Կարինէ Աւետիսեան – ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՎԿԱ՝ ՓԱՄԲԱԿԻ ԼԵՌՆԵՐ… Շիրակի սարահարթից մինչև Սևանա թերակղզի ձգվող լեռնաշխարհում, որը կոչվում է ՓԱՄԲԱԿԻ լեռնաշղթա
28 ՅՈՒՆԻՍ 2020 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ: – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՎԿԱ՝ ՓԱՄԲԱԿԻ ԼԵՌՆԵՐ…
Մեր պատմության բազմաթիվ ցավալի կորուստներից մեկի՝ 1988-ի աղետի հիշատակման այս օրերին իմ սիրտը մեր լեռներում է՝ Սպիտակի լեռնաշղթայում, Շիրակի սարահարթից մինչև Սևանա թերակղզի ձգվող լեռնաշխարհում, որը կոչվում է ՓԱՄԲԱԿԻ լեռնաշղթա (նաև՝ Պամբի լեռնաշղթա, Փամբ (Պամբ) անունն ուներ և Մենսար լեռնագագաթը):
Փամբ (Պամբ), Փամբակ անունով գյուղեր կան Հայաստանի տարբեր վայրերում, գետեր ու ձորահովիտներ Լեռնային Կիլիկիայում, Սևանում…
Սպիտակ քաղաքից հեռու չէ Փամբի լեռնանցքը, Փամբակաձորը՝ Գուգարաց աշխարհում (Լոռի):
Իսկ ո՞վ է Փամբը …
Նրան գտնելու որոնումները մեզ հասցնում են հնագույն շրջան ու տանում հին եգիպտացիների կողմից «Հաթի երկիր » կոչված աշխարհը:
Հին Եգիպտոսի պատմության ու մշակույթի մասնագետները նշել են, որ «Հաթի երկիրն» եգիպտացիների «հացի շտեմարանն» էր (ես կավելացնեի՝ «Ոչ միայն եգիպտացիների, նաև տարածաշրջանի մյուս հարևանների, քանզի ասորական արձանագրություններում պատերազմական ավարի զգալի մասն էր և հացահատիկի պաշարների առևանգումը:
Հիշենք, որ մյուս տերությունների հետ առևտրում որպես արժեմիջոց է եղել հնում հացահատիկը):
Քանի որ «Հաթի երկրից» էին եգիպտացիք ներմուծում հացահատիկի տարբեր տեսականին, ընդհանուր անունով այն կոչվում էր «Հասկ», իսկ երկիրը՝ «Հասկի երկիր», հնչյունափոխված մեզ հասած ձևով՝ Հաթի (Խաթի) երկիր, որի հետ էլ կապվում է հետագայում «խեթեր» անվանման առաջացումը թերևս:
Ի դեպ, արծաթը նույնպես այստեղից էին ներմուծում ու նույնպես անվանում «խաթ» (ուսումնասիրողները նշել են, որ և՛ հացահատիկը, և՛ արծաթը նույն բառով էին անվանվում):
«Հասկի երկրի» հեռավոր այս վերհուշն է մեր տաղանդավոր արվեստագետներին մղել խորհրդային շրջանում Հայաստանի հանրապետության պետական խորհրդանշանի վրա հասկի (և խաղողի ողկույզի) պատկերումը, որն այնուհետև վերցրել են նաև մյուս հանրապետությունները:
Վերոհիշյալ հնագույն այս երկրի ու նրա Փամբ (Պամբա) թագավորի մասին առաջին հիշատակությունն ենք գտնում Աքքադի Նարամ-Սուենի արձանագրությունում, որը վերաբերում է 17 արքաների միության դեմ իր մղած ճակատամարտին:
Նրա թվարկած թագավորների մեջ են նաև Հաթիի թագավոր Փամբը (որն ապրել է ն.թ.ա 22-րդ դարի սկզբին կամ ն.թ.ա 23-րդ դարում), և Կանեշի թագավոր Զիպանին (հիշեցնում է հայկական Ծուփանին (Ծոփք)):
Մեզ հետաքրքրող հեռավոր այս ժամանակաշրջանում, ինչպես ապացուցում են հնագիտական հարուստ գտածոները, ժամանակի բազմաթիվ արձանագրություններն ու քանդակները, պաշտվող դիցերից գլխավորը Կայծակի՝ Փայլակի, Շանթի դիցն էր (ուրեմն՝ Հուրի, Լույսի, Կրակի դիցը):
Ի դեպ, վերծանված տեքստերում հենց «Շանթ» անունն է հիշվում (մասնագիտական գրականության մեջ դժգույն բառեր՝ «մթնոլորտային տեղումների աստված»… կիրառելու հարկ չկա)…
Լուսավառ ու բորբոքուն Կրակի (Հրավառ Ցոլքերի) բնութագրիչը, մեր օրերում նույնիսկ, «թեժ» ածականն է:
Փոքրիկ զեղումով հիշենք Ղ. Աղայանի տողերը՝ «Հրաշեկ թեժ փայլակը լուսավորում էր նրան ծիրանեգույն լույսով » (ծիրանին բորբ կարմիրն էր ու աստվածային ոլորտին էր վերաբերում, որտեղից և՝ թագավորների, քրմերի, «գլխավոր քրմուհու» (պայմանականորեն ասված), թիկնոցի գույնը…):
Նրա (կրակի) կատաղի ու բուռն բնույթի վառ արտահայտություններից են անզուգական Չարենցի հետևյալ տողերը՝
«Թեժ ուրագան մի շաչող,
Դաժան մրրիկ մի ահեղ-
Լիզեց լեզվով իր տոչոր…
Սրբեց Երկիրը քո հին…
Փայլակի, ահեղ պատերազմի (ու նաև՝ խաղաղության) Դիցը հուրիական, խեթական դիցաբանության մեջ Թեշուբն էր (ավելի ստույգ՝ Թեժուբը):
Ահա թե ինչու՛ «թեժ» բառին հատուկ ուշադրություն հատկացրեցի («Թեժ»-ի բացատրությունն այլ առիթով տրված է):
Արդյո՞ք պատահականությու՞ն է, որ Փամբակի լեռնաշղթայի բարձրագույն յեռնագագաթը կոչվում է «ԹԵԺԼԵՌ»:
Իհարկե՝ ոչ…
Հազարամյակներից եկող հիշողությունը նաև այսպես է փոխանցվում, երբ այլ միջոցների հնարավորությունը չկա…
Մեր իմաստուն նախնիների շունչն ամենուր է, այն ավելի լավ տեսնելու, զգալու և նրանց հետ հաղորդակցվելու համար փոքր-ինչ իմացություն է պետք նաև …
facebook.com/karine.avetisyan.779/posts/514795259034510