՞ չգնալ, պահե՞լ կրօնական ծէսերը, թէ՞ խուսափել դրանցից, հագնե՞լ թէ չհագնել կրօնին բնորոշ հագուստ:
Դրանք թուրքական ինքնութիւնը հաստատող տարրերն են, բայց պաշտօնական քաղաքականութիւնը դրանք տեւական ժամանակ կիսաարգելել-կիսախրախուսել է, եւ մարդը պիտի միշտ փորձէր իմանալ դրա վերաբերեալ իշխանութիւնների ընթացիկ քմահաճոյքը՝ կը պատժուի՞, թէ կը խրախուսուի:
Կրօնական վարքը, թէ ակտիւը, թէ պասիւը, համարուել է քաղաքական ընդդիմութիւն եւ կրօնական ինքնութեան ցուցադրութիւնը դարձել է կրօնի քաղաքականացում:
Իշխանութիւնն ինքն է քաղաքականացրել կրօնը՝ փորձելով դրան թուրք-էթնիկական բովանադակութիւն հաղորդել: Արգելել եւ խրախուսել միաժամանակ: Արդիւնքում այսօրուայ «թրքութեան» ինքնընկալումը մնում է «թուրքերէն խօսելու եւ սուննի մահմեդական լինելու» մէջ:
Բայց հիմայ արդէն թուրքերէն շատերն են խօսում, եւ երկրի բնակչութեան փաստացի մեծամասնութիւնը մնում է կամ դարձել է սուննի մահմեդական: Միայն թէ նրանցից շատերը իրենց թուրք չեն համարում եւ շարունակում են իրենք իրենց քուրդ, չերքէզ, թուրքմէն, լազ, արաբ համարել, իսկ ալեւիների մեծ մասը, չնայած թուրքերէն կամ քրդերէն խօսելուն, շարունակում են լրջօրէն դիմադրել սուննիզմին եւ դրա համար փաստացի հետապնդւում են:
«Թուրք» բառը ոչ միայն չի դառնում այս խմբերի էթնիկական ինքնութեան արտայայտող, այլ նոյնիսկ՝ երկրի քաղաքացու ինքնութեան մաս, որովհետեւ սկզբից եւեթ մերժուած է եղել «թուրք» բառին «Թուրքիայի քաղաքացի» իմաստ հաղորդելը: Նպատակը թուրքի էթնիկացումն էր եւ քաղաքացու էթնիկական, ոչ թէ քաղաքացիական թրքացումը:
Եւ ոչ մի հետազօտութեամբ հնարաւոր չի լինի հասկանալ նրանց քանակական ներկայացուածութիւնը մի հասարակութիւնում, որի նոյնիսկ մտաւոր հատուածը, նոյնիսկ հետազօտական-վերլուծական նպատակներով չի համարձակուի տարանջատուել պարտադուած հաւաքական ինքնութեան եզրոյթից:
Իհարկէ՝ Թուրքիայի պաշտօնապէս «թուրք», «թուրքական» կոչուող հասարակութիւնը տարբեր էթնիկութիւնների արհեստական հաւաքածու «կառուցուածք» է, որում զանազանուող էթնիկութեան բաղադրիչները գնալով աւելի ու աւելի մեծ կշիռ են ստանում: Այստէղ, անշուշտ, դեր է խաղում նաեւ 20րդ դարի վերջերից աշխարհում աստիճանաբար ուժեղացող էթնիկական ազգայնականութիւնը, բայց այն նախ եւ առաջ պայմանաւորուած է Թուրքիայի Հանրապետութեան ներքին քաղաքականութեամբ:
Այն «կառուցուածք»ը, որը ծրագրաւորել է Մուստաֆա Քեմալի էթնա-հասարակական ճարտարագիտական միտքը՝ սկսելով այն հայերի (նաեւ յոյների) հանդէպ Թուրքիայի ընդհանուր սուննի-մահմեդական բնակչութեան ատելութեան բորբոքման, հայերի վրիժառութեան եւ վերադարձի շուրջ վախերը խրախուսելու եւ հայկական ոճիրների մէջ թաթախուած յանցագործներին հերոսացնելու վրայ:
Այսինքն Թուրքիայի «սուննի-մահմեդական միատարրութեան» հասնելու գաղափարի բուն առանցքը վախը, ատելութիւնն ու համատեղ յանցագործութիւններն էին:
Այդ միատարրութեան ծրագիրը ճաքեր տուեց սկզբից եւեթ, հենց որ Մուստաֆա Քեմալը դաւաճանեց իրեն յանցակից սուննի մահմեդական քրդական բաղադրիչին եւ «սուննի-մահմեդական միատարրութեան» գաղափարը վերափոխեց «թուրքական միատարրութեան» գաղափարի:
Բայց «մահմեդականութեան աշխարհիկացման»=«մահմեդականութեան ազգայնականացման»=«ազգայնականների թրքացման»=«մահմեդականների թրքացման» ճանապարհին այնքան պատժիչ գործողութիւններ կիրառուեցին քրդերի եւ զազա ալեւիների դէմ, որ քրդերը մահմեդական ինքնութիւնը ստորադասեցին էթնիկականին՝ քրդականին, եւ սուննի մահմեդական միատարրութիւնը թուրքան միատարրութեցնելու գործում դադարեց նպաստող գործօն լինել:
«Մահմեդականների միատարր» պետութեան գաղափարը աշխատել էր միայն թուրք-հայկական եւ թուրք-յունական պատերազմների ժամանակ, դրանից յետոյ քրդերի վախերն ու ատելութիւնը մնացին, բայց դրանք զգալիօրէն ուղղորդուեցին թուրքական իշխանութիւնների եւ ինքնութեան թրքացման դէմ:
Անշուշտ այս հարիւր տարիների «թրքացման քաղաքականութեան» հետեւանքով թուրք էթնիկական միաւորը ձեւաւորուել է, կարելի է ասել՝ թրքացել-էթնիկացել է թէ թուրքը (արեւմուտքի թրքախօսները, բալկաններից տեղափոխուած թուրքերը եւ սլաւոնների մի մասը), մահմեդականացած քրիստոնեաները, թէ տարատեսակ ինքնութիւններ կրող մահմեդականների՝ քրդերի, արաբների, չերքէզների, լազերի, իսլամացած յոյների, ասորիների, հայերի մի զանգուած:
Բայց «թրքացել էթնիկացել է» առանց անցեալի հետ կապի, եւ հենց որ աշխարհում էթնիկութիւնն սկսում է գործօն դառնալ՝ «թուրքական էթնիկութիւնը» կորցնում է ոտքերի տակի հողը՝ նրանց «ազգային հերոսներն» սկսւում են 20րդ դ. սկզբից, եւ դրանք շատ կասկածելի հերոսներ են, նրանց անհասկանալի է «պատմական հայրենիք» հասկացութիւնը, բայց գիտեն, որ դա Օսմանեան կայսրութիւնը չէ, գիտեն նաեւ, որ դա Էրմանիստանը՝ Արեւելեան Անատոլիան չէ, նրանք չսովորեցին ինչպէս սուննի մահմեդականութիւնը համարել թուրքի ինքնութեան չափանիշ, այն աւելի շուտ թուրք-ազգայնականութեան ձեռքին զենք է եւ միշտ անվստահութիւն ունէն իրենց հետ նոյն «կառուցուածք»ում գտնուողների նկատմամբ:
Թուրքական քաղաքական միտքը չուզեցաւ ընդունել Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացիների էթնա-կրօնական իրաւահաւասարութիւնը, եւ շեշտը դնելով թուրքական էթնիկութեան կառուցման եւ քաղաքացիների թրքացման վրայ՝ կորցրեց թէ մահմեդական, թէ էթնիկական միատարրութեան, թէ ազգային պետութեան հնարաւորութիւնը:
Այսօր արդէն բոլորին հասկանալի է, որ «նրանք բոլորը թուրք են» ասելով նրանք թուրք չեն դառնում, նրանք մնում են քուրդ, զազա, ղզլբաշ, արնաուտ, բոսնիացի, լազ, չերքէզ, արաբ, եւ գուցէ «նրանց» թիւն աւելի է, քան «թուրքերի» թիւը: Ըստ իրավիճակի եւ հանգամանքի:
Թուրքական հասարակութեան գրագէտ մասի համար վաղուց գաղտնիք չէ, որ «կառուցուածքը»ը մնացել է արհեստական եւ գրում են, որ «Այս արհեստական «միատեսականութիւնը» սպառնում է մեր ազգային համերաշխութեանը:
Փոքրամասնութիւններին պատկանող ուսանողներն իրենց տներում եւ համայնքներում սովորում են բոլորովին տարբեր մի պատմութիւն, ստեղծելով իրարամերժ ինքնութիւնների բախում, որն անձնականից վեր բարձրանալով կարող է վնասաբեր լինել ազգային միասնականության»[3]:
Բայց Թուրքիայի «ազգային միասնականութեան» մասին խօսակցութիւնն արդէն վաղուց ուշացած է: Ցեղասպանութեան, թշնամութեան, ատելութեան, յանցագործութեան, վախի եւ դաւաճանութեան վրայ կառուցուած նոյնիսկ «քաղաքացի» իմաստով ազգային միասնականութիւն չի լինում, կամ՝ լինում է կաճաժամկետ՝ դիպուածային խնդիրներ լուծելու համար, եւ նորանոր վտանգներից պաշտպանուելու համար այդ կեղծ միատարրութիւնը միշտ բոլորի շահերը սոսնձող մշտական կամ կարճաժամկետ աշխատող նյոթի կարիք է ունենում:
Թուրքիայի Հանրապետութիւնում որպէս այդպիսին օգտագործուել է բոլոր մահմեդականների համար վտանգաւոր հայերի մասին առասպելը եւ պարբերաբար բորբոքուող հայկական ատելութիւնը: Սակայն Ճաքեր տուող կառուցուածքը փրկելուն ուղղուած «հայկական վրիժառութեան» գործօնը պարբերաբար, տեղի-անտեղի օգտագործումից փոշիացաւ եւ կորցրեց իր ուժը այնքան, որ քրդերն իսկապէս բարձրաձայնեցին իրենց յանցագործ մասնակցութիւնը Հայոց Ցեղասպանութեանը եւ, եթէ նոյնիսկ պատասխանատուութիւնից չխուսափեն՝ այդ հարցում ազատուեցին «թուրքական կախուածութիւնից»:
Բայց ահա 2018 թիւն է: Էրզրումում Մուստաֆա Քեմալի հետ ընդհանուր «մահմեդական հայրենիք» ծրագրաւորած, թուրքերի հետ միասին հայերին հայրենազրկած, բայց «Մահմեդական հայրենիքի» փոխարէն «Թուրքական հայրենիքում» յայտնուած քրդերի թոռը՝ քրդական անուանուող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» անդամ, Թուրքական Ազգային Մեծ Ժողոուի քուրդ պատգամաւոր Ֆարհադ Անջոն «Մահմեդական հայրենիք» կառուցելու ծրագրից հարիւր տարի անց ելոյթ է ունէնում Թուրքական Ազգային Մեծ Ժողովում:
Յաւանաբար օրինաչափ զուգադիպութեամբ Ֆարհադ Էնջոն Շիրնակից է, նախկին Դիարբեքիրի վիլայեթի Ջեզիրե գաւառակի Շիրնակ քաղաքից, նոյն Շիրնակից, որտեղից քուրդ շեյխ Աբդուրախման-աղան 1920թ. Ապրիլի 23-ին որպէս պատգամաւոր գնացել էր Անկարա՝ մասնակցելու Մուստաֆա Քեմալի Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովին, լսել էր Քեմալի «Մահմեդական հայրենիք» կառուցելու բացատրութիւնը՝ «Ազգային ժողովը բաղկացած է թուրքերից, չերքէզներից, քրդերից եւ լազերից:
Սա բոլոր մահմեդականների միութիւն է… Խնդրում եմ թուրքեր չասել, այլ մահմեդականներ եւ նոյնիսկ օսմաններ: Մենք բոլորս կապուած ենք խալիֆաթով»: Լսել էր եւ համաձայնուել ապստամբութեան առաջնորդի՝ մտերմաբար իրեն տրուած յանձանարարականին՝ «Դուք երբեք չէք համաձայնուի, որ Ձեր հայրենիքի սրբազան հողը պղծուի հայերի կողմից…
Խնդրում եմ անմիջապէս անցնել ազգային ուժերի կազմաւորման եւ վճռաբար վերջ դնել մեր հակառակորդների դաւաճանական գործողութիւններին»: Մասնակցել էր Մահմեդական հայրենիքի կառուցմանը՝ հայերի եւ յոյների կոտորածներին եւ կռիւներին, արդիւնքում ստացել էր «Թուրքական հայրենիք», որտեղ «քրդի գոյութիւնը» արգելուել էր:
Ուղիղ 98 տարի անց, 2018-ին, նոյն Շիրնակից քուրդ պատգամաւոր Ֆերհաթ Էնջուն է ելոյթ ունէնում Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի ամբիոնից: Ինչպէս բազմաթիւ այլ քրդերի, Ֆերհաթ Էնջուի հարազատներից շատերն էլ են զոհուել, տուեալ դէպքում՝ 2011թ.ին: «Ձեզանից ոմանք մեզ մարդասպաններ են անուանում,-ասում է Էնջուն թուրքական օրենսդիր մարմնի ամբիոնից:
Բայց ո՞վ է սպանում քաղաքացիներին եւ ո՞վ է մարդասպանը: Ես քուրդ եմ…որպէս քուրդ ապրում եմ իմ Քուրդիստան հողում: Սա դուք անվանում էք ձեր հողը: Սա ձեր հողը չէ…այստէղ եղել են յոյները եւ հայերը:
Մենք քրդերս դեռ այստէղ ենք…Մենք քրդերս մշտապէս քուրդ կը լինենք, նախքան դուք թուրք կը դառնաք…Ձեր Թուրքիան յոյներից, հայերից եւ քրդերից գողացուած հայրենիքն է (ընդգծումը իմն է-Հ.Խ.): Պատմութիւնն իմ վկան է: Ի՞նչ կարող էք դուք ասել: Սպանէք ինձ, ես կ՛ասեմ ճշմարտութիւնը»:
Ֆարհադ Անջոյի վեց րոպեանոց ելոյթի ընթացքում մեջլիսի թուրք պատգամաւորներն, իհարկէ, սպառնում էին սպանել կամ բանտ ուղարկել նրան.
Խորհրդարանի խօսնակ. «Դուք կը պատժուէք սրա համար: Դուք դրա մասին կարող էք խօսել քաբաբ ուտելու ժամանակ: Մեր առջև Դուք պաշտպանում էք ահաբեկիչներին»: Էնջու. «Այստէղ եղել են յարգարժան յոյներն ու հայերը…»: Բղաւոցներ դահլիճից. «Սպանէ՛ք ահաբեկչին»: Էնջու. «Մենք՝ քրդերս, դեռ այստէղ ենք: Ոչ տանկերը, ոչ ձեր զինուորականները չեն կարող մեզ տեղահանել…»:
Բղաւոցներ դահլիճից. «Մենք ոչնչացրել ենք քո քաղաքը»: Էնջու. «Դուք կարող էք ոչնչացնել այն, սակայն մենք տասնեակներով աւելին կը կառուցենք: Դուք՝ թուրքերդ, ոչնչութիւն եք: Մենք աւելի ահաւոր հրէշների ենք ոչնչացրել Սիլոփիում, քան դուք էք: Նետէ՛ք ձեր ռումբերը: Սպանէ՛ք մեր երեխաներին:
Սպանէ՛ք քաղաքացիներին, սակայն դուք չէք կարող սպանել մեզ որպէս քրդերի Ռոբոսկիում, ամբողջ Քուրդիստանում կամ ինչպէս դուք էք անվանում՝ «Թուրքիայում»: Մարդկութիւնը աւելի վատերին է տեսել, քան դուք էք: Մենք յաղթել ենք նրանց…»: Խորհրդարանի խօսնակ. «Դուք բանտ կը գնաք սրա համար:
Հինգ տարին կը լինի Ձեր նուազագոյն պատիժը»: Էնջու. «Ես թքած ունեմ: Ճշմարտութիւնն աւելի կարևոր է, քան կեանքը…»:
Բղաւոցներ դահլիճից. «Սրան փամփուշտ է պէտք: Ձերբակալէք նրան…»: Խորհրդարանի խօսնակ. «Մենք լուր ենք ուղարկել անվտանգութեան աշխատակիցներին: Նա կը ձերբակալուի»:
Էնջու. «Քրդերը միշտ քուրդ են եղել, նախքան ձեր՝ թուրքերի այստէղ գալը եւ քուրդ կը մնան ձեր հեռանալուց յետոյ եւս: Ձեր «Թուրքիան» յոյների, հայերի և քրդերի գողացուած երկիրն է: Իմ վկան պատմութիւնն է»: Բղաւոցներ դահլիճից. «Դու կը պատժուես»: Էնջու. «Ի՞նչ կարող էք անել: Ես այստէղ եմ հարիւրաւորների դէմ: Ի՞նչ էք դուք ձեզանից ներկայացնում»:
Խորհրդարանի խօսնակ. «Դուք սրա համար կը պատժուէք»։ Էնջու. «Սպանէք ինձ։ Ես դարձեալ կ՛ասեմ ճշմարտութիւնը»։ Խորհրդարանի խօսնակ. «Դա կ՛ասէք, երբ անվտանգութեան աշխատակիցներն այստէղ կը լինեն։ Այս օրէնսգրքով Ձեզ 10 տարով բանտ կ՛ուղարկեմ, նուազագոյնը տասը տարով»։
Բղաւոցներ դահլիճից. «Նրան պէտք է հենց հիմայ գնդակահարել»։ Էնջու. «Ես կ՛աւարտեմ»։ Բղաւոցներ դահլիճից. «Դու սրա համար կեանքովդ կը վճարես, տականք քուրդ»։ Էնջու. «Հաչացէ՛ք ինչքան ուզում էք։ Ես ամուր կանգնած եմ այստէղ, եկէք եւ կանգնէք դէմառդէմ… »։ Բղաւոցներ դահլիճից. «Բաւակա՛ն է։ Ո՞րտեղ են անվտանգութեան աշխատակիցները»։
Էնջու. «Դուք ուժեղ էք խմբով, բայց երբ մենակ էք, դուք բոլորդ վախկոտներ էք։ Մեր քուրդ երիտասարդները դա ցույց են տուել ձեր զինուորականներին։
Ո՛չ թուրք զինուորը, ո՛չ թուրք ոստիկանը չեն կարող հսկել քրդական փողոցները։ Ձեր զինուորները փախչում են մեր երիտասարդներից։ Ինչպէս հիմայ, դուք միայն բերան ունէք եւ ուժեղ էք միասին։ Բայց երես առ երես դուք ոչնչութիւն եք…»։
Բղաւոցներ դահլիճից. «Կտրէ՛ք այդ քրդի ձայնը»։ Էնջու. «Ես՝ միայնակ քուրդս, կարող եմ բոլորիդ յաղթել…»։ Բղաւոցներ դահլիճից. «Գնդակահարէ՛ք»։ Էնջու. «Դուք կարծում էք, որ մեզ սպանելով կարող էք մեզ յաղթել. դա միայն ստիպում է մեզ աւելի ուժեղ լինել։ Դուք ինձ անուանում էք «ահաբեկիչ», ես, որ պայքարում եմ ձեր տիրապետութիւնից իմ ազատութեան համար։
Ես, որ ապրել եմ այս երկրում հազարաւոր տարիներ, դուք եկել ու բռնազաւթել էք այն։ Ես պայքարում եմ իմ ժողովրդի ազատութեան համար, մյոս բոլոր ազգերի ազատութեան նման…»։ Բղաւոցներ դահլիճից. «Քեզ կը գնդակահարեն»։ Էնջու. «Ես խիզախօրէն դիմագրաւում եմ մահն ու փամփուշտները, ինչպէս միլիոնաւոր այլ քրդեր։ Ոչ մի բռնազաւթում յաւերժ չէ։
Ազատութիււնը միշտ վերջում յաղթում է…»։ Բղաւոցներ դահլիճից. «Դու ստորագրեցիր քո մահուան դատավճիռը թուրքական փամփուշտով։ Դու քայլող դիակ ես։ Թոյլ մի՛ տուէք նրան ողջ հեռանալ այստէղից»։ Խորհրդարանի խօսնակ. «Վերադարձէ՛ք ձեր տեղերը։ Նա միայնակ է։ Անհանգստանալու ոչինչ չկայ։ Նա միայնակ է։ Մենք նրան կը բռնենք։
Գրաւէ՛ք ձեր տեղերը»[4]։ Այնուհետեւ Էնջուին զրկեցին խորհրդարանական անձեռնմխելիութիւնից եւ բանտարկեցին: Հիմայ նա բանտում է…
Հայոց Ցեղասպանութեանը յաջորդած հարիւր, Դերսիմի Ցեղասպանութեանը յաջորդած ութսուն տարիները չփոխեցին Թուրքիայի ներքին, «ազգային» «քաղաքական երկխօսութեան» եւ «ազգային պետութիւն» կառուցելու մեթոդները,-ձայնը կտրել, ձերբակալել, գնդակահարել…
Թուրքական իշխանութիւնները «ներազգային» խնդիրները ձուլումից, կոտորելուց, գնդակահարելուց զատ սովորաբար քաղաքական «այլ ելք չեն ունէնում», որովհետեւ քաղաքական ծրագիրը կառուցւում է կոտորածի, ջարդերի, գնդակահարութեան, բռնի տեղահանութեան, աքսորի, ամէնամեղմը՝ ինքնութեան արգելանքի միջոցով հարկադիր ձուլման տրամաբանութեան վրայ: Սա նոյնպէս «թիւրքչուլուկի» արդիւնքներից է:
Թուրքական փորձը ցոյց է տալիս, որ դա կարող է պետութիւն պահելու եւ էթնիկական ինքնահաստատման միջոց լինել, բայց «ազգային պետութիւն» կառուցելու անհաջող ճանապարհ է:
Հարիւր տարի «ազգային պետութին» կառուցող երկրի խորհրդարանում պատգամաւորները միմեանց դէմ խոսում են «էթնիկական լեզուներով»՝ «Քրդերը միշտ քուրդ են եղել, նախքան ձեր՝ թուրքերի այստէղ գալը եւ քուրդ կը մնան ձեր հեռանալուց յետոյ եւս: Ձեր Թուրքիան յոյների, հայերի և քրդերի գողացուած երկիրն է»: «Ո՛չ թուրք զինուորը, ո՛չ թուրք ոստիկանը չեն կարող հսկել քրդական փողոցները»։ «Կտրէ՛ք այդ քրդի ձայնը»:
«Դու ստորագրեցիր քո մահուան դատավճիռը թուրքական փամփուշտով։ Թոյլ մի՛ տուէք նրան ողջ հեռանալ այստէղից»։
Այստէղ քաղաքացիութեան եւ «ազգի» մասին խօսելն աւելորդ է: Թուրքական Պառլամէնտում միմեանց ոչնչացնում են նոյն պետութեան քաղաքացի երկու քաղաքական ուժեր, որոնց դատողութիւնների մեկնարկում «ազգի», «ազգային պետութեան» հետք անգամ չկա: Դրանք միմեանց թշնամի էթնիկական միաւորների ներկյացուցիչներ են, որոնցից մեկը՝ թուրքականը հաւակնութիւն ունի լինել «ազգը», բայց դա «պետական ազգը» չէ, դա ազգայնական թուրքական էթնիկական միաւորն է, որը դեռեւս կայանում է մյոսներին ոչնչացնելու ճանապարհով:
Լրջորէն առաջանում է այն հարցը, որ հռետորաբար բարձրացնում է Էնթոնի Սմիթը Մաքս Վեբերի հասցեին. «Պատմական հասարակագիտութեան դասական եւ գերմանական նացիոնալիստ Մաքս Վեբերը ազգերին համարում էր կոնֆիկտային կողմեր եւ առանձնահատուկ մշակութային արժէքների կրողներ: Վեբերը գտնում է, որ «ազգերը այնպիսի աշխարհայացքի կրողներ են, որոնք սովորաբար կարող են արտահայտուել պետութիւնում:
Այդ պատճառով ազգերը այնպիսի համախմբեր են, որոնք սովորաբար ձգտում են սեփական պետութիւն ստեղծել (Max Weber. Economy and Society / Ed. G. Roth, G. Witch. N. Y., 1968. Vol. 3, ch. 3, էջ 926)»: Դժուար է ասել, Վեբերն ինքն իրեն հարց տուե՞լ էր այն մասին, թէ արդեո՞ք ազգերը արդիական <երեւոյթներ> են եւ թէ ինչպէս են նրանք զարգանում՝ իրենք իրե՞նց, թէ՞ արհեստականորեն:
Հնարաւոր է, որ նրա աշխատանքներում մենք առաջինն ենք հանդիպում էթնիկական պատկանելութեան եւ նացիոնալիզմի հարաբերութիւնների սկզբունքի մասին յետագա գիտնականների բարձրացրած հարցին»[5]:
Մաքս Վեբերն «ազգերի» մասին իր պատկերացումը կառուցում էր այն ժամանակ, երբ դրանք դեռեւս արդիւնքներ չէին ունեցել, եւ իշխում էր «ազգը քաղաքակրթութեան վերջին նւաճումն է» գաղափարը: 20-րդ դարասկզբին ազգային կոչուող հաճախ էթնիկական շարժումները «ազգային» էին դառնում «ազգային պետութիւններ» ստեղծելով, որի կազմը հաճախ բազմէթնիկ էր լինում:
«Ազգային» բառին քաղաքակրթական բարձր արժէքի վերագրումը այդպիսի պետութիւններում յաճախ քողարկում էր գերակա եւ պետականաստեղծ էթնոսի սովորական էթնիկական ազգայնականութինը: Բայց, անշուշտ, «Ազգերի լիգա», յետագայոմ Միացեալ Ազգերի կազմակերպութիւնը և նմանօրինակ պակաս ազդեցիկ իրաւունակ կառոյցների ջանքերով «ազգային պետութիւններում» «օրէնքի իրաւունքի» հաւասարութիւնը զգալիորեն կայունանում էր՝ մինչեւ հերթական «էթնիկական պոռթկումը»:
Վկա՝ այսօրուա եվրոպական ազգային պետութիւններում էթնիկական-ազգային՝ բասկական, շոտլանդական, իռլանդական, կատալոնական շարժումները:
Էնթոնի Սմիթն ինքը յստակ չի ձեւակերպում իր բարձրացրած հարցի պատասխանը, բայց համարելով, որ «ազգային պետութիւնները» սովորապար բազմէթնիկ են, եւ գտնելով, որ քաղաքական եւ քաղաքացիական հարաբերութիւններն ու հասարակագիտական միտքն արդէն վարժուել է գործ ունէնալ «ազգ», «ազգային» հասկացութիւնների եւ «ազգային – պետական» կոչուող կառոյցների հետ, վարկածային առաջարկ է անում ««ազգ» եզրոյթի տակ հասկանալ մեկ տարածքով կապուած խումբ, ովքեր ունէն բոլորի համար ընդհանուր մշակոյթ եւ աշխատանքի բաժանում, ինչպէս նաեւ իրաւական իրաւունքների եւ պարտականութիւնների ընդհանուր կոդեքս»[6]:
