Դանիելյան գրերը հայոց հնագույն գրերն էին

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

15 ՓԵՏՐՈՒԱՐ 2016
TANIELIAN KRER
«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում դանիելյան գրերի ծագմանը վերաբերող մի հոդված, որտեղ ցույց է տրվում, որ դանիելյան գրերը հայոց հնագույն գրերն էին, որոնք ինչ-ինչ ճանապարհով պահպանվել էին Դանիել Ասորու մոտ:

Հայ պատմիչները՝ Խորենացին, Կորյունը և Փարպեցին առաջինն են գրել այդ մասին: Ստորև ներկայացնում ենք պատմաբան Աշոտ Աբրահամյանի աշխատությունից հատվածներ:

«Դանիելյան գրերի հարցը սերտորեն կապված է նախամաշտոցան հայ գրի և գրականության խնդրի հետ: Իրավացի է ակադեմիկոս Գ. Սևակը, երբ նկատում է, թե «Դանիելյան գրերը և այդ գրերի հարազատությունը Մեսրոպին, դժբախտաբար, անարդարացի կերպով մոռացության են տրվում մեր բանասերների կողմից, մինչև հենց նրանք կարող են տալ մեսրոպյան գրերի ակունքներին հասնելու բանալին» (Մեսրոպ Մաշտոց ժողովածու):

Դանիելյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հաղորդում հինգերորդ դարի պատմիչներ՝ Կորյունը, Մովսես Խորենացին և Ղազար Փարպեցին: Աշխատենք նախ նրանց հաղորդած տեղեկությունների հիման վրա պարզել, թե ինչ գրեր են նրանք համարում դանիելյան կոչվող այդ գրերը:

Կորյունը հայտնում է, որ Սահակ Պարթևն ու Մերոպ Մաշտոցը, երբ եկան Վռամշապուհ թագավորի մոտ և հայտնեցին նրան հայոց գրեր ստեղծելու իրենց մտադրությունը, վերջինս նրանց հայտնեց, որ հայկական նշանագրեր կան Դանիել անունով մի ասորու մոտ. «Յանժամ պատմէր նոցա արքան վասն առն ուրումն ասորւոյ եպիսկոպոսի ազնուականի՝ Դանիէլ անուն կոչէցոյ, որոյ յանկարծ ուրեմն գտեալ նշանագրերս աղփաբետաց հայերէն լեզուի»: Կորյունը դանիելյան գրերը, ինչպես տեսնում ենք, ներկայացրել է որպես հայերեն այբուբենի նշանագրեր:

Մովսես Խորենացին պատմում է, որ Վռամշապուհի Միջագետքում գտնված ժամանակ, նրան է ներկայացել Հաբել անունով մի քահանա և խոստացել հայերեն տառեր ստեղծել. «Վասն որոյ մատուցեալ առ արքայն քահանայի ուրումն Հաբէլ անուն կոչեցեալ, խոստանայր հայկականացս լեզուաց առնել նշանագիր, յարմարեալ ի Դանիելէ Եպիսկոպոսէ»: Այստեղ ևս դանիելյան գրերն անվանված են հայերեն լեզվի նշանագրեր:

Փարպեցին դանիելյան գրերի մասին տեղեկություն է հաղորդում երեք անգամ: Նախ նա Դանիելյան գրերի մասին խոսում է հայ ուսանողների արտասահման ուսման ուղարկելու կապակցությամբ և ցավ հայտնում, որ հայ երիտասարդները թեև ջանք ու եռանդ չեն խնայում արտասահման գնալու և օտար լեզուներ սովորելու համար, սակայն դրանից ժողովուրդը ոչինչ չի օգտվում: Ապա պատմիչն ավելացնում է, որ այս հոգածությամբ. «Զայս ի բազում ժամանակս զմտաւ ածեալ երանելի առն Մաշտոցի, և փղձկացեալ, յանձն իւր, մանաւանդ թէ գոզ նշանագիրք հայերէն լեզուոյս, որով հնար է՝ ինքնեան ձայնիւ, և ոչ մուրացածոյ բարբառով, շահել զոգիս արանց և կանանց առ հասարակ ամենայն եկեղեցիս բազմութեանն»: Փարպեցին այստեղ խոսում է հայերեն լեզվի նշանագրերի գոյության մասին, թեև Դանիելի անունը չի տալիս:

Երկրորդ անգամ Փարպեցին խոսում է դանիելյան գրերը բերելու կապակցությամբ

և հայտնում, որ գրերը բերելու նպատակով Դանիելի բարեկամ Հաբել քահանայի մոտ է ուղարկվում Վահրիճ անունով մեկը, քանի որ Հաբելին «… ասացեալ էր յառաջագույն ցարքայ, որ և մերձաւոր էր առն  բարեպաշտի Դանիէլի եպիսկոպոսի, առ որում նշանագիրք հայերէն կային»: Այստեղ ևս Փարպեցու մոտ դանիելյան գրերը հայկական են համարված:

Փարպեցին երրորդ անգամ դանիելյան գրերի մասին խոսում է դարձյալ առանց հեղինակի անունը տալու: Ըստ նրա տեղեկության, Մաշտոցը, ավագ քահանաները, նախարարները և Վռամշապուհ թագավորը, ցանկանալով Սահակ Պարթևին համոզել, որ նա հանձն առնի Աստվածաշնչի թարգմանության գործը, գալիս են նրա մոտ, ավագ քահանաները դիմում են նրան հետևյալ խոսքով. «Մենք որ կամքս առաջի քո, հանդերձ երանելիաւն Մաշտոցին, զոր զարթոյց աստուածային շնորհ ի ցանկութիւնս այս՝ կարգեալ զվաղնջոցն գրել շարակիր»:

Կասկած լինել չի կարող, որ այստեղ խոսքը վերաբերում է Դանիելին. դժվար է ենթադրել, որ դանիելյան գրից բացի եղել են հնից մնացած հայկական այլ գրեր ևս, որոնք Փարպեցու ասելով, անփույթ են գտնվել այն գործածության մեջ դնելու:

Ուսումնասիրողներից ոմանք, հիմնվելով Փարպեցու այն տեղեկության վրա, որ նա օգտվել է Կորյունից, գտնում են, որ նրա հաղորդած, այն բոլոր տեղեկությունները, որոնք չկան Կորյունի մոտ, մոգոնված են Փարպեցու կողմից:

Փարպեցին, իրոք, օգտվել է Կորյունից, բայց Կորյունի բնագրի ո՞ր տարբերակից: Աղբյուրագիտական ուսումնասիրությունները պարզել են, որ Կորյունի բնագիրը մեզ է հասել կրճատված և փոփոխված վիճակով, իսկ Փարպեցու օգտվածը՝ Կորյունի նախագաղափար բնագիրն է հանդիսացել: Անհրաժեշտ ենք համարում այդ մասին բերել մի քանի հեղինակավոր գիտնականների կարծիքը:

Ղ. Ալիշանը, քննության առնելով Փարպեցու սկզբնագիրը, գրում է. «Չեմք կրնար ըսել, թե մեր ունեցած և հրատարակած օրինակած չափ և համանման էր սկզբնագիրն: Ինչպես երկարին հետ համառոտն այլ կա, երկարեն այլ երկարագույն եղած թվի սկզբնագիրն. գոնե անտարակույս է այդ մեզի ծանոթեն զատէ ուրիշ պատմական գրվածք արտագրելն»:

Նույն կարծիքն է հայտնել նաև պրոֆեսոր Ն. Ադոնցը. «Ճակատագրի տարօրինակ բերումով Կորյունի աշխատությունը ևս ենթարկվել է խմբագրական վերամշակման, և պահպանված տարբերակը չի կարելի համարել նախնական»:

Ակադ. Հ. Մանանդյանը, մեջ բերելով Ադոնցի այս կարծիքը, իր կողմից ավելացնում է. «Ադոնցը միանգամայն ճիշտ նկատում է, որ Կորյունի երկի պահպանված բնագիրը չի կարող համարվել նախնական, քանի որ հետագա դարերում այս աշխատությունը ենթարկվել է խմբագրական վերամշակման: Դրանում իսկապես կարելի է համոզվել, եթե ուշադրության առնվեն այն հատվածները, որոնք Ղազար Փարպեցին քաղել է Կորյունից: Ղազարը հավանաբար ծանոթ է եղել Կորյունի երկի հնագույն խմբագրությանը»:

Անհիմն է նախամաշտոցյան գրի մասին Խորենացու հաղորդած տեղեկությունների թերագնահատությունն այն պատճառաբանությամբ, որ իբրև թե նա Մաշտոցի աշակերտը չի եղել, և նրա բերնեբերան հաղորդած տեղեկություններին դժվար է հավատալ:

Մենք Խորենացու իսկ վկայություններից գիտենք, որ նա եղել է Մաշտոցի կրտսեր աշակերտը և Սահակ Պարթևի ու Մաշտոցի կողմից մի քանի ընկերների հետ Ալեքսանդրիա է ուղևորվել սովորելու. «Մեծ Սահակն և Մեսրոպը,- գրել է Խորենացին,- մեզ առան ուղարկեցին Աղեքսանդրիա պանծալի լեզուն սովորելու, իսկական ճեմարանում կատարելագործվելու»:

Այսպիսով, հին հայկական երեք պատմիչներն էլ դանիելյան գրերը հմարում են հին հայկական գրեր, որոնք գտնվել են Դանիել Ասորու մոտ:

Բանասիրության  մեջ բանավեճի տեղիք է տվել այն հարցը, թե դանիելյան կոչվող գրերն իր՝ Դանիելի՞ ստեղծածներն էին, թե՞ հորինված էին վաղուց և պահվում էին կամ գտնվել էին նրա մոտ:

Հինգերորդ դարի երեք պատմիչների վկայություններից երևում է, որ դանիելյան գրերը նրա ստեղծածները չէին, այլ գտնվել էին և պահվում էին նրա մոտ: Ըստ Կորյունի տեղեկության՝ դանիելյան գրերը հայկական տառեր էին: Խորենացին դանիելյան գրերը համարում է «վաղընջաց գրեալ շարագիր տառեր»: Իսկ Փարպեցին, ինչպես տեսանք, դանիելյան գրերը նույնպես համարում է հին հայկական գրեր, որոնք գտնվել էին Դանիելի մոտ…

Ուսումնասիրողների մեծ մասը , հիմնվելով վերը բերված պատմիչների տեղեկությունների վրա, դանիլյան գրերը համարել է հին հայկական հեթանոսական գրեր: Այսպես՝ Ղ. Ինճիճյանը գտնում է. «Ըստ մերոց նախայիշեալ պատմագրաց (այսինքն՝ Խորենացու, Փարպեցու, Կորյունի) հին հայկական նշանագիրքն էին, որ գտան առ Դանիէլի»:

Նույն կարծիքն է հայտնել նաև Մ. Էմինը. «Դանիելյան գրերը Հայաստանում գործածվող գրեր էին, որոնց դուրս էին մղել հունական, զենդական և ասորական գրերը զութ քաղաքական նպատակով»:

Իս. Հարությունյանը ևս գտնում է, որ «դանիելյան կոչված այբուբենը հայոց հին գործածական գիրն էր, սակայն տեղի տալով հունաց, ասորված և պարսից գրերին, մոռացության էր տրվել, մինչև որ նորից գտնվեցավ»:

Բանասեր Ն. Տաղավարյանը նույնպես դանիելյան գրերը համարում է հին հայկական գրեր, որոնք պահված են եղել Դանիելի մոտ. «Չիք որևէ վկայություն,- գրել է նա,- որ մեզ կասկած ներշնչէ, թե Դանիել հորինած լինի այդ, այլ ցույց կու տան հակառակն՝ թե երբեմնի ի հայս գործածյալ և ապա բարձիթողյալ էին, որք Դանիելի ձեռքն անցան: Դանիելն անվերապահ էր և ոչ հեղինակ»:

Բանասեր Ս. Վ. Պարոնայնը գտնում է, թե սխալ է Դանիելի մոտ գտնված գրերին դանիելյան անուն տալ. «Դանիելյան կոչել զնոսա բայց միայն այն մտոք, որ Դանիելի ձեռք գտնված և հայտնված են»:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվհղումը:

«Ազատ Ձայն» լրատվական

http://armfvn.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail