Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմէն Տէր-Սարգսեանի զեկոյցը Խորհրդարանի 3-րդ նստաշրջանին

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Յարգելի գործընկերներ.

Յիշեցնենք, որ 2014 թ. Յունուարի 18-21-ը Փարիզի մէջ տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 1-ին նստաշրջանը, որը հաստատեց ընտրուած 64 պատգամաւորներու լիազօրութիւնները, ընտրեց Խորհրդարանի նախագահ, հաստատեց Մշտական յանձնաժողովներու ղեկավարներուն եւ ծրագիրները:
 
Այսպիսով այն գործընթացը, որը սկիզբ առած էր 2004 թ. ամբողջացաւ 2014-ին Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական կառոյցներու ձեւաւորումով:
 
Ասոնց կարգին, մինչեւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցներու հաստատումը Բնօրրան Հայրենիքին մէջ, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) ընտրեց Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ: Այդ պատուին արժանացաւ Արմենակ Աբրահամեանը, որու առաջարկով Խորհրդարանը հաստատեց Արեւմտեան Հայաստանի Վտառուած Կառավարութեան վարչապետ Տիգրան Փաշաբեզեանին: Յետագային, համաձայն Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի մասին օրէնքի, վարչապետի առաջարկով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով հաստատուեցաւ կառավարութեան կազմը` նշանակուեցան նախարարներ:
 
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ նստաշրջանը տեղի ունեցաւ Երեւան՝ 2014 թ. Հոկտեմբերի 17-20-ը, ուր ընդունուեցան Արեւմտեան Հայաստանի համար առաջնակարգ նշանակութիւն ունեցող օրէնքներ, քննարկուեցան եւ հաստատուեցան հայութեան վերաբերուող միջազգային նշանակութեան ռազմավարական ծրագրեր եւ ուղղութիւններ:
 
2-րդ նստաշրջանէն յետոյ յաջորդող ժամանակաշրջանին Խորհրդարանը շարունակեր է իր արդիւնավետ աշխատանքը:
 
Մասնաւորապէս պատգամաւորներու քննութեան ներկայացուեր են հետեւեալ օրէնքներու նախագծերը՝
-Օրէնք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Մշակոյթի մասին,
-Օրէնք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Զինանշանի մասին,
-Օրէնք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Լեզուի մասին:
Նկատի առնուած են պատգամաւորներու կողմէ կատարուած բոլոր դիտողութիւններն ու լրացումները, որմէ յետոյ օրէնքները ընդունուեր են:
 
Այժմ վերոյիշեալները կ՛առաջարկենք հաստատուի նստաշրջանի կողմէ:
 
Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 10 Օգոստոս 2014 թ. հրամանագիրին ստեղծուեր է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի մշակման յանձնաժողով եւ այս ուղղութեամբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի ղեկավարութեամբ իրականացեր է մեծածաւալ աշխատանք:
 
Այսօր առաջին ընթերցմամբ նստաշրջանի հաստատումին կը ներկայացուի Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան հիմնական դրոյթներն ու նախագիծը:
 
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի հարցով աւելի ընդարձակ զեկոյցով հանդէս կու գայ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմենակ Աբրահամեանը:
 
3. 
2015 թ. միջազգային կապերու հաստատման, համաժողովներու մասնակցութեան, կազմակերպման ու անցկացման ուղղութեամբ իրականացուեր են զգալի արդիւնավետ աշխատանքներ:
Նշենք զանոնք.
 
2015 թ. Յունուարին Սուրիայի հարցով Ժնեւ 2-ի «Մոսկովեան ամբիոնին», որտեղ մասնակցեր էին՝ մէկ կողմէ Սուրիայի կառավարութեան, միւս կողմէ՝ «Փափուկ ընդդիմութեան» պատուիրակները, աշխոյժ մասնակցութիւն ունեցաւ մեր ներկայացուցիչը Սուրիայէն: Այս ամբիոնէն ան առաջին անգամ բարձրացուց Սուրիայի ճգնաժամի կարգաւորման հարցով Սուրիայի քրիստոնյաներու՝ հայերու ու ասորիներու, ինչպէս նաեւ այլ բնիկ ժողովուրդներու դերն ու նշանակութիւնը:
Մոսկովեան ամբիոնի աշխատանքներու արդիւնքներու քննարկումը տեղի ունեցաւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորներու հետ, ինչպէս նաեւ մամլոյ ասուլիս ռուսական առաջատար լրատուամիջոցներու, վերլուծական կենդրոններու ներկայացուցիչներու մասնակցութեամբ, որտեղ կրկին ներկայացուեցան Սուրիայի ճգնաժամի քաղաքական կարգաւորման հարցով վերոնշեալ բնիկ ժողովուրդներու ներկայացուցիչներու ներգրաւման կարեւորութիւնն ու նշանակութիւնը, ինչը բարձր գնահատուեցաւ եւ ընդունուեցաւ մասնագէտներու ու վերլուծողներու կողմէ:
 
2015 թ. Մարտ-Ապրիլ ամիսներուն Խորհրդարանի պատգամաւորները մասնակցեցան Ֆրանսայի՝ Փարիզի եւ Մարսելի, Զուիցերիոյ՝ Ժնեւի եւ Լոզանի կազմակերպուած եւ Հայերու ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, Հայկական հարցի կարգաւորմանը, Արեւմտեան Հայաստանի նկատմամբ իրաւունքներու պաշտպանութեան խնդիրներուն նուիրուած միջազգային համաժողովներուն: Վերոնշեալ թեմայով Եւրոպայի համաժողովներու շարքը շարունակուեցաւ մինչեւ 2015 թ. Դեկտեմբեր ամիսը, որոնց աշխոյժ մասնակցեցան Խորհրդարանի պատգամաւորները:
 
2015 թ. ընթացքին՝ Մարտ ամսէն սկսած, Խորհրդարանի պատգամաւորները մասնակցեցան եւ ելոթներով հանդէս եկան ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդներու յանձնաժողովի եւ Մտաւորական սեփականութեան իրաւունքներու հարցերով նստաշրջաններուն:
 
2015 թ. Ապրիլի 23-30-ը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցներու ներկայացուցիչները՝ պատգամաւորներ եւ նախարար, նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխաւորութեամբ՝ Հայերու ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի կապակցութեամբ այցելեցին Հայրենի Բնօրրան, մասնաւորապէս, Ախթամար կղզի՝ մասնակցելով Սուրբ Խաչ եկեղեցւոյ հոգեհանգստեան արարողութեան, Վան, Մուշ, Պիթլիս, Սասուն, Տիգրանակերտ, Մարտին քաղաքներ, Սուրիոյ սահմանամերձ գօտին եւ այլ հայաբնակ տարածքներ: Տեղի ունեցան բազմաթիւ հանդիպումներ հայրենակիցներու հետ:
 
Նշուած բոլոր միջոցառումներն ու ծրագրերը կազմակերպուած են ԱՀՀ նախագահի նախաձեռնութեամբ եւ իրականացուած ԱՀՀ պետական համակարգի բոլոր ճիւղերու՝ նախագահի, խորհրդարանի, կառավարութեան եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի համատեղ ուժերով: Սա կրկին կը հաստատէ, որ նշուած բոլոր կառոյցները Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան հարցով կը գործեն համատեղ եւ միասնաբար:
 
Համահայկական 6-րդ խաղերուն մասնակցութեան հարցով նշենք, որ սոյն խաղերուն առաջին անգամ մասնակցեցան շուրջ 850 պատուիրակներ Արեւմտեան Հայաստանէն, որտեղ խաղերու բացման արարողութեան ժամանակ բարձրացաւ Արեւմտեան Հայաստանի դրօշը, որը կը կրէր Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամաւորը: Արեւմտեան Հայաստանի դրօշը ներկայ էր խաղերու ամբողջ տեւողութեան, ինչպէս նաեւ փակման արարողութեան ժամանակ: Յատկանշական է, որ ատկէ մէկ ամիս առաջ Ֆրանսայի Քան քաղաքի Հայկական մշակոյթի օրուան նուիրուած արարողութեան ՀՀ նախագահի մասնակցութեան ժամանակ ԱՀՀ դրոշը կը կրէր Խորհրդարանի ամենատարեց պատգամաւորը:
 
Կարեւորութեան կեդրոն կը դարձնենք նաեւ Խորհրդարանի պատգամաւորներու կատարած աշխատանքը Համշենահայերու 1-ին միջազգային համաժողով նախապատրաստելու հարցով, որուն մասնակցեցան Ընտանիքի, կանանց եւ առողջութեան, Մշակոյթի, Մամուլի եւ լրատուութեան, Երիտասարդութեան եւ մարզական մշտական յանձնաժողովներու պատասխանատուները եւ անդամները՝ «Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային կազմակերպութեան նախագահ՝ պատգամաւոր Սաիդա Օհանեանի գլխաւորութեամբ:
Համաժողովը հնարաւորութիւն կը ստեղծէ մշակութային, կրթական, դիւանագիտական, միջխորհրդարանական կապերու հաստատման եւ ամրապնդման համար Արեւմտեան Հայաստանի եւ Ռուսաստանի, ՀՀ-ի, Աբխազիայի, Եւրոպայի պատուիրակներու միջեւ: Նախատեսուած է տեղի ունենայ 2016 թ. գարնան:
 
2015 թ. Դեկտեմբերին 17-20-ը Արեւմտեան Հայաստանի պետական կառոյցներու պատուիրակութիւնը՝ նախագահ, վարչապետ եւ պատգամաւորներ, այցելեցին Արցախ աշխարհ, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ Արցախի Հանրապետութեան պետական, հասարակական, քաղաքական ոլորտներու պատասխանատուներուն հետ:
Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդութեան պալատին մէջ տեղի ունեցաւ միջոցառում նուիրուած «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-ամեակին (տնօրէն՝ պատգամաւոր Սամուէլ Մհերեան) եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի 11-րդ տարեդարձին: Միջոցառմանը ելոյթ ունեցան Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմենակ Աբրահամեանը եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը: Ցուցադրուեցաւ «Տունդարձի ճամբան» ֆիլմը, որը մեծ ուշադրութեամբ դիտեց տեղի հանդիսատեսը:
 
4.
 
Խորհրդարանը նախապէս միշտ ալ արագ արձագանքեր է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներուն, որոնք կը վերաբերին Արեւմտեան Հայաստանի հայերու իրաւունքներու պաշտպանութեան հարցերուն:
 
Այսօր Մերձաւոր Արեւելքի նոր իրավիճակը, ինչը կանխատեսելով թերեւս 2015 թ. Ապրիլի 25-ին Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովը յատուկ ուղերձով դիմեր է ՄԱԿ-ի անդամ երկրներու խորհրդարաններուն՝ նշելով, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի միջոցառումներու աւարտով իրականութեան մէջ կը սկսի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան նոր վճռական փուլը, առաջարկելով, ՄԱԿ-ի հովանաւորութեան ներքեւ, իրաւական-քաղաքական գործընթաց սկսիլ ապահովելու համար 1918-1920 թթ. կայացուած որոշումներու իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտեան Հայաստանի հայերու ու քաղաքացիներու եւ Արեւմտեան Հայաստանի բնիկներու ազատ ապրելու, զարգանալու եւ ապագայ ունենալու իրաւունքը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան հովանաւորութեան ներքեւ՝ Բնօրրան Հայրենիքի մէջ:
 
Հաշուի առնելով ներկայի տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրողութիւնները կարեւոր կը համարենք Խորհրդարանի նախագահութեան եւ պատգամաւորական կազմի աշխատանքներու աշխոյժացումը՝ ի նպաստ Արեւմտեան Հայաստանի հայերու իրավունքներու պաշտպանութեան ու հաստատման: Ինչպէս նաեւ միջխորհրդարանական կապերու հաստատման եւ ամրապնդման աշխատանքները, նկատի ունենալով՝ Սուրիոյ ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգաւորելու, ինչպէս նաեւ ժողովրդական դիւանագիտութեան ու պաշտպանութեան լծակները գործարկելու խնդիրները, տարածաշրջանի խաղաղութեան ու համագործակցութեան տարածքներ ստեղծելու նպատակով:
 
Արմէն Տէր-Սարգսեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
27.12.2015

—————————————————————-

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ
Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը Խորհրդարանի 3-րդ նստաշրջանում

1.
Հարգելի գործընկերներ.

Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 18-21-ը Փարիզում տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 1-ին նստաշրջանը, որը հաստատեց ընտրված 64 պատգամավորների լիազորությունները, ընտրեց Խորհրդարանի նախագահ, հաստատեց Մշտական հանձնաժողովների ղեկավարներին եւ ծրագրերը:

Այսպիսով այն գործընթացը, որն սկսվել էր 2004 թ. ամբողջացվեց 2014-ին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցների ձեւավորմամբ:

Այդ թվում, մինչեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հաստատումը Բնօրրան Հայրենիքում, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) ընտրեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ: Այդ պատվին արժանացավ Արմենակ Աբրահամյանը, ում առաջարկով Խորհրդարանը հաստատեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին: Հետագայում, համաձայն Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի մասին օրենքի, վարչապետի առաջարկությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հաստատվեց կառավարության կազմը` նշանակվեցին նախարարներ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ նստաշրջանը տեղի ունեցավ Երեւանում՝ 2014 թ. հոկտեմբերի 17-20-ը, որտեղ ընդունվեցին Արեւմտյան Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող օրենքներ, քննարկվեցին եւ հաստատվեցին հայությանը վերաբերվող միջազգային նշանակության ռազմավարական ծրագրեր եւ ուղղություններ:

2.

2-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում Խորհրդարանը շարունակել է իր արդյունավետ աշխատանքը:

Մասնավորապես պատգամավորների քննությանն են ներկայացվել հետեւյալ օրենքների նախագծերը՝
-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Մշակույթի մասին,
-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Զինանշանի մասին,
-Օրենք Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Լեզվի մասին:
Հաշվի են առնվել պատգամավորների կողմից արված բոլոր դիտողություններն ու լրացումները, որից հետո օրենքները ընդունվել են:

Այժմ դրանք առաջարկում ենք հաստատել նստաշրջանի կողմից:

Համաձայն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի 10 ոգոստոս 2014 թ. հրամանագրի ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողով եւ այս ուղղությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի ղեկավարությամբ իրականացվել է մեծ ծավալի աշխատանք:

Այսօր առաջին ընթերցմամբ նստաշրջանի հաստատմանն է ներկայացվում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական դրույթներն ու նախագիծը:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հարցով ավելի ընդարձակ զեկույցով հանդես կգա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը:

3.

2015 թ. միջազգային կապերի հաստատման, համաժողովների մասնակցության, կազմակերպման ու անցկացման ուղղությամբ իրականացվել են զգալի արդյունավետ աշխատանքներ:
Նշենք դրանք.

2015 թ. հունվարին Սիրիայի հարցով Ժնեւ 2-ի «Մոսկովյան հարթակում», որտեղ մասնակցում էին՝ մի կողմից Սիրիայի կառավարության, մյուս կողմից՝ «Փափուկ ընդդիմության» պատվիրակները, ակտիվ մասնակցություն ունեցավ մեր ներկայացուցիչը Սիրիայից: Այս հարթակում նա առաջին անգամ բարձրացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Սիրիայի քրիստոնյաների՝ հայերի ու ասորիների, ինչպես նաեւ այլ բնիկ ժողովուրդների դերն ու նշանակությունը:
Մոսկովյան հարթակի աշխատանքների արդյունքների մասին քննարկում տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորների հետ, ինչպես նաեւ Մամլո ասուլիս ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ կրկին ներկայացվեցին Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում վերոնշյալ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ներգրավման կարեւորությունն ու նշանակությունը, ինչը բարձր գնահատվեց եւ ընդունվեց փորձագետների ու վերլուծաբանների կողմից:

2015 թ. մարտ-ապրիլ ամիսներին Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին Ֆրանսիայում՝ Փարիզում եւ Մարսելում, Շվեյցարիայում՝ Ժնեւում եւ Լոզանում կազմակերպված եւ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Հայկական հարցի կարգավորմանը, Արեւմտյան Հայաստանի նկատմամբ իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովներին: Վերոնշյալ թեմայով Եվրոպայում համաժողավների շարքը շարունակվեց մինչեւ 2015 թ. դեկտեմբեր ամիսը, որոնց ակտիվ մասնակցեցին Խորհրդարանի պատգամավորները:

2015 թ. ընթացքում՝ մարտ ամսից սկսած, Խորհրդարանի պատգամավորները մասնակցեցին եւ ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հանձնաժողովի եւ Ինտելեկտուալ սեփականության իրավունքների հարցերով նստաշրջաններին:

2015 թ. ապրիլի 23-30-ը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ներկայացուցիչները՝ պատգամավորներ եւ նախարար, նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ՝ Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ այցելեցին Հայրենի Բնօրրան, մասնավորապես, Ախթամար կղզի՝ Սրբ Խաչ եկեղեցում մասնակցելով հոգեհանգստի արարողությանը, Վան, Մուշ, Բիթլիս, Սասուն, Տիգրանակերտ, Մարտին քաղաքներ, Սիրիային սահմանամերձ գոտի եւ այլ հայաբնակ տարածքներ: Տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ հայրենակիցների հետ:

Նշված բոլոր միջոցառումներն ու ծրագրերը կազմակերպվել են ԱՀՀ նախագահի նախաձեռնությամբ եւ իրականացվել ԱՀՀ պետական համակարգի բոլոր ճյուղերի՝ նախագահի ինստիտուտի, խորհրդարանի, կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի համատեղ ուժերով: Սա կրկին հաստատում է, որ նշված բոլոր կառույցները Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում գործում են համատեղ եւ միասնաբար:

Համահայկական 6-րդ խաղերին մասնակցության հարցով նշենք, որ դրանց առաջին անգամ մասնակցեցին շուրջ 850 պատվիրակներ Արեւմտյան Հայաստանից, որտեղ խաղերի բացման արարողության ժամանակ բացվեց Արեւմտյան Հայաստանի դրոշը, որը կրում էր Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը: Արեւմտյան Հայաստանի դրոշը ներկա էր խաղերի ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ փակման արարողության ժամանակ: Հատկանշական է, որ դրանից մեկ ամիս առաջ Ֆրանսիայի Կան քաղաքում Հայկական մշակույթի օրերի անցկացման արարողությանը ՀՀ նախագահի մասնակցության ժամանակ ԱՀՀ դրոշը կրում էր Խորհրդարանի ամենատարեց պատգամավորը:

Կարեւորում ենք նաեւ Խորհրդարանի պատգամավորների կատարած աշխատանքը Համշենահայերի 1-ին միջազգային համաժողով նախապատրաստելու հարցով, որին մասնակցեցին Ընտանիքի, կանանց եւ առողջության, Մշակույթի, Մամուլի եւ լրատվության, Երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովների պատասխանատուները եւ անդամները՝ «Համշենուհի» համշենահայ կանանց միջազգային կազմակերպության նախագահ՝ պատգամավոր Սաիդա Օհանյանի գլխավորությամբ:
Համաժողովը հնարավորություն է ստեղծում մշակութային, կրթական, դիվանագիտական, միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման համար Արեւմտյան Հայաստանի եւ Ռուսաստանի, ՀՀ-ի, Աբխազիայի, Եվրոպայի պատվիրակների միջեւ: Նախատեսված է անցկացնել 2016 թ. գարնանը:

2015 թ. դեկտեմբերին 17-20-ը Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների պատվիրակությունը՝ նախագահ, վարչապետ եւ պատգամավորներ, այցելեցին Արցախ աշխարհ, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ Արցախի Հանրապետության պետական, հասարակական, քաղաքական ոլորտների պատասխանատուների հետ:
Դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում տեղի ունեցավ միջոցառում նվիրված «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-ամյակին (տնօրեն՝ պատգամավոր Սամվել Մհերյան) եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 11-րդ տարեդարձին: Միջոցառմանը ելույթ ունեցան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը: Ցուցադրվեց «Տունդարձի ճամփան» ֆիլմը, որը մեծ ուշադրությամբ դիտեց տեղի հանդիսատեսը:

4.

Խորհրդարանը նախկինում միշտ էլ արագ արձագանքել է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերել են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերին:

Այսօր Մերձավոր Արեւելքում նոր իրավիճակ է, ինչը կանխատեսելով դեռեւս 2015 թ. ապրիլի 25-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը հատուկ ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին՝
նշելով, որ
Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ավարտով իրականում սկսվում է հայության իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլը,
առաջարկելով, ՄԱԿ-ի հովանու ներքո, իրավական-քաղաքական գործընթաց սկսել ապահովելու համար 1918-1920 թթ. կայացված որոշումների իրականացումը, պաշտպանելու եւ հաստատելու համար Արեւմտյան Հայաստանի հայերի ու քաղաքացիների եւ Արեւմտյան Հայաստանի բնիկների ազատ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հովանու ներքո՝ Բնօրրան Հայրենիքում:

Հաշվի առնելով ներկայի տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրողությունները կարեւոր ենք համարում Խորհրդարանի նախագահության եւ պատգամավորական կազմի աշխատանքների ակտիվացումը՝ ի նպաստ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ու հաստատման: Ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի հաստատման եւ ամրապնդման աշխատանքները, նկատի ունենալով՝ Սիրիայի ճգնաժամը քաղաքական միջոցներով կարգավորելու, ինչպես նաեւ ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու խնդիրները, տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության տարածքներ ստեղծելու նպատակով:

Արմեն Տեր-Սարգսյանի
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
27.12.2015 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail