Ցաւալի, Բայց Միաժամանակ Անխուսափելի Իրողութիւն… Դերենիկ Մելիքեան

Գարտէզ-Հայաստան մեծ Հայք, փոքր Հայք, Կիլիկիա - Map Armenia Greater Armenia, Small Armenia, Cilicia – Carte Arménie Grande Arménie, Petite Arménie, Cilicie

Ցաւալի, Բայց Միաժամանակ Անխուսափելի Իրողութիւն… Դերենիկ Մելիքեան

20 ՅՈՒՆԻՍ 2022 —

1. Պաշտօնական եռօրեայ այցի շրջանակներում, Իսլ. Խորհրդարանի նախագահի հրաւէրով Թեհրանում էր ՀՀ Ազգ. Ժողովի խօսնակի գլխաւորած պատւիրակութիւնը։

2. Երկու հազար հինգհարիւրամեայ պետականութեան աւանդոյթով երկրի՝ Իրանի բարձրաստիճան պաշտօնատարների հետ հանդիպումն ու նոյն մակարդակի քաղաքական եւ դիւանագիտական պատգամները մշտապէս աչալրջութեամբ են ընդունել հարեւան երկրներն ու յուսանք՝ տւեալ դէպքում կընդունեն Իրանի հետ հազարամեայ բարեկամական կապերի աւանդոյթով Հայաստան երկրի արդէն 4-ամեայ իշխանութեանը տիրացած նորամուտները…

3. Ասում ենք յուսանք, քանզի այդ առթիւ Հայաստանի «թաւշեայ» իշխանաւորները անցնող 4 տարիներին մոռանալով ու ստորադասելով վերոգրեալ աւանդոյթների արժէքային իրողութիւնները, ապիկարօրէն գերադասել են ինչ-որ սիոնիստամէտ Ջոն Բոլթոնների «անվտանգային» հակա-իրան թէզերին տուրք տալ, կամ հէնց նոյն Ազգ. Ժողովի ամբիոնից Իրանի քաղաքական համակարգի մասին մեղմ ասած անգրագէտ բարբաջանքների դիմել ու նմանօրինակ սայթաքումներ, որոնք անխուսափելիօրէն առաւել կը բարդացնէին երկուստեք կապերը, եթէ չլինէին Իրանի բարեացակամ ու համբերատար վերաբերմունքը, որոնց շնորհիւ էլ ցայժմ շարունակում են բնականոն հուն մտնել ինչպէս քաղաքական, այնպէս էլ, եւ առաւելաբար, անվտանգային առաջնահերթութիւնները։

4. Այստեղ հարկաւոր է ընդգծել, որ տարածաշրջանի մակարդակով ու յատկապէս անվտանգային առումով խիստ զգայուն ու մտահոգ է Իրանը՝ հայկական հողային ամբողջականութեան պահպանմամբ, եւ որ ուղղակիօրէն Սիւնիքի ու սահմանակից շրջանների անվտանգութիւնն իր ԿԱՐՄԻՐ ԳԻԾՆ է համարել, բնականաբար ակնկալելով ՀՀ իշխանութիւնների համարժէք կեցւածքը…

5. Միջպետական ու միջկառավարական փոխյարաբերութիւնների ֆոնին, հզօր Իրանում իսկ հազարամեայ հինաւուրց անցեալ ունեցող իրանահայ համայնքը եւս վերջին 30 տարիների ընթացքում մշտապէս ջատագովն ու օժանդակողն է եղել միջպետական եւ յուսալի հարեւանական փոխյարաբերութիւնների ամրապնդման, քանզի դրանում է տեսել հէնց իր ներազգային ու առաւել եւս՝ համազգային ձեռքբերումների գրաւականը։

6. Պետական հաստատ ու յստակ համոզումներով եւ մօտեցումներով հանդերձ՝ հինաւուրց իրանահայ համայնքի մօտ , հակառակ սկզբնական շրջանի, գնալով հիմնաւորւեց ու ձեւաւորւեց անվստահութեան մթնոլորտ եւ կեցւածք Հայաստանի ներկայիս իշխանաւորների նկատմամբ, յատկապէս համազգային հիմնախնդիրների եւ ազգային արժէքների նկատմամբ նրանց բացայայտ վնասաբեր ու պետականակործան քաղաքականութեան պատճառով։ Իսկ այդպիսի քաղաքականութեան ամենացայտուն ցուցիչը դա հայկական Արցախից բացէիբաց հրաժարւելն է ու դեռ աւելին՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիութեան հարցում պարտւողական կեցւածքը՝ հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի ոխերիմ եւ երդւեալ թշնամիներ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առջեւ…

7. Վերոգրեալ փաստերին ու իրողութիւններին անհրաժեշտ էր անդրադառնալ, քանզի գիտակցելով հանդերձ, որ ցաւալի է իրանահայ հինաւուրց համայնքում հայաստանեան իշխանական պատւիրակութեան պատշաճ դիմաւորման ու ընդունելութեան չարժանանալը, սակայն միաժամանակ դա ապացոյցն է նոյն իշխանաւորների ու նրանց ներկայացուցիչների մերժւածութեանը՝ մինչեւ իսկ ամենահայաստանամերձ համայնքի գերակշիռ մեծամասնութեան կողմից։ Այն աստիճան, որ նոյնիսկ վախւորա՜ծ պատւիրակութիւնը խորշում է գէթ մի մոմ վառելու համար եկեղեցի մուտք գործել…, թէկուզեւ համայնքի ներկայացուցիչների կողմից եւս չի արժանացել ընդունելութեան։ Իսկ ասում ենք վախւորած, որովհետեւ երեւի կռահել են հէնց եկեղեցու շրջակայքում իսկ ազգային խաւերի ու մասնաւորապէս երիտասարդութեան պատշաճ «դիմաւորումը»…

8. Ինչեւէ, նման «դիմաւորումների» թիւը գնալով շատանում է՝ Սիրիայից՝ Գլենդէլ եւ Մոսկւա ու Վաշինգտոնից մինչեւ Յունաստանի ծովափնեայ հանգստավայրեր, որտեղ էլ ի դէպ հէնց Թեհրան այցելած ԱԺ-ի խօսնակին էին ժամանակին «դիմաւորել» յունահայ համայնքի ներկայացուցիչները։

9. Իրապէս ցաւալի ու անսովոր, բայց անխուսափելի իրողութիւն է նման կերպ ընդունելութիւնները, այլապէս հէնց ժամանակին թեհրանահայ համայնքի պատկառելի թւով ներկայացուցիչներ ու ազգայիններ նոյն ազգային առաջնորդարանի դահլիճում պատշաճ ընդունելութեան էին արժանացնում մինչեւիսկ Արցախի «բեռից» ազատւելու ձգտող Լեւոն Տէր-Պետրոսեանի տարբեր կարգի պատւիրակութիւնների, անկախ քաղաքական հայեացքների տարբերութիւնից, սակայն ներկայիս իշխանաւորները, որոնք այսպէս ասած՝ թաւիշի խաբկանքով մոլորեցրին հայութեանն ու Հայաստան երկիրը վերածեցին սորոսապետական խունտայի, եւ որ առանց դոյզն իսկ ամօթի Արցախը ադրբեջանական են համարում եւ հայրենի երկիրը կործանման են առաջնորդում, ոչ մի հայկական օջախի, լինի դա Հայաստանում թէ Սփիւռքում, ընդունելութեանը արժանի չեն կարող լինել երբեւէ…:

yerakouyn.com/2022/06/20/ցաւալի-բայց-միաժամանակ-անխուսափելի-ի/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail