Ազգային արժանապատւութեան կորո՞ւստ, թէ՞ «Գորշ գայլեր»

ՏԵՍԱԿԷՏ
Ազգային արժանապատւութեան կորո՞ւստ, թէ՞ «Գորշ գայլեր»
Ռուզան ԱՍԱՏՐԵԱՆ
09/02/2015 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ

Ռուզան ԱՍԱՏՐԵԱՆ
Ռուզան ԱՍԱՏՐԵԱՆ

Ահաբեկչական գործողութիւններ իրականացնող թուրք ազգայնամոլական այս կազմակերպութեան մասին քիչ է շօշափուել, որովհետեւ տարիներ շարունակ նրանք գործել են գաղտնի, Թուրքիայի և օտար երկրների յատուկ ծառայութիւնների ծրագրերով, մինչեւ նրանց գործունէութեան ոլորտը չբախուեց խոշոր տէրութիւնների շահերի հետ, ինչպիսիք են՝ Կիպրոսի ազատագրութիւնը, քրտական շարժումը, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը և այլ հարցեր: Նրանք յատկապէս այն երկրներում են բոյն դրել, որոնց քաղաքական լծակնեըը մեծ ազդեցութիւն ունեն միջազգային ասպարէզում, ինչպէս, օրինակ՝ ԱՄՆ-ն, Անգլիան, Հոլանտիան, Գերմանիան, էլ չեմ խօսում Ատրպէյճան կոչուած երկրում: Այդ կազմակերպութեան մէջ ընդգրկուած են գիտնականներ, պատմաբաններ, տարբեր մասնագիտութեան տէր մարդիկ ու նաեւ յանցագործներ, որոնք ազգայնամոլական գաղափարների ֆանատներ են: Նրանցից մէկին՝ 1915 թ. թուրքական 4-րդ բանակի հրամանատար, Արեւմտեան Հայաստանի և Կիլիկիայի հայկական ջարդերի մասնակից, Ուրֆայի հայութեանը արեան ծովի մէջ խեղդող Ճեմալի թոռանը՝ Հասան Ճեմալին, վերջերս հանդիպեցինք, ոչ աւել, ոչ պակաս, ԵՊՀ-ում, «Սիվիլիթաս»-ի «Հրանդ Տինք» հիմնադրամի հրաւէրով: Նրբօրէն մշակուած նրա այցի նպատակը ոչ թէ պապի արածների համար ներողութիւն խնդրելն էր կամ իր գրքի բովանդակութեան մեկնաբանութիւնը, այլ 1,5 միլիոն հայերի կոտորածների մասնակից մի հրէշաւոր չարագործի՝ հայ վրիժառուների՝ ԱՍԱԼԱՅԻ կողմից վրէժխնդիր լինելու փաստը ահաբեկչութիւն կոչելը, Սեւրի ու Ղարսի պայմանագրերը չեղեալ յայտարարելը և համոզուելու նաեւ՝ հայ երիտասարդութիւնը Ցեղասպանութեան ճանաչո՞ւմ է ուզում, թէ՞ պահանջատիրական իրաւունքներ ունի: Ինչեւէ, ես նամակ գրեցի Ռաքէլ Տինքին, խնդրելով հրաժարուել հիմնադրամի նախագահի պաշտօնից, սակայն եղածն եղած էր, և սրանով գոնէ կանխուեցին յաջորդ այցերը: Մեր անհորիզոն ներողամտութիւնը, որ ականատեսն է ներկայ օրերի «ֆութպոլային ծրագրին», ցիւրիխեան ու ատրպէյճանական ամէնօրեայ սադրանքներին, ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտով քօղարկելու թուրքական նոր ու խորամանկ հնարքներին, դարձեալ կախուել է ճակատագրի փէշից՝ հզօր ազգային բռունցք դառնալու փոխարէն: Զարմանալի է…

«Գորշ գայլերը» Թուրքիայի միտքն են ու ձեռքերը՝ պանթյուրքիզմի ծրագիրը անխափան իրականացնելու ճանապարհին: 1813 թ. ծնուած այդ հակամարդկային ծրագիրը Արեւմտեան Հայաստանում ծնեց 1894-1896 թթ. սուլթանհամիդեան ջարդերը, վերջինս, որպէս վիժուածք՝ ժառանգութիւն թողեց երիտթուրքերին, որոնք իրականացրին հայոց ջարդերը, սրանց հետագայ գործողութիւնները վերարտադրեցին «Գորշ գայլերին»… Նրանց արնախում գործունէութեան ձեռագրերը դեռ երկար կը մնան չբացայայտուած, բայց այն, ինչ կայ, միանգամայն բաւարար է այդ ահաբեկչական կազմակերպութիւնը էնվերների, թալեաթների ու ճեմալների ժառանգորդներ համարելու համար: 1975 թ. փետրվարի 24-ին Կիպրոսում լոյս տեսնող «Բօզկիւրտ» թերթը խմբագրականում գրել է. «Նոր դաս կը տրուի հայերին, եթէ շարունակեն յիշեցնել իրենց հայրերի ու պապերի կոտորածների մասին»:

Դիւանագիտութեան մէջ չափազանց ճկուն յարաբերութիւններով ընթացող Թուրքիան, օգտուելով ՄԱԿ-ի կոնվենցիաներում բացակայ հայրենազրկութեան մասին կարեւոր որոշումից, իր երկրի խնդիրները կապեց էթնիկ զտումների հետ, որի առաջին զոհերը հայերն էին: Մինչեւ օրս շարունակուող թուրքական վանդալիզմը իրականացնելիս՝ Արցախեան ազատագրական շարժման դէմ վարձու մարդասպաններ հանելը, Միջագետքի հայկական գաղութներում՝ Քեսապում, Հալէպում, անգամ Տէր Զօրում հայկական հետքերը վերացնելը իրականացրին «Գորշ գայլերի» ակտիվ միջամտութիւններով:

Դեռ վերջերս Շուեյցարիայում նրանց ակտիվ ներկայացուցիչ, թուրք ազգայնամոլ Դոքու Փերենչեքը Հայոց ցեղասպանութեան փաստը ժխտելու համար դատապարտուեց ազատազրկման: Այս անլեգալ կազմակերպութիւնը իրականացնում է իր երկրի քաղաքականութիւնը: Հրանդ Տինքի սպանութիւնը նրանց համար առիթ էր Թուրքիայի ներսում նոր հայկական հարց առաջացնելու: Պատահական չէր, որ Թաքսիմի հրապարակի դէպքերը փորձ էր արւում կապել հայերի հետ, ինչը չյաջողուեց: Քրտական հարց չկայ Թուրքիայում, կայ միայն Հայկական հարց – սա է վերջին տարիների նրանց կարգախօսը: Ինչպէս 1915 թ., այնպէս էլ 1993-ին, փորձելով կրկին քրտերին հայերի դէմ լարել, «Գորշ գայլերը» յայտարարեցին, որ ՌԿԿ-ի ղեկավար Օջալանը հայ է, և հայեր են նրանց բոլոր ղեկավարները:

«Գորշ գայլերի» պարագլուխներից մէկը՝ Թալեաթի աներորդի Իսմեթ Ինօնիւն, որ 1943 թ. Թալեաթի աճիւնը տեղափոխեց Թուրքիա, 1924 թ. թուրքական թերթերից մէկում յայտարարել է, որ ինքը երեք ամսում աւելին է արել հայերին բնաջնջելու համար, քան Սուլթան Համիդը՝ 30 տարում: Ահա նրանք, Հասան Ճեմալի կողմից ափսոսանքի արժանացածները, որոնց արիւնալի գործողութիւնները մարդկութեան կողմից ճշմարտութիւնը վերարտադրող հայելիների աղերսներ ունեն:

«Գորշ գայլերի» ղեկավար Բաշբուղ Թիւրքէշը, շարունակելով Թալեաթի ազգայնամոլական քաղաքականութիւնը, շատ հետաքրքիր միտք է արտայայտել. «Կարելի է գրաւել մի ազգի բազում ամրոցներ, բերդեր, բազմիցս պարտութեան մատնել նրա բանակին, բայց այնքան ժամանակ, քանի դեռ նրա սիրտն ու հոգին չես գրաւել, այդ ազգը չես նուաճել»: Եւ պատահական չէ, որ Թուրքիա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները երբեմն շփոթուած էին թուրքերի «քծնախառը» վերաբերմունքից:

«Գորշ գայլերի» մոլի գաղափարախօսներից մէկը՝ Նիհալ Աթսըզը պահանջում էր թուրքական ռասան մաքրել այլ ազգերից՝ հայերից, չերքէզներից, ալբանացիներից… Նոյն Իսմէթ Ինօնիւն 1925 թ. «Թուրքական օջախների» համագումարում յայտարարել է, որ անհրաժեշտ է թրքացնել բոլոր նրանց, ովքեր ապրում են Թուրքիայի տարածքում: Դէ ինչ, Տերսիմի ու Մուշի, Վանի ու Տիարպէքիրի տարածքներում ապրող թաքնուած հայերը գրեթէ մոռացել են իրենց ազգային լեզուն. մի՞թէ սա ազգային ողբերգութիւն չէ:

Աշխարհի հնագոյն ու քաղաքակիրթ ազգերից մէկը լինելով, արտաքին ու ներքին թշնամիների ամէնօրեայ սադրանքների պատճառով օտարանալով մեր արարչական բնօրրանից, դարձել ենք ամերիկահայ, ֆրանսահայ, գանատահայ, թուրքահա՛յ… Թէ շատերին ո՜ւր կը հասցնի երկրիս ներկայի հայաթափութիւնը՝ դժուար է ասել…

Գիւմրու ծանր ողբերգութիւնը, խաղաղ ընտանիքին սաֆարովեան ձեռագրով սպանդի ենթարկելը ցնցեց ոչ միայն մեզ, այլև խղճի պակաս չունեցող օտարներին: Հասկացա՞նք արդեօք, որ սեփական հողի վրայ անգամ խաթարուած է մեր խաղաղութիւնը, և եթէ կարապի ու խեցգետնի նման Հայրենիքը աջ ու ահեակ ենք քաշում, մեր ներսի ու դրսի թշնամիներն են միայն օգտւում դրանից: Չեմ ուզում պարտադրել որեւէ մէկին, սակայն ուսումնասիրելով «Գորշ գայլերի» արիւնախում գործողութիւնները, մտովի սահմռկեցուցիչ դէպքը թուրքական ձեռագրի նմանեցրի՝ ով էլ որ գործած լինի այդ յանցանքը… Շատերս զարմացանք Մաշտոցի պողոտայում յայտնուած «Գորշ գայլերի» խորհրդանիշը համարուող՝ լուսնի վրայ ոռնացող գայլը տեսնելիս…

Գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր 4000-ի հասնող հասարակական կազմակերպութիւն կայ: Մշակութային, կրօնական, սոցիալական, իրաւական ոլորտների անուան տակ քօղարկուած, նրանք ումի՞ց և ինչպիսի՞ գրանտներ են ստանում և ի՞նչ են անում, երբ արտագաղթն ու աղքատութիւնը, բարոյազրկութիւնն ու կոռուպցիան խեղդում են մեզ. այդպէս էլ անհասկանալի է մնում գրանտակեր օտարածինների մուտքը մեր հայահալած փոքրիկ աշխարհ: Ամռանը թերթերը գրեցին՝ «Գորշ գայլերն» ազատ շրջում են Երեւանով»: Յօդուածը չվրիպեց իմ ուշադրութիւնից. նրանք հենց այնպէս, այն էլ Եղեռնի տարելիցին, չէին յայտնուի Երեւանում: Ու չերեւաց, թէ որեւէ մէկը բանի տեղ էր դրել այդ ինֆորմացիան, սակայն եկողն իր գործն արեց ու գնաց, ահաբեկչութիւնները մէկ օրում չեն նախապատրաստւում…

Յայտնի դարձաւ, որ Հայաստանում գործող Եւրոպական ինտեգրացիա հ/կ-ի ուժերով, 100-ամեայ տարելիցին ընդառաջ, պրոթուրքական գիրք է տպագրուել, որի հեղինակը Անգլիայի թագուհու խորհրդական Ճեֆրի Ռոպերթսոնն է: Արքայական հովանավորութեամբ տպագրուող այդ գրքի նպատակը՝ թուրքը, որ փրկել է ինձ, նշանաբանն է, խորքում՝ թուրքերի նկատմամբ սէր արթնացնելը: Եթէ թագուհու խորհրդականին թւում է՝ մենք գլխի չենք ընկնում, չարաչար սխալւում է:

Թուրքերը եթէ սրախողխող չեն արել, ապա միայն մանկամարդ հայ աղջիկներին, որոնց կնութեան են վերցրել, փոխելու համար իրենց արատաւոր ժառանգական յատկանիշները: Ճեֆրին թող գենետիկ ուսումնասիրութիւն սկսի. նրանց 80 տոկոսը, համոզուած եմ, հայ է, թէեւ Սուլթան Համիդի կողմից կազմակերպուած առաջին խոշոր ջարդերի ժամանակ 6000 թրքացած հայ մանուկների սերնդի «թուրք» ժառանգներն այսօր, ինչպէս Էրտողանն ու Գիւլը, աւելի թուրք են…

Եւ այս գայլերի երախում բռունցքուելու, համահայկական դաշինք ստեղծելու փոխարէն կարծես մեր դէմ ենք աշխատում՝ մեր անհորիզոն բարութեան մէջ տեսնելով մեր պաշտպանուածութիւնը: Ազգերի հետ բարեկամանալու իւրօրինակ սխալ ճանապարհ ենք ընտրել. գոյք՝ պարտքի դիմաց, հողերը՝ չկոտորուելու դիմաց, զոհերը՝ սխալ դիւանագիտութեան դիմաց… Ազգային շահը տեսնելու, սեփական գենը սեփական հողի վրայ պահելու փոխարէն ընկել ենք սեփական զաւակներին ու սեփական հարստութիւնը դուրս մղելու յետեւից: «Գորշ գայլերի» սերունդները Հրանդ Տինք են սպանում, մենք նրանց ժառանգներին Հայաստան ենք հրաւիրում մեր սէրն ու նուիրուածութիւնը յայտնելու, շքանշաններ տալու համար, քիչ էր մնում՝ ատրպէյճանցի գրողին Հայաստանի քաղաքացիութիւն շնորհէինք, ինչ է, թէ երկու լաւ խօսք էր ասել Հրանդ Մաթեւոսեանի մասին: Ինչ է, չասէ՞ր, չպարծենա՞ր, որ նման հանճարը իրեն բարեւել է, հա՛, վերջում էլ խոստովանեց. «Ես փրկել եմ իմ ազգի պատիւը»: Պատուասէր հայերս ինչո՞ւ ենք այսքան խեղճացել: Ազգային արժանապատւութեան կորուստը յիշողութեան կորուստ է:

1975 թ. մի խումբ երիտասարդներ որոշեցին աշխարհի ուշադրութիւնը հրաւիրել մի մոռացուած պատմութեան՝ Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման խնդրին: Նրանք, որ իրենց կոչել էին Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ, հետագայում ստացան ԱՍԱԼԱ անունը և պատմության մէջ մնացին որպէս Հայոց ցեղասպանութեան ճանաչման և հայրենազրկումի առաջին մահապարտներ: Սկզբում նրանց փորձեցին որակել ահաբեկիչներ, սակայն 1,5 միլիոն հայերի ողբերգութեանը չկարողացան դիմադրել անգամ օտար դատարանները: Ազգային վրեժխնդրութիւնը, ինչպիսի անուն էլ որ տանք, այդ ազգի գոյութեան խորհրդանիշն է: Եթէ դա չլինէր, այսօր հայոց սահմանները անխոցելի չէին լինի թշնամու դէմ, և Արցախի ազատագրութեան համար չէր ստեղծուի մահապարտների գումարտակ: Արեւմտեան Հայաստանը բռնազաւթելու և հայրենիք ստեղծելու թուրքական գործօնը այսօր էլ ճիգ ու ջանք չի խնայում պատմութեան էջերից մաքրելու իր ցեղի անօրինական բռնազաւթման հետքերը՝ Հայոց մեծ եղեռնը: Այն հսկայական գումարները, որոնք ներդնում է ցեղասպանութիւնը միջազգայնօրէն չճանաչելու համար, յայտնի է ոչ միայն մեզ, այլև աշխարհի առաջադէմ մարդկութեանը: Լինեն «Գորշ գայլերը» թէ Թուրքիայի նախագահ Էրտողանը, միեւնոյն է, աշխարհասփիւռ հայերն աւելի մեծ փաստ են, քան Թուրքիայի, Անգլիայի ու Գերմանիայի արխիւներում ժամանակի թողտւութեանը սպասող Մեծ եղեռնի իրական փաստերը:

Հայերս պէտք է վերանայենք մեր իրաւունքի ռազմավարութիւնը, որովհետեւ թուրք դիւանագէտների և նրանց հակահայկական լոբբինգներ իրականացնող արնախում գայլերի փոխարէն մենք պէտք է գործենք միջազգային իրաւունքների դաշտում, ապացուցելով, որ մոլորակի վրայ ամենամեծ էթնիկ զտումը իր պատմական տարածքներում իրականացուել է հայ ժողովրդի հետ:
Այո՛, Թուրքիան իր շողոմ քծնանքով կաշառելով, քաղաքական տարբեր զիջումների գնալով, երբեմն դիւանագիտական կապերը խզելու սպառնալիքով որոշ տէրութիւնների ստիպում է հրաժարուել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելուց, ինչպէս վերջերս արուեց Աւստրալիայի հետ: Աշխարհը միշտ էլ ընդունել է ուժն ու հզօրութիւնը. իրականութիւնն ու յաւերժութիւնը իրարից չտարբերող պետութիւնն ու ազգերը, միեւնոյն է, պատասխան են տալու ժամանակի առաջ:

Յ.Գ. Արցախեան ազատագրական պայքարի ոգին ապացուցեց, որ հայերն իրենց համախմբուածութեան շնորհիւ հզօր են և անկոտրում: Պահպանենք մեր ազգային, պետական մտածողութեան և համամարդկային դիւանագիտութեան բանալին, որ շնորհեց մեզ Արցախեան մեծ յաղթանակը՝ մեզ վերադարձնելով հայի Ոգին:

ԱԶԱՏ ԽՕՍՔ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail