Ադրբեջանի խորհրդարանը ներկայացնում է վիրաւորական հակաամերիկեան օրինագիծ

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
03 ՅՈՒՆՈՒԱՐ 2016
Հաշւի առնելով տօնական օրերի բարձր տրամադրութիւնը, ցանկանում էի իմ յօդւածում անդրադառնալ մի ուրախ թեմայի: Սակայն, երբ տեսայ Ս. Ծննդեան տօների նախօրէին Ադրբեջանի խորհրդարան ներկայացւած արտառոց օրինագծի տեքստը՝ հասկացայ, որ ես չէի կարող դրանից աւելի զւարճալի եւ միաժամանակ զզւելի նիւթ ընտրել:

Առաջարկւած ադրբեջանական օրինագիծը հակադարձ քայլ է ԱՄՆ-ի Կոնգրեսի թիւ 4264 բանաձեւի դէմ («2015 թ. Ադրբեջանում ժողովրդավարութեան մասին ակտ»), որը ներկայացւել է Հելսինկեան յանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից դեկտեմբերի 16-ին՝ կոչ անելով մուտքի արտօնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպէս նաեւ անվտանգութեան եւ իրաւապահ մարմիններին: Բանաձեւը նաեւ պահանջում է կրճատել ամերիկեան տնտեսական եւ էներգետիկ նախագծերը Ադրբեջանի հետ:

Կոնգրեսական Սմիթը քննադատել է Ադրբեջանի կառավարութեանը՝ լրագրողներին, ընդդիմադիր առաջնորդներին եւ իրաւապաշտպաններին ազատազրկելու, կեղծ ընտրութիւններ անցկացնելու եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները ոտնահարելու համար:

Կոնգրեսական Սմիթի նախաձեռնութեանը հակադարձելու նպատակով Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի մեջլիսի) Իրաւական քաղաքականութեան հարցերով յանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզայեւը դեկտեմբերի 24-ին համարձակօրէն շտապեց առաջարկել իր պատասխան օրինագիծը, որով.

1- Թոյլ չի տրւում մուտք գործել Ադրբեջան՝ Միացեալ Նահանգների պաշտօնեաներին եւ նրանց ընտանիքի անդամներին, սենատորներին եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք ներգրաււած են Ադրբեջանը վարկաբեկելու գործում, հայկական Սփիւռքի հետ համագործակցող քաղաքական գործիչներին, լրագրողներին, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին եւ փորձագէտներին, որոնք «արատաւոր արշաւ են վարում Ադրբեջանի դէմ», ամերիկացիներին, որոնք «հսկայական միջոցներ են վաստակել ամերիկեան իշխանութիւնների հետ համագործակցելով», քաղաքական գործիչներին, որոնք ընտրւել են հայկական Սփիւռքի եւ լաբբիստական խմբերի աջակցութեամբ, անձանց, որոնք կեղծել են ԱՄՆ-ի ընտրութիւնները, եւ վերջապէս նրանց, որոնք «դէմ են եղել ԱՄՆ-ի կողմից մարդու իրաւունքների միջազգային պայմանագրերի վաւերացմանը»…

2- Դադարեցւում են բոլոր գործարար կապերը ադրբեջանական եւ ամերիկեան ընկերութիւնների միջեւ.

3 – Արգելւում են ամերիկեան հասարակական կազմակերպութիւնների կողմից ծրագրերի իրականացումը Ադրբեջանում եւ փակւում են նրանց բանկային հաշիւները, դադարեցւում է հասարակական կազմակերպութիւնների գործունէութիւնը Ադրբեջանում, որոնք ֆինանսաւորւում են ԱՄՆ-ի կառավարութեան եւ Կոնգրեսի կողմից, եւ վերջ է դրւում ամէն տեսակ «համագործակցութեանը Միացեալ Նահանգների հետ՝ առեւտրի, էներգետիկայի, ռազմական եւ անվտանգութեան ոլորտներում», ադրբեջանական զօրքերը դուրս են բերւում համատեղ ռազմական գործողութիւններից Աֆղանստանում, արգելւում է ամերիկեան ռազմական եւ քաղաքացիական ապրանքների անցումը Ադրբեջանի տարածքով, եւ հեռացւում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի միջնորդական խմբի ԱՄՆ-ի համանախագահը:

Անհաւատալիօրէն, առաջարկւած ադրբեջանական օրինագիծը յանձնարարում է Միացեալ Նահանգներին էական բարեփոխումներ եւ փոփոխութիւններ իրականացնել հետեւեալ ոլորտներում, նախքան Ադրբեջանի կողմից սահմանւած պատժամիջոցները վերացնելը.

