Մովսէս Նաճարեան – Առաջին եւ Երկրորդ Հայք – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Մովսէս Նաճարեան –Ցուլ Տաւրոսի մռութը «ջրի մէջ» Տուարածատափի դաշտ

Մովսէս Նաճարեան – Առաջին եւ Երկրորդ Հայք – Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

14 ՄԱՐՏ 2021 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Սկիզբը՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

37.Առաջին եւ Երկրորդ Հայք

Հայակական լեռնաշխարհի սոյնպիսի ստորաբաժանումների մասին առաջին տեղեկութիւնը տալիս է Խորենացին՝ երբ խօսում է Հայկազնեան Արամի արեւմուտք կատարած արշաւանքի մասին, այսպէս.

Արամ՝ «…Հասանէ ի կողմանս Կապադովկացւոց, ի տեղի մի, որ այժմ ասի Կեսարիա: …Պատահէ նմա Պայապիս Քաաղեայն Տիտանեան պատերազմաւ… Որում ի դիմի հարեալ՝ վանէ… Եւ իւր թողեալ զոմն Մշակ անուն յազգէ իւրմէ… ի վերայ աշխարհին…: Բայց հրաման տայ բնակչաց աշխարհին՝ ուսանել զխօսս եւ զլեզուս հայկական. վասն որոյ մինչեւ զայսօր ժամանակի անուանեն Յոյնք զկղիմայն զայն Պռոտին Արմենիան, որ թարգմանի Առաջին Հայք»:[1]

Այսօրուայ քարտէսագրական ու պատմագրական պատկերացումները չե՛ն համապատասխանում Խորենացու նկարագրած «Պռոտին Արմենիան»-ին կամ «Արաջին Հայք»-ին։ Քանզի Արամի ժանակներից սկսած՝ այն ընդգրկել է առնուազն Մաժակ-Կեսարիայ քաղաքն իր շրջակայքով:[2]

ԹԷ ինչո՞ւ է Արամ նահապետը Կեսարիոյ նահանգը կոչել «Առաջին Հայք»՝ երբ տրամաբանութիւնը յուշում է, որ «Առաջին» կոչուելու պատիւը վայելում էր տալ Հայկ նահապետի նստավայրին՝ Մեծ Հայքին:

Ի հարկէ Խորենացին փորձել է պատճառաբանել երեւոյթը՝ բայց անյաջող:

Այդ պատճառով էլ միջնադարի հայ պատմիչները Արամի սահմանած Ա. եւ Բ. Հայքերի դիրքերը շփոթել են 536 թուականին Բիւզանդական Յուստինիանոս Ա., ապա եւ 591 թուականին Մօրիկ կայսրի կողմից վերաձեւուած արեւմտեան Հայաստանի վարչական անուանումների հետ, ու այսօր էլ պատմաբանների մօտ նրանց տեղադրման հարցը մնում է անորոշ: Բերենք մի օրինակ:

Դրասխանակերտցին ասում է.

«Ապա կայսեր Մօրկայ ձեռներեցութեամբ իմն փոփոխումն արարեալ անուանց աշխարհացն այնոցիկ, որ ի մերոյն Արամայ կարգաւ եղեալ էր: Եւ նախ զԱրմենին զայն, որ Առաջին Հայքն անուանիւր՝ Երկրորդ Հայք զնա Մօրիկ կոչեաց, յորում մայրաքաղաք է Սեւաստիայ: Իսկ զԿապադովկիայ՝ յորում մայրաքաղաք է Կեսարիայ, եւ Երկրորդ Հայք նախ անուանիւր՝ կոչէ զնա Երրորդ Հայք»:[3]

Ակնյայտ է, որ Դրասխանակերտցին էլ հակասում է Խորենացու սահմանումներին՝ քանզի Առաջին Հայքի կենտրոնը չէր կարող Սեբաստիան լինել, այլ՝ Կեսարիան:

Թերեւս շատ հախուռն թուայ մեր տեսակէտը՝ սակայն վստահ ենք, որ Արամի «Առաջին Հայք»-ը՝ հիւսիսից (Սեւ ծովից) հարաւ ընդգրկել է.

1.Դիոսպոնտոս-Արմենիակ-ը («Կապադովկեան Պոնտոս»-ի արեւմտեան հատուածը), որի մէջ է եղել Հայոց քրմական դասի՝ գիտութեան ու մեհենական գրականութեան գլխաւոր կենտրոն Սինոպ քաղաքը, ապա եւ Ամասիա, Ամիսոս քաղաքները:

2.Միջակայքում՝ «Ատլաս»-ի նկարագրած Ա. եւ Բ. Կապադովկիաները,

3.Հարաւում՝ «Ատլաս»-ի նկարագրած Ա. եւ Բ. Կիլիկիաները միասնաբար:[4]

Մեր ուրուագծած Առաջին Հայքի կենտրոնում՝ Մաժակի տարածքում, մ.թ.ա. IX-VII դարերում յիշատակւում են «Մուշկեր»-ը, իսկ նրանց արեւմուտքում՝ «Մուշկինի» կամ «Փռիւգիական» պետութիւնը:[5]

Պատահականութիւն չէ, որ.-

«Մոսկերը (Մուշկերը) կոչուել են “Ցուլի որդիներ” (հասկանալ՝ Տաւրոսի որդիներ -Մ.Ն.): Նրանք մ.թ.ա. II-րդ հազարամեակում զբաղեցրել են Թրակիայի արեւմտեան մասը, որն յետագայում կոչուել է Մակեդոնիայ»:[6]

Մուշկերը ո՛չ այլ ոք են՝ եթէ ոչ Արամի Մշակ զօրավարի ու նրա կառուցած «Մշակ»-«Մաժակ (ապա Կեսարիա) քաղաքի հիմնադիրների սերունդները, «Առաջին Հայք»-եցիները։

Նրանք «Մուշկեր» են կոչուել՝ Մշակ զօրավարի անունով, եւ մեծ հաւանականութեամբ՝ Մշակն ու Մուշկերը ծագումով եղել են Տարօնեցիք, Զրուանի կրտսեր որդու՝ Տարբանի զաւակներից, որոնք Տարօնից ընդարձակուել են դէպի արեւմուտք։

Հաւանաբար Մշակ զօրավարը եղել է Տարօնի Մուշ քաղաքի հիմնադիրը՝ ինչի հետեւանքով էլ Տարօնեցիք կոչուել են նաեւ Մշեցիներ։ Քաղաքներ կառուցելու նրա շնորհքն սկսել է հենց Մուշի կառուցումով։

Իսկ քանի որ Տարօնեցի-Մշեցիները Նօյ նահապետի ժամանակներից, ու Հայկի վերադարձից շատ առաջ Հայաստանի բնակիչներից էին, ու Նօյի անդրանիկ որդու ժառանգներն էին՝ ապա նախապատւութիւնն ունէին կոչուելու «Առաջին Հայեր», ուստի եւ մինչեւ Արամի ժամանակները նրանց զբաղեցրած Կապադովկիան՝ իրաւացիօրէն Արամն անուանել է «Առաջին Հայք»։ Տես՝ Պատկեր «21»։

Առաջին Հայքը՝ Կապադովկիան – Պատկեր «21»
Առաջին Հայքը՝ Կապադովկիան – Պատկեր «21»

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նօյից մինչեւ Արամ[7] ձգուող բաւական երկար ժամանակամիջոցում՝ նրանց լեզուն բարբառայնանալով հեռացել է մայր հայերէնից, այդ պատճառով էլ Արամը խորհուրդ է տուել, որ (մի գուցէ ճիշդ – Մ․Ն․) հայերէն խօսել սովորեն։

Վերյիշենք  մ․թ․ա․ III-II հազարամեակներում Կիլիկիայում եւ դրանից հիւսիս ընկած «Կիցուվատնա»-ն՝ «Կից»-«Քիշ»-եցի – Զրուանեանների պարագան։[8] Տես՝ Պատկեր «22»։

Կապադովկիա (որ եւ Կիցուվատնա) Պատկեր «22»

Անկասկած՝ «Մշակ»-Մաժակ» քաղաքին յետագայում տրուած «Կեսարիայ» անունն առաջացել է «Գէս-արի-այ»-ից՝ այլապէս «Արի-Քիշ» (Նօյ նահապետի մակդիրն է) հիմքից, եւ ո՛չ թէ «Կէսար»-ից, երբ «Գէս»-«Քիշ»-ը հոգեւորական»-ն է (Քէշիշ-ը), եւ Հայաստանում քրիստոնէութեան պետականացման առաջին օրերից՝ Գրիգոր Լուսաւորիչն ու նրա սերունդները Կեսարիան համարել են մեր ազգի հոգեւոր առաջին ու կարեւորագոյն կենտրոնը, որտեղ էլ ձեռնադրուել են Ամենայն Հայոց կաթողիկոս։

Թէ ինչո՞ւ Առաջին Հայքը «Կապադովկիայ» է կոչուել Արամից առաջ, ու նաեւ պատմական ժամանակներում։

Խորենացու Պատմութեան ձեռագիր մատեաններից ոմանց մէջ «Կապադովկացւոց»-ի փոխարէն գրանցուել է «Կապուտկացւոց»,[9] ինչը մենք համարում ենք նոյնքան եւ առաւել արժանահաւատ՝ քան միւս ընթերցուածը։

Նոյն ձեւի գրանցուած է նաեւ Ագաթանգեղոսի մօտ՝ այսպէս․

«Այս իշխանք են, ․․․ զորս գումարեաց թագաւորն Տրդատ եւ առաքեաց զնոսա ի կողմանս Կապուտկացւոց․․․»։[10]

Քանզի «Կապուտ» բառի հիմքն է «կապտել=բռնագրաւել» բայը,[11] որից էլ «կապուտ-կաց»-ը՝ այսինքն «բռնագրաւուած լինել»-ը, կամ «բռնագրաւուած ապրել»-ը։

Այդ անունը սոյն տարածքին է տրուել Նօյ նահապետի մահանալուց յետոյ՝ երբ Տիտան-Քամը այն առգրաւել է Զրուան-Սէմից։[12]

Այսպիսով բացայայտուեց Տիտան-Քամի Զրուանից բռնագրաւած Զրուանեան երկրամասը։

Առակս ցոյց է տալիս, որ իսկապէս եւ ի սկզբանէ այնտեղ ապրողները եղել են Նօյի առաջին որդի Զրուանի ժառանգները, ինչի համար էլ Արամ նահապետը այն վերանուանել է Առաջին Հայք։

Հալէպահայ թատերագիր-բեմադրիչ Կարպիս Լէփէճեանը (փոքր քեռիս)՝ ուշադրութեանս յանձնեց, որ «Կապադովկիայ» անուան «դովկ» արմատը մեր բարբառային «թոկ»-ն է, նաեւ արաբերէնի «թոուկ» (ﻕﻮﻃ) – «պարան»-ն է, որ այդ լեզւում ունի նաեւ «փաթաթուած, կապկպուած» իմաստը:

Ուստի «Կապադովկիա» անունն ունեցել է «կապով կապկպուած» լինելու խորհուրդը: Սակայն սա միայն մասնակիօրէն է արտայայտում «Կապուտկացւոց»-ի իմաստը:

Իսկ «Երկրորդ Հայք»-ն ընդգրկել է Կեսարիայի արեւելքից մինչեւ Մեծ Հայքի սահմանը՝ հիւսիսից հասնելով նոյնպէս Սեւ ծովին, իսկ հարաւից՝ Կիլիկեան Տաւրոսին ու Ամանոս լեռներին:

Բերենք Բ. Հ. Յարութիւնեանի քննական երկից մի հատուած.

