Կայծ Մինասեան – Հայերը պետք է լավ մտածեն, թե արդյոք «կանխարգելիչ պատերազմ» պետք է սկսել, թե ոչ
21.07.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Տավուշի մարզում ծավալված գործողությունները։ Տեսակետ կա, որ տավուշյան թեժացումը կապված է Ռուսաստան–Թուրքիա գազային սուր կոնֆլիկտի հետ։ Փաշինյանն էլ Միշուստինի հետ հանդիպմանը երրորդ կողմի մասին ակնարկեց։
Սկզբից էլ հայտնի էր, որ Թուրքիան է, որ փորձում է լարված իրավիճակ ստեղծել Կովկասում՝ 3-րդ ճակատ բացելով Ռուսաստանի դեմ, Սիրիայից ու Լիբիայից հետո: Անկարան ցանկանում է խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին և փոխել բանակցությունների ձևաչափը՝ ծառայելով Բաքվի շահերին: Այս դեպքում հարցը Ռուսաստանի ձեռքին է, որովհետև Կովկասը ոչ Սիրիա է, ոչ էլ Լիբիա: Մոսկվայի համար Կովկասը ներքին ռուսական տարածաշրջան է, և Մոսկվան դիլեմայի առջև է՝ արդյոք կցանկանա պահել Մինսկի խմբի ձևաչափը, որտեղ գործելու է ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ և դուրս է թողնելու տարածաշրջանից Թուրքիային, թե՞ կցանկանա դուրս թողնել արևմտյան պետություններին, որի համար պետք է քանդի Մինսկի խմբի ձևաչափը և օգնի թուրքական հավակնություններին: Սա է Ռուսաստանի առջև կանգնած մարտահրավերը:
Ինչո՞ւ տեղի ունեցած դեպքերին Ֆրանիսան այս անգամ միայն օրեր անց արձագանքեց։
Որովհետև Ֆրանսիայի համար Արցախն առաջնահերթություն չէ, մանավանդ կորոնավիրուսի այս համաճարակի ֆոնին: Մյուս կողմից, դա մի քիչ զարմանալի է, որովհետև այս պահին Ֆրանսիան լավ հարաբերություններ չունի Թուրքիայի հետ և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր իրավունք ունի իր տեսակետն արտահայտել:
Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը տեղի ունեցած դեպքերին, նաև ՀԱՊԿ արձագանքը, որտեղ դարձյալ հավասարության նշան դրվեց կողմերի միջև։
Սովորական եմ գնահատում, որովհետև Արցախի հարցը առաջնահերթություն չէ միջազգային համայնքի համար: Հիմա, երբ Բաքուն սպառնաց հարվածել Մեծամորի ատոմակայանին, միջազգային հանրությունը պետք է միջամտի և, ինչու ոչ, դատապարտի Բաքվին տեռորիստական քաղաքականություն վարելու համար:
Պարոն Մինասյան, ինչո՞ւ է Ալիևը դավաճաններին փնտրում ԱԳՆ–ում, ոչ թե զինված ուժերում։
Որովհետև զինված ուժերը համաձայն են, որ պետք է ավելի ագրեսիվ լինել հայերի դեմ: Ադրբեջանի դիվանագետները ավելի կարևություն են տալիս քաղաքական գործընթացին և Ռուսաստանին: Հիմա, երբ Ալիևը որոշեց ավելի մեծ կարևորություն տալ Անկարային, ոչ թե Մոսկվային, նշանակում է, որ երկար ժամանակային կտրվածքով Բաքուն հետևելու է Արցախի հարցում Թուրքիայի միջամտությանը:
Շատ հավանական է, որ շուտով թուրք-ազերիները դարձյալ հարձակվեն հայերի վրա՝ Տավուշում կամ որևէ այլ ուղղությամբ, որովհետև ուրիշ ճար չունեն: Նոր «դիվանագիտական» գործընթացը թուրք-ադրբեջանական ղեկավարությանը ստիպում է այդպես վարվել մինչև փոփոխություններ իրականացվեն: Հայերը պետք է պատրաստ լինեն դրան և լավ մտածեն, թե արդյոք «կանխարգելիչ պատերազմ» (preventive war) պետք է սկսել, թե ոչ:
lragir.am/2020/07/21/565501/