ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Ա) – ԿԱՐԻՆԷ ԱՒԵՏԻՍԵԱՆ
01 ՄԱՐՏ 2022 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:
Կարինէ Աւետիսեան – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
«Ոչ մի նոր վարդապետություն բոլորովին չէ կարողանում ջնջել, անհետացնել ժողովրդի սրտից այն, որ թողել է անցյալը:
Հեթանոսական ծեսերը, արարողությունները, պաշտամունքը դարերով արմատացել էին Հայ հոգու մեջ, նրանք միացել էին նրա բնավորության հետ։
Քրիստոնեությունը միանգամով սրբել Հայաստանը հին նախապաշարմունքներից կարող չէր, մինչև ժամանակը և կրթությունը չտար մի նոր ձև և կերպարանք»,- գրել է Րաֆֆին իր երկերից մեկում՝ «Կայծեր»-ում (մեջբերումը՝ Րաֆֆի «Երկերի ժողովածու» հ. 10, էջ 90):
Նախնիներից ժառանգված Ազգային մշակույթն անհրաժեշտ է անհատի հոգևոր զարգացման համար:
Իրենց բնիկ հայրենիքում՝ Հայաստանում ապրող ու նրա սահմաններից հեռու հայտնված Հայերը, մինչև 20-րդ դարի կեսերը տոնել են վաղնջական ժամանակներից եկող ազգային տոները, մասնավորապես, Բարեկենդանը՝ Քաջողջության, Բարեկեցության, Բարօրության փառաբանման խրախճալից տոնը:
Թեև քրիստոնեության տարածումից հետո Հայոց տոնացույցը փոփոխվել էր՝ հարմարեցվել նոր կրոնին, այնուամենայնիվ, նույնիսկ քրիստոնեությանը հակասող ծեսերը՝ գուշակությունները, վիճակահանությունը, համընդհանուր բարեկեցության ակնկալիքով կատարվող չարխափան, հմայական ծեսերը, խարույկի շուրջ երգն ու պարը հարատևեցին մինչ օրս…
«Մտանք ի Բարեկենդան,
Կերթանք ի Զատիկ»…
Ընդհանրական խաղերով, զվարթ ու կենսուրախ երգ ու պարով ուղեկցվող ուրախության, ճոխ կերուխումի մոտ մինչև երկու շաբաթ տևող խրախճանքներով, ամեն տարի՝ Գարնան Վերազարթոնքից առաջ, մեր Նախնիք իրենց «Բարի Կենդանությունն» էին փոխանցում «Արթնացող Բնությանը»՝ մարդկությանը գալիք ամիսներին նրա պարգևած առատ Պտղաբերության ակնկալիքով, միաժամանակ հրաժեշտ տալով անցնող Ձմռանը…
Բարեկենդան տոնի իմաստը հմայական ծեսերով Բնության ուժերի հովանավորությունն ստանալն էր, Նոր Վերազարթոնքի առատ Պտղաբերության ապահովումն ու Կյանքի, Բարի Կենդանության փառաբանումն էր:
Դարերի ընթացքում՝ ծիսական նկարագիրը կորցնելով, տոնի հետ կապված արարողությունները բեմականացված, խորհրդանշական խաղերի տեսքով են պահպանվել ու հասել մինչև մեր օրերը:
Բարեկենդանն «Ամենաուրախ տօնն է ամբողջ Հայաստանի, այդպէս ալ Սասունի համար:
Կանայք կը պատրաստեն բազմազան կերակուրներ. մարդիկ տանիքներու վրայ կերուխում կ՚ընեն, կ՚երգեն, կը պարեն, խաղեր եւ մրցոյթներ կը կազմակերպեն. այցելութիւններ, բարեմաղթանքներ, ուրախութիւն…
Բոլորը՝ թէ՛ կին եւ թէ տղամարդ, երեխայ թէ ծեր կը մասնակցին տօնախմբութեանը եւ եռուզեռ է ամենուրէք, հակառակ ցուրտ եղանակին»:
«Յուշամատեան»-ի էջից մեջբերված այս տողերին համահունչ բազմաթիվ այլ վկայություններ ենք գտնում Հայկական Լեռնաշխարհում ու ճակատագրի բերումով նրանից հեռու բնակվող Հայերի ազգային տոների նկարագրություններում:
Վաղնջական ժամանակներից եկող Նախնիների պաշտամունքի մի դրսևորում համարելով յուրօրինակ «զոհաբերություն»՝ նվիրաբերում հանդիսացող առատ կերուխումը, որն առկա է սովորաբար ժուժկալ ու սակավապետ կենցաղով ապրող Հայ գյուղացու կյանքում Բարեկենդանի տոնախմբությունների օրերին, Ա. Ա. Օդաբաշյանը գրում է.
«Բարեկենդանի տոնի օրերը համընդհանուր կերուխումի օրեր էին:
Աղքատ թե հարուստ, խորտիկների պեսպիսությամբ, առատությամբ և օտար մարդկանց ցույց տրվող հյուրասիրությամբ, աշխատում էին գերազանցել մեկը մյուսին:
Բարեկենդանի օրը որևէ մեկի հյուրասիրությունից հրաժարվելը մեծ վիրավորանք էր համարվում, որովհետև, Հայ գյուղացու պատկերացմամբ, Բարեկենդանի սեղանից (զոհաբերությունից) օգտվելը նշանակում էր աջակցել նոր տնտեսական տարվա հաջողությունն ապահովելուն:
Բարեկենդանի օրերի համար ամենաբնորոշը կերակուրների առատությունն ու բազմազանությունն է: Այդ օրերին բոլորի տանն անխտիր միս էր լինում, մի բան, որ բնորոշ չէ Հայ գյուղացու առօրյա խոհանոցին առհասարակ:
Հատկապես Բարեկենդանին բոլորն անխտիր, ըստ կարողության, մորթում էին ոչխար, գառ, կով, զանազան թռչուններ, գնում ձկնեղեն: Տանտիկինները պահած անկյուններից հանում էին յուղի կճուճները, ղավուրման և ձմեռվա համար պատրաստած այլ մթերքներ:
Լիաբուռն բացվում էին մթերանոցների դռները և մի քանի օր առաջ սկսում էին պատրաստել բարեկենդանյան խորտիկներ:
Որոշ ազգագրական շրջաններում, Բարեկենդանի առաջին օրից սկսած, յուրաքանչյուր օրվա հերթական թվին համապատասխան, նույնքան քանակի նոր խորտիկներ էին պատրաստում, որ երկրորդ շաբաթվա վերջին, կիրակի օրը, հասնում էր տասներկուսի (մեջբերումը՝ «Բարեկենդանն իբրև Ամանորի տոն», «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 9, Երևան, 1978թ., էջ 31):
Մեծ Պասին նախորդող երկու շաբաթների ընթացքում Բարեկենդանի՝ Կենսական Զորության փառաբանման զվարթ ու խելահեղ տոնախմբություններն էին նշվում տարբեր շրջաններում՝ գովերգելով Կյանքն ու Բարի Կենդանությունը, Խոսքի հմայական ուժով Բարեկեցություն ապահովելու ցանկություններով ու մաղթանքներով (մինչ օրս երկար հնչող կենացները նույն իմաստով են՝ Խոսքի զորությամբ Բարեկեցության ապահովումը):
Կյանքը, Գոյությունը, Ողջությունը, Բարի Կենդանությունը փառաբանող տոնն էր Բարիկենդանը, որով և նշանավորվում էր հրաժեշտն անցնող ձմռանն ու անցնող տարվանն, ընդհանրապես…
«Բալուում ընդունված էր Բարեկենդանի սեղանին՝ կերուխումի ժամանակ «Կենդանությու՛ն ձեզ» բարեմաղթությունն անել: Օշականում մինչև հիմա էլ բաժակաճառը վերջացնելուց հետո ասում են՝ «Կենդանությու՛ն» և հետո միայն խմում:
…Բարեմաղթության այդ եղանակն ընդհանրական է ամբողջ պատմական Հայաստանի համար: Նրա ծիսականությունը ցույց է տալիս ծագման հնությունը, կապը խոսքի հնայության հետ: Այդ և նման բարեմաղթություններով ենթադրվում էր իրականում առաջացնել բարեկեցության և կյանքի անխափան գոյության մասին խոսքի միջոցով արտահայտված ցանկությունները:
Միանգամայն պարզ է, որ քննարկվող տոնի «Բարեկենդան» անվան մեջ ստուգաբանական առումով որոշակիորեն արտահայտվում է նրա կապը պտղաբերության, սերմի, բերքի (արգասիք), պտղի, որ է՝ բարի (բարիք) և գոյություն ունեցողի՝ կյանքի գաղափարի հետ» (մեջբերված՝ Ա. Ա. Օդաբաշյանի վերոնշյալ ուսումնասիրությունից):
Աշտարակում ծնված Հայ գրող, գրականագետ, պատմաբան, ազգագրագետ Երվանդ Շահազիզը վկայում է, որ Բարեկենդանին, ինչպես Հայոց որոշ այլ տոներին, նաև Նախնիներն էին մեծարվում:
«…Աշտարակում, Բուն Բարեկենդանի կիրակի երեկոյան, երկու շաբաթվա կերուխումից, ուրախություններից, զվարճություններից ու գժություններից հետո, որոնք կատարվել են հրապարակավ, գյուղամիջում…, գյուղը հանգստացել է, և ամեն մարդ յուր ծանոթ-բարեկամին մնաս-բարև է ասել ու մտել յուր տունը, յուր հարկի տակ: Սակայն այդ հանգստությունը եղել է միայն արտաքուստ, իրոք դրանք, այդ ուրախություններն ու զվարճությունները, չեն վերջացած եղել, այլ շարունակվել են, միայն որ նրանք փոխադրվել են տները և փոխել իրենց աղմկալի բնույթը, ու դարձել համեստ, անմեղ, ընտանեկան զվարճություններ:
Պապերի ու տատերի’ տոհմի այդ զառամյալ ազգապետի շուրջը, նրանց հարկի տակ, հավաքվել են նրանց ազգուտակը, բերելով իրենց հետ, կապոցներով, իրենց տներում Բարեկենդանից մնացած ուտելիքները, որովհետև այդ երեկո տոհմի անդամ ընտանիքներից և ոչ մեկի տանը օջախ չպիտի վառվեր, ծուխ չպիտի դուրս գար, բացի ազգապետի տանից, որտեղ պիտի օջախը վառեր, և այն՝ միայն բերանփակեքի ձվածեղը պատրաստելու համար:
Այդտեղ նրանք համբուրել են ազգապետ զույգերի ձեռքերը, շնորհավորել են նրանց Բարեկենդանը, բաց են արել իրենց կապոցները, խառնել իրենց բերածները նրանց տանն եղածի հետ, սեղանակից եղել, տատերի բաժանած տնային աղանդերով’ կախանով, փշատով, շուջուխով և ալանիով, բերանները քաղցրացրել, ասել, խոսել, կատակներ արել, զվարճացել և մի-մի կտոր ձվածեղով բերանները փակելուց հետո, առել ազգապետների օրհնությունը ու ցրվել, գնացել իրենց տները:
Դրանով նրանք տարենը մին վերանորոգած ու ամրացրած են եղել իրենց կապերը բուն տոհմային տան հետ, որտեղից նրանք հեռացած են եղել տարիներ առաջ…, և պապենական սրբազան օջախից տարած պեծուկեծով վառել իրենց նոր օջախները»:
Շարունակելի…
karineavetisyan.am/archives/3628