«“Աշխարհացոյց”-ը մեզ է հասել ընդարձակ եւ համառօտ խմբագրութիւններով, որոնցից առաջինում ասուած է. “Աշխարհ Երկրորդ Հայք, որ արդ կոչին Առաջին Հայք, յելից կալով Կիլիկիոյ առ Տաւրոս լերամբ յերի Ամանոս լերին, որ բաժանէ ընդ նա եւ ընդ Կոմագենի Ասոր[ւ]ոց մինչեւ ցԵփրատ: Ունի եւ այլ լերինս. զԻգոն եւ զԲասիլիկոն եւ զԿռորմարդոն…”:[13]

Գտնում ենք՝ որ «Աշխարհացոյց»-ի հեղինակից բերուած սոյն նկարագրութիւնը շատ մօտ է Խորենացու տուեալներին, ուստի եւ ճշմարտութեան:

Յարութիւնեանի կատարած ուղղագրական միջամտութիւնը՝ թէ «Ասորոց»-ը «Ասորւոց» պէտք է լինէր` անտեղի է, քանզի առաջինը նշանակում է «Ասորիքի»,[14] իսկ երկրորդը՝ «Ասորիների», որովհետեւ հայկական Ասորիքի Կոմագենէն հայկական է եղել ու հայաբնակ:

Ըստ այնմ, Արամի անուանած «Երկրորդ Հայքը» հարաւից եզերուել է Կիլիկեան Տաւրոսով, Ամանոս լեռներով եւ Հայկական Ասորիքի Կոմագենէով՝ մինչեւ Եփրատ:

Նշանակում է թէ Երկրորդ Հայքի արեւելքում է եղել Մեծ Հայքը, արեւմուտքում՝ Առաջին Հայքը՝ Մաժակ կենտրոնով, իսկ հարաւում Ամանոս լեռներն ու հայկական Ասորիքի Կոմագենէն:

Դրա հիւսիսային սահմանների մասին ոչինչ չի ասուել, ինչը մեզ իրաւունք է տալիս պնդելու, որ Երկրորդ Հայքը նոյնպէս հասել է Սեւ Ծովին` հիւսիսակողմում ներառնելով Կոմանայ Պոնտոսիի արեւելեան մասը, Փառնակիան եւ Տրապիզոնը. հարաւակողմում՝ Կոկիսոնը, Կոմանա Ոսկէն, Արկան, Արիարաթիան, Մելիտինէն. միջնամասում՝ Գամիրքն ու Մեգալուպոլիս-Սեբաստիան, որը կարող էր լինել Երկրորդ Հայքի վարչական կենտրոնը: Տես՝ Պատկեր «23»:

Պատկեր «23» Երկրորդ Հայքի տարածքը

Լսենք Խորենացուն․

Հայկազնեան Արամ նահապետը «Ըստ նմին օրինակի՝ ի տեղեացն այնոցիկ մինչեւ ցբուն իւր սահմանսն զբազում անբնակ երկիր ելից բնակչօք, որք Երկրորդ եւ Երրորդ անուանեցան Հայք, այլ եւ Չորրորդ։ Այս է առաջին եւ ճշմարիտ պատճառն՝ վասն անուանելոյ զարեւմտեան մեր կողմն Առաջին եւ Երկրորդ, այլ եւ Երրորդ Չորրորդ Հայք»։[15]

Ինչպէս նկատել է Բ․Հ․Յարութիւնեանը՝ Խորենացու մօտ «այլ եւ Երրորդ եւ Չորրորդ Հայք» արտայայտութիւնը յետագայ դարերում գրիչների կողմից մի յաւելում է եղել, ազդուելով Արեւմտեան Հայաստանում Բիւզանդական կայսրերի կատարած վարչական բաժանումներից։

Նոյնպէս եւ մե՛ր կարծիքով՝ Երրորդ եւ Չորրորդ Հայքեր չեն ստեղծուել Արամի օրերում։

Արամ նահապետը ամբողջ Երկրորդ Հայքը բնակեցրել է գլխաւորաբար մեր նախապապ Գոմերի սերունդներով։ Նրանք է որ հիմնել են այդ տարածքի գլխաւոր երեք քաղաքները՝ որոնք կրել են «Գոմ/Գամ» կամ աղաւաղուած «Կոմ» արմատով անուանումները, ինչպէս Գամիրքը («Գոմեր»-ն աւանդուել է նաեւ «Գամեր»)՝ Երկրորդ Հայքի կենտրոնում, Կոմանա Կապադովկիոյ կամ Կոմանա Ոսկէ-ն՝ հարաւակողմում, իսկ Կոմանա Պոնտոսի-ն՝ հիւսիսակողմում։

Մ․թ․ա․ 162 թուականին նրանք հիմնել են Կոմագենէի թագաւորութիւնը՝ Կիլիկիային յարակից Հայկական Միջագետքում, Անտիոք-Մարաշ մայրաքաղաքով։

Լինելով Զրուան-Սէմի կրտսեր Յաբեթ եղբօր անդրանիկ Գոմեր որդու զաւակները՝ նրանք համարուել են «Երկրորդ Հայեր», հետեւաբար նրանց նոր բնակութեան տարածքը «Երկրորդ Հայք» է կոչել Արամ նահապետը։

Աւելացնենք, որ Երկրորդ Հայքեցի-Սեբաստացիների բարբառը նոյնական է Գիւմրու բարբառի հետ, ուր «կը» բայակերտ մասնիկը հնչում է բայի վերջաւորութեան։

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[1] Մ. Խորենացի, նոյն, էջ 46-47:

[2] Համեմատել «Կապադովկիա»-ի հետ՝ «Ատլաս», Ա. Մաս, էջ 24:

[3] Բ. Հ. Հարությունեան, «”Աշխարահցոյց”-ը եւ չորս Հայքերի խնդիրը», էջ 32:

[4] Համեմատել՝ «Ատլաս»-ի 42, 46, եւ 54 էջերի տուեալների հետ:

[5] Տես՝ «Ատլաս», էջ 14:

[6] Ն. Վ. Մամունա, «Առեղծուածների Զոդիակը», էջ 87 (Мамуна, «Зодиак Мистерий», Москва, 1998)։

[7] Արամ նահապետը գործել է մօտաւորապէս մինչեւ 3600 թ. մ.թ.ա.:

[8] Տես՝ «Ատլաս», էջ 12:

[9] Մ. Խորենացի, նոյն, էջ 420:

[10] Ագաթանգեղոս, նոյն, էջ 404:

[11] Անգլ. «capture», «cap+put», «կապ+պուտ = «կապ դնել» արմատներից:

[12] Տես՝ Զրուանի եւ Տիտանի պատմութիւնը, Խորենացի, նոյն, էջ 24:

[13] Բ. Հ. Հարությունյան, նոյն, էջ 4:

[14] «Ասորիք»-«Աս+ուր+իք»-ը ընդհանրապէս նշանակում է՝ «հացահատիկի երկիր», ուստի այս

նախադասութեան մէջ «Ասորոց»-ը վերաբերւում է Կոմագենի մաս կազմող «հացի երկրին»`

մինչդեռ «Ասորւոց»-ը վերաբերւում է Միջագետքի հացի երկրի «բնակիչներին»:

[15] Մ. Խորենացի, նոյն, էջ 47:

– Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն ԹԷ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

Facebooktwitterredditpinterestlinkedinmail