Նախագահ Բայդենը Մերժում Է Թուրքիայի Արգելանքը Եւ Ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը

President Biden recognized the Armenian Genocide in his April 24th statement, ending Turkey’s gag rule on honest U.S. remembrance and commemoration of this crime.

Նախագահ Բայդենը Մերժում Է Թուրքիայի Արգելանքը Եւ Ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը

25 ԱՊՐԻԼ 2021 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ջանքեր է գործադրում ԱՄՆ քաղաքական ուղին փոփոխելու համար` ուղղելով այն թուրք-ադրբեջանական բռնարարքների դէմ, խթանելով Հայաստանի անվտանգութեան ապահովումը եւ նպաստելով տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը` հիմնուած Հայոց Ցեղասպանութեան արդարացի լուծման վրայ:

ՎԱՇԻՆԳՏՈՆ.- Նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը` մերժելով Ամերիկայի պատմութեան մէջ օտարերկրեայ ամենաերկար արգելանքը եւ լուրջ հարուած հասցնելով այս ոճրագործութեան արդարադատութեանն ուղղուած Թուրքիայի դարաւոր խոչընդոտմանը:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ողջունում է այս քայլը:

Միանալով ԱՄՆ Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին, ԱՄՆ 49 նահանգներին եւ ՆԱՏՕի գծով տասնեակ դաշնակիցների` նախագահ Բայդենը վերջ դրեց Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանն Ամերիկայի մեղսակցութեան դարաշրջանին:

«Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ այսօր նախագահ Բայդենի ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը, որը շրջանցում է Անկարայի արտաքին վետօն՝ այս ոճրագործութեան ամերիկեան ազնիւ յիշատակման դէմ, մղում է Ամերիկայի դէպի վաստակած արդարութեան եւ հայ ազգի ապագայի համար անհրաժեշտ անվտանգութեան կողմը. Հայաստանը պետութիւն է, որը չունի ելք դէպի ծով, շրջափակուած է եւ ցեղասպանութիւն վերապրած», նշել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարեանը: «Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն ակնկալում է համագործակցել Բայդենի վաչակազմի հետ` օգտագործելու այս յայտարարութիւնը տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականութեան հիմնարար վերափոխման նպատակով` առաջնահերթ դարձնելով Արցախի գոյատեւումը, Հայաստանի անվտանգութիւնը, եւ տարածաշրջանում արդար ու տեւական խաղաղութեան հաստատումը` հիմնուած Հայոց Ցեղասպանութեան արդարացի լուծման վրայ», յաւելել է Համբարեանը:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը յատկապէս կարեւոր է այսօր` Հայաստանի եւ Արցախի դէմ անցեալ տարի աշնանը Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ինքնաբուխ, ցեղասպան յարձակումներից յետոյ, որոնք յանգեցրին տարածաշրջանում մարդասիրական աղէտի, այդ թւում` շուրջ 100,000 հայերի տեղահանութիւնը, Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերիների շարունակուող բանտարկութիւնը, եւ Հայաստանի դէմ ադրբեջանական բռնարարքները վերսկսելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին սպառնալիքները:

Նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը դրդում է Ամերիկային դէպի հետեւողական քաղաքականութիւն, որն էապէս աջակցում է Արցախի գոյատեւմանը եւ Հայաստանի անվտանգութեանը, միեւնոյն ժամանակ, վճռականօրէն մարտահրաւէր է նետում Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ բռնարարքներին: Այս ոճրագործութեան համաշխարհային դատապարտման հետ մէկտեղ` ԱՄՆ ճանաչումը նաեւ մեկուսացնում է Թուրքիային եւ խարխլում նրա ժխտողական քաղաքականութիւնը` աւելացնելով ճնշումն Անկարայի վրայ` դադարեցնելու իր ստի արշաւը եւ արդարադատութեան խոչընդոտումը, նաեւ դուռ է բացում` ժամանակակից Թուրքիայի կողմից օրինական, բարոյական, քաղաքական եւ տարածքային պարտականութիւնների կատարման ու այս դեռ անպատիժ մնացած յանցագործութեան ճշմարտացի, արդար եւ համապարփակ լուծման համար:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը յարգում է զոհերի եւ փրկուածների յիշատակն ու արժանապատուութիւնը: Աւելի լայն իմաստով` մերժում է որպէս առեւտրի գործիք մարդու իրաւունքների օգտագործումը: Ցեղասպանութեան եւ ոճրագործութեան կանխարգելումը հասցնելով բարոյական ու քաղաքական հրամայականի մակարդակի` այս ճանաչումը յարգում է անցեալի ու ներկայի բոլոր ցեղասպանութիւնների զոհերի յիշատակը, նուազեցնում նոր վայրագութիւնների հաւանականութիւնն ապագայում:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Միացեալ Նահանգներն առաջին անգամ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը 1951 թուականին` ամերիկեան կառավարութեան կողմից «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» համաձայնագրի վերաբերեալ Արդարադատութեան միջազգային դատարան ուղարկուած գրաւոր յայտարարութեան միջոցով:

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը Հայոց Ցեղասպանութեան մասին յիշատակել է 1981 թուականի հռչակագրում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ իրաւական որոշումներ է ընդունել 1975, 1984 եւ 1996 թուականներին: 2019 թուականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճնշող մեծամասնութեամբ ընդունել են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւէր: 1965 թուականից սկսած` ամերիկեան 49 նահանգներ` բացի Միսիսիպիից, բանաձեւի կամ հռչակագրի միջոցով ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը:

1915-1930 թուականներին Միացեալ Նահանգները մարդասիրական աննախադէպ օգնութիւն է ցուցաբերել` Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղածներին փրկելու համար: Կոնգրեսի լիազօրութիւնը ստացած Մերձաւոր Արեւելքում ամերիկեան օգնութեան կոմիտէն աջակցելու մղել է բոլոր ամերիկացիներին եւ, փաստացի, ամբողջ աշխարհը` լաւ կազմակերպուած եւ ֆինանսաւորուած օգնութեան ծրագրի շուրջ, ինչը փրկեց հայ եւ քրիստոնեայ այլ փոքրամասնութիւնների մօտ 1 միլիոն փախստականների եւ 132 հազար որբերի կեանքը: Կոմիտէն հաւաքեց 117 միլիոն դոլար (այսօր դա հաւասար է 2.7 մլրդ. դոլարի) եւ կառուցեց շուրջ 400 մանկատներ, սննդի եւ հագուստի բաշխման կենտրոններ, բժշկական հաստատութիւններ, հիւանդանոցներ, նաեւ մասնագիտական ուսուցման դպրոցներ ամբողջ Մերձաւոր Արեւելքում` փրկուածներին ապաստանելու եւ նրանց խնամելու համար:

asbarez.com/arm/388402/նախագահ-բայդենը-մերժում-է-թուրքիայի-ա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail