Փարիզում Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին նվիրված միջոցառում է տեղի ունեցել – Artsakhpress.am

10 փետրուար 2016

Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի նվիրապետական թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Յովհաննէսեանի հայրապետական օրհնությամբ և տնօրինությամբ փետրվարի 7-ին` Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, անցկացրել է մշակութային հուշ-երեկո:
ARMENIE OCCIDENTALE -2-2
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի լրատվական բաժնից մանրամասնում են, որ միջոցառումը նվիրված էր Արևմտյան Հայաստանի Խնուս գավառին, որտեղ ցուցադրվել է «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանի «Տունդարձի Ճամփան» փաստագրական ֆիլմը:

Ֆիլմը ներկայացնում է արմատներով խնուսցի Պարույր Գևորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Հայոց Բնօրրան աշխարհը, որտեղ ուխտավորները անցնելով Պատմական Հայրենիքի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը և գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:

Միջոցառման բացումը օրհնության խոսքով և աղոթքով կատարել է Տեր Վահան սրբազանը:

Այնուհետև` կարճ ելույթով հանդես է եկել և ներկաներին Բարեկենդանի տոնի առիթով շնորհավորել ու ողջունել Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդի, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը: Ելույթի ավարտին պարոն Աբրահամյանը Վահան սրբազանին շնորհել է Արևմտյան Հայաստանի հայի ինքնության ու քաղաքացիության վկայական:

Ելույթների շղթան ավարտել է «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանը, ով համառոտ կերպով ներկայացրել է ֆիլմը, շնորհակալագիր հանձնել բարերար Պարույր Գևորգյանին և շնորհավորագիր` Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Բիատրիս Նազարյանին:

Միջոցառման ավարտին ներկաների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ և կարծիքների ու մտքերի փոխանակություն:

Հիշեցնենք նաև, որ անցած տարվա դեկտեմբերի 18-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ՝ «Խնուս» մշակութային հիմնադրամի 10-րդ և Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի 11-րդ տարեդարձերի կապակցությամբ Ստեփանակերտում կայացել է հիմնադրամի պատրաստած «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:

Artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail