Տիգրան Փաշաբեզյան – Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն, 19 մայիսի, 2021 թ

Արամ Թորգոմյան

Տիգրան Փաշաբեզյան – Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն, 19 մայիսի, 2021 թ․

21 ՄԱՅԻՍ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԿարդալ նաեւ՝:

Այն, ինչ Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի եթերում 2021 թ․ մայիսի 18-ին շեշտեց Արցախյան ազատամարտի հերոս, Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական ՀԿ-ի նախագահ, կամավորական ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը (Արամո), ուղղակի վերաբերում է 1988 թ․ փետրվարից ի վեր հայ ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու, այն է՝ համազգային պաշտպանության եւ իրավունքների պաշտպանության իրականացման խնդիրներին։

Ադրբեջա՞նն է առաջարկում Հայաստանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործողություններ իրականացնել, բայց Ադրբեջանի ու Հայաստանի սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ․ փետրվարի 24-ի «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթն է, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները:

Թուրքիա՞ն է առաջարկում Հայաստանին ճանաչել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող առկա սահմանը, բայց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ․ նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռն է, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։

Միջազգային դերակատարներն ու Մինսկի խմբի համանախագահնե՞րն են առաջարկում Արցախյան հիմնախնդրին քաղաքական լուծում գտնել, բայց իրավական – քաղաքական վերոնշյալ լուծումները 1920 թ․ կայացվել են Հայկական Հարցը կարգավորելու համար եւ եթե դրանք անտեսվում են, ապա տարածաշրջանի ժողովուրդներն ու պետությունները ենթակա են դառնում նորանոր մարտահրավերների ու սպառնալիքների, ինչին ականատես եղանք 2020 թ․ սեպտեմբերին որպես Արցախի դեմ ուղղված ագրեսիայի, պատերազմի եւ ցեղասպանության հանցագործություններ, որոնք իրականացրին թուրքեր – ադրբեջանցիներ – ահաբեկիչ վարձկաններ․․․ ու շատ ավելի լայն կոալիցիան։

Նկատի առնելով ներկայի մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ Արամ Թորգոմյանի որպես աշխարհազոր կազմակերպվելու համայն հայությանն ուղղված կոչը միանգամայն տեղին է եւ ընդունելի, ուստի՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան), վճռական պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները, դիմում է աշխարհի տարբեր վայրերում գտնվող Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներին՝ զինվորագրվելու Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության տարածաշրջանային ուժերին հրահանգում, իրենց իսկ կանոնադրության սկզբունքների համաձայն, միանալ «Հայաստանի աշխարհազորային բանակ, միացյալ ուժերի դաշինք» ռազմա-քաղաքական կազմավորմանը։

Ցավոք սրտի, Հայաստանի համար մարտահրավերներն ու սպառնալիքները նույնն են, ավելին, Արցախյան վերջին պատերազմի բեմադրությունն ու պարտադրված արդյունքները հուշում են, որ դա արվել է բանակցություններում Հայաստանի դիրքերը թուլացնելու համար։

Այսինքն, Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր ոչ միայն նույնն է, այլեւ բարդացված, հետեւաբար նույնն է նաեւ պահանջը, որը երեկ չի իրագործվել, սակայն այսօր արդեն չի կարող չիրագործվել, եւ եթե համառոտ, ապա պետք է արագորեն ու գրագետ պատրաստվել համապարփակ համազգային պաշտպանության եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության։

Ժամանակակից աշխարհում դա է միակ միջոցը ապահովելու հայ ժողովրդի գոյություն ունենալու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

19 մայիսի, 2021 թ․

gov-wa.nt.am/?p=6740&lang=hy

Facebooktwitterredditpinterestlinkedinmail