15 փետրուար 2016
Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատի վերջին հոդվածը, որը հրատարակվել է թուրքական «Դիքեն» կայքում, Ֆեյսբուքում հայտնվելուց հետո ջնջվել է Ֆեյսբուքի ադմինիստրացիայի կողմից:
Գրառման մեջ Հայկո Բաղդատն իր բողոքն է արտահայտել թուրքական բանակի կողմից երկրի արևելքում իրականացվող զինված գործողությունների վերաբերյալ, քննադատել ու մեղադրել է Թուրքիայի իշխանություններին ՝ բազմաթիվ կանանց, երեխաների ու տարեցների կոտորելու մեջ:
Գրառումն արվել է այն բանից հետո, երբ շաբաթներ շարունակ դիմադրող քրդաբնակ Ջիզրեյում թուրք հատուկ ջոկատայինների գործողությունների հաղթական ավարտի մասին պաշտոնական հայտարարություն տարածվեց:
Հայ լրագրողը մասնավորապես հավաքագրել ու կողք-կողքի ներկայացրել է վերջին մի քանի ամսվա ընթացքում տեղի ունեցած ամենադաժան սպանություններն ու հատուկ անդրադարձել է քրդաբնակ շրջաններում թուրք ոստիկանների ու զինվորների կողմից ազգայնական հայտարարություններին, ինչպես օրինակ «Բոլորդ կտեսնեք թուրքի ուժը» , «Բոլորդ հայի վիժվածքներ եք, սատկելու եք» կամ «Գայլի ատամին արյուն է դիպչել, վախեցեք»:
Հայկոն հատուկ անդրադարձել է նաև երկրի նախագահի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն ելույթին, որտեղ վերջինս մեծ երջանկությամբ ու զգացմունքայնությամբ հիացմունքի խոսքեր է շռայլել Ջիզրեյի ավերակ դարձած փողոցներում լուսանկարված երկու թուրք հատուկ ջոկատայիններին՝ թրքական դրոշակը ձեռքներին, որոնց ետևում գրված էր. «Սիրում ենք քեզ երկարահասակ մարդ» (Էրդողանի հայտնի մականունը-խմբ.):
Իր աղմկահարույց հոդվածը Հայկո Բաղդատն այսպես է ավարտել.
«Մեր իմացած բոլոր լեզուներով մեր իրավունքները պահանջելու ենք ձեզանից: Քրդերեն, հայերեն, լազերեն, չերքեզերեն, ասում ենք՝ այդ փոքրիկների, երեխաների, կանանց, տարեցների համար, այդ մարդկանց համար պատասխա՛ն եք տալու»:
Սոֆյա Հակոբյան
http://www.arevelk.am