1- Մարդու իրաւունքների խախտումներ, ռասսայական եւ կրօնական խտրականութիւն, այլատեացութեան եւ իսլամաֆոբիայի դրսեւորումներ եւ անմարդկային վերաբերմունք բանտարկեալների նկատմամբ.

2- Անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների դէմ.

3- Խօսքի եւ մամուլի ազատութեան սահմանափակումներ եւ ԱՄՆ-ի քաղաքացիների անձնական կեանքի իրաւունքի խախտումներ.

4- Կոռուպցիա եւ լաբբիստական գործունէութիւն.

5- Համատարած ընտրակեղծիքներ.

6- Միջամտութիւն օտարերկրեայ պետութիւնների ներքին գործերին.

7- Զրպարտութիւն եւ արատաւորման արշաւ Ադրբեջանի Հանրապետութեան դէմ.

8- Աներկբայ դիրքորոշում «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ միջազգային իրաւունքի համապատասխան, պատժամիջոցներ ագրեսոր երկրի [Հայաստան] նկատմամբ, եւ ոչ մի կապ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի հետ»:

Ադրբեջանի առաջարկած օրինագծի ծաւալուն տեքստում Միացեալ Նահանգների կառավարութիւնը մեղադրւում է բազում խախտումների համար, ինչպիսիք են.

1- ՄԱԿ-ի մարդու իրաւունքների 16 պայմանագրերից 12-ի վաւերացումից հրաժարում.

2- Աճող ռասսայական եւ կրօնական խտրականութիւն, այլատեացութիւն եւ իսլամաֆոբիա. «Ժողովրդի գրեթէ 50 տոկոսի սպանութիւն ոստիկանութեան կողմից, Նիւ Եօրքում ձերբակալւած եւ սպանւած անձանց 70 տոկոսը սեւամորթ է, իսկ 20-29 տարեկան սեւամորթ անձանց մէկ երրորդը գտնւում է բանտերում».

3- Ցեղասպանութիւն Միացեալ Նահանգների բնիկ ժողովրդի դէմ, որի հետեւանքով սպանւեցին «աւելի քան երեք միլիոն ամերիկացի հնդկացիներ».

4- «Աւելի քան 12 միլիոն ստրուկների» ներմուծում Աֆրիկայից.

5- Խօսքի եւ մամուլի ազատութեան խախտումներ, հետախուզական գործակալութիւնների ապօրինի ներխուժումներ մարդկանց անձնական կեանք, համատարած գաղտնալսում եւ հալածանք, իսկ «ոստիկանութեան յարձակումները ու լրագրողների ձերբակալութիւնները սովորական երեւոյթ են դարձել Միացեալ Նահանգներում».

6- «Իրաւական կոռուպցիա եւ լաբբինգ». միայն 2015 թ. առաջին ամիսների ընթացքում 2320 քրէական գործ է յարուցւել կաշառակերութեան մեղադրանքով տարբեր մակարդակի պաշտօնեաների նկատմամբ.

7- Համատարած կեղծիքներ ԱՄՆ-ի ընտրութիւններում.

8- «Միջամտութիւն անկախ պետութիւնների ներքին գործերին՝ ահաբեկչութեան դէմ պայքարի եւ ժողովրդավարութիւն հաստատելու պատրւակով».

9- Աջակցութիւն «անջատողական ռեժիմներին», ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է:

Թէեւ ճիշտ է, Միացեալ Նահանգներում ժողովրդավարական համակարգը կատարեալ չէ, սակայն, երբ աշխարհի ամենակոռումպացւած եւ բռնապետական վարչակարգերից մէկի խորհրդարանն է քննադատում ամերիկեան կառավարութեանը եւ նրա թերութիւնները, խիստ ծիծաղելի է եւ վիրաւորական…

Քանի որ Ադրբեջանը ԱՄՆ-ի կարիքը աւելի շատ է զգում, քան ԱՄՆ-ը՝ Ադրբեջանի, ապա յուսով ենք, որ Ադրբեջանի խորհրդարանը արագօրէն կընդունի առաջարկւած օրինագիծը եւ կը խզի բոլոր կապերը Միացեալ Նահանգների հետ: Բարի ազատում… Հիմա ամերիկացիներն աւելի մեծ ուրախութեամբ կը նշեն Ամանորը…

Թարգմանութիւնը՝

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ
http://alikonline.ir

Facebooktwitterredditpinterestlinkedinmail