Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԻԳՈՐ 2-ՐԴ ԹԱԳԱՎՈՐԻ ՍԱՐԿՈՖԱԳԸ

Musée historique de Sisian

Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԻԳՈՐ 2-ՐԴ ԹԱԳԱՎՈՐԻ ՍԱՐԿՈՖԱԳԸ

Սիսիանի պատմության թանգարան

ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԻԳՈՐ 2-ՐԴ ԹԱԳԱՎՈՐԻ ՍԱՐԿՈՖԱԳԸ

Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԻԳՈՐ 2-ՐԴ ԹԱԳԱՎՈՐԻ ՍԱՐԿՈՖԱԳԸ

ՍԻՍԻԱՆԻ պատմության թանգարանի բակում ցուցադրվող շուրջ 50 քարե հուշարձանների թվում է բազալտե մի սարկոֆագ, որի նեղ նիստերից մեկը արձանագիր է: Սարկոֆագը պատահաբար հայտնաբերվել է 1985 թվականին, Սիսիանից 6 կմ արևմուտք գտնվող ՇԱՔԻ (այժմ՝ ՇԱՔԵ) գյուղում, շինարարական աշխատանքների ժամանակ:

Պատմության թանգարանի բակի արձանագիր հուշարձանները ուսումնասիրած գիտնական, վիմագրագետ Արսեն Հարությունյանի վերծանության համաձայն՝ սարկոֆագի վիմագրում գրված է՝ «ԶՏԱՌԱ/ՊԵԱԼ ԳՐԻԳՈՐԻ ՅԱՐՔԱ»:

ՈՒսումնասիրողը, տապանագրի տառաձևերի հնագրական առանձնահատկություններից ելնելով գտնում է, որ այն գրվել է 11-12-րդ դարերում: Նրա կարծիքով՝ սարկոֆագը պատկանել է Սյունիքի և Բաղքի թագավորության նախավերջին արքա Գրիգոր Բ-ին:

13-րդ դարի պատմագիր Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքում «Վասն թագաւորացն Սիւնեաց» խորագրի ներքո հիշատակել է 987-1170 թվականներին գոյություն ունեցած Սյունիքի և Բաղքի թագավորության գահակալների անուններն ու նրանց օրոք տեղի ունեցած կարևոր իրադարձությունները: Ըստ այդմ՝ սարկոֆագի վիմագրում հիշատակված Գրիգոր արքան Սենեքերիմ թագավորի չորս որդիներից ավագն էր, ում մասին պատմագիրը հաղորդում է. «և յետ նորա էառ զտէրութիւն նորա որդի իւր Գրիգոր՝ նուազ և ընդաղօտ թագաւորեալ»:

Ստ. Օրբելյանի վկայությամբ՝ Գրիգոր Բ-ն մահացել է 1166 թվականին: Թագավորի վերաբերյալ պատմագիրը այլ տեղեկություններ չի հաղորդում: Դժվար է ասել, թե Գրիգոր Բ-ն ինչ հանգամանքներում է մահացել, սակայն փաստելի է, որ թուրք-սելջուկների տևական ասպատակությունները կարող էին վերջնականապես հյուծել հասակավոր արքային, ինչով էլ պետք է պայմանավորել տապանագրում վկայված «զտառապեալ» բառի հիշատակությունը:

Ուշագրավ է վիմագրի առկայությունը սարկոֆագի կողային նիստին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն հողում չի թաղվել, այլ կափարիչով ամուր փակվելուց հետո դրվել է Շաքեում գտնվող մի դամբարանային կառույցի մեջ, որը չի պահպանվել:

Տեքստը գրվել է ըստ՝ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի արձանագիր առարկաները, «Վէմ» հանդես, թիվ 2, Երևան, 2019, հոդվածի ( էջ 182-184):

Լուսանկարում պատկերված է Սյունիքի ԳՐԻԳՈՐ 2-րդ թագավորի (մահ. 1166թ.) արձանագիր սարկոֆագը: Լուսանկարը՝ Արսեն Հարությունյանի:

Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԻԳՈՐ 2-ՐԴ ԹԱԳԱՎՈՐԻ ՍԱՐԿՈՖԱԳԸ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail