Տիգրան Փաշաբեզյան. «Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ» ՀՀ իշխանությունների որդեգրած օրակարգը՝ կեղծ օրակարգ է»

Տիգրան Փաշաբէզեան - Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

Տիգրան Փաշաբեզյան. «Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ» ՀՀ իշխանությունների որդեգրած օրակարգը՝ կեղծ օրակարգ է»

18 ՅՈՒՆԻՍ 2022

(Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 3-րդ նստաշրջանում)

 «Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ» ՀՀ իշխանությունների որդեգրած օրակարգը կեղծ օրակարգ է եւ այն չի հանգեցնելու խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ Այդ օրակարգը հաշվի չի առել եւ հաշվի չի առնում պատմական իրողություններն առ այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի քան 100 տարի է ինչ իրականացնում են Հայերի ցեղասպանություն՝ էթնիկ-ազգային հիմքով եւ պանթուրքիզմի ու պանթուրանիզմի հայատյաց — մարդատյաց գաղափարախոսության հենքով։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ինչ էլ զիջեն ՀՀ ներկայի իշխանությունները եւ ինչ էլ որ շահեն հայ ժողովրդի թշնամիները, միեւնույնն է թշնամիները կանգ չեն առնելու եւ ավելի մեծ ախորժակով շարունակելու են իրենց հայատյաց-մարդատյաց քաղաքականությունը։ Դրա ամենապարզ փաստը հայ մշակույթի նկատմամբ նրանց որդեգրած հանցագործ քաղաքականությունն ու ծրագիրն է, որի նպատակն է ջնջել հայկական հետքը ողջ տարածաշրջանում, ամբողջ Հայկական լեռնաշխարհում եւ դրան հարակից տարածքներում։

Ըստ էության, ՀՀ իշխանությունների առաջադրած «խաղաղության դարաշրջանի վերաբերյալ» գիտակցված, թե ոչ այնքան գիտակցված եւ կամ ուղղորդված «մոլորությունը» արդեն իսկ շատ թանկ է նստել հայ ժողովրդի վրա։ Ապագային դա թանկ է նստելու մյուսների վրա նույնպես։ Նկատի ունենք Եվրոպական պետությունները, Ռուսաստանը, Իրանը եւ մինչեւ իսկ միջինասիական հանրապետությունները։

Անդրադառնանք պատմական եւ ներկայի իրողություններին ու փաստերին։

Որպես Հայերի ցեղասպանության իրականացման գործիք՝ պանթուրքիզմի տեսությունը շրջանառության մեջ է դրվել 1873-1874 թթ․՝ Եվրոպայում, ապա որդեգրվել Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների կողմից, իսկ 1918 թ․-ից նաեւ Ադրբեջանի։

Ցեղասպանությունն իրականացվել է հայերի, հույների, ասորիների եւ այլ ժողովուրդների նկատմամբ՝ 1894-1923 թթ․ ընթացքում, իսկ հայերի նկատմամբ շարունակվում է մինչեւ այսօր։

Որոշ ուսումնասիրությունների համաձայն 1894-1924 թթ․ ընթացքում Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունները՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, ոչնչացրել են կայսրության ավելի քան 4 միլիոն հայ, հույն, ասորի քաղաքացիների։

Հայերի ցեղասպանությունը իրականացվել է Օսմանյան կայսրության տարածքում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արեւելյան Հայաստանում, Բաքվում, Շուշիում․․․

Եվ 1918-2016 թթ․ ընթացքում Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների կողմից Ադրբեջանի Հանրապետություն կոչվող տարածքում՝ Սումգայիթում, Բաքվում, ինչպես նաեւ Շուշիում, Նախիջեւանում, Արցախում, Գարդմանում, Գանձակում, Մարաղայում, Շահումյանում, Թալիշում եւ հայկական այլ տարածքներում։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Մերձավոր Արեւելքում ռազմական պատրաստություն անցած իսլամական ծայրահեղականների խմբերը, Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի անմիջական ուղղորդությամբ ու աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա ձեռնարկեցին Արցախի նկատմամբ։ Ագրեսորների զինանոցում, բացի ժամանակակից մահաբեր ու արգելված զենքերից ու զինատեսակներից, նաեւ բոլոր այն գործիքներն ու մեթոդներն էին, որոնք սկսած 1894-1896 թթ․ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից գործադրվել են եւ տարածաշրջանի ժողովուրդների, եւ Օսմանյան Թուրքիայի հայ, հույն, ասորի․․․ քաղաքացիների նկատմամբ։

Թուրքիայի եւ Ադրբեջանի 100-ամյակից ավել երկարող հանցագործությունների այս համառոտ թվարկման նպատակը պատմական իրողությունները հիշելը չէ։ Ամենեւին։ Դրա թվարկումը, այդ թվում, 2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիան, դրան հաջորդած թուրք պետական պաշտոնյաների բերանով Արցախին, Հայաստանին եւ հայությանն ուղղված ահաբեկումները փաստում են, որ ցեղասպան ու հանցագործ զույգ պետությունների օրակարգում «խաղաղության դարաշրջանի» ոչ միայն ծրագիր, այլեւ չնչին պատկերացում իսկ չկա։

Ըստ այդմ, ամփոփելով մեր հիմնական ասելիքը նշենք, որ քանի դեռ

  • չեն պատժվել ահաբեկիչ զույգ պետությունները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, հայ, հույն, ասորի, եզդի, քուրդ, թալիշ, լեզգի եւ այլ ժողովուրդների նկատմամբ իրականացրած ցեղասպանության, էթնիկ զտումների քաղաքականության, բռնաճնշումների եւ դրանց միջոցով այդ ժողովուրդներին բռնագաղթի ենթարկելու համար,
  • Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից չի իրականացվել հատուցում ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին․
  • չի դատապարտվել պանթուրքիզմն ու պանթուրանիզմը որպես մարդատյաց տեսություն,
  • միջազգային ընկերակցությունը վերը թվարկված ժողովուրդներին չի օգնել վերականգնելու իրենց օրինական իրավունքները,

ոչ Հարավային Կովկասում եւ ոչ էլ Մեծ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատել հնարավոր չէ։

Մենք չենք հավատում այն պնդումներին, թե Հայաստանը, Հայոց բանակը, հայ ժողովուրդը ցեղասպան պետություններին դիմակայելու ներուժ չունի, եւ բարեկամներ չունի։ Մենք հասկանում ենք, որ դա եւս արվում է մեկ նպատակով։ Ինչպես 1920 թվականին, այնպես էլ այսօր, նույն մեթոդներով ու ձեւերով, հայ ժողովրդին ստիպելու հաշտվել ագրեսորների ու ցեղասպանների կողմից պարտադրվող պայմանագրեր ստորագրելուն։

Չենք կարող հաշվի չառնել, որ`

—     Հայերի (եւ վերոնշյալ ժողովուրդների) ցեղասպանությունը հանդիսանում է միջազգային հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ,

  • Հայերի (եւ վերոնշյալ ժողովուրդների) նկատմամբ 1894 — 1923 թթ․ ընթացքում իրականացված կոտորածն ու բռնագաղթը հանդիսանում է ցեղասպանություն, համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, 9 դեկտեմբեր 1948 թ․,
  • Հայերի (եւ վերոնշյալ ժողովուրդների) ցեղասպանությունը ենթակա է դատապարտման, համաձայն՝ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի, 26 նոյեմբեր 1968 թ,

եւ որ այդ հանցագործությւոնների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում,

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետեւյալը։

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան), նախապես հայտարարում ենք, որ չենք ճանաչելու Արցախին, Հայաստանին ու հայ ժողովրդին ագրեսոր ու ցեղասպան պետությունների կողմից պարտադրված որեւէ պայմանագիր։

Մեր օրակարգում ընդգրկելու ենք ցեղասպան ու ահաբեկիչ զույգ պետություններին ամեն գնով պատասխանատվության կանչելու դրույթը, դրանով ապահովելու համար հայ ժողովրդի ու տարածաշրջանի մյուս ժողովուրդների գոյության, զարգացման եւ ապագա ունենալու իրավունքը։

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 18-ը հունիսի, 2022 թ․

Facebooktwitterredditpinterestlinkedinmail