Շրջանցելով այսօր բուռն քննարկուող այն հարցը, թէ Թուրքիայում քիչ թէ շատ արդար եւ տեւական լինելութեան քննութիւն բռնե՞լ է արդյոք «ազգային պետութեան» Եւրոպական «ազգային հայեցակարգը», եւ վերադառնալով «թիւրքչուլուկի»՝ Թուրքիայի արհեստականորեն կառուցուող «ազգային պետութեան» ստեղծման գաղափարի եւ ձեռք բերուած արդիւնքի հարցին, հազիւ թէ կարելի է տեսնել թուրքական ազգային պետութեան քաղաքացիներին միավորող ընդհանուր «ազգային արժէքները»:
Թուրքական «ազգային պետութեան» մեկնարկը շատ հեռու էր եվրոպական միջին չափանիշներից: Այդ պետութիւնն ստեղծւում էր այն միջաւայրում, որտեղ ոչ մի կայացած էթնիկ միաւոր չկար, չխօսելով արդէն զարգացած «ազգային արժէքի» մասին, որը կարող էր հասարակական համաձայնութեան հիմք դառնալ:
Դա նոյնիսկ հասարակութեան համար անհայտ պատմութիւնը կամ անցեալի պատմական առասպէլը չէր, նոյնիսկ թուրքերէն լեզուն չէր, որը կարող էր հանրային հարաբերութիւնները սոսնձող միջոց դառնալ: Հասարակական համաձայնութեան միակ հիմնարար արժէքը սուննի մահմեդականութիւնն էր, որի հակաշիռը 1920թ. յետոյ մնացել էր ալեւիզմը, բայց սուննի մահմեդականութեան «թրքացում-էթնիկացումը», առիթ տալով սուննի մահմեդական քրդերի ինքնութեան էթնիկական բաղադրիչի զարգացմանը, նոր հակադրութիւնների հիմք դարձաւ:
Դրանք իրաւահաւասարութիւն ապահովող, բայց փաստացի չգործօղ օրէնքները չեն, ռեսուրսներից օգտուելու բացակայող իրաւահավասարութիւնը չէ, ազգամիջեան բացակայող հանդուրժողականութիւնը չէ: Այդպիսին չդարձաւ նաեւ Թուրքիայի նոր ստեղծուած պատմագրութիւնը, որը «թուրքերի» պատմութիւն է: Թուրքիայի պատմութեանը առուազն մասնակցած հաւաքականութիւնները՝ էթնա-կրօնա-լեզուական միաւորներն այնտէղ իրենց «չեն գտնում»:
«Թիւրքչուլուկը» Թուրքիայի քաղաքացիներին չհասցրեց քիչ թէ շատ փաստացի իրաւահավասարութեան եւ մշակութային ընդհանրութեան, գործնականում արդէն այդպիսի նպատակ էլ չկար: Գործնական նպատակը թուրքական էթնիկական միաւոր ստեղծելն ու Թուրքիայի Հանրապետութիւն կոչուող տարածքի էթնիկական միաւորներին թրքացնելն էր: Եւ արդէն ջանքերն էլ դրան էին ուղղուած:
Հենց դրանում էլ արդիւնք եղավ՝ «թիւրքչուլուկը» զգալիորեն բարելաւեց «թուրքի» էթնիկական ինքնընկալումը, բռնի եւ սոցիալական գայթակղութեան միջոցով ձուլման ճանապարհով աւելացրեց «թուրք» միաւորի քանակական թիւը՝ շատերին թողնելով անցեալի էթնիկական պատկանելութիւնը թաքցնելու հարկադրուած փաստի առաջ:
Ընդունելով, որ ոչ «ազգային պետութիւն», ոչ «ազգ» հասկացութիւները քիչ թէ շատ կոնսենսուսային ընդունուած ձեւակերպում չունէն, այնուհանդերձ հարցը, թէ ո՞րն է այն համախումբը, որ այս պետութիւնում կարող է լինել «ազգ» եզրոյթի կրողը, տեսնում ենք, որ այդ համախումբը երկրի նյոթական, սոցիալական, քաղաքական ռեսուրսներին տիրապետող էթնիկական թուրքն է՝ երկրի ընդհանուր բնակչութեան համարեա հիսուն տոկոսը, իսկ «ազգային պետութեան» հաւակնութիւն ունեցող «թուրք» եզրը որևէ կապ չունի եւրոպական «ազգային» ընկալման հետ:
Արդիւնքում երկրի ներսում էթնա-կրօնական խմբային ինքնութիւների աւելի քան 25 տեղաբնիկ միաւորների ներկայացուցիչների էթնա-լեզուա-կրօնական ինքնութեան նոյնիսկ անհատական հանրային դրսեւորումները դիտարկւում են որպէս քաղաքական ընդդիմադիր գործողութիւն (տես սոյն գրքում հրատարակուող «Մայրիկս մի անգամ ասել է «մենք թուրք չենք», բայց չի ասել, թե ինչ ենք» պատմութիւնը):
Թուրքիայի ազգայնացման ընթացքը կրկին օրակարգ է մղում Էնթոնի Սմիթի հարցը՝ արդեո՞ք ազգերը արդիական <երեւոյթներ> են եւ թէ ինչպէս են նրանք զարգանում՝ իրենք իրե՞նց, թէ՞ արհեստականորեն: Ո՞րն է կապը կայացած, կայունացած էթնիկութեան մշակութային կամ քաղաքական նացիոնալիզմի եւ արհեստականաորեն կառուցուող «ազգի»-ազգային քաղաքական նացիոնալիզմի միջեւ:
—————————————————————————–
[1] Martin van Bruinessen, Kurds, Turks and the Alevi revival in Turkey, Extended version of an article published under the same title in Middle East Report #200 (Summer 1996), 7-10.http://www.let.uu.nl/~martin.vanbruinessen/personal/publications/Bruinessen_Kurds_Turks_and_the_Alevi_revival.pdf
[2] Forced Evictions: Violations of Human Rights, Global Survey on Forced Evictions, No7COHRE, Սեպտեմբեր 1998, էջ 65-69 (www.cohre.org; http://www.jubileecampaign.co.uk/world/tur2.htm; http://www.dozame.org/villages/burnedvillages.htm); The Wall Of Denial: Internal displacement in Turkey, U.S.Committee for Refugee, Նոյեմբեր 1999, էջ 14-15; Asylum Seekers From Turkey: The Dangers They Flee, A Report To Asylum Aid (Report of a Mission to Turkey), Հոկտեմբեր 4-17, 2000, էջ 59; Turkey Human Rights Practices, 1993, Author: U.S Department Of State, January 31, 1994; Benninghaus R., Production, usage and diffusion of the Shal օf Shapik Men’s Costume in Turkish Kurdistan, մայիս 31, 2001, http://www.chaldeansonline.net/forums/ruediger-benninghaus.html):
[3] Դողու Էրգիլ, Միասնական պատմութիւն եւ որոշակի անհատական ինքնութիւն, «Զաման», 07. 10.2007, թարգմանաբար վերհրատարակուած «²½·», 23.10.2007:
[4] Kurdish Member of Turkish Parliament Delivers a Harsh Speech & Ends up in Jail,-http://www.thecaliforniacourier.com/kurdish-member-of-turkish-parliament-delivers-a-harsh-speech-ends-up-in-jail/(այցելութիւնը կայքին՝ 01.12.2018): Հայերեն թարգմանութիւնը տես «Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորի խիստ ելույթն ավարտվել է իր բանտարկությամբ: Նոյեմբեր 20,2018»,- https://www.aravot.am/2018/11/20/994625/ /(այցելութիւնը կայքին՝ 01.12.2018):
[5]Смит Энтони Д., Национализм и историки//«Нации и национализм…[Սմիթ Էնթոնի Դ. Նացիոնալիզմը եւ պատմաբանները //Ազգեր եւ ազգայնականութիւն…], Էջ 241- 242:
[6] Նոյն, էջ 257:
www.lragir.am/2020/05/22/548839/