Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը. բուլղարացի հրապարակախոս

07 ԱՊՐԻԼ 2016

Բուլղարացի հայտնի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկովը «Երևանյան աշխարհաքաղաքական ակումբ» պորտալի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետով։
hayere-desaged
Ներկայացնում ենք նրա տեսակետը.

«Ինձ հանկարծակիի չբերեց Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից` դա կանխատեսելի զարգացում էր։ Այն, որ Ռուսաստանին սահմանակից հատվածներում ու այդ երկրի համար բարեկամական պետություններում լինելու է իրավիճակի թեժացում, պարզապես ակնհայտ էր:

Բայց ինձ զարմացրեց, ցնցեց մի բան. Հայաստանն իր տարածքով մոտ 2 անգամ ավելի փոքր է Ադրբեջանից, բնակչությունը ևս զիջում է Ադրբեջանին։ Հայաստանը չունի կասպյան նավթ, չունի թիկունքին կանգնած հզոր Թուրքիա: Հակառակը` այդ երկիրը շրջապատված է ազգերով ու ժողովուրդներով, որոնք պատրաստ են ամեն վայրկյան վերացնել նրան։ Համապատասխանաբար, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ բարձր կենսամակարդակ,  մեծ բանակ ու ռազմական բյուջե: Սահմանն ահռելի է, և ամբողջ սահմանը կարելի է վստահ անվանել ռազմադաշտ: Բացառություն են միայն Վրաստանի ու Իրանի հետ սահմանները։ Ռազմատակտիկական տեսանկյունից` նման պայմաններում երկիրն ու ժողովրդին պաշտպանելն անիրագործելի առաքելություն է թվում: Իսկ լայնամասշտաբ պատերազմ տանելն առավել քան անիրագործելի է թվում։

Այնուհանդերձ, Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակվեց Արցախի վրա:
Արցախցիները ցույց տվեցին, որ պատրաստ են կռվել մինչև վերջ։ Իսկ այն, որ նրանք սկզբում մի քանի հենակետ են կորցրել, միանգամայն բնական է: Յուրաքանչյուր հենակետում գտնվող 5-6 զինվոր չէր կարող երկար դիմակայել ծանր զրահատեխնիկայի դեմ:

Ես մի ցնցող տեսանյութ եմ տեսել, որում հայ մարտիկները, զինվորական համազգեստ հագած, ռազմաճակատ մեկնելուց առաջ պարում են իրենց սիրելի աղջիկների, քույրերի, մայրերի ու կանանց հետ: Ու այդ ամենը կատարվում է իրենց մի քանի անգամ գերազանցող հակառակորդի հետ մահացու մարտի մեկնելուց առաջ։ Հակառակորդ, ով իրեն սատանայի պես է պահում` ավերում է դպրոցները, սպանում աշակերտներին, խոշտանգում սպանված ծերերի դիակները, կտրում է նրանց ականջները, գլխատում երիտասարդ զինվորին։

Հակառակորդն իրեն «Իսլամական պետության» պես է պահում: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ  ադրբեջանական բանակում ծառայում են թուրք զինծառայողներ ու ԻՊ-ի գրոհայիններ։

Ինձ տպավորեց այն փաստը, որ ողջ հայ ժողովուրդը որպես կամավորական նետվեց ի պաշտպանություն հայրենիքի: Ուշագրավ է, որ կամավորականները ոչ միայն Հայաստանից էին ու Արցախից, այլ` ամբողջ աշխարհից: 21-րդ դարում, երբ առևտուրը, դավաճանությունը, մարդկային արժեքների զգալի անկումն ու խամաճիկային ռեժիմները չարորակ ուռուցքի պես ներթափանցել են բոլոր երկրները, նման համախմբվածություն ու ինքնազոհողությունն ինձ ուղղակի ապշեցրեց։

Հայաստանի հազարավոր տարիների պատմության ընթացքում զավթողները եկել ու գնացել են, բայց Արցախը միշտ էլ պահպանել է իր հայկական ոգին: Եվ այս անցած 4 օրերն ինձ ստիպեցին լրջորեն խորհել շատ բաների մասին։ Ես տեսնում եմ, որ 2016թ. ապրիլին հայ ժողովուրդը  հանձնեց հերոս ազգ կոչվելու իրավունքը ստանալու քննությունը։

Ազգ, որը եղել է, կա ու կլինի: Ազգ, որի միլիոնատերերն իրենց որդիներին ուղարկում են կռվելու հակառակորդի հետ անհավասար պայմաններում ընթացող մարտերում, առանձնահատուկ է: Նման ազգին չի կարելի հաղթել: Կարելի է սպանել, վերացնել, բայց ոչ մի դեպքում հաղթել: Ես կուզենայի, որ նման ծանր, ճգնաժամային պահին իմ հարազատ բուլղարացի ժողովուրդն իր մեջ ուժ գտներ ու հայ ժողովրդի օրինակով նույնպիսի քննություն հանձներ»։

www.tert.am/am/news/2016/04/07/bulgaian-publicist-armenian-hero-nation/1985411

343 Total Views 1 Views Today

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*