Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 32 – Մովսէս Նաճարեան
10 ՄԱՅԻՍ 2022 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 32
Նախորդ յօդուածով իմացանք, որ աջ ձեռքի միջնեմատը մարդու գլուխն է ներկայացնում, մատնեմատը՝ սիրտը, իսկ ճկոյթը՝ սեռական գործարանը։ Այնուհետեւ անցնենք ձախ ձեռքի մատներին։ Ձախ բթամատը կրկնօրինակն է աջ բթամատի, եւ խորհրդանշում է Աստուծոյ պատկերով արարուած մարդուն, ուստի նրա թիւը վեցն է։
Այսօր տարածում գտած 666 թիւը կապ ունի մարդու թիւի հետ։
Սա նշանակում է, որ մարդն իր մարմնի երեք գլխաւոր կենտրոններով հաւակնում է վստահել լոկ 1․իր մտքի ենթադրութեան, 2․իր սրտի պահանջին, 3․իր սեռական ցանկութիւններին։ Այսինքն, հաշուի չի նստում ուրիշների մտածողութեան հետ, հաշուի չի նստում դիմացինի զգացողութեան հետ, հաշուի չի առնում հասարակական բարոյեական սկզբունքները։
Հետեւաբար նա դառնում է մեծամիտ, եսասէր, եւ անբարոյեական, ու ինքնստինքեան հասարակութեան պատճառում է վնասներ, եւ վերջին հաշուով ծառայում է չարին, գործակից դառնալով սատանային։
Մարդ հասկացութիւնը չի առանձնացնում սեռերը, ուստի վեց թիւը խորհրդանշում է թէ՛ տղանարդկանց եւ թէ՛ կանանց։
Ձախ ձեռքի ցուցամատը եօթներորդ մատն է իր հերթագայութեամբ, եւ եօթն արդէն տղամարդու թիւն է, իսկ ձախ միջնեմատն էլ ութն է՝ կնոջ խորհրդանիշը։
Այստեղ թոյլ տուէք անդրադառնալ բակային մանկական մի խաղի, որը Հայաստանում յայտնի է “կլաս” անուամբ։ Երեւի ոչ ոք չի փորձել այն վերլուծել, իմաստաւորել։
Երեխաները ասֆալտին կաւիճով գծում են մի հետաքրքիր պատկեր, ուր երեք քառակուսի վրայ-վրայի յաջորդում են իրար, հերթականութեամբ կրելով 1, 2, 3 թիւերը։ Ապա զոյգ քառակուսի է պատկերւում երրորդի վրայ, 4 եւ 5 թիւերով։ Յետոյ մի առանձին քառակուսի է յայտնւում նրանց վրայ, ու կրում է 6 թիւը։
Շարունակութեան, կրկին անգամ գծագրւում է զոյգ քառակուսի, 7 եւ 8 թիւերով, ապա վերեւում կամար է գծագրւում, ուր գրւում է “տուն”։
Առաջին երեքը ներկայացնում են երրորդութիւնը։ Չորրորդը չորս տարերքներն են, կողքի հինգերորդը կարելի է կոչել հինգերորդ տարերք, որը հոգին է։ Վրայի վեցերորդը արդէն գիտէք, մարդու թիւն է։ Սրա վրայի եօթներորդը տղամարդն է, կողքի ութներորդը կինն է, որոնց միասնութեամբ կառուցւում է նրանց գլխաւերեւի կամարակապ տունը։
Հիմա տեսնենք Նարեկացու Մատեան Ողբերգութեան տողերի հանգաւորումը։ Ամեն մի տող բաղադրուած է 15 ոտքից, որոնք եօթի եւ ութի գումարն են։ Հետեւաբար Նարեկի ամեն մի տողը մի տուն է, հետեւաբար մի ամբողջական ինքնուրոյն միտք է բովանդակում։
Մեր գրականութեան մէջ յայտնի են Համբարձման տօնի առթիւ երգուող կամ կարդացուով չորս տողանի ոտանաւորներ, Հայրէններ։ Կառուցման սկզբունքն է, առաջին տողը եօթ ոտանի, երկրորդ տողը ութ ոտանի, եւ յաջորդ երկու տողերն ունեն նոյն կառուցուածքը։ Առակս ցուցանէ, որ երկու տողը մէկ տուն է, եւ մէկ ամբողջական միտք է պարունակում։
Մեր մշակոյթը անկրկնելի է իր շարունակականութեամբ, եւ ոչ մի բան կորած չէ։ Նոյն երեւոյթի մասին ունենք այլ փաստարկներ եւս միջնադարեան մեր “Եօթնագրեանք”-ից, որոնց մասին մի օր կը ծանուցենք։
Հիմա անցնենք իններորդ եւ տասներորդ մատերին։ Իննը թիւը կրող ձախ մատնեմատը բնականաբար արդիւնքն է տղամարդու եւ կնոջ մի օջախ կազմելուն, եւ ներկայացնում է նրանցից ծնուած երեխուն։ Եթէ ուշադիր էք, ապա կը նկատէք, որ նշանդրէքի մատանին դրւում է աջ ձեռքի մատնեմատին, եւ փոխադրւում է ձախ մատնեմատին՝ երբ ընտանիքը բախտաւորւում է երեխով։
Տասներորդ ճկոյթ մատի խորհուրդը գտնւում է 10 թիւի մէջ։ 1-ը ապրող անհատն է, իսկ զրոն առհասարակ մի շրջանագիծ է, ցիկլ, որը ցոյց է տալիս մարդու կեանքի երկրորդ ցիկլը, եւ կրում է նրա երկրորդ վերածննդեան գաղափարը։
Ի հարկէ ճանաչողութեան եւ ինքնաճանաչողութեան առումով ձեռքերի եւ մատների խորհուրդները շատ աւելին են, քան ինչ ներկայացրինք, սակայն այսքանով կը սահմանափակուենք առայժմ։
Շնորհակալութիւն ուշադրութեան համար։
Մովսէս Նաճարեան